понедельник, 16 июня 2014 г.

Իսկ փողոցները խճապատելն ու ամիսներով թողնելը նորմա՞լ երեւույթ է

      1 շաբաթ  առաջ Վանաձորի քաղաքապետն ասուլիս  էր հրավիրել ՝ քաղաքի փողոցների քարուքանդ վիճակի առնչությամբ, եւ , որպես ,,նշավակ,, հրավիրել էր  նաեւ փողոցների այդ վիճակի իբր գլխավոր պատասխանատու, քաղաքում ջրագծերի փոփոխման եւ բարեկարգման աշխատանքներ, ասֆալտապատում  կատարող ընկերության տնօրենին: Ըստ տեղական հեռուստատեսությամբ ցույց տրված կադրերի, քաղաքապետը մի լավ դատափետեց ՍՊԸ-ի տնօրենին, լրագրողներին ու նիստին հրավիրված ավագանու անդամներին կարծես հասկացնելով, թե ,,ահա նա, արեք ՝ ինչ ուզում եք,,: ,,Մեղադրյալն,, էլ անընդհատ արդարացումներ էր փնտրում, ու փորձում մեղքը ,,վիզ չվերցնել,,: Մի հարցում, սակայն, քաղաքապետի ու բուն ,,մեղավորի,, կարծիքները համընկնում էին. այն է ՝ քաղաքապետարանի եւ տվյալ ՍՊՒ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ եթե որեւէ փողոցում ջրագիծ փոխելու նպատակով քանդել են հողը, ապա եթե մինչ այդ ասֆալտապատում չի եղել, ուրեմն ,,կարելի,, է ընդամենը գրունտով եւ խճազանգվածով փակել, ասֆալտապատում չանել, իսկ եթե ջրագիծ քաշելու համար ասֆալտը քանդել են ՝այդ դեպքում անպայման վերականգնել ասֆալտը: Դե ընկերությունն էլ, ,,բնականաբար,,  հիմնականում այդպես էլ անում է ՝ եթե ասֆալտը չի քանդում, ու ջրագիծ քաշելուց հետո ընդամենը խճապատում են, ինչին անդրադարձել ենք սույն բլոգի՝10.06.2014թվի ,,Կարկատանային   անորակ ասֆալտապատման ու խճապատման հետեւանքները Վանաձորում,, եւ   13.07.2013թվի ,,Ջրագծերը փոխում են, ասֆալտապատումը մոռանում,,     21.10.2013թ. ,,Խիղճ ունեցեք, խիճն ասֆալտապատեք,, հոդվածներում: Այսինքն, եթե փողոցը մինչեւ ջրագիծ փոխելն անբարեկարգ է եղել, հիմա էլ ավելի անբարեկարգ ու դժվար երթեւեկելի է դառնում ՝խճապատման հետեւանքով: Մի՞թե ամիսներ  ու տարիներ շարունակ  փողոցը խճապատ թողնելը նորմալ երեւույթ է:Ասուլիսի հաջորդ օրն իսկ ՝ հունիսի 11-ից  սկսվեց Գ.Լուսավորչի  քարուքանդված մայթեզրերի  խճապատումը՝ Խորենացու խաչմերուկից մինչեւ Մյասնիկյան, այսինքն ՝2 ավտոկանգառ: Ենթադրվում է, թե այդպես խճապատված էլ կմնա ամիսներ շարունակ, ինչպես Լազյան փողոցում, որ Շիրվանզադեի խաչմերուկից մինչեւ Գոշ ՝խճաթաթախ վիճակում է  տարիներ շարունակ, եւ  1 տարի առաջ, երբ  Շիրվանզադեն հատող ,,Լաչինի միջանցքն,,ասֆալտապատում էին, այս տարածքի առեւտրականները դժգոհում էին, որ փողոցը տարիներ շարունակ չի բարեկարգվում, ջրահեռացում չի արվում, եւ վթարներն անպակաս են:Չենք կարծում, թե քաղաքապետարանի շենքի առջեւ քանդեն - ջրագիծ փոխեն, հետո խճով ծածկեն ու այդպես էլ թողնեն:Թերեւս, հենց դրա համար էլ քաղաքապետի  ,,պատմական,, ասուլիսը, երբ հրապարակավ դժգոհություն հայտնեց փողոցների քարուքանդ վիճակից, քաղաքապետարանի կայքում չլուսաբանվեց, եւ միայն հեռուստատեսությամբ ասուլիսը ,,տվին-անցան,,  որովհետեւ  եթե գրավոր ,,իրեղեն ապացույց,,վկայություններ հայտնվեին համացանցում, տեղական իշխանությունների համար տհաճ հարցեր էին առաջանալու, որոնցից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս կարելի է ամիսներ շարունակ փողոցը խճապատելը համարել նորմալ, ինչ է թե ՝ այդտեղ ասֆալտ չի քանդվել  ջրագիծ փոխելու նպատակով, այլ միան հողաշերտ է քանդվել: Ասուլիսում, որին ներկա էին համայնքի ավագանու ՝,,մեղադրյալ,, ՍՊԸ-ի դեմ ,,ատամները լավ սրած,, անդամներ, եւ նույնիսկ ՝ քաղաքապետարանի մշակույթի բաժնի նոր նշանակված վարիչը / երեւի այն տրամաբանությամբ, որ անորակ ասֆալտ փռելն արդեն մեզանում  վատ ձեւավորված մշակույթ է դառնում / ,այլ  զարմանալի բաներ էլ ի հայտ եկան: Ավագանու անդամներից մեկը նկատեց, որ Մյասնիկյան փողոցում սկզբում ձախ հատվածի մայթեզրը քանդեցին ՝կոյուղագիծ գտնելու նպատակով, ու այդպես էլ չգտան, հետո  աջ հատվածը քանդեցին ՝ջրագիծ փոխելու նպատակով:Ակամա հիշում ենք լոռեցիներից մեկի այն դիտարկումը, որ արվել էր դեռեւս ձմռանը, երբ քաղաքում գազատար խողովակ էր պայթել, ու վնասված հատվածն այդպես էլ չէին գտնում. ,,Դե հին մասնագետների մեծ մասը չկան, շատերը մահացել են, շատերը թոշակի են անցել, նորերն էլ խամ են, ոչ գծագրից են խաբար, ոչ հատակագծից, դրա համար էլ անընդհատ վթարներ են լինում,,: Ասուլիսի ընթացքում քաղաքապետը վրդովված նկատեց, որ Նժդեհի փողոցը  2 տարի է ՝քարուքանդ է / ինչպիսի ամոթ Նժդեհի անունը կրող կուսակցության համար /:Նաեւ   անուղղակիորեն մեղադրեց ասֆալտապատում իրականացնող ՍՊԸ-ի ղեկավարին ՝21 միլիոն եւրո վարկն անարդյունավետ ծախսելու համար, եւ խոստացավ, որ ստիպված կլինի ընկերության կատարած անորակ աշխատանքների համար բողոքել ՀՀ նախագահին: Իսկ ո՞ւմ դիմեն բնակիչները ՝ ամիսներ ու տարիներ շարունակ խճապատված փողոցներով, անբարեկարգ մայթերով երթեւեկելու համար, եթե քաղաքապետը խճապատումը թույլատրելի է համարում ՝ եթե փողոցը քանդելուց առաջ ասֆալտ չի եղել:Հետաքրքիր է, արտասահմանյան որեւէ երկրում / որի հետ անընդհատ համեմատվում են, երբ ցանկանում են վարձերը բարձրացնել /, նման երեւույթ կա՞ /ասենք ՝ԱՄՆ Փասադենա քաղաքում, որի քույր-քաղաքն է համարվում Վանաձորը. ավելի ճիշտ ՝,,քյասիբ,, քույրը /: Կարծում ենք, փողոցները ամիսներ շարունակ խճապատված թողնելը լավագույն արհամարհանք է՝ բնակչության նկատմամբ:Էլ ,,չենք խոսում,, այն մասին, որ մայթերը տարիներով ասֆալտի երես չեն տեսնում, թեպետ ՝2007թվի ամռանը կարծես թե նախատեսվում էր մայթերն էլ ասֆալտապատել, ինչին անդրադարձել ենք ,,Ժամանակ-Երեւանի,,  ,,Վանաձորում մայթերի ասֆալտապատման համար փողէ գտնվել,, հոդվածում:                                                                                                                    ԳԱՅԱՆԵ    ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 11 июня 2014 г.

Ընդդիմությունն ինչքան ուզում է ՝,,գայլի գլխին ավետարան կարդա,,.12 կետից բաղկացած

Երկիրը վեր է ածվել Սոդոմ-Գոմորի: Օր չկա, որ ,,Կենտրոնը,, կամ ,,Ազատությունը,, թեժ լուրեր չներկայացնեն ՝սոցիալական թեժ  ,,մարտերի,, մասին պատմող տեսանյութերով: Էլ ,,Դեմ ենք,,  էլ ՝,,Չենք վճարելու 150 դրամ,, ու  ,,Դուրս եկեք մեր գրպանից,, քաղաքացիական շարժումներ, էլ տարատեսակ խմբակային ու անհատական բողոքի ցույցեր: Պատկերն ամբողջանում է  ,,Արմենիայի,, կիրակնօրյա ,,Սուր անկյունով,, ՝արդեն սովորական դարձած արտակարգ դեպքերի մասին պատմող ռեպորտաժներով:Հերթական  սոցիալական ,,բոթը,,  երեկ էր, երբ պարզվեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պինդուպինդ որոշել է նպաստել  էլեկտրաէներգիայի  գնի հերթական բարձրացմանը ՝ օգոստոսից նախատեսվող: Իբր ՝ Ռուսաստանին  սեփականաշնորհած ՀԷՑ-ը վնասով է աշխատում. լոռեցիների ասած ՝,,բոյ-բոյ-բոյ. տեսա՞ր դու,,: Վնասով է աշխատո՞ւմ ՝ թող համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը կրճատի կամ ՝ անիմաստ հաստիքները : Իբր ՝20միլիարդ դրամի ,,ճեղքվածք,, կա այս ոլորտում /այսինքն ՝պակասորդ, իսկ պակասորդ ունեցող գործակատարներին  սովետի թվերին դատում էին, բայց հիմա որոշել են  էլցանցի  ,,պակասորդը,, բնակչության ,,ջանից,, հանել,այնպես, ինչպես ՏՄՊՊՀ-ի կողմից 20միլիոն դրամի տուգանքը /: Երեկվա հաջորդ տհաճ լուրը, որ ,,գուժեցին,, մի քանի հեռուստաալիքներ, այն էր, որ Վանաձորի քիմգործարանի աշխատողների 10-11ամսվա աշխատավարձի պարտքերը դեռ չեն պատրաստվում վճարել, թեպետ ՝հունիսի 10-ին  մի մասը վճարելու խոստում էր տրվել: ,,Ինձ ասում եք, որ ի՞նչ անեմ,,-Լոռու մարզպետարանի շենքի առջեւ հավաքված ցուցարարներին ի պատասխան ՝հայտնել է մարզպետը, որ  խոստովանել է, թե տեղյակ էլ չէ, թե ով է գործարանի սեփականատերը եւ  աշխատողներին խորհուրդ է տվել դիմել գործարանի գլխավոր տնօրենին:,,Մի 60 անգամ դիմել ենք,,-ի պատասխան նշել է քիմիագործներից մեկը: Դատելով հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերից, մարդկանց համբերությունն արդեն իսպառ հատել է սահմանը, եւ չգիտեն, թե ինպե՞ս ապրեն, ինչպե՞ս վարձեր մուծեն, վարկեր մարեն,բանակում ծառայող որդի պահեն...Ի՞նչ է ստացվում. բախտի բերմամբ թե պատահմամբ խորհրդարանում հայտնված որոշ ,,երեսփոխաններ,,   որոնց  հիմնական ,,աշխատանքն,, ընդամենը կոճակ սեղմելն է ՝այս կամ այն տխրահռչակ օրենքն անցկացնելու նպատակով, պետք է տեղը տեղին աշխատավարձ ստանան ամեն ամիս .այն էլ՝ շատ բարձր աշխատավարձ, իսկ թունավոր օդ կուլ տվող, ամոնիակի ու սնդիկի  միաջավայրում առղջությունը վտանգող, արտադրության մեջ մազերն սպիտակած մարդիկ /որոնց թվում ՝կանայք / պետք է ամիսներով աշխատավարձ չստանան ու ամեն ամիս բողոքի ցույց կազմակերպեն, որ գոնե մի ամսվա փող  ,,պոկեն,, մի կերպ:Թեպետ, աշխատակիցներից մեկը նշեց, որ արդեն իրենց համբերությունն սպառվել է եւ մեկ ամսվա խնդիր լուծելու նպատակ չեն հետապնդում:Սրանից էլ մեծ, աչք ծակող սոցիալական անարդարությու՞ն: Ավետիք Իսահակյանի ասած ՝,,Խեղճ աղքատը դառը դատի, դատարկ նստի, հե՜յ աշխարհ, էլ ինչու՞ ես քարը թողնում քարի վրա, քար աշխարհ,,: Մի՞թե կառավարությունն ի վիճակի չէ  տարիներ շարունակ կարգավորել այս ոլորտը թե Վանաձորի քիմգործարանի, թե ,,Նաիրիտի,, պարագայում:Ի՞նչ է նշանակում մարդուն աշխատեցնել, ու ամիսներով աշխատավարձ չտալ, բայց պահանջել վարձեր մուծել: Այսինքն մարդն ունի միայն սոցիալական պարտավորություններ, իսկ իրավունքներ չունի:՞ Սա  ամենաիսկական ստրկական պայմաններ են զարգացած կապիտալիզմի դարաշրջանում:Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ամեն ինչ արվում է երկիրն ,,ավելորդ ուտող բերաններից ազատելու,, եւ արտագաղթը խրախուսելու նպատակով. աշխատողներին նորմալ չեն վճարում, գործազուրկներին նպաստ չեն տալիս ՝այն կրճատելով եւ ավելորդ շքեղություն,, համարելով, իսկ աշխատաշուկայում արդեն ոչ մրցունակ համարվող  կամ ոչ կուսակցականացված  / այսինքն ՝ իշխանական կուսակցության անդամ չհամարվող / մարդկանց էլ գոնե ԽՍՀՄ խնայբանկի ավանդները չեն վերադարձնում, որ մի կերպ գոյատեւեն: /Այլ կերպ ՝ մարդկանց թթվածինն ամեն կերպ փակում են ու ակամա մատնացույց անում արտագաղթի ճանապարհը /: Թերեւս, հենց դրա համար էլ ավանդների վերադարձի ,,քավոր,, ՕԵԿ-ը  դուրս եկավ խորհրդարանական կոալիցիայից, տեսնելով, որ իրենց ծրագրերն իրականություն չեն դառնում: Եթե անգամ 1931 թվի ծնվածները չեն ավանդների փոխհատուցում ստացել, 1950-60 թվերից հետո ծնվածներին ե՞րբ է հասնելու հերթը: Որքան էլ դաժան հնչի, ավագագույն սերնդի մարդկանց, տարեց թոշակառուների, որոնք այդպես էլ չստացան այդ ավանդներն ՝այս անցավոր  ու հանցավոր աշխարհից գնալիս, մնաց  200հազար դրամ թաղման նպաստը, որպես կառավարության կողմից մեծագույն ,,գթասրտության,, արտահայտություն  այն մտայնությամբ, որ տեսեք, մենք ձեր ավանդները չկարողացանք տալ, բայց թաղումներդ կկազմակերպենք: Թեպետ ՝այդ գումարն էլ վճարում են մեռնող թոշակառուների մահից 1 ամիս հետո, հարազատներին ակամա մղելով ,,իրարից պարտք անելու,, հին հայկական սովորույթին:Իսկ գներն օրեցօր աճում են ՝վարձերի բարձրացմանը զուգընթաց: Շուկայական մաֆիան հենց որ լսեց էներգիայի հերթական բարձրացման լուրը ՝հիմա էլ ռուսական ձեթի գինը բարձրացրեց ՝100-200դրամով: Դե քանի որ վաղուց ի վեր  իրանական ու թուրքական ձեթ չի հայտնվում շուկայում, ուստի ռուսականն սկսել է մոնոպոլ դիրք գրավել եւ թելադրել իր ,,պայմանները,,: Փաստորեն, անցած ամսվա սկիզբը Վանաձորում նշանավորվեց հացի գնի բարձրացմամբ / ասում են ՝ մայրաքաղաքում ավելի վաղ էր բարձրացել /, այս ամսից   էլ ՝ձեթի: Եթե մի բան  էժանացնում են ՝ժամկետի պատճառով, մի ուրիշ բան պետք է թանկացնեն: Ամառային շոգերի պատճառով ձվի գինը փոքր-ինչ իջել է / թանկանալուց հետո /, հիմա էլ ձեթի գինն են բարձրացնում. ահա եւ մաքսային միության մեջ մտնելու ,,աչքալուսանքը,,:  Իսկ ընդդիմադիր պատգամավորները  շարունակում են ,,գայլի գլխին ավետարան կարդալ,, ու 12 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել ՝կառավարությանը մինչեւ սեպտեմբեր ,,խելոքանալու,,ժամկետ տալով:Այս ընթացքում ստվերային շուկայի խոշոր ,,գայլերը,, հերթական հարձակումն են սկսել ժողովրդի գրպանի վրա ՝դոլարի ու եվրոյի կուրսը գցելով, գներն անփոփոխ թողնելու կամ տեղ-տեղ բարձրացնելու պայմաններում:,,Դե Իսպանիայի, Դուբայի ու կուրորտների սեզոնն սկսվել է, տղեքին դոլար ու եվրո է պետք, դրա համար էլ էժան հավաքում են,,-հեգնանքով նկատում են մարդիկ:Թերեւս, այդ նույն նպատակին են ծառայում նաեւ քիմիագործների աշխատավարձերը ՝բանկերում պտտեցվելով:Իսկ ահա, ռուսական ռուբլու կուրսն սկսել է բարձրանալ, քանի որ երկրից արտագաղթողները կամ ժամանակավոր աշխատանքի մեկնողները հիմնականում Ռուսաստան են ուղեւորվում, չիմանալով անգամ, թե այնտեղ իրենց ինչ է սպասվում. թեպետ համոզված են, որ Հայաստանից ավելի վատ չի լինի, չնայած ՝ ռուսական ասացվածքն ասում է ՝,,Լավ է  այնտեղ, որտեղ մենք չկանք,,:                                                        ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 10 июня 2014 г.

Կարկատանային անորակ ասֆալտապատման ու խճապատման հետեւանքները Վանաձորում

    Ընդամենը 2 ամիս առաջ, ս.Զատկի նախօրեից Վանաձորում սկսվեցին տարեկան կտրվածքով նույն փողոցներում արվող պլանային, կարկատանային ասֆալտաքանդումներն ու ասֆալտապատումները: Թե որքանով էին այդ աշխատանքները որակյալ, պարզ դարձավ մայիս-հունիսյան հորդառատ անձրեւներից հետո, երբ ավտոճանապարհներին, ինչպես սովորաբար, հսկայական լճափոսեր առաջացան ՝ավտոմեքենաների ու հետիոտների համար տհաճ հետեւանքներ առաջացնելով: Իսկ Լուսավորիչ,Ղուկասյան,Տերյան փողոցներում, որտեղ դեռ անցած տարի ջրատար խողովակներ փոխեցին ու այդ նպատակով ասֆալտը քանդեցին, կարկատանային անորակ ասֆալտապատման հետեւանքով, յուրաքանչյուր անձրեւից հետո փոսերը լցվում են անձրեւաջրերով: Կ.Դեմիրճյան 28 շենքի բակում էլ անձրեւային օրերին շարունակում է լիճ գոյանալ. առնվազն վերջին 5տարում  այս տարածքը մի 10 անգամ քանդել-փորել են ՝ վթարները վերացնելու նպատակով, բայց քանի որ ասֆալտ չեն արել, ուստի, թերեւս, վթարները չեն դադարել:Անցած ամիս Լուսավորչի փողոցի մի հատվածում դեռ նախորդ տարվանից սկսված աշխատանքների շարունակությունն էր ընթանում ՝ շուկայամերձ տարածքներից մինչեւ Խորենացի, ու հիմա մայթ ու ավտոճանապարհ խառնվել են իրար ՝ հողախճաքարազանգվածով անհաջող կարկատած:Ճանապարհային ոստիկանությունն էլ այս պայմաններում հաճախ ստիպված է լինում ,,հոպ-ստոպ անել,, ակամա իրավախախտ դարձած վարորդներին, ու անվերջ ,,ռազբորկաներ,, են:Նույն կարկատանային խճապատումն էլ Խորենացու   ու Նժդեհի վրա է / այսպե՞ս են հարգում հայոց մեծերին, եթե նրանց անունով անվանակոչված փողոցների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է /:Լազյանի մի հատված էլ ՝ Գոշի փողոցից սկսվող, մի քանի ամիս առաջ խճապատեցին, ու այդպես էլ թողեցին:Այս հատվածում արդեն տխուր ավանդույթ է դառնում ժամանակ առ ժամանակ խճապատելն ու չասֆալտապատելը / թերեւս, այդ հատվածում գտնվող կոշկակարանոցի աշխատանքներն աշխուժացնելու նպատակով /: Ընդ որում, այս տարածքով նաեւ ավտոմեքենաներ են անցնում, եւ , դժվար չէ ենթադրել, որ անվադողերի էլ հերն է անիծվում: Անմխիթար վիճակում է նաեւ Շիրվանզադե / Լուսավորիչ խաչմերուկից մինչեւ Մոսկովյան  հատվածը .այսինքն ՝ ,,Լաչինի միջանցքի,, շարունակություն, որտեղ բացօթյա առեւտրի վայր է, բայց մեքենաներն ու անցորդները նույն տարածքով են երթեւեկում, իսկ այս փողոցի մի երթեւեկելի հատվածը դեռ նախորդ տարի, աշնանը երկարությամբ քանդեցին, ու անգամ ասֆալտ չարեցին ՝ ընդամենը հողաշերտով անհաջող ծածկելով: Փողոցի անմխիթար վիճակն էլ նպաստում է երթեւեկության համար վտանգավոր իրավիճակ ստեղծելուն, քանի որ անբարեկարգ հատվածներից խուսափելու համար հետիոտներն ստիպված ավտոճանապարհով են քայլում:Առհասարակ քաղաքում  գրեթե ամենուր քանդած-փորածի հետքեր են, որոնք անընդհատ հիշեցնում են հայ-գերմանական վարկային ծրագրի եւ այդ ծրագրով արված ջրատարների փոխման մասին:Վերջերս էլ Վանաձորի  ,,Լոռի,, հեռուստաալիքը ներկայացրեց Նարեկացի 47 հասցեի բնակիչների բողոքը ՝ իրենց թաղամասի փոսերի վերաբերյալ. ջրատարները փոխել են, ու ասֆալտապատում չեն արել:Մի առիթով էլ ,,Միգ,, հեռուստաալիքը համանման բողոք ներկայացրեց ՝ մեկ այլ թաղամասից: Եթե քաղաքի այլ թաղամասերում էլ բնակիչներն իրենց համայնքային խնդիրների նկատմամբ հետեւողականություն ցուցաբերեին  եւ բարձրաձայնեին այդ խնդիրները, ապա նման խնդիրներն ավելի քիչ կլինեին: Հավելենք նաեւ, որ մայթերն առհասարակ չեն ասֆալտապատվում, այլ միայն ՝ ավտոճանապարհահատվածները: Լավագույն դեպքում, եթե որեւէ գործարար օբյեկտ է կառուցում, իր օբյեկտի մայթն ասֆալտապատում է : Իսկ համայնքի ավագանուն կարծես ամենեւին չեն հուզում այս կարգի ,,մանր-մունր,, հարցերը...: Մի քանի ամիս հետո, հոկտեմբերին,   ,,Վանաձորի օր,, տոնակատարությունն է:Տեղին կլիներ, եթե մինչ այդ հայտարարվեր տոնին նվիրված երգի ու լոգոյի մրցույթ ՝ ,,Խճապատված ու քարուքանդ իմ Վանաձոր,, թեմայով:            ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ