вторник, 19 февраля 2013 г.

Գնա՞լ, թե՞՝ չգնալ. սա էր խնդիրը

  Ընտրությունների  նախօրյակին  համացանցում  մի  թեժ  հոլովակ  էր  պտտվում,  որում  կոչ  էր  արվում  չմասնակցել  ընտրություններին:  Ակամա  հարց  էր  ծագում. իսկ  եթե  այդ  դեպքում  տնօրինվեր  քվեաթերթիկը...կապ  չունի,  թե  ում  օգտին  քվեարկվեր,  միայն  թե  մասնակցություն  ապահովվեր,  չէ՞  որ  դա  եւս  իշխանության  համար  ձեռնտու  տարբերակ  էր:  Մասնակցության  դեպքում,  եթե  մարդը  թեկնածուներից  ոչ  մեկին  չի  սատարում,  ինչպե՞ս  դեմ  գնա  խղճին,  չէ՞  որ  ,,բոլորին  դեմ  եմ,, տողը  չկա  քվեաթերթիկում  / ինչպես  նախկինում  եղել  է,,/:  ,,Հարկավոր  ա  գնալ  ու  էն  տղային  ձայն  տալ,  էն  որ  փողոցում  պառկել  էր,,:  Իմ  երկմտանքին  ի  պատասխան  խորհուրդ  տվեց  ծանոթներիցս  մեկը ՝  նկատի  ունենալով  հացադուլավոր  Անդրեաս  Ղուկասյանին:  Եւ   իմ  մոտ  կրկին  հարց  առաջացավ.  բայց  ինչու՞:  Չէ՞  որ  Վանաձորում  արդեն  քանի  տարի  է ՝  մազ-մորուքի  մեջ  կորած  մի  նախկին  երիտասարդ արդեն  քանի տարի  է ՝որ  պատի  տակ  ասես  գիշերում  է,  ցերեկներն  էլ  աղբ  հավաքում,  բայց  քանի  որ  նա  8  միլիոն  դրամ  ընտրագրավ  չի  վճարել ՝  նախագահի  թեկնածու  առաջադրվելու   համար, նրանից  ոչ  ոք  հարցազրույց  չի  վերցնում ու  չի  հետաքրքրվում,  թե  ինչու  է  պառկած,  մինչդեռ  առնվազն  սոցիալական  ոլորտի  պատասխանատուները  պետք  է  հետաքրքրվեն  նման  մարդկանց  ճակատագրով:  Եթե  մինչեւ  վերջերս  ընդդիմադիր  համարվող  ՀԱԿ-ը  թեկնածու  չուներ,  էլ  ու՞մ  ձայն  տար  ժողովրդի  դժգոհ  հատվածը: Թերեւս,  որպես  ,,այլընտրանքային,,՝  բացառություն  էր  միայն  Բագրատյանը,  սակայն  ժողովրդի  համար  կարեւորագույն  խնդիր  ներկայացնող  ավանդների  վերադարձի  հարցում  ոչ  ձեռնտու  տարբերակ  առաջարկեց.  ավանդները  ,,ձեւակերպել  որպես  օբլիգացիա,,:  Եվ  քանի  որ  Վանաձորում  Բագրատյանը  ժողովրդի  հետ  չհանդիպեց,  այլ  միայն ՝  մի  քանի  ԶԼՄ-ների  ու  իր  մտերիմների  հետ,  ուստի  հնարավորություն  չեղավ  հետաքրքրվել,  թե  ի՞նչ  ասել  է  ,,օբլիգացիա  ձեւակերպել,,: Միգուցե ՝  վերադարձ  դեպի  90-ականնե՞ր,  երբ  մարդկանցից  ինչ-որ  վաուչերներ  հանձնեցին,  որպես  սոցիալական  վիճակի  մեղմացում,  հետո  ,,ջրի  գնով,,  գնեցին  տարադրամի  փոխանակման  կետերի  միջոցով:  Միջին  սերնդի  մարդիկ  կհիշեն,  որ  90-  ականներին  տարադրամի  փոխանակման  կետերում  դոլարից  ու  ռուսական  ռուբլուց  բացի՝  վաուչերի  կուրսն  էլ  էր  նշվում:  Դրանց  առավելագույն  գինը  հասավ  24000դրամի,  մինչդեռ  շատերն  արդեն  անգամ  3000դրամով  էին  հանձնել:Իսկ  մի  կին  ուղղակիորեն  էր  հասկացել  Բագրատյանի  ասած  ,,օբլիգացիան,,ու  զարմացել.,,Օբլիգացիան  բա  որ  չշահի՞,,: ՀՀ  նախագահն  ընտրությունների  նախօրյակին  վկայակոչեց,  թե  Բագրատյանը  մի  ժամանակ  երկրի  կառավարման  ղրղզական  մոդել  է  առաջարկել:  Այդ  դեպքում  ինչու՞  ավանդների  վերադարձման  հարցում  էլ  չի  կիրառվում  ղրղզական  մոդելը,  չէ՞  որ  ղրղզները  կարծես  թե  ստացել  են  խորհրդային  ժամանակվա  ավանդները. այնպես,  ինչպես  ԱՊՀ  երկրների  մեծ  մասում: Եվ  ի՞նչ  երաշխիք,  թե  ավանդները  օբլիգացիա  դարձնելու  հարցում   իշխանությունները  շահագրգռված  չեն /. մանավանդ,  որ  հեռուստատեսությամբ  էլ  համանման  մի  առաջարկ  եղավ.  ավանդների  դիմաց  չեկ  հատկացնեն,  որպեսզի  այս  չեկով  մարդիկ  տեղական  ապրանք  գնեն/: Իսկ  ընտրողներից  շատերն  էլ  վկայակոչում  էին  Բագրատյանի  վարչապետության  ծանր  տարիները: ,,Ժառանգության,,  առաջնորդի  գործելակերպն  էր  փոքր-ինչ  հույս  ներշնչում,  բայց  մարդիկ  աչքի  առաջ  ուներին  մանդատներից հրաժարվելու  նրա  գործելակերպը:                                                                                                                                                                ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                

Տոկոսներ խփենք միասին կամ ,,Ապե, էսի վերջն ա, վերջը,,,

Ժողովրդին  վեր  են  ածել  մի  մեծ  ստամոքսի:  Կաշառք  է,  որ  բաժանել  են. էլ ՝  հյուրանոց, էլ ՝  դպրոց,   էլ ՝ շենքեր: Եւ  անգամ  ծիծաղելի  է  դրա  դեմ  պայքարելը,  քանի  որ  պայքարողները  բաժանողների  հետ  մի  թիմից  են,  եւ  1999թվից  ,,աշխատում  են  միասին,,:  Ու  հիմա  էլ  հաղթեցին  միասին.  ոչ  թե՝  ժողովրդին,  քանի  որ  ժողովրդի  մեծ  մասի  համար  արդեն  ,,հա  եղած,  հա  չեղած,, թե  ով  կնախագահի, այլ ՝ հաղթեցին  քաղաքացիական  հասարակությանը,  ապացուցելով,  որ  ժողովրդի  մի  զգալի  հատվածն  արդեն  քվեարկում  է  ստամոքսով:  Իրավապաշտպաններն  իրենց  տեսածն  ու  լսածն  արձանագրում  են,  իրավապահներն  էլ  բութ  մատն  ու  ցուցամատն  իրար  քսելով  ասում  են ՝,,փաստեր  ունե՞ք,  փաստեր,,:  Եվ  հարց  է  ծագում,  թե  մասսայականի  ու  համատարածի  մեջ  ի՞նչ  փաստ: Իսկ  ԿԸՀ-ն  այդ  ընթացքում  տոկոսներ  էր  ,,խփում,,  ու  երբեմն  հայտնում,  թե  ահազանգերը  վերաբերվում  են  առանձին  դեպքերի,  ու  դրանք  ,,կուսումնասիրվեն,,:  Համացանցն  ընտրության  ողջ  օրը,  ,տժժում,,  էր  փաստերով, բայց  կատաղի  Հանրապետական  Աշոտյանին  հավանաբար  անգամ  ՝ ,,Ազատություն,,. միայն  հավաստի  լուրեր,,-ը  չէր  հավատ  ներշնչում,  ու  նա  համացանցում  կոչ  արեց ,,դադարեցնել  ապատեղեկատվության  լցոնումները,,: Շա՜տ  սրամիտ  ԿԳ  նախարար  ունենք: Իսկ  այն,  ինչ  փետրվարի  18-ին  լսեցի  ,,Ազատության,,երեկոյան  հաղորդման  ժամանակ, ինչպես  կասեր Հ2-ի ,,Տաքսի  նեմա,,-ի  հերոսը ՝,,Ապե,  էտի  վերջն  էր,  վերջը,,: Արարատի  մարզի  տեղամասերից  մեկում  դիտորդներին   բռնել- դուրս  էին  հանել,  ու  մոտ  300քվեաթերթիկ  լցրել,  ու  հանձնաժողովականները  դա  չէին  ,,տեսել,, քանի  որ  ամեն  մեկը  մի տեղ  էր  իբր  եղել,  իսկ  հանձնաժողովի  նախագահն  էլ,   իր  իսկ  խոսքերով, գնացել  էր  ,,սկեսուրին  սրսկելու,,: Իսկ  եւ  իսկ  ,,Շանթի,,  ,,Անծանոթը,, սերիալը: Ակամա  հիշեցի  նաեւ  այն  դժբախտ  դեպքը,  երբ  նորածինը  մահացել  էր,  քանի  որ  մանկաբարձուհին  գնացել  էր  ,,բուրդ  չիփխելու,,:   Թղթակիցը  տեղամասում  իր  ականջով  լսում  ու  ձայնագրում  է,  թե  ինչ  կասկածելի  հանձնարարություններ  են  տրվում ՝ անօրինական   բնույթի,  բայց  նրան  խոչընդոտում  ու  պահանջում  են, որ  ձայնագրիչը  ,,դեն  տանի,,:  Թաղի  ,,խառոշիներն,,  ազատ  ելումուտ  են  անում  տեղամասում, բայց  նրանցից  մեկը  պատճառաբանում  է, թե  եկել  էր ,,մորքուրին  բան  ասելու,,:  Թղթակիցը  հիշեցնում  է,որ  նրան   այլ  տեղամասում  էլ  է  տեսել,  բայց  նա  հեգնում  է,  թե ,,էնտեղ  էլ  մորքուր  ունեմ,,: Անհայտ  կարգավիճակով  տեղամասում  գտնվող  մեկն,  ի  պատասխան  թղթակցի,  հայտնում  է,  թե  ինքն  ,,անվտանգության  գծով  է,,  բայց  երբ  թղթակիցը  համառորեն  վկայական  է  պահանջում,  ,,գլխից  ցրում,, է,  թե  իր  ծառայությունը  գաղտնի  է. այսինքն ՝ ,,շպիոն  Օնիկի,, կարգավիճակով  է  տեղամասում: Մինչդեռ  օրենքն  արգելում  է  կողմնակի  անձանց  ներկայությունն  ընտրական  տեղամասեր:  Իսկ  երբ  Եվրոնյուսը,  դեռ  ընտրությունները  չավարտված,  հայտնեց,  թե  հավանաբար  նախագահական  ընտրությունների 2-րդ  փուլ  հաստատ  չի  լինի,  ու  թեկնածուների  տոկոսներ  հրամցրեց / տոկոսներ,  որ ,,էն  գլխից,,    զանազան  սոցհարցումներով  էին  անցկացնում  /,  հասկացանք,  որ եվրոդիտորդներն  այս  անգամ  էլ  կզեկուցեն,  որ  ,,ընտրություններն  անցել  են  հանգիստ, խաղաղ  պայմաններում,,   իսկ  ,,առանձին  դեպքերն  էական  ազդեցություն  չեն  ունեցել  ընտրությունների  արդյունքների  նկատմամբ,,: Փետրվարի  19-ին,  այսօր,  Եվրոնյուսն  արդեն  նմանատիպ  մի  տեղեկատվություն  հայտնեց,  նշելով,  որ  այս  ընտրությունները  նախորդից  մեկ  քայլ  առաջ  էին:  Եւ   իսկապես  էլ  մեկ  քայլ  առաջ  էին.  ընտրողների  մի  մասը գումարը  վերցրել,  բայց  ոչ  թե  իշխող  կուսակցության  ներկայացուցչի  օգտին  է  քվեարկել,  այլ՝  ընդդիմության:  Միայն  դժգոհել  են,  երբ  գումարի  բաժանման  հարցում  խտրականություն  է  դրսեւորվել  կամ  փող  բաժանողներն  իրենց  ,,փայը,,  ,,գլխանց,,  վերցրել  են,  եւ  Վանաձորի  տարբեր  թաղամասերում ,օրինակ, գումարի  չափը  տարբեր  է  եղել ՝  կախված  ընտրական  ,,դիլերների,,  ախորժակից,,.  մի  տեղ ՝10000դրամ,  մի  տեղ ՝ 6000,  5000:  Հեռավոր  թաղամասերում  արդեն  ,,կուրսն  իջել  է,,  մինչեւ  4000դրամի:                                                                                                                                                        ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                   

суббота, 16 февраля 2013 г.

Թեկնածուներից ով ՝ ում է ընդօրինակում

ՀՀնախագահի  թեկնածու  Պարույր  Հայրիկյանի  մոտ  Լեւոն-Տեր  Պետրոսյանի  այն  միտքն  է  կրկնվում,  որ  ընտրվելու  դեպքում  երկու  տարի  անց  հրաժարական  կտա, իսկ  այդ  ընթացքում  իրավական  ոլորտի  բարեփոխումներ  կանի:  Հարկ  է  հիշատակել,  որ  Տեր-Պետրոսյանն  էլ 2008թ.ննախագահական  ընտրությունների  ժամանակ ասում  էր,  որ  ընտրվելուց  հետո երկու  տարվա  ընթացքում  ավազակապետության  դեմ  կպայքարի, հետո  հրաժարական  կտա:  Բագրատյանի  մոտ  էլ կրկնվում  է  Հայրիկյանի  այն  ծրագիրը, ըստ  որի, կանայք  նույնպես  կարող  են  զորակոչվել  բանակ ՝  ցանկության  դեպքում, իսկ  բակային  ծառայությունն  առհասարակ  պետք  է  լինի  վճարովի / : Արդեն  քանի  տարի  է  ՝ Հայրիկյանն այդ  ծրագիրն  առաջարկում  է:  Հետո  էլ  որ  դժգոհում  է,  որ  իր  ծրագրերը  հետագայում  վերցնում  են,  ասում  են ,,Հայրիկյանը  գլուխ  է  գովում,,:  Դե  Անդրեաս  Ղուկասյանն  էլ  էն  գլխից  Րաֆֆի  Հովհաննիսյանի  հացադուլը  նմանակեց:                                                 ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ
                               

пятница, 15 февраля 2013 г.

Շատ ,,էլիտար,, քարոզարշավ ՝ մրցակցության իմիտացիայով

Իշխանության թեկնածուի  հանդիպումները  հրավիրատոմսերով  են, ընդդիմություն  հավակնող  թեկնածուներն  էլ  իրենց  հանդիպումների  մասին  լավագույն  դեպքում  ֆեյսբուքով  են տեղեկացնում:  Բայց այ , Հրանտ  Բագրատյանի  նախընտրական  հանդիպումներից մեկը Վանաձորում սրճարանում է եղել ՝ մտերիմների հետ, մյուս  հանդիպումն  էլ  միայն ՝ մի  քանի  ԶԼՄ-ների հետ, ինչի մասին տեղեկացանք ,,Ազատություն,, ռադիոկայանից եւ ,,Շանթից,, որից  նաեւ  տեղեկացանք, որ  գյուղերում  նախատեսված հանդիպումներն ընդհանրապես  տեղի չեն  ունեցել: Մինչդեռ  իր  հայրենի  գյուղում Բագրատյանն արդեն  հասցրել  է  երկու անգամ  լինել : Լավ, ո՞րն  է  գյուղերի նկատմամբ  նման  խտրականության   կամ ՝ ժողովրդից  խուսափելու պատճառը:    Չէ՞  որ  Բագրատյանը  ոչ  միայն  նախագահի  թեկնածու  է,  այլեւ՝ պատգամավոր ՝ՀԱԿ ընդդիմադիր  դաշինքի  կողմից  ընտրված, իսկ  ժողովուրդը  հույսով  եւ  հավատով  ձայն  է  տվել  ՀԱԿ-ին: Ի՞նչ  է  ստացվում. ՀԱԿ-ից  ընտրվածն  իրեն  օտարում  է  ժողովրդից,  լՀԱԿ-ն  էլ  փաստորեն  ձեռքերը  լվացել  է իր թեկնածուից:  Նորի՞ց  պառակտում: Պարզապես  զավեշտ  է,որ  ԱԺ-ում կողք կողքի նստող, նույն թիմով  եկած  մարդիկ  արդեն  իրար  ,,ձեռնոց  են  նետում,, եւ  սա՝ ոչ  միայն  ՀԱԿ-ի պարագայում, այլեւ ՝ ,,Ժառանգության,, որի հետ  միասին  ընտրված  ,,Ազատ  դեմոկրատներն,,էլ  անջատվեցին  ,,Ժառանգությունից,,. թեպետ  ի  սկզբանե  էլ  զգացվում  էր,  որ  այդ  միությունը  չի  երկարելու:  2003թվին   ընդդիմադիր ,,Արդարությանը,, ձայն  տվեց  ժողովուրդը ՝   դաշինքը պառակտվեց,  ,,Ազգային  միաբանության,,հետքն  էլ  չմնաց  որպես  ընդդիմություն:  Հիմա  երբ  ,,Ժառանգության,, առաջնորդը  համոզում  է,  թե  փետրվարի 18-ը  հայ  ժողովրդի  հաղթանակի  օրն  է  լինելու, հիշում  եմ  Գեղամյանի  ելույթները ՝2007թ.ԱԺ ընտրություններին, երբ  ասում  էր, թե  ,,լույս  է  բացվելու  հայ  ժողովրդի  համար,,: Մինչդեռ  այդ  կուսակցությունն  անգամ  խորհրդարան  չմտավ:  Իսկ  2008 թվի  ՀԱԿ  կարգախոսից՝ ,,Հաղթելու  ենք,, - միայն  հաճելի  հուշեր  մնացին:  Այս  պայմաններում  այնքան  էլ  մեղադրելու  չէ  Լոռվա  գյուղերից  մեկում  բնակվող  այն  տարեց  կնոջը,  որ  մի  քանի  օրը  մեկ  զանգում  ու  հետաքրքրվում  է,  թե  ,,ըտեղ  կաշառք  չե՞ն  բաժանում,,: Երբ  բացատրում  եմ,  որ  իշխանությունն  իր  ուժերին  այնքան  վստահ  է,  քանի  որ  բոլոր  ռեսուրսներն  ունի  վերարտադրվելու   / իրական  մրցակցության  բացակայության  պայմաններում /, որ կաշառք  բաժանելու  անհրաժեշտություն  այլեւս  չկա,  առարկում  է.,,Բայց  եթե  ժողովուրդն  ընտրության  չգնա,  ընտրությունը  կայացած  չի  համարվի, դրա  համար  էլ  ստիպված  պետք  ա  փող  բաժանեն,,:  Ի  դեպ,  ,,Ժառանգության,,  առաջնորդը  մի  կողմից  ժողովրդին  ,,դուխ,,  է տալիս,  թե  ժողովուրդը  հաղթանակ  է  տոնելու,  մյուս  կողմից  կասկածներ  է  հայտնում,  թե  ընտրությունները  կեղծվելու  են:  Նախընտրական  բուկլետում  գոնե  ասում  է,  թե ,,ՀՆԱՐԱՎՈՐ  Է,,  հաղթանակը: Եւ  նախընտրական  հանդիպումները  դիտելիս  ակամա  հարց  է  ծագում,  թե  ու՞մ  հաղթանակի  մասին  է  խոսքը,  ու  ակամա   ուզում  ես  հարցնել.  ,,Քաղաքացի,  իսկ  գործող  նախագահի  հաղթանակի  դեպքում  տե՞ր  ես  այդ  հաղթանակին ,,:                                                                                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ       

вторник, 12 февраля 2013 г.

Ոչխարներին կրկին ,,հորա՞նց,, են քշում

Երբ  իմ  վաղեմի  համախոհ  Միլա  Պատը / ֆեյսբուքային  կեղծանունն  է /,  օրերս  ինձ  գրանցեց  ,, Ոչ  Սյունիքի  վաճառքին,, ֆեյսբուքային  խմբում, այդտեղ  տեղադրված  բազմաթիվ  հրապարակումներին  ու  արձագանքներին  ծանոթանալով, որ  վերաբերվում  էին  Սյունիքի  արոտավայրերը  Իրանին  վարձակալության  տալուն,  զարմացա  եւ  ուրախացա,,  որ  դեռ  ինչքան  հայրենասեր  հայ  կա,  որ  մտահոգ  է  իր  երկրի  ճակատագրով:  Եւ  ինձ  մոտ  կրկին  հարց  առաջացավ. եթե  այսքան  խելացի  մարդ  կա  երկրում,  երկիրն  ինչու՞  են  կառավարում  բարոյակամային  այլ  որակներ  ունեցող  մարդիկ,  որոնք  իբր  քիչ  արատ  ունեին՝  որպես  հակաժողովրդական  ,,էլեմենտ,,     հիմա  էլ  լծվել  են  երկրի  արոտավայրերն  օտարին  հանձնելու  գործին.  այն  էլ  ում ՝ իրանաբնակ  ադրբեջանցիներին, որ  վաղը  մյուս  օրն  ասեն ՝,,Բա  գիտե՞ք,  մենակ  Ղարաբաղը  չի  Ադրբեջանինը,  Սյունիքն  էլ  է,  մենք  արդեն  քանի  տարի  է ՝ էնտեղ  ոչխար  ենք  պահում,,:  Ի  դեպ,  երբ  վերջերս  համացանցից  տեղեկացա / կարծեմ  ,,Ամերիկայի  ձայնն,,  էր /,որ  Սյունիքի  արոտավայրերն  Իրանին  են  վարձակալության  տալու,  զարմացա,  որ  այդ  առթիվ  հայրենի  հեռուստաալիքներով  ոչ  մի  տեղեկատվություն  չի  գնում /Դե  մերոնք  ավելի  շատ  միջազգային  կարգի  աղտեղություններ  են  մատուցում, ասենք ՝ լեսբուհիների  շքերթ,  մոլագարների  զանազան  ,,ինքնարտահայտման,, դրսեւորումներ, այլասերման  դեպքեր / : Էլի  բարեբախտություն  էր,  որ  մի  քանի  օր  առաջ  ,,Շանթով,, ռեպորտաժ  գնաց Սյունիքի  գլխին  կախված  վտանգի  մասին:  Եւ  ո՞րն  է  զավեշտը. Սյունիքի  արոտավայրերում  միգուցե  արածեցնելու  են  այն  ոչխարներին, որոնց  տարիներ  առաջ  տարել  էին  Իրան ՝ վաճառքի,  ու  Հայաստանի  առեւտրի  կետերում  ոչխարի  միսը  դեֆիցիտ  էր  դարձել: Այդ  մասին  այն  ժամանակ  մեծ  աղմուկ  բարձրացվեց  թե  երբեմնի  ԱԼՄ-ով, թե  մամուլում: Հիմա  հավանաբար  այդ  ոչխարներին  կամ  նրանց  ,,իրավահաջորդներին,,  ,,դեպորտ,,են  անում  կամ,  այլ  կերպ  ասած ՝,,հորանց,,  են  ուղարկում:  Հետաքրքիր  է,  Նժդեհ-Լորդը  ինչու՞  ձայն  չի  հանում, բա  համանուն  ֆիլմում  գոռգոռում  էր,  թե  Սյունիքը  մեր  պատմական  հայրենիքի  մի  մասն  է  ու  այլ  հայրենասիրական  ճառեր: Չէ՞  որ  Նժդեհ  մարմնավորողը  պետք  է  կյանքում  էլ  հայրենասեր  լինի  ու  մտահոգ ՝  իր  հայրենիքի  սահմաններն  օտարի  հարձակումներից  զերծ  պահելու  հարցում:  Ի  դեպ,  տպավորություն  է  ստացվում, թե  Սյունիքի  գլխին  սեւ  ամպեր  են  պտտվում:  Նկատի  ունեմ  նաեւ  այն,  որ  ամիսներ  առաջ  ,,Ազատությունով,,  մի  ռեպորտաժ  գնաց  Սյունիքի  կազմում  գտնվող  Մեղրու  մասին,  որտեղ,  ասում  են, ոչ  դատավոր  կա,  ոչ՝  նոտար,  ոչ՝  կարգին  բուժկենտրոն, ու  կենցաղային  հազարումի  անհարմարությունների  պատճառով  մարդիկ  լքում  են  իրենց  բնակավայրը:                                                  ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Ռիսկ ունեն ՝ թող ամբողջական ցուցակները տեղադրեն

  Երբ  իմացա, որ  elections.com  կայքի միջոցով  կարելի  է  ճշտել  ցուցակներում  ընդգրկված  լինելու  հանգամանքը, ուրախացա, մտածելով, որ  պետք  է  ընդհանուր  ցուցակները  տեղադրված  լինեին,եւ  քաղաքացիական  հասարակության  ներկայացուցիչները / որոնց  թվում ՝ շարքային  քաղաքացիներ / հնարավորություն  կունենան  այդ  ցուցակներում  հայտնաբերել  հանրապետությունում  չբնակվող  կամ  մահացած  քաղաքացիների: Բայց,  ավաղ,  պարզվում  է, պարզապես  ըտրողը  կարող է իր  կամ  որեւէ  մեկի  տվյալները  գրանցել  ու  պարզել / այն  էլ ՝  շատ  մեծ  չարչարանքով / , թե  արդյո՞ք այդ  անունը  դուրս  չի  մնացել  ցուցակից: Մինչդեռ  տեղին  կլիներ,  եթե  համացանցում  տեղադրվեին  բոլոր  ընտրատարածքների  ցուցակները, չէ՞  որ  այդ  ցուցակները  փակցնում  են  տեղամասերում,  ուրեմն  ինչու՞  չի  հնարավոր  համացանցում  ամբողջական  տեսքով  տեղադրել,  որպեսզի  մարդիկ  հնարավորություն  ունենան  հնարավոր  կեղծիքները  բացահայտեն, ու  հայտնաբերեն  հանրապետությունից  կամ  քաղաքից  բացակայողներին: Այ  դա  կլիներ  թափանցիկություն:                                                                                                                 ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                

суббота, 9 февраля 2013 г.

Քաղաքական շոուն շարունակվում է, կենացները «քաղցրանում են»

Թվում  էր,  թե  նախագահի  թեկնածու  Պարույր  Հայրիկյանի  նկատմամբ  տեղի  ունեցած  զինված  հարձակումից  հետո  կգա ,,լրջանալու,, պահը, եւ  թեկնածուներից  ոմանք  մի  փոքր  լրջություն  ու  տրամաբանություն  կդնեն  իրենց  գործելակերպում:  Բայց, ինչպես  ասում  են ՝,,կենացները  քաղցրանում  են,,: 18  օր  շարունակ  հացադուլ  հայտարարած  թեկնածուն,  որ  պիդուպինդ  ,,տունուտեղ  է  դրել,,  վրանում,  հայտարարում  է, թե  իր  նպատակը  նաախագահ  դառնալը  չէ, այլ ՝ ,,շինծու,, ընտրությունների  դեմ  դուրս  գալը: Այն,  որ  ընտրությունները  շինծու  են,  դրանում  կասկած  չկա, բայց  արժե՞  դրա  համար  8միլիոն  դրամ   մուծել  ու  հացադուլի  նստել: ԿԸՀ-ից  էլ  պահանջում  է  չգրանցել  գործող  նախագահին, ու  կրկին  հարց  է  ծագում.  հա  բայց  ինչի՞: Հացադուլավորի  հետ  հարցազրույց  վարողներն  էլ  չեն  փորձում  պարզաբանել, թե՝ ինչու: Միգուցե ՝ նրա  համար, որ գործող  նախագահը  պետք  է  արձակուրդում  լիներ,  եւ  այդպիսով  հավասար  պայմաններ  լինեին  թեկնածուների  համար / : Կարծում  ենք,  այս  հարցը  պետք  է  մտահոգի  իրավաբաններին  կամ  իրավապաշտպաններին /: Ի  դեպ, վրանում  բնակվելով  այսօր  հասարակությանը  չես  զարմացնի,  քանի  որ  1988թ.երկրաշարժից  հետո  աղետի  գոտում,  ցուրտ  ձմռանը  մարդիկ  ամիսներով  ապրել  են  վրաններում ՝ մինչեււ  տնակ  ստանալը,  բայց  դրա համար  8միլիոնին  համարժեք  ռուսական  ռուբլի  չեն  մուծել: Մեկ  ուրիշ  թեկնածու  էլ  հետեւեց  հացադուլավորի  օրինակին, բայց  միայն ՝ 1օր  հացադուլ  հայտարարելով՝ մինչեւ  ինքնաբացարկը:: Ու  կրկին  հարց  է  ծագում. մի՞թե  այդ  մարդիկ  այնքան  հարուստ  են,  որ  8 միլիոնը  հենց  էնպես  կարող  են  ջուրը  նետել ՝ձեւական  առաջադրումով, ի  սկզբանե  հայտարարելով, որ  իրենց  նպատակը  նախագահ  դառնալը  չէ, պարզապես ՝ հանուն  ինչ-ինչ գաղափարների  առաջադրվել  են: Ակամա  հիշում  ենք  ,,Մկների  ժողովի,, հիման վրա  հանած  հայկական  մուլտը. ,,Ի՜նչ  գաղափար  ա  կորչում  է՜....,,; Ի  դեպ, ,,Մկների  ժողովում,,  ճառ  ասողներ  շատ  կային, զանգ  կախողներ  չկային:  Իսկ  այս  պարագայում  ճառ  ասողներն  էլ  են  քիչ. միայն  3 թեկնածուներ  են,  որ  ,,տեղը  տեղին,,  քարոզարշավ  են  տանում,  հանդիպումներ  անցկացնում,  ներկայացնում  իրենց  ծրագրերը: Բայց  այս  դեպքում  էլ  ստիպած  ենք  ասել ՝,,իմմմաստը,,  ո՞րն  է,  եթե  ընտրությունների  ելքն  արդեն  իսկ  կանխորոշում  են  ,,դրսի,,  ու  ներսի  սոցիոլոգներն  ու  60տոկոսանոց  ,,ճշմարտություն,,փաթաթում  ժողովրդի  վզին՝ ի նպաստ  գործող  նախագահի, մյուսներին  էլ  առավելագույնը ՝5  տոկոս  փշրանք  հատկացնում: Օրերս  մամուլից  զարմանքով  տեղեկացա,  որ  էպոսագետ  թեկանծուն  հրաժարվել  է  հեռուստատեսությամբ  իրեն  հատկացվող  եթերաժամից,  ու  այն  նվիրելու  է  ինչ-որ  կազմակերպության: Պարզապես  ապշել  կարելի  է.  նախագահի  թեկնածուն  ծրագիր  չունի,  բայց  առաջադրվել  է: Բավականին  զարմացրին  նաեւ  հաղորդավարները: Նրանցից  մեկը  հետաքրքրվում  էր ՝ հարցումներով  0 տոկոս  հավաքած  թեկնածուից,  թե  ի՞նչ  է  պատրաստվում  անել  նախագահ  դառնալու  դեպքում  / մարդն  ասում  է, որ  ինքնաբացարկ  է  հայտնելու,  բայց  նրանից  նախագահական  ,,պլաններ,,  են  պահանջում /: Մեկ  այլ  հաղորդավար  էլ  նախագահ  դառնալ  չցանկացող,  հացադուլավոր  թեկնածուի  կնոջից  էր  հետաքրքրվում,  թե  ի՞նչ  է  պատրաստվում  անել ՝առաջին  տիկին  դառնալուց  հետո: Տպավորություն  է  ստացվում,թե  ,,Տնից  տուն,,  հեռուստատեսային  ծրագիրն  է,, որի  ընթացքում  նորահայտ  դերասանները  միմյանց  հարցազրույց  են  տալիս-առնում: Զարմանալին  նաեւ  այն  էր, որ  Պարույր  Հայրիկյանի  նկատմամբ  մահափորձը   առաջինը  ոչ  թե  Հ1-ը  / որ կոչվում  է  Առաջին  լրատվական / լուսաբանեց,  այլ ՝,,Շանթը,,,  որ  դեպքի  վայրից  ժամեր  անց  ուղիղ  ռեպորտաժ  էր  վարում  դեպքի  վայրից  ու  հիվանդանոցից ՝ գիշերային  սերիալը  պարբերաբար  ընդմիջելով: Մինչդեռ Հ1-ն  այդ  ժամանակ  միայն  վազող  տողով  զեկուցեց,  որ  ,,Զինված  հարձակում  է  տեղի  ունեցալ  Պարույր  Հայրիկյանի  նկատմամբ,, եւ  միայն  հաջորդ  օրվանից  սսկսեց  լայնածավալ  լուսաբանել  տեղի  ունեցածն  ու  դրան  հաջորդող  դեպքերը:                                                                                                           ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ