четверг, 31 июля 2014 г.

Մենք ենք , մեր ձորերը. Լոռվա անցուդարձից

                          ՊՈՄԻԴՈՐԸ ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ                                                 Վանաձորի   բացօթյա առեւտրի կետերում վաճառողների միջեւ վեճ ու կռիվներն անպակաս են. հիմնականում ՝ կապված տարածքի կամ մրցակցության հետ, բայց այն, ինչ տեսա օրերս ՝ չափազանց էր, նորմալ ,,լեզվակռիվ,, կոչվելու համար, ծեծկռտուք կոչվելուց էլ հեռու էր:17-18 տարեկան մի պատանի թե երիտասարդ, իրենից մի 3 անգամ  տարիքով մեծ ,,կոլեգայի,, / կամ տարածքի ,,համատիրոջ,, /հետ վիճաբանության ընթացքում, ի պատասխան տարեցի ինչ-որ դիտողության ՝բանջարեղենի արկղերի հետ կապված, հոխորտանքներից հետո հանկարծ անսպասելիորեն / այն բանից հետո, երբ տարեցի հետ սկսեց մի կին էլ վիճաբանել ՝ի պաշտպանություն երիտասարդի / պոմիդորը վերցրեց ու ...խփեց հակառակորդի գլխին:Որքան էլ տարօրինակ է, տարեցը դրանից հետո ոչ թե զայրացավ, այլ ,,բարեհոգի,, ծիծաղով ասաց.,,Արա դու հաստատ գժվել ես, գիտե՞ս,,: Հետաքրքիրն այն է, որ հակառակորդ 2 կողմերն էլ միմյանց հետ վիճում էին հենց նախորդ օրը հայկական սերիալներից մեկից վերցրած բառապաշարով:,,Չէ, դու հաստատ ուզում ես, որ ես քեզ շնչել տամ, արա,,- հոխորտանքը շարունակող պատանուն հավաստիացրեց տարեցը, որին ի պատասխան պատանի-երիտասարդն արհամարհանքով նետեց մի քանի անգամ.,,Փախար, արա, փախար,,: Ի դեպ, էս ,,փախար,,-ը շփման ձեւ է դարձել հատկապես երիտասարդների համար ՝ անկախ սեռից ու միջավայրից, ինչը սերիալների ուղիղ ազդեցությունն է մարդկանց ուղեղի վրա:                                                                                                                                              ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ,,ՏՆԱՅԻՆ   ԽՈՀԱՆՈՑԻ,,ՀՈՏԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵ՞Լ ԵՆ                                                    Սովետական տարիներին մի ակնհայտ տհաճ երեւույթ կար, ինչը կհիշեն ավագ ու միջին սերնդի կիրովականցիները: Հասարակական սննդի օբյեկտներից ՝,,Տնային խոհանոց,, կոչվող, մշտապես մի ահավոր ճենճահոտ էր բուրում, ու մարդիկ հաճախ աշխատում էին այդ տարածքներից խուսափել՝մայթը փոխելով. դե հիմիկվա նման արտասահմանյան որակյալ ու էկոլոգիապես մաքուր ձեթ չկար, իսկ հասարակական սննդի օբյեկտներում հաճախ ամենաանորակ տեսակի ձեթ էին օգտագործում: Եվ ահա, երբ թվում էր, թե վերջնականապես ազատվել ենք այդ հոտերից, Վանաձորի ,,Շաուրմա,, կոչվող կետերից մեկում այդ տարիների ճենճահոտն էր բուրում. ակնհայտ է, որ կամ ժամկետանց մարգարին էին օգտագործել, կամ՝ անորակ ձեթ, կամ՝ անհայտ ծագման ճարպ: Լավ կլիներ, եթե սանէպիդկայանը կամ համապատասխան ստուգող մարմինները երբեմն գոնե ,,շաուրմանոցներում,, կամ հասարակական սննդի պատրաստման այլ կետերում ստուգումներ անցկացնեին ՝ սննդի պատրաստման  աշխատանքների, որակի ստուգման նպատակով:Որքան նկատել ենք, այս առնչությամբ միայն մայրաքաղաքում են ստուգայցեր կատարվում ու լուսաբանվում հեռուստատեսությամբ:                                                                                                           ,,ԷՍ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԲԱ ՓՈՂ ԿՏԱ՞Ն,,                                      Վանաձորի բանկերից մեկում վարձ մուծողների հերթ էր:,,Թողնում ենք ամսվա վերջին, դրա համար էլ սենց հերթերի մեջ ենք ընկնում, պետք ա շուտ մուծենք,,- ինքնախարազանմամբ հանդես եկավ հերթում կանգնած մի կին: Ի պատասխան ՝ մի տղամարդ առարկեց.,,Որ բաշարենք ՝ պետք ա վաբշե չմուծենք: Էս պետությանը բա փող կտա՞ն,,: Իսկ երբ հասավ տղամարդու հերթը, ու վարձեր ընդունող օպերատորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք բոլոր ծառայություններն է պատրաստվում մուծել այդ տղամարդը, վերջինս պատրաստակամ հավաստիացրեց.,,Գրի, սաղ գրի, ռազ որ ընկել ենք էս թակարդը, պետք ա սաղ մուծենք-պրծնենք,,: Սակայն պատկառելի գումարը ՝19 հազար դրամ մուծելուց հետո զայրացած ասաց.,,Որպես ի՞նչ պետք ա ես պետությանը էսքան փող տամ: Պետությունն ինձ համար ի՞նչ ա արել,,:                                                                                                                                                                                                                                                ,,ԴԲԱ ԼԱՎԸ ԹԱՐՍ ԵՆ ԳՐԵԼ,,                                                                          Վանաձորցիներից մեկը, նկատի ունենալով Վանաձոր-Երեւան ճանապարհահատվածի ոլորապտույտներից մեկի վրա փակցված ,,Լոռու մարզ,,ցուցանակին ինչ-որ մեկի ձեռքով խզբզած ՝,,Դբա լավը,, գրությունը, ասաց.,,Էդ դբա լավը թարս են գրել, դբա լավը դբա Երեվանն ա, ոչ թե դբա Վանաձորը: Կամ էլ պետք ա հարցական դնեին ՝դբա լավը՞:Ուր ա ստեղ լավ բա՞ն, ինչքան լավ բան կա ՝ Երեվան կա, ստեղի դբա լավը ո՞րն ա,,:                                                                                                                                 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 29 июля 2014 г.

Սազն առած եկան-գովեցին-գնացին. իրական Վանաձորից էնքա՜ն հեռու էին...

   Հուլիսի 28-ին ,,ընդդիմադիր,, համարվող մի հեռուստաալիք Վանաձորի իշխանությունների գովքն էր անում. սազն առել էին ու հո չէին գովու~մ, հո չէին գովու~մ: Նման կարգի հոդված եթե որեւէ թերթում լույս է տեսնում, եթե խիղճները մի քիչ տեղն է լինում, հոդվածի վերջում գովազդի տարբերանշան են դնում, եթե հարկայինին չեն ուզում գովազդից ,,փայ,, հանել ՝ չեն դնում: Դրանք որոշել էին որպես ,,անաչառ,, ու մաքրամաքուր հաղորդում ներկայացնել: Հաղորդման ընթացքում շարքային վանաձորցու բուն հոգսերը մղվել էին հետին պլան, մի շարքային քաղաքացու բողոք չհնչեց հեռուստաէկրանից / որ հաճախ է հնչում այլ հեռուստաալիքներով ու թերթերով /, բայց վերջում ասվեց, որ ,,Ահա այսպիսին է Վանաձորն ու իր մարդիկ,,: Հարց է ծագում. էդ ո՞ր մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյանե՞րը ՝քաղաքի փողոցների վիճակն ավելի հաճախ ծառայողական մեքենաների ու աշխատասենյակի լուսամուտներից  դիտող, քան ՝ առնվազն ,,դերվիշի,, հագուստով փողոցում պտտվող, որ իրենց մասին իրական կարծիք իմանան  կամ տեսնեն, թե որտեղ է ասֆալտը կիսատ-պռատ, ու թերթերից  ու կայքերից չիմանան այդ մասին: Ես հիշում եմ, քաղաքի կոմունիստ ղեկավարներն ու անգամ ՝մի նախկին մարզպետ ՝90-ականներից, քաղաքում ոտքով ման էին գալիս, երբեմն էլ ոտքով էին աշխատանքի գնում, բայց մի օր մի տեղական բարձրաստիճան պաշտոնյա, քաղաքապետ չտեսանք ոտքով քաղաքում շրջող:Հետաքրքիր է, հաղորդման ժամանակ համ խոստովանեցին, որ երբեմնի էն ,,լավ-լավ,,տարիների 180հազարանոց բնակիչ ունեցող քաղաքի բնակչությունից մնացել է 84 հազարը, համ էլ գովերգեցին, թե քաղաքը ..շնչում,, է, քաղաքը ,,ծաղկում է,, ՝16 տարվա քաղաքապետի շնորհիվ:  ,,Կարգին սերիալի,, Ադիկը կասեր ՝,,Վայ մաման անդազահան,,...  Իսկ շարքային դարդակալած վանաձորցին հաստատ կասի ՝,, Ինչի դուք կթողաք՞, որ մարդ շնչի, քիչ է մնում օդից էլ փող պոկեն,,: Մի էլիտար սրճարան ցույց տվեցին ՝ կենդանի ջազի երաժշտությամբ, հսկայական դահլիճում մի 3-4 ջահել էր նստած / դե ահելների տեղը նորացված անվճար նստարաններն են. քաղաքապետարանի ամենաակնհայտ ձեռքբերումն ու նվերը ՝քաղաքի հոգնած բնակչությանը ՝վերջին 1-2 տարում /: Իսկ սրճարանի ջահելներն  էլ ջազ լսելուց շատ հեռու հայացքով զարմացած նայում էին նկարահանողներին, ու երեւի մտածում, թե ,,Արդյոք ովքե՞ր են,,: Ովքե՞ր են, Երեւանից եկած ,,քաջ կտրիճներ,, են, շոգերն ընկել է, եկել են Լոռվա գողտրիկ վայրում զովանալու, ,,ձեռի հետ,, էլ տեղական իշխանություններին ,,արջի ծառայություն,, մատուցելու ու վանաձորցիներին զարմացնելու, թե էս ի՞նչ դրախտում են ապրում, որ ,,վրեքները խաբար չկա,, /սերիալային լեզվով ասած /:Համաձայն ենք ՝,,մշակույթ ունենք՝աշխարհը չունի,, բայց դա մեր ազգին հատուկ ի վերուստ տրված հատկություն է, որ ամեն պայմաններում էլ չի կորցնում երկնելու, արարելու հատկությունները: Բայց կինոդահլիճ դեռ անգամ 1988թվի երկրաշարժից հետո կար ՝մինչեւ 90-ականների վերջերը, քանի դեռ դրանցից մեկը հացի փուռ չդարձավ: Մշակութային օջախները մշտապես գործել են: Անգամ չհիշատակեցին, որ Քիմիագործների մշակույթի պալատը նորոգվել է բարերար Քրքորյանի ու պետբյուջեի միջոցներով: Օրումեջ Վանաձորում բողոքի ցույցեր են կազմակերպում քիմգործարանի տառապյալ աշխատողները, մինչդեռ այդ մասին չխոսվեց, իսկ քաղաքի սոցիալական համայնապատկերը ներկայացվեց հանրապետական ,,ծիրում,, որպես ազգային համընդհանուր խնդիր ՝ ստեղծված ԽՍՀՄ փլուզումից հետո:Բա էն ո՞վ էր 2003թվի նախագահական ընտրություններին բնակչությանը համոզում, թե 1998թվին սեփականաշնորհած  ու մի քանի անգամ, ամեն սեփականատիրոջ փոփոխությունից հետո ժապավենային բացում արված գործարանին մեծ հեռանկարներ են սպասվում ՝ մոտ ապագայում. իհարկե քաղաքապետն էր, որի ղեկավարած կառույցին նույնպես գործարանը պարտքեր ուներ:Հետաքիքիր է, հաղորդման հեղինակները Վանաձորի ՝2 տարի շարունակ  խճապատված  Լազյան փողոցով / Գոշից մինչեւ Լաչինի միջանցք /,ասֆալտ չտեսած մայթերով քայլե՞լ են գոնե, տեսե՞լ են, թե ինչ վիճակում են 20 տարի շարունակ՝երջանկահիշատակ Կ. Դեմիրճյանի անվան փողոցի մայթերը / որի թվում ՝ Երկաթուղայինների այգուն հարող տարածքներում / :Տեսե՞լ են, որ Լուսավորչի փողոցի որոշ հատվածներից անցնելիս մարդիկ ստիպված մայթը փոխում են ոչ միայն անբարեկարգության պատճառով, այլեւ ՝բանկերի հարեւանությամբ տեղակայված աղբարկղերի ,,բուրմունքը,, չշնչելու եւ աղբարկղ քրքրողների թշվառությանը չբախվելու նպատակով: Մանկական կարուսելները կան, սրճարանները կան, մշակույթի օջախները կան, ուրիշ ի՞նչ է պետք ՝ լիակատար երջանկության համար . սա էր հաղորդման մեխը ՝ ուղղված, թերեւս, քաղաքը գունավոր ակնոցներով չնայողներին ՝ որպես ,,մեսիջ,,: Հա հետո՞, ռեստորաններ էլ կան ՝բնակելի շենքերին մոտ տարածության վրա, որտեղ պարբերաբար քեֆ են անում կասկածելի միջոցներով ,,բիրդան հարստացածներն,, ու գիշերվա ,,հազարին,, անկապ հրավառություններով թնդացնում շրջակայքը ՝բնակելիների դուռ-լուսամուտները զրնգացնելով: Նման մի հրավառության ժամանակ Կ.Դեմիրճյան 28 ծայրահեղ վթարային շենքի 4-րդ հարկի մանուկները սարսափած կպել էին լուսամուտներին, տանտիկինները պատշգամբ դուրս եկած անհասցե հայհոյում էին:Նման դեպքերում մարդիկ երբեմն սարսափած մտածում են, թե չլինի՞ թուրքը Նոյեմբերյանը գրավել է՝ հասել է Վանաձորին, կամ չլինի՞ հերթական երկրաշարժն է: Իսկ ոմանք էլ զայրացած մտածում են, թե ,,Յարաբ էս քաղաքը տեր-տիրական չունի՞, ո՞նց կարելի է գիշերային շատ ուժ ժամի հրավառություն կազմակերպել ,,:Ըստ այդ հաղորդման ՝ քաղաքում ոչ գործազրկություն կա, ոչ ՝ ապօրինաշինությունների հետեւանքով սեյսմիկ վիճակի վտանգ, ոչ բնակչության հիմնախնդիրներ, որոնց լուծումը միշտ չէ, որ ,,վերեւների,, հետ կապ ունի:Ի՞նչ հիմնախնդիր, իսկի խնդիր էլ չկա, եղածներն էլ, ինչպես վերը նշեցինք ՝համազգային են ՝կապված ԽՍՀՄ փլուզման հետ: Մնում է Սովետը հետ բերենք ու քաղաքապետին էլ դարձնենք քաղսովետի նախագահ: Հասկացանք ՝գազի ու էներգիայի գնի բաձրացման մեղավորը քաղաքապետը չի, բայց առջեւում ձմեռ է, մարդկանց մեծ մասն անվճարունակ է, ինչպե՞ս են ջեռուցվելու, եթե 16տարի շարունակ տեղական իշխանությունները երբ ասում են ,,կենտրոնացված ջեռուցում,, հասկանում են միայն համայնքապատկան հիմնարկների,քաղաքապետարանի, մանկապարտեզների ջեռուցումը,իսկ բնակելի շենքերի կենտրոնացված ջեռուցումը չկա նրանց քննարկման օրակարգում:Իսկ մարդկանց գերակշիռ մասը ջեռուցվում է  էներգիայի միջոցով ՝շենքերի սնուցման համակարգը ծանրաբեռնելով, մի մասն էլ մրսելու պատճառով հիվանդանում է  ու գնում ,,ավելի լավ Հայաստան,, ՝,,էն աշխարհ,,:Քաղաքապետարանի նիստերի հեռարձակումն արգելվել է այս տարվանից, ասում են ՝,, քաղաքապետարանը թափանցիկ է աշխատում, իսկ քաղաքապետը մշտապես ասուլիսներ է կազմակերպում,, / որ վերջերս անգամ քաղաքապետարանի կայքում չի լուսաբանվում, որովհետեւ եթե լուսաբանվի, իրեղեն ապացույց վկայություններ կմնան այն մասին, օրինակ, թե ջրմուղն ու քաղաքապետարանն ինչպես են փոխադարձաբար միմյանց մեղադրում ՝ասֆալտի գումարները նպատակային կամ աննպատակ ծախսելու համար /:ԶԼՄ-ներից ով ՝ինչ հասցնում կամ ում ինչ պետք է ՝վերցնում է ասուլիսից ու տպագրում կամ եթեր տալիս, ինչը չի կարող լիարժեք լուսաբանում կոչվել, եթե ոչ հարց տվողների հարցերն են ֆիքսվում  էկրանից, ոչ ՝քաղաքապետի պատասխանները, ոչ էլ իմանում ես, թե որ ԶԼՄ-ներն են մասնակցել, որ նրանց կայքերը ,,փորփրես,,:Ահա եւ ձեզ թափանցիկ աշխատաոճ:Այնպիսի տպավորություն էր, թե հաղորդման հեղինակի լեզվի տակ ոսկոր չկար. չկայացած կոմունիզմին բնորոշ ինչ կար-չկար ՝,,վրա էր տալիս,, ՝ինքնագոհ ձայնով:Ու ամենազարմանալին այն էր, թե իբր ,,քաղաքապետարանն իր աշխատանքները համաձայնեցնում է բնակչության հետ,, / գոնե ասեր համայնքի ավագանու 99տոկոսի հետ ՝հասկանալի կլիներ, բայց ո՞ր բնակչի կարծիքն է հաշվի առնվել որեւէ կանաչապատ տարածք որպես ,,օբյեկտ,, վաճառքի հանվելիս, կամ ՝շենքերի 1-ին հարկերի ձեւափոխությունների առնչությամբ... /: Փաստորեն, հաղորդման հեղինակները  քաղաքապետարանի ,,պադավատների,, պատուհանից են դիտել քաղաքը, սրճարանում ջազ են լսել ու արհեստական լճերում նավակներով հիացել: Տեսնես գոնե հետաքրքրվե՞լ են, թե քանի խեղդվող է եղել Լճերում ՝ աշխատողների անփութության պատճառով, կամ օրերս ինչո՞ւ մի 25-ամյա երիտասարդ հսկայական ալրաղացում խեղդվեց, ինչու՞ են մարդիկ այդքան հաճախ ինքնասպանության դիմում....Բա մի հատ գնայիք բացօթյա առեւվտրի կետեր, ասեիք ՝ընդդիմադիր հեռուստաալիքից ենք, միք վախի, սրտներումդ ինչ կա ՝ ասեք, հետաքրքրվեիք, ո՞նց է առեւտուրն առաջ գնում, գո՞հ են տարածքի վարձի չափից,կամ ամեն շաբաթ Թուրքիա կամ Ռուսաստան մեկնող ավտոբուսների ուղեւորներից հետաքրքրվեիք, թե ինչու են մեկնում, մշտական են մեկնու՞մ, թե՞ ՝ հարազատին այցելության կամ հանգստանալու:Խելքը գլխին ում հետ խոսում ես, բողոքում է, որ քաղաքում աշխատատեղերի մրցույթները ձեւական են, բանկերում կամ դպրոցներում աշխատանքի տեղավորվելու համար դեր է խաղում շատ լավ հայտնի է, թե ինչը / որի թվում ՝ԽԾԲ-ն /:Ինչքան էլ ուզում է քաղաքը դատարկվի, էլի թափուր աշխատատեղերը ,,խաղարկային,, են: Չի բացառվում, որ մի մարդուն տարբեր հաստիքներում էլ ձեւակերպեն, ստուգողն ո՞վ է, եթե մեռած թոշակառուներ են պահում սոցապի ու փոստի համակարգերում, ու  Խաչիկյանին սարքել են քավության նոխազ, ինչն է խանգարու՞մ, որ մի մարդուն մի քանի ցուցակներով աշխատավարձ տան: Ով չի աշխատում ՝ չաշխատելուց է դժգոհ, ով էլ աշխատում է ՝ ստորացվելուց ու նեղվելուց / եթե ինչ-որ մի օր խիղճն ու ինքնասիրությունը գլուխ են բարձրացնում /: Մանկավարժականի մի դասախոս վերջերս մեկնեց արտերկիր, ու այնտեղից ստիպված էր մամուլում խոստովանել, որ հոգնել էր ստրուկի հոգեբանությամբ մարդկանց հետ աշխատելուց, գաղջ մթնոլորտից /քանի որ միայն ստրուկի հոգեբանությամբ մարդը կարող է այսօր աշխատել քծնանքի ու հարմարվողականության, հանդուրժողականության, հարկ եղած դեպքում գործընկերներին ,,ծախելու,, կամ չարախոսելու պայմաններում /:Ինձ հետաքիքիր է, հաղորդման հեղինակը գոնե այլ հեռուստատեսություններից կամ թերթերից, կայքերից չի՞ լսել իրական Վանաձորի մասին,որ միայն ներկայացվեց, որ Վանաձորում 84 վթարային շենք կա, որում ստիպված են մարդիկ բնակվել, / իսկ մնացածներն էլ ,,մանրից,, վթարային են դառնում /, եւ քանի՞ տարի կարելի է արձանագրել  ու փաստել Վանաձորի վթարային շենքերի մասին, մինչեւ դրանցից մեկնումեկը Գյումրու համանման շենքերի նման փո՞ւլ գա բնակիչների գլխին:Ու գիտե՞ք որն է վիրավորականը, որ մարդկանց լրիվ ,,լոխի,, տեղ են դրել, ու երեւանյան տապերից Վանաձորի գեղատեսիլ վայրերում հանգիստը զուգակցել են տեղական իշխանություններին նրանց ճաշակով ,,արջի ծառայություն,, մատուցելով / միգուցե պատրաստի տեքստը ,,Դե քեզ տենամ,, ապսպրանքով բուռները դրած, որի համար Աստված գիտե, թե որ գործարարն ինչքան է ,,փող գցել,, /:Խիղճներդ ուրանում եք ՝ հասկացանք, բայց գոնե ,,ընդդիմադիր,, կոչվող ալիքի իմիջի մասին մի քիչ մտածեիք ու գոնե մի քանի հիմնախնդիր ներկայացնեիք:Թե՞ լոռեցիներին ,,թամամ,, լոռեցու տեղ եք դրել  / գյումրեցու հայտնի ասացվածքի ասած ՝,, Ժամից ես կուգամ, տերօղորմեան դու՞ կսես,, /: Հիմա եթե այդ հաղորդումը պետական ալիքով գնար ՝վրա կտային-կմեղադրեին, կասեին իրենց ալիքն է ՝ գովում են, բայց արի ու տես, որ մի 10 տարի առաջ պետական Հ 1-ով մեկնաբան Արտակ Ալեսանյանը ներկայացրեց իրական Վանաձորը ՝ համատարած ապօրինաշինության, կանաչ տարածքների հաշվին օբյեկտներ կառուցելու, շենքերի հիմքերը խախտելու առնչությամբ:Երեւի դրա համար էլ Արտակին հետո մի քանի տարով ԱՄՆ գործուղեցին, որ հանկարծ նորից Վանաձորին չանդրադառնա:                                                  ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 26 июля 2014 г.

AZAT ANKAKH-ը 3 տարեկան է

      Լրացավ  AZAT ANKAKH բլոգի գործունեության 3-րդ տարին: Հիշեցնենք, որ այս ընթացքում բլոգը 1 անգամ արգելափակվեց ՝2012թվին ՝ ազատ մամուլի թշնամիների ջանքերի շնորհիվ / այն բանից հետո, երբ հանդես եկա ,,Ինչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները,,հոդվածով.8հունվարի 2012թ./ : Այնուհետ համացանցում / Նեթլոգ եւ Թուիթեր ցանցերում / բարձրացրած աղմուկի /,,Ո՞ւմ մատն է խառն AZAT ANKAKH բլոգի արգելափակման գործում,, հոդված ՝Նեթլոգ ցանցում ,որ ինձ համար ,,պահեստային,, բլոգի դեր է կատարում .  ավելի ուշ ՝10.02.2012թ.այն արտատպվեց նաեւ բլոգում./ու ջարդած էլ.փոստ բացող լավագույն մասնագետների շնորհիվ վերաբացվեց, տես ՝սույն բլոգի ,,Բլոգի թուղթուգիրը քանդվեց,,18.02.2012թ. /: Բլոգի հոդվածները տարածվում են Ֆեյսբուք, Թվիթեր, Գուգլ-պլյուս  ցանցերով, իսկ եթե որեւէ կայք արտատպում է բլոգի հոդվածներից, այն առավել մեծ տարածականություն է գտնում նաեւ այլ ցանցերով /,,օդնոկլասնիկի,,   ,,վկոնտակտե,,  ,,մայլ-ռու,, եւ այլն /:Չնայած ֆինանսական միջոցների սղության պատճառով բլոգում հնարավոր չէ ավելի հաճախ հոդվածներ զետել, քան ՝ շաբաթական 1-2 անգամ, սակայն այդ բացը փոքր-ինչ փոխհատուցվում է Ֆեյսբուք ցանցում տպագրված հոդվածներով / Ֆեյսբուքում հանդես եմ գալիս համեմատաբար ,,անպատասխանատու,,  առավել ազատ հոդվածներով. ազատ ՝ սեփական գրաքննությունից.չէ՞ որ ամեն լրագրող ինքն իր գրաքննիչն էլ է, եւ այն, ինչ չի ուզում տպագրել իր թերթում կամ կայքում, տպագրում է ֆեյսբուքում :AZAT ANKAKH-ում բարձրացված խնդիրներից ոմանք անարձագանք չեն մնացել ՝ համապատասխան ոլորտի պաշտոնյաների կամ պատասխանատուների կողմից / Սա խոսում է այն մասին, որ բլոգը կամ ինտերնետային կայքը կարող է լիիրավ մրցակից լինել տպագիր թերթերին /: Բլոգում բարձրացված որոշ խնդիրների առթիվ արձագանքներ են եղել ՀՀ օմբուդսմենի գրասենյակից /ֆեյսբուքով /,տարածքային կառավարման եւ սոցապ նախարարություններից, Լոռի-ջրմուղ-կոյուղու գրասենյակից, Վանաձորի քաղաքապետարանի մամուլի բաժնից:Իսկ ԱՄՆ-ի հայ համայնքից անգամ շնորհակալական նամակ ենք ստացել ՝բլոգում տպագրված նյութերի համար: 3 տարվա ընթացքում 216 հրապարակումների թեմաների մեջ առաջատար դիրքերում իրավա-սոցիալական թեմաներով հրապարակումներն  են:                                                                                                      ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

воскресенье, 20 июля 2014 г.

Մի ժամանակ թերթերի դեմ էին պայքարում, հիմա ՝ ինտերնետի

Մի 10 տարի առաջ մարդկանց օբյեկտիվ լրատվությունից կտրելու համար պայքարում էին պետական վերահսկողությունից համեմատաբար ազատ թերթերի դեմ, ու կամ կրպակների թիվն էին պակասեցնում, կամ ՝ ընդդիմադիր թերթերը կրպակներում քողարկում զանազան էրոտիկ ամսագրերով կամ վաճառքի ենթակա զանազան պաճուճանքներով: Կամ էլ ՝ տպավորություն էին ստեղծում, թե տվյալ թերթը ,,պահանջարկ չունի,, ու կրճատում էին վաճառքի ծավալները : Մեկ-մեկ էլ հավաքում էին կրպակներից ՝ երբ ինչ-որ մեկի թանին թթու ասող հոդված էր լինում:Հիմա, ընդհակառակը, թերթերն ազատորեն ցուցադրվում են: Չէ՞ որ հիմա  ,,ազատ ու անկախ,, թերթերին մրցակից է հայտնվել ՝ազատ ու անկախ համացանցը:Ինչ խոսք, համացանցում աղբն ու ապատեղեկատվությունը, բամբասանքն ու հայհոյանքը շատ է, բայց ՝ համացանցում թացը չորից ,,զտելու,, հնարավորություն կա: Համացանցում ,,դուզ խոսքն,, ավելի շատ է, քանի որ ,,դուզ խոսք,, ասելու համար ոմանք թաքնվում են: Իսկ ոմանք էլ չեն թաքնվում , քանի որ կորցնելու բան չունեն ՝ ,,բացի շղթաները,,, ու համարձակ հրապարակումներն այս կամ այն խմբագրի կամեցողությանը համաձայնեցնելու խնդիր չունեն, ինչ ուզում գրում են: Առավել ճարպիկները գովազդների օգնությամբ էլ փող են ,,սարքում,, իրենց չարչարանքի դիմաց: Այս տարվանից Վանաձորում կրպակների թիվն ավելացել է ՝հներին զուգահեռ. նորաոճ կրպակներ են բացվել ՝,,ինֆոկրպակ,, անունով, որոնցում հազիվ մի ոտնաչափ տարածություն է վաճառողի համար, ու զարմանում ես, թե վաճառողների շունչը ո՞նց չի կտրում...Ընդդիմադիր  ու անկախ համարվող թերթերն էլ ազատ-համարձակ, լայնարձակ ու բոլ-բոլ իրենց շքեղությամբ վաճառվում են. դե երեւի իշխանավորներն արդեն մտածում են, թե ավելի լավ է իրենց կողմից որոշակիորեն վերահսկվող թերթեր կարդան, քան թե ՝ համացանց մտնեն: Կրպակների ավելացմանն ու թերթային ժողովրդավարության մեծացմանը զուգահեռ ՝ինտերնետ-ակումբների թիվն է կրճատվել: Դա կարելի է բացատրել նրանով, որ շատերը տանը համակարգիչ ունեն, շատերն էլ ինտերնետային ,,քաղցը,, հագեցնում են հիմնարկներում ՝պետական կամ հիմնարկապատկան համակարգիչների միջոցով: Ամեն դեպքում ՝ ինտերնետային լրատվությունը զարգանում է, ինչը, թերեւս, սկսել է մտահոգել ԱԺ պատգամավորներին ու որոշել են օրենք ընդունել ՝ֆեյքերի կամ ֆեյքերից արտատպող կայքերի  դեմ:Ֆեյքերը վիրավորում են պաշտոնյաների ,,բարի համբավը,, դե նրանք էլ այդ կերպ են պաշտպանվում: Ցավալի է, որ ,,դուզ խոսք,, ասելու համար ծպտվելու անհրաժեշտություն կա: Արմատները, սակայն, ավելի խորն են. ֆեյքերի գրածի պատճառով անցանկալի կայքերը ,, կարելի,, է փակել ՝տուգանքների տակ գցելով: Ինտերնետի դեմ լավագույն պայքարի միջոց են նաեւ հովհարային ու անկապ անջատումները, որի արդյունքում պրովայդերների գործունեությունն է արգելակվում: Ի դեպ. չէի ասի, թե տպագիր մամուլը հետ է մնում պաշտոնյաներին անվանարկելուց կամ պիտակավորելուց, անգամ կենդանական աշխարհի մականուններն են տպում, բայց կարծես թե ոչ մի պաշտոնյա դեռ անհամաձայնություն չի հայտնել այդ առթիվ: Դե երեւի գտնում են, որ ավելի լավ է իրենց մականուններից խոսեն, քան թե ՝մութ ու չբացահայտված գործերից, որոնց մասին ավելի հաճախ համացանցն է գրում:                                                                                                          ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 17 июля 2014 г.

Մի կարգին ասֆալտի կարոտ մնացին վանաձորցիները

Վանաձորում մարդ կարող է անգամ տոնական տրամադրությամբ դուրս գալ տնից, բայց ՝ գլխին միանգամից սառը ջուր մաղվի...8-9 տարեկան մի աղջնակ երիտասարդ մոր հետ տոնական հագնված, սպիտակ կոշիկներով ՝ քայլում էին Լուսավորչի փողոցով, մեկ էլ հոպ ՝ մի քանի մետր քայլելուց հետո խեղճ երեխան ստիպված էր մի կոշիկը հանել ու մեջը լցված հողը թափ տալ :Սա ՝ քաղաքի անբարեկարգ փողոցների մշտական հետեւանքներն են կոշիկների նկատմամբ, պարզապես բոլորը չէ, որ կարող են կանգնել ու զբաղվել կոշիկ թափ տալու հույժ կարեւոր գործով: Սա նաեւ չարիքից փոքրագույնն է այն բանի համեմատությամբ, որ կոշիկները կարող են հենց քայլելու պահին ,,անգործունյա.. դառնալ, իսկ մոտակայքում էլ կոշկակարանոց չգտնվի եւ կամ պարզվի, որ վերանորոգման համար մի ամբողջ օր է անհրաժեշտ:Հատկապես Լուսավորչի փողոցով քայլողները, որոնք հաճախ են շուկա ուղեւորվում, դժգոհում են, որ ,,կոշիկ չի դիմանում էս ճամփեքին,,: Դրա համար հեռատես մարդիկ  ճիշտ կանեն, եթե իրենց հետ ,,զապաս,,կոշիկ վերցնեն տնից դուրս գալիս. այնպես, ինչպես անձրեւանոց: Մի երիտասարդ կին էլ, չգիտես ինչու, փոքր երեխային էր մեղադրում ու փողոցով մեկ ճչում, թե ,,Քեզ չեմ ասել՞ հողոտ տեղերով ման չգաս, մի շաբաթում 3 կոշիկ եմ առել,,: Բա եթե տվյալ տարածքն ամբողջությամբ հողոտ է, երեխան ո՞րտեղով քայլի : Իսկ հուլիսի 14-ին Վանաձորի ,,Լոռի,, հեռուստատեսությամբ հերթական բողոքն էր մի բնակչի կողմից առ այն, որ Թումանյան փողոցի սկզբնամասը կիսատ-պռատ են ասֆալտապատել: Ինչու՞ միայն Թումանյան. քաղաքի մեծ մասն է լավագույն դեպքում կիսատ-պռատ ասֆալտապատած / Լազյան, Ղուկասյան, Լուսավորիչ.../ , ուղղակի դրանց բնակիչները դեռ հեռուստատեսությամբ հանդես չեն եկել բողոքով:Հասկացանք. քաղաքապետի հրապարակավ դժգոհությունից հետո ջրմուղ-կոյուղու կողմից փորված տարածքներն սկսեցին պարբերաբար ասֆալտապատել , բա մնացած տարածքնե՞րը, ուրեմն եթե այդ տեղերով ջրմուղը չի անցել,եթե այդտեղ խողովակներ չեն փոխել պետք է այդպես հողաթաթախ կամ խճապատված էլ մնա՞:  Ահավասիկ, 1 տարուց ավելի է ՝Լազյանի մի ահռելի հատվածը, որտեղ առեւտրի օբյեկտներ են,  խճապատել են ու այդպես էլ թողել: Նույն վիճակն է Տերյան 4 եւ 6 շենքերի բակը. զիգզագաձեւ խճապատած է: Նույնն է Գոշի փողոցը մի զգալի մասը ՝մայթեզրերը խճապատված: Երեկ հեռուստատեսությամբ դիտում էի Երեւանի քաղաքապետի այցը Արաբկիր համայնք ու ապշում ցուցադրված փողոցների բարեկարգությամբ, որակյալ ասֆալտով .միգուցե Երեվանի քաղաքապետին էլ հատուկ ասֆալտապատված տեղերով էին ,,ման տալիս,, ամեն դեպքում ՝ բարի նախանձով կարելի էր լցվել ու ակամա մտաբերել, թե վերջին անգամ ե՞րբ է Վանաձորում կարգին բորդյուր եղել ՝ մայթը ավտոճանապարհից զատող: Հիշեցնենք, որ անցյալ տարի կառավարությունը բյուջեից զգալի գումարներ էր հատկացրել Վանաձորի փողոցների ասֆալտապատման համար:                                                                                     ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 16 июля 2014 г.

Մի քիչ էլ համբերեինք`,տոկը,, 50 դրամ կդառնար.բայց `էլի ուշ չէ

Էներգիայի թանկացման դեմ համաժողովրդական ընդվզման շարժում սկսվեց միայն այն բանից հետո, երբ էներգիան հերթական անգամ որոշեցին թանկացնել. այս անգամ ՝ 4 դրամով. իսկ դրանից մեկ տարի առաջ ՝ 8 դրամով թանկացավ / գազի թանկացման պատճառաբանությամբ / : Ընդհանուր արդյունքում հասցրին  օգոստոսից նախատեսվող 42 դրամի:  Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ էլ 5 դրամով բարձրացավ ՝1 կիլովատը : Ինչպես կասեր ,,Մենք ենք, մեր սարերը,, ֆիլմի հերոսը ՝,,Սերմացու գողացող մկան պես,, կրծում են ժողովրդի դրամապանակը. դրամն ,,արժեւորում,,/ այսինքն դոլարի ու եւրոյի կուրսը ,,գցում,,/ ,վարձերը ՝ բարձրացնում /գազ, լույս, աղբ, ջուր/  ու գերշահույթներ ստանում, դրա հաշվին ,,բարեգործություններ,, անում....Տեսնու՞մ եք ինչ համբերատար ժողովուրդ ենք, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում ՝ քաղաքական ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերը չեն միավորվում:Մի քիչ էլ որ համբերեինք ՝ էներգիան 50 դրամի կհասցնեին ու այն ժամանակ, ինչպես ժողովուրդն է ասում ՝իսկական ,,քյարփինջով կռիվ,, կսկսվեր, ու կարող է Հանրային ծառայությունները կարգավորող հնձնաժողովի շենքի վրա մետաղադրամների փոխարեն ,,քյարփինջի,, կամ կաֆելի կտորտանք շպրտեին: Հիմա էլ հոսանքի թանկացման դեմ յուրօրինակ ընդվազման ձեւ է սկսվել.պահանջում են, որ ժողովուրդը, որպես բողոքի ձեւ ՝ լույսը մեկ ժամով անջատի: Իբր շատ ուրախ ենք, որ երբ խելքներին փչի ՝ հոսանքազրկում են, մի հատ էլ կամավոր գիշերով լույսն անջատենք ու սկսենք ,,մութը տեղում կատու ման գալ ,,: Հետաքրքիրն այն է, որ ՀԾԿՀ-ի նախագահը ժողովրդին մխիթարում է, թե բա տեսնու՞մ եք, լույսը թանկացրինք, բայց ջրի թանկացումը թույլ չտվինք: Մինչդեռ դրանք լրիվ տարբեր ,,քաշային կարգերում,, հանդես եկող ոլորտներ են. չէ՞ որ ջրի թանկացման հայտը միայն մայրաքաղաքի վրա էր տարածվելու ՝,,Երեվան-ջուր,, ընկերության կողմից, իսկ հոսանքի թանկացումը տարածվում է ողջ հանրապետության վրա:ԲՀԿ պատգամավորներից մեկը մամուլով տեղեկացրել էր, որ էներգետիկ ոլորտի օտարերկրյա սեփականատերը ամեն եռամսյակ ինքն իրեն 100միլիոն դրամ պարգեւավճար է հատկացնում, էլցանցի շարքային ընտրյալներին էլ ՝ 20 միլիոն: Ի՞նչ է, ժողովուրդը պարտավո՞ր է սրանց բյուջեի ճեղքվածքը փակել, ինչ է թե ՝համակարգը ,,պարտքեր,, ունի .սխալ կառավարման հետեւանքով:Էներգիայի թանկացման հայտը հաստատող ՀԾԿՀ-ի նախագահն էլ , որի եկամուտն,ըստ մամուլի մի հրապարկման  կես միլիոն դոլար է, խեղճ-խեղճ ասել է, թե իրեն էլ է տհաճ այդ թանկացումը, բայց ՝ հնար չկա, պիտի թանկացնեն եւ վերջ:,,Հարազատ թշնամի,, սերիալի Կարպիչը կասեր ՝,,Վախ, վախ, վախ...էլ ոնց կլինե՞ր, ՀԾԿՀ-ի նախագահն էլ է ,,նեղվում,,...Ի դեպ, օրերս հեռուստատեսությամբ տեղեկացվեց, որ Համաշխարհային բանկը 40 միլիոն եւրոյի վարկ է հատկացրել ՀՀ էլցանցերի առողջացման նպատակով:Կարծում եմ, դրանով էլ կարելի է համակարգի ճեղքվածք փակել: Նաեւ տեղին կլինի, եթե անկախ դիտորդական մարմին ստեղծվի ՝այդ վարկի ծախսման արդյունավետությունը վերահսկող, եւ ոչ թե տարիներ անց, երբ լավագույնս մսխվեն այդ գումարները, որոշեն դրա արժեքն էլ ժողովրդի ,,ջանից հանել,, հերթական թանկացմամբ ու սկսեն մեղավորներին փնտրել կամ մտածել, թե մեղավորներին ինչպես վերադարձնեն արտերկրից ու դատեն:Հատկանշական է, որ ժողովրդին մխիթարում են, թե ,,անապահով խավերի,, համար / իբր 105հազար մարդ/ 1000դրամ փոխհատուցում կավելացվի նպաստին:Դիցուք. իսկ ինչպե՞ս կփոխհատուցվի այդ թանկացման հետեւանքով արդեն իսկ թանկանալ սկսող ապրանքների գնի բարձրացումը:Կամ ի՞նչ անեն այդ 105հազարի մեջ չմտնող 35-60տարեկան գործազուրկները, որոնց նպաստներն ընդհանրապես վերացրել են, աղքատության նպաստ էլ այդ խավին չի հասնում ՝ իբրեւ ,,աշխատունակ,,:Շատերն էլ աշխատաշուկայում մրցունակ չեն. եթե իշխանական կոալիցիայի անդամ չեն, հզոր տանիք չունեն եւ կամ ...ականջներից սկսվող ոտքեր ՝կանանց պարագայում / միգուցե նաեւ ՝ տղամարդկանց, հաշվի առնելով գենդերային քաղաքականության առանձնահատկությունները / :Իսկ ժողովրդի աշխատավոր զանգվածին ՝հատուկենտ մնացած գործարաններում աշխատող, թողել են սեփականատիրոջ քմահաճույքին ՝ ամիսներ շարունակ աշխատավարձ չտվող , եւ պարզապես ձեռ են առնում,անտեղյակ ձեւանալով, թե չգիտեն, թե ովքեր են մեղավոր չվճարման հարցում: Դրա համար էլ նախորդ վարչապետը գլուխն ազատեց ու մեկնեց ,,վաստակավոր հանգստի,,՝ դեսպանի պաշտոնում, նորն էլ մինչեւ կուսումնասիրի, թե ովքեր են մեղավոր, ժողովրդի ասած ՝,,Կամ էշը կսատկի, կամ ՝ էշատերը,,: Դժգոհներին, որպես այլընտրանք, առաջարկվում է Ռուսասատանի խամուխոպան հողերը ՝իբր գրանցում ստանալու հետ կապված նորանոր առավելություններով:Ո՞վ է տեսել, 19տարվա սահմանադրություն ունեղող երկրում այդքան կոպտորեն խախտվեն մարդու իրավունքները, ու 12-17ամսվա աշխատավարձի պարտքի փոխարեն ,,մխիթարեն,,1 ամսվա գումարով՝պետբյուջեի հաշվին, մինչեւ մեղավորներին գտնեն / ինչպես ,,Նաիրիտի,,կամ Վանաձորի քիմգործարանի աշխատողների պարագայում է / : Բայց  դրա համար ոչ ոք տարիներ շարունակ չի պատժվում. ընդհակառակը, ժողովրդին հարստահարողները դղյակներ են կառուցում, բանկերում փող դիզում ՝,,քցված,, դոլարների հաշվին. ու Քաջ Նազարի նման մտածում. ,,Աշխարհը դմակ է, մարդը ՝դանակ.կտրի ու կեր,,:                                                                                                                                                                                                       ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                                      

вторник, 15 июля 2014 г.

5բալանոց երկրաշարժի ու ,,7բալանոց,, կարկուտի արանքում. 40-50 տարվա շենքերը ՝ նոր փորձության մեջ

Եթե Վանաձորի քաղաքապետին քննադատեին փողոցները կիսատ-պռատ ասֆալտապատելու, իր ծանոթ-բարեկամներով ՏԻՄ կառույցները լցնելու կամ շենքերի հիմքերը խախտող շինարարական ձեւափոխությունները  խթանելու համար ՝ հասկանալի կլիներ, բայց հուլիսի 13-ի ,,Արմենիա,, հեռուստաալիքի ,,Սուր անկյուն,, հաղորդման մի ռեպորտաժում / որ Վանաձորում  հուլիսի 7-ին տեղի ունեցած 5 բալանոց երկրաշարժին ու դրան հաջորդած հուժկու կարկուտին   էր վերաբերվում, ինչը հաստատ մի ,,7 բալանոց,, կարկուտ կլիներ / մի վանաձորցի քաղաքապետի մեղավորությունը մատնանշեց / հեգնական ռեպլիկով/ 1988թվի հզոր երկրաշարժից տուժած շենքերը ,,ուսիլիտ,, չանելու մեջ: Կատարյալ քաղաքացիական անիրազեկություն. ի՞նչ կապ ունի քաղաքապետը ՝ շենքերի  ,,ուսիլիտի,, ՝ամրացման հետ, որ զուտ պետական նշանակության խնդիր է, որի առնչությամբ միայն 2000թվից հետո է ,որ տեղական իշխանությունները  /քաղաքապետ, նախկին մարզպետներ / քանիցս դիմել են կառավարությանը, հիշեցնելով, որ Վանաձորում 70-80 շենք կա ՝ ամրացման ենթակա: Դրանցից առավել անմխիթար, ծայրահեղ վթարային շենքերի մասին անգամ պետական ,,Հայլուրով,, է ռեպորտաժ գնացել, բայց ՝ կառավարությունն անընդհատ պատճառաբանել է, որ բյուջեում փող չկա: Իսկ 25 տարվա ընթացքում, 1988 թվի երկրաշարժից հետո, անգամ վթարային չհամարվող շենքերն են սկսել վտանգավոր դառնալ ՝սեյսմակայունության տեսակետից, ու դրանք հիմնականում նորոգվել են բնակիչների ուժերով ՝25 տարի առաջ Գորբաչովի տված փողերով: Դրանից հետո նրանք, ովքեր նորոգելու միջոցներ են ունեցել, իրենց ուժերով կրկին ,,կոսմետիկ նորոգումներ,, են կատարել / պատշգամբների քարերն են փոխել, միջնապատերը վերակառուցել, ջրատար խողովակները նորացրել /, բայց հետերկրաշարժյան  միջին ուժգնության ցնցումներն ու պարբերական կարկուտները, ինչպես նաեւ ՝շենքերի հիմքերը խախտող շինարարական ձեւափոխությունները ՝ վաճառքի հանված առաջին հարկերում / նախկին բնակարաների տեղում / ու նկուղներում, շենքերի ներսում փայտ ջարդելը, ջրմուղ-կոյուղու պարբերական վթարները ՝ համակարգի մաշվածության արդյունքում, նպաստում են այդ շենքերի վտանգավոր դառնալուն, աստիճանահարթակների քայքայվելուն...Դիցուք ՝ մի քանի շենքերի տանիքների նորոգման համար կառավարությունը գումար է հատկացնում / թեպետ բնակիչներից էլ լրացուցիչ է պահանջվում /, դրանով շենքի ամրության հարց կլուծվի՞....Բնակիչներից ոմանք դժգոհում են, որ լուսամուտները չեն կարողանում բացել, քանի որ դրանք արդեն սկսել են ,,ուռչել,, ու  լուսամուտների փեղքերը հնարավոր չէ շարժել....Գոնե մարդկանց ԽՍՀՄ ավանդները չեն  փոխհատուցում, որ այդ միջոցներով նորոգեն բնակարանները:Նշենք, որ պետական հիմնարկները , որպես կանոն, 3 տարին մեկ նորոգում են կամ ՝ նոր շենք են կառուցում ՝արտասահմանյան զարգացման վարկերով : Ի դեպ, վերոնշյալ  ,,Սուր անկյան,, ժամանակ միանգամայն տեղին նշվեց, որ շենքերի հիմքերն առավել թուլանում են, երբ նկուղներն ու առաջին հարկերը վերածվում են զանազան օբյեկտների ՝շինարարական ձեւափոխումներ կատարելով: Իսկ Վանաձորում այս գործընթացը, որ սկսվել է  ավելի քան 15 տարի առաջ,դեռեւս նախկին քաղաքապետի օրոք / երբ սկսեցին առաջին հարկերի դռները լուսամուտներ դառնալ, լուսամուտները ՝ դռներ  / շարունակական բնույթ ունի: Օրը մի տարածք է վաճառվում , ու պարբերաբար վերաձեվվում ՝նոր տիրոջ ճաշակին ու կառուցած օբյեկտին համապատասխան. մի օր ՝ մեծ խանութ, մի օր ՝փոքր դեղատուն, մի օր հագուստի սրահ...Մեկ տեսար տարածքը մասնատվում է, մեկ էլ տեսար ՝նորից է միավորվում, մեկ ամբողջական է վաճառվում ՝փուլային տարբերակով, մեկ ՝փաթեթային: Ու ակամա մտածում ես. լավ, բա էս շենքի բնակիչները մեղք չե՞ն, որ առավոտից երեկո ՝շինարարական հարվածների տակ խլանում են, ավելացրած այն, որ շենքի հիմքերն են թուլանում:Այս հարցում, կարծում եմ, քաղաքաշինական նորմերի խախտում է տեղի ունենում, ինչը թե քաղաքապետարանի, թե մարզպետարանի համապատասխան բաժինների, թե քաղաքաշինության նախարարության վերահսկողության բացակայության կամ աչքաթողության արդյունք է:                                                 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 8 июля 2014 г.

Երկրաշարժը,ջրհեղեղն ու կարկուտը մի կողմից, աղանդները ՝մյուս կողմից. դե իսկ էներգետիկ անջատումները հա կան ու կան

 Մինչ հուլիսի 3-ին վանաձորցիները նեղվում էին մի քանի ժամանոց չհայտարարված էներգետիկ անջատումներից ու հոսանքի տեւական տատանումներից, ինչին նույն օրն անդրադարձել ենք Facebook-ում / այն արտատպվել է նաեւ blognerws.am-ում ՝,,Հովհարային անջատումնե՞ր, թե՞ միացումներ ,, /,  իրականություն դարձավ ժողովրդական հին ասացվածքը ՝,,Աստված էլ բեթարից ազատի,,: Ու հուլիսի 7-ի գիշերն էլ վանաձորցիներին պատուհասեց  միջինից ՝ ուժեղ, ուժեղից մի քիչ թույլ երկրաշարժը. ըստ տեղեկությունների՝ 4-5բալանոց. այնքան, որ տպավորություն կար, թե շենքը ճոճվող նավի վրա տարուբերվում է: Ու մեր-մանուկ, ահել-ջահել, տատիկ ու պապիկ  մթի մեջ խարխափելով,քնաթաթախ, ոտաբոբիկ նետվեցին սովորույթի ուժով ՝ դեպի դուռը, չիմանալով, դուրս գա՞լն է ճիշտ, թե՞ ՝ շեմքի մոտ կանգնելը: Ինչպես  նույն օրը ցերեկով տեղական հեռուստատեսությամբ պատմում էին բնակիչները,, լավ վախեցել էին ոչ միայն կատարվածից, այլեւ ՝հնարավոր կատարվելիքից, որի առթիվ լուրեր են պտտվել քաղաքում, ու բնակչության շրջանում էլ ավելի մեծացրել վախը: Հատկանշական է, որ սեյսմիկ ծառայությունն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը մեկը մեկին հակասող հայտարարություններ էին անում: Մեկն ասում էր, թե միք հավատա կրկին սպասվող նոր երկրաշարժի մասին լուրերին, քանի որ  ուժեղ երկրաշարժը հնարավոր չէ գուշակել / այդ դեպքում ինչպե՞ս չվախենան ;-Գ.Հ. /, մյուսն էլ հայտարարում էր, թե ուժեղ երկրաշարժ սպասվելու դեպքում սարքերն անմիջապես կահազանգեն, ու բնակչությունը կտեղեկացվի / այնպես, ինչպես ,,տեղեկացվեց,, 1988 թվի դեկտեմբերի 7-ին , չէ՞: Այն ժամանակ մի զինվորական համակարգի աշխատող իր ծանոթներից մեկին ասել էր, թե ինչ-որ արտակարգ բաներ են սպասվում.... միգուցե սա է՞լ է այդ շարքից, չէ՞ որ գաղտնիք չէ, որ արհեստական երկրաշարժեր էլ են լինում, կամ ՝ ռազմական փորձարկումներ, որոնք երկրաշարժ են առաջացնում...Գ.Հ. / : Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ Վանաձորում ինչ-որ տեղ նռնակ  թե հսկայական ականանետ  էին հայտնաբերել ՝հողում թաղված :Այս պարագայում մարդկանց հույսն Աստված է մնում, կողմնորոշիչը ՝ կենդանիների բնազդը. ասում են, նման դեպքերում վերջիններս տարօրինակ վարքագիծ են դրսեւորում ու ակտիվություն, թեպետ այդ գիշեր մեր բակի շներն սկսեցին միալար հաչել ոչ թե երկրաշարժից առաջ, այլ ՝ հետո, տեւական ժամանակ, իսկ կատուներն ընդհանրապես անհետացել էին: Իբր երկրաշարժի պատճառած անհանգստությունը / որի դրսեւորման ձեւերից են մարդկանց արյան ճնշման կտրուկ տատանումները, սրտի աշխատանքի վատթարացումը, անքնությունն ու շաքարի բարձրացումը, սթրեսները, վախը, տագնապի զգացողությունը / քիչ էին, հուլիսի 7-ի գիշերային երկրաշարժին հաջորդեց ցերեկը, ժամի 18-ից սկսված բուռն կարկուտն ու էլ ավելի բուռն ջրհեղեղը, որին էլ նախորդել էր մի քանի ժամանոց հորդ անձրեւը, ինչը չէր խանգարել, սակայն, որ մինչեւ ջրհեղեղի սկսվելը Մ.Գոշ փողոցում շարունակվեին նախորդ օրվանից սկսված ասֆալտապատման աշխատանքները. ներառյալ ՝մայթերի մի մասի  ասֆալտապատումը, որն այնքան հազվադեպ է Վանաձորում: Թե անձրեւի տակ արված ասֆալտից, որի վրայով էլ անմիջապես ջրհեղեղն էր անցել,  ինչ կմնա, դժվար է ասել /: Իսկ ջրհեղեղի արդյունքում փողոցները ողողվել էին ջրերով, պարզապես կեղտոտ գետ էր հոսում ՝ իր հետ քշելով պոկված ծառի ճյուղեր եւ այլք, կտուրներն ու ճանապարհները ծածկվել էին կարկուտի սպիտակ շերտով, ակնհայտ էր, որ բնությունը խիստ էր զայրացած, երեւի դանակը ոսկորին էր հասել մարդկանց անմարդկային արարքներից....Միգուցե բնությունը զայրացել էր նրա համար, որ այս տարի ավելի շատ ծիրան են արտահանում, քան ՝ նախորդ տարի, բայց ծիրանի բարձր գինը շուկայական ,,մաֆիան,, պահում է պատկառելի բարձրության վրա /1000-2000դրամ, եւ միայն լխկած ծիրանը ՝250, խակը ՝350 դրամ. կարճ ասած ՝ մրգային աղբից էլ են փող ,,սարքում,,/,  թերեւս նրա համար, որ մարդիկ հնարավորություն չունենան մրգի պահածո փակել ու ստիպված խանութներից գնեն ՝ բարձր գնով : Միգուցե բնությունը զայրացել է նրա համար, որ մարդը մարդուն գայլ է դարձել, հարազատը հարազատին ՝ թշնամի, ինչին ամեն օր ենք ականատես լինում հեռուստատեսությամբ. թե սերիալներով, թե ոստիկանական հաղորդագրություններով :   Իսկ միգուցե Աստծո զայրույթը նրա համար է, որ իսկական ու կեղծ քարոզիչները խառնվել են իրար  / Աստվածաշնչում է ասվում , որ կգան կեղծ քարոզիչներ ..../, ու մարդիկ չեն կարողանում տարբերակել ճշմարիտ լույսը ՝կեղծ ,,լույսից,,....Վանաձորի տարբեր փողոցներում Աստծո խոսքը բուկլետների / դիտարան / միջոցով անցորդներին հասցնել ցանկացող ինչ-որ կրոնական հոսանքի ներկայացուցիչներ, որոնց Առաքելական եկեղեցու հավատավորներն ,,աղանդ,, են անվանում ու պայքարում են նրանց դեմ, իրենց հերթին ՝,,սատանա,, են համարում իրենց դեմ պայքարողներին: Այս մասին տեղեկացրեց մի  երկարամյա   ուսուցչուհի, պատմելով. ,,Ասում եմ դուք թուղթ ունեք՞, որ իրավունք ունեք հոգեորսությամբ զբաղվել, ասում են ՝ մենք հոգեորսություն չենք անում, քարոզչություն ենք անում, ասում եմ ՝ թուղթ ունե՞ք, ասում են ՝ ունենք, բայց քեզ ցույց չենք տալիս...Ասում եմ, դուք մարդկանց մտքերը պղտորում եք, մենք մի հավատ ունենք, մի կրոն ունենք, ինչու՞ եք մարդկանց շեղում ճիշտ հավատքից, ասում է դու սատանա ես,,: Զրուցակիցս, որի հետ իմ զրույցը կայացավ այդ աղանդի ներկայացուցիչների բացօթյա ,,նստավայրին,, մոտ տարածության վրա, նաեւ ինձ է խորհուրդ տալիս գնալ եւ  վկայաթուղթ պահանջել ,,մոլորեցնողներից,, : Ասում եմ ՝նրանք էլ կասեն մեր մոտ սահմանադրությամբ կրոնական հոսանքների ազատություն է, ով ինչ ուզում դավանում է:  Իսկ զ րուցակիցս չի համոզվում ու ասում է, թե սահմանադրությունը նրանց չի ասում, որ հոգեորսությամբ զբաղվեն: Նա նաեւ պատմեց, որ  իր աշակերտուհիներից մեկի հայրն այդ աղանդի հետեւորդներից է, եւ իր երեխային տրամադրում է հարազատ մոր դեմ, որն Առաքելական եկեղեցու հետեւորդ է, ու երեխային ասում է, որ իր մայրը ,,սատանա,, է: Վերջինս  պատմում է այդ աղանդի վնասների մասին.,,Հեռուստացույց չեն նայում, արյուն հանձնելն արգելում են, իրենց հավաքների ժամանակ ինչ-որ հատուկ ծխանյութ են օգտագործում, որի արդյունքում մարդկանց հոգեկանը խանգարվում է, դեպրեսիաների մեջ են ընկնում ու ինքնասպանություն գործում: Նաեւ տեղեկացրեց, որ կրոնական այդ աղանդի գործունեությունը  քաղաքում արգելու համար անգամ ոստիկանություն է դիմել, բայց ՝ այնտեղ էլ պատճառաբանել են, թե իրենք կաշկանդված են սահմանադրությամբ, որ կրոնական ազատություն է սահմանում: Նաեւ ամփոփեց, թե այդ  կրոնական թեմայով գրքերը, որոնց մեջ նաեւ ՝,,Դիտարանն,, է, բացասական կենսաբանական դաշտ են տարածում / այլ կերպ ՝ բացասական աուրա ունեն /:                                                                        ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ