вторник, 21 мая 2013 г.

Բուժհիմնարկներն օպտիմալացրին, որ նո՞րը կառուցեն

 Տարիներ  առաջ  Վանաձորում  համաբուժարանների  ու  հիվանդանոցների  օպտիմալացում  եղավ ՝ այցելուների  քչության  ու  հիվանդանոցային  մահճակալների  թերբեռվածության  պատճառով / ,,իրեղեն  ապացույց,, վկայությունները  ,,Առավոտի,,  2001թ.15 նոյեմբերի ,,Ո՞մ  չի  սպառնում  օպտիմալացման  վտանգը,,  հոդվածում /: Այդ  գործընթացի  արդյունքում  շենքերի  ու  տարածքների  վաճառք  տեղի  ունեցավ:  Մի  օպտիմալացում   էլ  դրանից  հետո  տեղի  ունեցավ ՝ տարիներ  անց :Եվ  ահա,  այսօր  ,,Հայլուրն,,  ավետեց,  որ  Վանաձորում  բժշկական  նոր  համալիր  է  կառուվելու ՝ Համաշխարհային  բանկի  ֆինանսավորմամբ, 12 միլիոն  դոլար  արժողությամբ, եւ  մրցույթ  է  հայտարարվելու  շինարարության  համար / Ի  դեպ, շինարարության  նախատեսվելիք  վայրի  հասցեն  չնշվեց /: Պարզապես  զարմանալ  կարելի  է. ո՞րն  է  նոր  համալիր  կառուցելու  ,,իմմմմաստը,, ՝ թեկուզ  ժամանակակից  սարքավորումներով / որ  կարելի  է  հին շենքերում  էլ  տեղադրել /, եթե  բնակչության  թիվը  սրընթաց  պակասում  է,  հիվանդանոցներն  էլ  առանձնապես  չեն  ,,նեղվում,, այցելուների  շատությունից: Ըստ  տեղեկությունների, միակ  գերբեռնված  բուժհաստատությունը  նյարդահոգեբանական  դիսպանսերն  է, որն  էլ  դեղորայքի  պակասից  է  նեղվում,  ինչի  ապացույցը  բնակչության  շրջանում  դժգոհությունն  է  հատկապես  ,,ավանդական,, ,,կայուն,, գժերի ՝ փողոցում  մշտական  առկայությունից. ,,Իբր  թե  տանում  են  բուժում,  դուրս  են  գրվում ՝ էլի  նույնն  է, գոռգոռալով, հայհոյելով  ման  են  գալիս ,,/ Դե ներկայիս  սոցիալ-տնտեսական  ,,ահավորագույն,,  պայմաններում  անհնար  է,  որ  մարդկանց  մի  զգալի  մասը  հոգեկան  խնդիրներ  չունենա/ :    Վանաձորում  շուրջ  80 վթարային  շենքեր  կան,  որ  տարեցտարի  ավելի  են  քայքայվում: Պաշտոնապես  վթարային  չհամարվողներն  էլ  ,,մանրից,, վթարային  են  դառնում, իսկ  կառավարությունը  պարբերաբար  հայտարարում  է,  թե  շենքերի  ամրացման  համար  գումարներ  չկան: Ընդհանրապես, հանրապետությունով  մեկ, ներառյալ՝  մայրաքաղաքը, բնակելի  շենքերի  քայքայում  է տեղի  ունենում, քանի  որ  դրանց  մի  մասը 30-40 տարի  առաջ  են կառուցվել, ու  կապիտալ  նորոգման  չեն  ենթարկվել, մարդիկ  բնակվում  են  խոնավ  ու  փտած  կացարաններում / ասվածի  ապացույցները  մշտապես  կարելի  է տեսնել  հեռուստատեսային  ռեպորտաժների  ժամանակ /, տանիք  նորոգելու  համար  անգամ  բնակիչներից  գումարներ  են  ,,կորզվում,,....բայց ՝ ,,վերեւներում,,  որոշել  են  նոր  հիվանդանոցային  համալիր  կառուցել.  բա  սա  ծաղր  չէ,  բա  ի՞նչ  է: Աշակերտ  չկա ՝ շարունակում  են  դպրոց  կառուցել / կառուցած  շենք-շինություններն  էլ  մեկ  էլ  հանկարծ  դարձնում  են  խանութ  կամ  հանդիսությունների  սրահ /,  հիվանդանոցներն  օպտիմալացնում  են, շենքերը  ծախծխում ՝ հետո  նորը  կառուցում: Հետաքրքիր  է, ինչու՞  նման  որոշումններ  կայացնելիս  բնակչության  շրջանում  հանրաքվե  չի  անցկացվում, թե՞  մարդկանց  ձայնը  ,,կարեւորվում,,  է  միայն  ընտրությունների  ժամանակ:                                                                                         ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 20 мая 2013 г.

,,Ազգիս վիճակը ծանրացավ սրտիս,,

 Մամուլից  զարմանքով  տեղեկացա,  որ  ՏՄՊՊՀ  նախագահը  720հազար  դրամ  աշխատավարձ  է  ստանում. նույնիսկ ՝ պատգամավորներից  2  անգամ  ավելի:  Հարց  է  ծագում. բայց  ինչու՞  այդքան  շատ ՝ ծանր  ֆիզիկական  կամ  վտանգավոր  պայմաններում  չկատարվող  աշխատանքի  պարագայում: Միգուցե ՝ նրա համար, որ  հանձնաժողովի  անդամները  մի  քանի  ամիս  շարունակ  ուսումնասիրեն, թե  ով՝ ինչու  է  ապրանքի  գին  բարձրացրել  կամ ՝ ցածրացրել...: 720 հազար  դրամ  աշխատավարձ ՝պետական  սեկտորում  այն  դեպքում, երբ  երկրում  սոցիալ-տնտեսական  ծանր  վիճակ  է, ձեռնարկություններ  են  սնանկանում,գործազրկությունն  աճում  է,  աղքատությունն ՝ ավելանում, արտագաղթը  չի  դադարում,  անժամանակ  մահացությունների  պատճառով  բնակչությունը  պակասում  է: Այս  ֆոնի  վրա  մտաբերեցի  հանրապետության  գյուղերից  մեկում  ապրող,  գոմում  ծվարած  մի  փախստական  ընտանիքի  մասին / որ  եզակիներից  չէ /, որի  վերաբերյալ  ռեպորտաժը, ցավոք,  ամբողջությամբ  դիտել  չհաջողվեց  մայիսի 19-ի  ,,Արմենիայի,,  ,,Սուր  անկյուն,, հաղորդման  ժամանակ, քանի  որ  էներգետիկների  ,,բարի  կամքի,,  դրսեւորման  պատճառով  հաղորդման  հենց  սկզբից, ժամը  22-ն  անց  15-ից  Վանաձորն  ընդգրկվեց  խավարի  մեջ ՝ անսպասելի  հոսանքազրկվելով  ու  մի  15  տարի  ետ  գնալով  դեպի  ,,մութուցրտի,, տարիներ, ինչը  մոմի  լույսի  տակ  նստած  մարդկանց  տարատեսակ  ենթադրությունների  պատճառ  դարձավ: Բայց՝ հաղորդման  պարբերական  անոնսներն  էլ ՝ ողջ  շաբաթվա  ընթացքում  տրվող,  բավական  էին,  որ  պատկերացում  կազմվի  ծղոտե  ,,ներքնակի,, վրա  քնող  ընտանիքի  մասին, որի  անչափահաս  կերակրողը  ոչ  միայն  գոմում  է  քնում,  այլեւ ՝  որիշների  գոմեր  մաքրում ՝ ամսական ...5հազար  դրամով, եւ  հարկադրված  թողել  է  ուսումը ՝ Թումանյանի  ժամանակների  Նեսոյի  նման: Ինչ  վերաբերվում  է  ՏՄՊՊՀ-ին,ապա  այս  հանձնաժողովում  արդեն  քանի  շաբաթ  էր,  խոսում  էին  ,,Մարիաննա,, կաթնամթերքի  թանկացումից,  բայց, քանի  որ  առայժմ  կոնկրետ  ոչինչ  չէին  ձեռնարկում ՝ գնաճը  զսպելու  ուղղությամբ,  ուստի  ոչ  միայն  այդ  ընկերության, այլեւ ՝ այլ  ընկերությունների  կաթնամթերքն  էլ  թանկացավ ՝  գազի  գնի  սպասվելիք  թանկացման  լուրն  առնելուն  պես:  Այսինքն, մեկ ՝ մինչեւ   գազի   գնի  բարձրացումն  են  թանկացնում,  մեկ էլ ՝ թանկացումից  հետո: Եւ  այս  պայմաններում  կառավարությունը  խոսում  է  աշխատավարձերի,  թոշակների  հետագա  բարձրացումից,  սուբսիդավորումից...Իսկ  1-2 շաբաթ  առաջ  ,,Հայլուր,, ,,Ինդեքսը,,  հավաստիացնում  էր,  թե  կաթնամթերքի  գները  շուտով  կսկսեն  իջնել..Եւ  մինչ  ՏՄՊՊՀ-ն   մե՜եեկ... երկուուո՜...կուսումնասիրի,  կտուգանի  կամ  չի  տուգանի  ,,անբարեխիղճ  տնտեսվարողներին,,՝  գները  մեկ-երկու, մեկ- երկու  կշարունակեն  ժողովրդի  դրամապանակը  ,,քամել,,՝ հավելյալ  գումարների  շորթման  հաշվին: Բայց  սա  միակ  մտահոգիչ  խնդիրը  չէ: Ամենացավալին  այն  է,  որ  ժողովուրդն  ամեն  օր  մի  վատ  լուր  է  իմանում. սկսած ՝  խաղաղ  պայմաններում  բանակում  մահվան  ելքով  դժբախտ  պատահարներից, վերջացրած ՝ զանգվածային  ավտովթարներով: Օր  չկա,  որ  հեռուստատեսությամբ  չլսենք  ու  չդիտենք ՝ ,,Օպելը,,  բախվել  է  ,,Մերսեդեսին,,/ կամ ՝ ընդհակառակը /, մեքենան  գլորվել- ընկել  է  գետը /կամ ՝ ձորը /:  Հետեւություն. ճանապարհները   ճանապարհի  նման  չեն,  վարորդները՝  վարորդի,  բենզինը՝  բենզինի, ավտոդողերն  էլ  պիտանի  չեն:  ,,Էդ  իմպորտնի  ավտոների  պեդալները  լավ  չեն  պահում,  ոտքը  դնում  են  թե  չէ՝ թռնում  է, չեն  կարողանում  կառավարեն,,- նկատում  է  վանաձորցիներից  մեկը:  Իմ  կարծիքով,  ավելի  հաճախ  վթարի  պատճառ  է  լինում  այն, որ  ղեկին  նստում  են  երիտասարդ  կամ  պատանի  անվարժ  վարորդներ,  որոնք,  թերեւս, վարորդական  դասընթացները  լիարժեք  անցնելու  ,,նեղություն,, չեն  էլ  կրել,  պարզապես ՝  գնել  են  վկայականը: Ու  սրանք  կատարյալ  փորձանք  են  դարձել  հասարակության  համար ՝ իրենց  ցոփ  ու  շվայտ  կյանքով: Հաղորդումներից  մեկից  էլ  տեղեկացանք, որ  հոգեկան  հիվանդությամբ  տառապող  տղան  տնից  ,,թռցրել,,  էր  պապին  պատկանող  մեքենայի  բանալիներն  ու  վթարի  ենթարկվել: Եւ  այսպես, մի  կողմից  արտագաղթն  է  դատարկում  երկիրը / որ  սոցիալական  ու  ներքաղաքական  ,,գաղջ,, մթնոլորտի  արդյունք  է /, մյուս  կողմից ՝ ավտովթարներն  ու  դժբախտ  պատահարները,  անժամանակ  մահացությունները: Օր  չկա, որ  կառավարության  շենքի  առջեւ  բողոքի  ցույց  կամ  սոցիալական  ընդվզումներ  չլինեն.  որդեկորույս  մայրեր,  որոնց ՝ չարչարանքով  պահած-մեծացրած  զավակները  զոհվել  են  բանակում ՝ խաղաղ  պայմաններում, ոչ  թշնամու  գնդակից,  բնակարաններից  զրկված  ,,պետական  կարիքների  զոհեր,,  կամ ՝ շինարարական  ավանտյուրաներից  տուժածներ,  ամիսներով  աշխատավարձ  չստացող  քիմիագործներ,  կարկուտից  տուժած,  բայց  փոխհատուցում  չստացող  գյուղացիներ... Մինչեւ  ե՞րբ  է  այս  ամենը  շարունակվելու:                 ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                                 

вторник, 14 мая 2013 г.

Ի՞նչ ենք դիտում, ի՞նչ ենք լսում

Ժամը  13-ի  դրությամբ  համացանցն  արդեն  ,,տժժում,,  է  թարմ  լուրերից, բայց  նույն  ժամին  մարդիկ  մի  նորմալ  տեղեկատվություն  չեն  ստանում  երկրիս  անցուդարձից ./,,մեռնող-ապրողից, թանկ  ու  էժանից,  կամ  նոր  դուրս  էկած  գազեթից-բանից,, /,  եւ  ճարահատյալ  սպասում  են  նախ ՝,,Կենտրոնին,, հետո ՝,,Շանթին,,  ու  ,,Ազատությանը,,:  Մայիսի  14-ի  ցերեկային    ,,Հայլուրն,,  օրինակ  , 5  րոպեում  ,,ափալ-թափալ,,  ավարտվեց  համացանցից  վերցված  մի  ,,օրիգինալ,,  խորհրդով.  այն  է՝ երկիր-մոլորակին  սով  է  սպառնում,  եւ  որոշ  երկրներում  մարդիկ  սկսել  են  ուտել  բզեզներ,  միջատներ,  սողուններ... Ընդ  որում,  նույն ,,ուսանելի,, նյութը  ,,Արմենիան,, էլ  տվեց,  բայց ՝ ,,բզեզի,,  փոխարեն ասելով  ,,ժուկ,,:  Իսկ  միգուցե  սկսեն  ,,ժուկի  թո՞ւյն,,  խմել:   Առավել  վատ  է,  երբ  սեփական  երկրի  ,,դարդուցավերը,,  թողած ՝ հայրենի  հեռուստաալիքներն  իրենց  լուրերն  սկսում  են  միջազգային  ,,բամբասանքով,, կամ,  որ  առավել  դատապարտելի  է ,  համացանցից  վերցված  տեղեկատվական  աղբով,  որ  համարժեք  է  մինչեւ  16  տարեկաններին  արգելվող  ֆիլմերը  ցերեկային  ժամերին  ցուցադրելուն . լեսբուհիների  շքերթ, համասեռամոլների  ամուսնություն,  այլանդակության,  այլասերվածության  ու  մոլագարության  զանազան  դրեւորումներ,  բռնություն...                                                                                                                                                ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 6 мая 2013 г.

Մտորումներ ,,վիպոյանական,, ընտրությունների, ԱԼՄ ,,իրավահաջորդների,, եւ այլնի մասին

  Չնայած  համացանցից  5  օր բացակայում  էի ՝ հարգելի  պատճառով,  սակայն  քաղաքականությանը  շատ  ուշադիր  հետեւում  էի ՝ ռադիոհեռուստաեթերից: Այս  ընթացքում  պարզապես  հիացած  էի  ԱԺ պատգամավորներ  Նաիրա  Զոհրաբյանի, Լեւոն  Զուրաբյանի, Արամ  Մանուկյանի  ելույթներով, ՀԱԿ-ի ՝ Երեանի  ավագանու  ընտրությունների  նախընտրական  հոլովակներով / թեպետ ,դրանցից  վերջինը  կառուցված  էր  մրցակցի  դեմ  հակաքարոզչության  հիմքի  վրա, բայց  այդ  հակաքարոզչությունը  հիմնավոր  էր, փաստերով  լեցուն /,  եւ, միգուցե  տարօրինակ  թվա ՝ ԲՀԿ  հիմնով:  1 -ին  անգամ  նկատեցի,  որ  ԲՀԿ  հիմնը  շատ  ավելի  հաջողված  է, որպես  օրհներգ,  քան ՝  ՀՀ օրհներգը ՝ ,,թշվառ-անտեր,,  ,,մեեե՜ր,  հայրենին,,,  որ ,,հա  քաշեցին,  քաշքշեցին,,՝  ու  էդպես  էլ  չփոխեցին: Իսկ  Զոհրաբյանի  ելույթներով  վանաձորցիներից  մեկն  էլ  էր  հիացած  / դե,  ինչքան  չլինի՝ լրագրողական  ,,շկոլա,,  է  անցել  ընդդիմադիր  թերթում /: Այ  նման  մարդիկ  պետք  է  լինեն  խորհրդարանում, եւ  ոչ  թե՝  իրենց  ,,փայով,, կուսակցական  ցուցակներ  սողոսկած, ,,հոգնած,,  կոճակ  սեղմողներ,  որոնց,  եթե  որեւէ  լրագրող  հարց  ուղղելու  ,,խենթություն,,  է  ունենում, կամ ՝ ,,խառնվում,,  են  իրար  ու  ճողոպրում,  կամ, մեղմ  ասած,  գրողի  ծոցն  են  ուղարկում  լրագրողին: Մեղքս  ինչ  թաքցնեմ,  նույնիսկ  մտածեցի,  թե  ավելի  լավ  չէ՞ր  լինի  ԲՀԿ-ից  Զոկրաբյանը  քաղաքապետ  առաջադրվեր,  ոչ  թե...մնացյալը:  Զոհրաբյանը ՝ ԲՀԿ-ից,  Արամ  Մանուկյանը ՝ ՀԱԿ-ից  փոխնիփոխ  ահազանգում  են  ներկա  ու  գալիք  արտագաղթի  մասին,  մտահոգիչ  թվեր  ու  փաստեր  են  ներկայացնում,  բայց  դե  ,,վերեւներում,,  լսո՞ղն  ով  է. արտագաղթի  դեմ  պայքարն  սկսել  են  միայն ՝ ինքնաթիռի  տոմսերը  թանկացնելով: ,,Ինչքան  քիչ  մարդ  մնա,  էնքան  իրենց  համար  քիչ  հոգս  կլինի,,- նկատում  է  վանաձորցիներից  մեկը: Ընդդիմության  ելույթների  հանդեպ  ,,իմունիտետն,, այնքան  է  մեծացել, որ  անգամ  ,,Վիտամին,,  ակումբի  նյութ  են  դարձել  իշխանությունն  էլ,  ընդդիմությունն  էլ, ինչի  ապացույցը ,,Կիսաբաց  դեբատներն,,  էին ՝,,Վիտամինի,,  մայիսի  4-ի  եթերում, որն, ի  դեպ,  բավականին   հաջողված  էր:  Հնգօրյա  ակտիվ  հանգստի  ընթացքում  մի  եզրակացության  էլ  եկա. ,,Կենտրոն,,  հեռուստատեսությունը  դարձել  է  ԱԼՄ-ի  արժանի  ,,իրավահաջորդը,,. այնպես,  ինչպես  ,,Երկիրը,,  եւ  տեղը  տեղին  լուրերով  լուսաբանում  է  եւ  ընդդիմության  հանրահավաքները,  եւ  սոցիալական  խնդիրներ / հատկապես ՝ գյուղերին  վերաբերվող /, նաեւ՝   վերհանում  պետական  կառավարման  համակարգում  տարիներով  բուն  դրած  կոռուպցիոն  երեւույթները /  օրինակ ՝ գյուղացիներին  չծլող  ցորենի  սերմ  բաժանելու  կամ ՝ մի  քանի  հազար  դոլարանոց  սեմինար  կազմակերպելու  ու  գյուղացիներին  իբր  շատ  կարեւոր  խորհուրդներ  տալու  պատմությունը,  որի  առթիվ  վարչապետին  ուղղված  պատգամավորական  հարցերն  անպատասխան  մնացին /: Վերջերս  նաեւ  ,,հայտնաբերեցի,, որ  անգամ  ,,Եթեր,,  շաբաթաթերթն  է  խիստ  քաղաքականացվել,  ու  անգամ  ,,Ազատություն,,  ռադիոկայանի ՝ Րաֆֆի  Հովհաննիսյանի  միտինգներին  ու  ոստիկանության  հետ  բախումներին  անդրադարձող  նյութն  է  արտատպում,  իսկ  Երեւանի  քաղաքապետին  էլ  ,,տեղը-տեղին,,  քննադատում է...Այսինքն , եթե  մի  ժամանակ  ,,Եթերը,,  հատուկ  սյունակում  միայն  սոցիալական  հարցեր  էր  բարձրացնում,  ապա  արդեն  անցել  է  քաղաքականին.  այ   սա  առաջընթաց  է...: ...Իսկ  մայիսի  5-ին  Երեւանի  ավագանու  ընտրության  օրն  ինձ  զարմացրեց  այն,  որ  այդ  օրը  լրագրողները  թեկնածուներին  ,,սադրիչ,, հարցեր  էին  ուղղում, ինչի  պատասխանը  կարող  էր  քարոզչություն  կամ  հակաքարոզչություն  լինել,  չպատասխանելը ՝ ,,անշնորհքություն,,: ,,Չեք  վախենու՞մ,  որ  բավարար  ձայներ  չեք  հավաքի,,- հարցնում  է  թղթակիցը  գործող  քաղաքապետին:  Կամ ՝ ՀԱԿ թեկնածուից  ,,հետաքրքրվում,, է,  թե  նա  ինչ  արդյունքներ  է  ակնկալում....Իսկ  ,,Կենտրոն,, հեռուստատեսության  ռեպորտաժներից,  նաեւ ՝համացանցի  լուրերից  եկանք  այն  եզրակացության,  որ  ընտրական  տեղամասերում  ընդգրկված  մարդիկ  նյարդահոգեբանական  սուր  ընդգծված  շեղումներ  են  ունեցել:  Նշենք,  որ  ,,Կենտրոնի,,  թղթակիցն  անգամ  խոստովանեց,  թե,,Որ  տեղամասում  գոռգոռացող  նախագահ  չէինք  տեսնում,  զարմանում  էինք,,: Հետաքրքիր  է,  հիմա  է՞լ  են  ասելու,  թե  ,,Ընտրություններն  անցել  են  խաղաղ,  հանգիստ  մթնոլորտում,,    երբ  տեղամասերում  համընդհանուր  գոռգոռոց  ու  ընդհարումներ  են եղել  / որոնցից  ամենատպավորիչը,  թերեւս,  դիտորդի  կողմից  վստահված  անձի  դեմքին  մատյանով  խփելն  է  եղել :  Դե  իսկ  լրագրողներին,  ինչպես  միշտ ,,անզգույշ  քաշքշել  են,,  ու  կոպտել,  աշխատանքը  խոչընդոտել  ու,  սերիալային  լեզվով  ասած ՝ ,, դավայ  ըստուց,,  արել: Թերեւս,  այս  ընտրություններն  իրենց  ,,խոխմաներով,, գերազանցել  են  մինչ  այս   եղածները:  Ամենազարմանալին  այն  էր,  որ  բնակարաններից  մեկում  գրանցված  են  եղել...22մարդ: Իսկ  մի  քաղաքացու  զգուշացումից  հետո  անգամ  նրա  հասցեում  անհիմն  հայտնված  անունը  շարունակել  է  պահպանվել,  եւ  նա  որոշել  է  իր  ,,դատաստանն,,  իր  ձեռքով  անել  ու  մատյանից  ջնջել  է,  ինչի  իրավունքը  բնականաբար,  չուներ:  Դե  փաստորեն  մարդուն  մղել  են  ապօրինության:  Մի  խոսքով,  իսկական  ,,վիպոյանական,, ընտրություններ.  հումորով-բանով, կանխորոշված  ելքով,  ամեն  ինչ  տեղը-տեղին:.. ՀՅԴ  հանդիպումը  ,,Շանթի,,  եթերով  դիտելիս,  երբ  դաշնակցության  գործիչները  քաղաքական  բանակցությունների  մեջ  էին  մտել...լվացք  փռող  կանանց  հետ,  ու  ներքեւից  բղավում  էին,  թե  ,,Էդ  ո՞ւմ  լվացքն  է  ըտենց  գունավոր,,  ակամա  մտաբերեցի  ,,Մեր  բակը,, ֆիլմը,  որտեղ  Հրանտն /Թոխատյան /  ու  Ազատը / Գասպարյան / ,,ասուլիս,,  էին  հրավիրել  բակում, ու  լուսամուտից  մեկը  ,,հետաքրքրվում,,  էր,  թե  ,,Ինչո՞ւ  է  աղմկում  գետը,, ՝ ինչին  ի պատասխան  ,,բացատրում,,  էին. ,,Որովհետեւ  մանկուց  լավ  չեք  դաստիարակել ,,:                                                                          ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ