суббота, 29 ноября 2014 г.

Ձմեռն եկավ, մարդկանց մի հոգսն երկու դարձավ

Իր որոշ թերություններով հանդերձ,  ,,Սովետների երկիրը,, մի մեծ առավելություն ուներ. մարդկանց տարրական բարօրության մասին մտածում էր, ու դեռ նոյեմբերից ՝բնակելի շենքերը ջեռուցվում էին. բոլոր վարձերը միասին ` այնքան քիչ էին, որ մարդկանց աչքին չէին գալիս, բացի ՝ լույսի վարձից, որ պակաս մուծելու համար ոմանք խարդախությունների էին դիմում ՝ հաշվիչի ցուցմունքները կեղծելով. այնպես, ինչպես հիմա է երբեմն տեղի ունենում: Իսկ հիմա , չհաշված այն, որ բոլոր վարձերը միասին վերցրած ` մարդկանց գլխին ,,դամոկլյան սուր,, են դարձել, դեռ չմուծելու դեպքում էլ կարող են զրկվել բնակարանից: Իսկ բնակարանները ջեռուցելու հոգսը թողնված է միմիայն իրենց ՝ բնակիչների վրա. ով ՝ ինչպես ուզում է ՝ թող տաքացնի իր տունը, տան որ անկյունում կուզի ՝ կսառչի. ով միջոցներ ունի՝ թող եվրոջեռուցում կազմակերպի, ով չունի ՝թող նավթ կամ փայտ վառի: Մի առանձին հարց է, թե որքանո՞վ է անվտանգ 25 տարի առաջ վթարային դարձած, բայց մինչ օրս  չամրացված շենքերում գազի նախկին խողովակները հանել, նորերը տեղադրել ՝ շինարարական  լրացուցիչ աշխատանքներ կատարելով / հետեւանքներին հաճախ ենք իրազեկվում. պարբերաբար գազի պայթյուններ են լինում շենքերում /, կամ ՝ որքանո՞վ է անվտանգ ՝ 25 տարի չնորոգված,  չնորացված էլեկտրական սնուցման գծերի մաշվածության պայմաններում բնակարանները ջեռուցել էլեկտրաէներգիայով / սրա հետեւանքներին էլ շատ ավելի հաճախ ենք առնչվում. պարբերական վթարներ ՝էներգահամակարգում /: ,,Կազարմային,, ջերմաստիճանը պլյուս 17 աստիճանն է, բայց ձմռան ամիսներին շատերի բնակարններում 11-ից չի բարձրանում ջերմաստիճանը, քանի որ գազի ու էլեկտրաէներգիայի միջոցով են ջեռուցում. այն էլ՝խնայողաբար:  ,,Այլընտրանքը,, կենտրոնացված ջեռուցման համակարգի պահպանումը պետք է լիներ, սակայն արդեն 15 տարուց ավելի է՝ բնակելիները զրկված են դրանից / Մինչեւ 1998-99թվերը Վանաձորի ,,Տարոն,, թաղամասում դեռ պահպանվում էր շենքերի ջեռուցման մեխանիզմը ՝ կաթսայատների միջոցով ,իսկ մինչեւ 1995-96 թիվերը ՝նաեւ քաղաքի կենտրոնում /: 1998թվից ի վեր, հիմնականում ջեռուցվում են պետական ու համայնքապատկան շենքերը, իսկ բնակելիները մատնված են  անտերության:Անցած տարի սպառողների միություններից մեկի նախագահն էր խոսում հանրապետությունում կենտրոնացված ջեռուցման անհրաժեշտության մասին ՝որպես ամենամատչելի ու անվտանգ աղբյուր. եւ ի՞նչ. ասուլիս էր ՝ ասին-տվին-անցան, ո՞վ ուշադրություն դարձրեց համապատասխան կառույցներում, ջուրն իր ճամփով գնում է. մանկապարտեզները, դպրոցները, մարզպետարաններն ու քաղաքապետարանները ջեռուցում են կաթսայատների օգնությամբ, շենքերի մասին մտածող չկա պետական կառույցներում: Ջեռուցում կազմակերպելու փոխարեն շենքե-շենք ընկած հայտարարություններ են փակցնում ՝ջեռուցման մարտկոցներ գնելու առաջարկով. ո՞վ է այս գործի կազմակերպիչը, ո՞ւր են տանում այդ մարտկոցները, ի՞նչ նպատակով ՝ հայտնի չէ: Իսկ ամենաանապահով խավերն այսօր / կյանքի հատակում գտնվողները / Վանաձորում ՝դարձել են խանութների կողքերին տեղադրված աղբարկղերի մշտական շահառուներ. դատարկ արկղեր, ստվարաթղթեր են հավաքում, որ տանեն վառեն: Ու ինչքան ուզում է ՝,,դրսից,, օգնության վարկեր գան. այդ խավի կենսամակարդակը հա նույնն է ու նույնը:...Ի դեպ, ,,Սովետ միությունը,,վաղուց է փլուզվել , բայց դա չի խանգարում, որ կապիտալիստական Ռուսաստանում մինչ օրս պահպանվի բնակելի շենքերը ջեռուցելու նախկին մեխանիզմը, իսկ եթե ռուսաստանյան որեւէ քաղաքում հանկարծ 2 օր ջեռուցում չի լինում ՝ վթարի պատճառով, բնակիչները դուրս են գալիս փողոց ՝ ցույց են անում, կամ ՝ առնվազն հեռուստատեսությունն ահազանգում է:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 25 ноября 2014 г.

Շարունակական թանկացումները՝ գործողության մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Շարունակական թանկացումները՝ գործողության մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Չպետք է զարմանալ 250 դրամանոց կարտոֆիլի վրա - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Չպետք է զարմանալ 250 դրամանոց կարտոֆիլի վրա - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Եթե ձվի դեֆիցիտ չկա, ձուն ինչու՞ է կրկնակի թանկացել ու հասել 80-90 դրամի, «տնական» ձուն էլ՝ 120-ի - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Եթե ձվի դեֆիցիտ չկա, ձուն ինչու՞ է կրկնակի թանկացել ու հասել 80-90 դրամի, «տնական» ձուն էլ՝ 120-ի - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

понедельник, 24 ноября 2014 г.

Ձվային ,,մարաթոնը,, ՝ գործողության մեջ

Մոտ 2 շաբաթ առաջ, վանաձորաբնակ տարեց մի կին, հավանաբար ՝ թոշակը նոր ստացած, ստիպված լինելով 80 դրամ դարձած ձու գնել, դժգոհ հետաքրքրվեց, թե ինչու՞ է գինը թանկացել. ,,Բա էն օրը տելեվիզորով ասում էին 1 միլիոն ձու կա, շատ են արտադրում...,,:Վաճառողն էլ, ի պատասխան ,դժգոհեց, որ շատ սխալ են անում, որ ասում են ձուն շատ է, քանի որ դեֆիցիտ է, քիչ են ստանում: ,,Բա ինչի՞ մեկը չի հարցնում, թե որ էդքան շատ ա ձուն, բա ո՞ւր ա, Իջեւանից են ձու բերում,,- դժգոհեց վաճառողը: Այ սա արդեն նորություն է, որ ձուն Իջեւանից էլ են բերում:Առավոտվա ժամը 10-ից մինչեւ ուշ երեկո խանութում աշխատող վաճառողն ի՞նչ իմանար, թե համացանցում արդեն իսկ մտահոգություն էր հնչել ՝ձվի գնի կրկնակի բարձրացման առթիվ: ,,Տելեվիզորի ո՞ր մի ասածն է ճիշտ, որ էդ էլ ճիշտ լինի, խոսում են էլի,,- զրույցին խառնվեց երրորդը ՝ խանութի աշխատողներից:Սա ՝ 2 շաբաթ առաջ էր: Իսկ այս ընթացքում դեֆիցիտի տպավորությունն արդեն իսպառ վերացավ, խանութներն ու վաճառակետերն ավելացան հավկիթներով. բայց ՝ գինն անփոփոխ մնաց. 80-90 դրամ, եզակի վաճառակետերում միայն կարելի էր տեսնել 60 դրամանոց հավկիթներ ՝իբր փոքրության հետեւանքով ,,էժան,,. թեպետ ՝ որոշ վաճառակետերում այդ փոքրներն էլ էին 80 դրամի տակ ,,քշում,,. ձվային,,մաֆիայի,, ագահությունն անսահման է ՝հատկապես թոշակ-նպաստների ու աշխատավարձերի օրերին. ինչքան հնարավոր է ՝ժողովրդից հավելյալ գումարներ շորթել:Հետաքրքիր է, իսկ արդյո՞ք հարկայինին էլ են բարձր գնով ցույց տալու ձվի վաճառքը, թե՞ այդտեղ արդեն մեկ այլ գներ են ,,աշխատում,,: Գոնե իմանայինք, որ բարձր գնով էլ հարկվում են բարձր գնով վաճառվող ձվերը, կասեինք, ,,հա դե ջհանդամը,, , պետբյուջեն շատ փող կմտնի, բայց շատ կասկածելի է, ու հայտնի չէ, թե ու՞ր են գնում հավելյալ շորթված գումարները, ու տեղին կլինի, եթե մի ստուգում էլ հարկայինին ստուգելու գծով կազմակերպվի: Խանութներից մեկում էլ մի տարեց թոշակառու խեղճ-խեղճ հարցրեց.,,Էս ձուն չի էժանանալու, հա՞,,: ,,Չէ ի՞նչ էժանանա, որ չթանկանա ՝ լավ ա,,- ի պատասխան չարախնդաց վաճառողը,,:  Հատկանշական է, որ այս ոլորտում մենաշնորհներ են գործում. այն է ՝ ձու ներկրելու իրավունք ունեն միայն թռչնարտադրող 4 ընկերություն: Իսկ սա նշանակում է, որ իրենք են որոշելու, ձու ներկրելու անհրաժեշտություն կա՞, թե՞՝ չէ, ու գներն էլ իրենք կսահմանեն թե ներկրածի, թե իրենց արտադրածի հարցում, ու նույն գինը կսահմանեն:...Նոյեմբերի 23-ին, ի վերջո, ձվերի թանկացման թեման բարձրացվեց ,,Սուր անկյունով,,. սակայն, քանի որ մինչ այդ խանութներն արդեն զգուշացվել էին, ուստի դեռ մեկ շաբաթ առաջ ձվի էժանացման ,,իմիտացիա,, եղավ ՝գինն 80-ից 75 դրամ դարձնելով, ու հենց այդ գինն էլ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, որպես բարձր . այն է ՝գները տատանվում են 75-80 դրամի սահմաններում, մինչդեռ արդեն  ամսից ավելի է, Վանաձորի վաճառակետերում ձվի վաճառի գինը 80-90 դրամ է, բացօթյա առեւտրի կետերում անգամ՝95 դրամ: ,,Էն բարոյական հավերի ձուն էլ գեղացիք արդեն 150 դրամով են ծախում,,- հեգնանքով վկայակոչում է ,,տնական ձվերի,, գինը ՝ լոռեցիներից մեկը:Ձվի գնի կրկնակի թռիչքը, թերեւս, սոցիոլոգիական հետազոտության նպատակ էր հետապնդում. արդյո՞ք քաղաքացիներն ի վիճակի են այդ կարգի թանկացումը ,,սուսուփուս,, մարսել: Պարզվում է, կարող են. համ էլ ճարներն ի՞նչ. ով ի վիճակի է ՝ գնում է:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 18 ноября 2014 г.

Մի խախտեք ուրիշի հեղինակային իրավունքները

Համացանցում   արդեն շատ վատ ավանդույթ է դարձել. խախտել օգտատերերի հեղինակային իրավունքները: Արդեն քանիցս  ,,բռնացրել,, եմ. քաղաքական հոդվածներս, որ չեմ ցանկանում բլոգում տպագրել ու տեղադրում եմ ֆեյսբուքի իմ անձնական էջում, մեկ էլ տեսար ՝ ինչ-որ մեկն արտատպել է ու ոչ թե իմ էջին է հղում կատարել, այլ՝ այն կայքին, ով նյութն արտատպել է: Մի անգամ հաջողվեց նման մի դեպք կանխել, երբ հեղինակային իրավունքի խախտումը վերաբերվում էր իմ բլոգից արտատպած հոդվածին, ու ոչ միայն իմ ազգանուն-անունը չէր գրվել, այլեւ ՝այլ ազգանուն էր դրվել հոդվածիս տակ: Բարեբախտաբար, դիտողությունից հետո ուղղեցին: Բայց այ, ֆեյսբուքի պարագայում միշտ չէ, որ կարող ես ,,բռնեցնել,, թե սխալը որտեղից է գալիս: Եվ հետո, շատ դժվար է անընդհատ համացանցին հետեւես ու որոնում տաս, թե ո՞վ կարող է նյութդ արտատպած լինել ՝ առանց հղումի: Իսկապես, այս ոլորտը կանոնակարգել է պետք, թե չէ աջուձախ հեղինակային իրավունքներ են խախտվում, եւ հաճախ չես էլ կարողանում գտնես, թե տվյալ կայքի հետադարձ կապը որն է , որ զգուշացնես փոստով: Ի վերջո, վիրավորական էլ է, դու աշխատում ես ՝ անվճար հիմունքներով, ու մեկ էլ տեսար գովազդներով հեղեղված մի կայքում քո հեղինակային իրավունքի աղաղակող յուրացում է տեղի ունենում:Բարեբախտաբար, բլոգիս մեջ ամրագրել եմ, որ հոդվածների արտատպության դեպքում հղումը բլոգին կամ հեղինակին պարտադիր է:Բայց ֆեյսբուքի պարագայում խնդիրը բարդ է:

...2010թվին հեղինակային իրավունքի խախտում ցուցաբերվեց իմ մի հոդվածի նկատմամբ ՝ թերթերից մեկում: Մի քանի ,,ազատ,, ու ,,ընդդիմադիր,, թերթերի այդ առթիվ բողոք ուղարկեցի / քանի որ դա արդեն երկրորդ խախտումն էր, ու իմ բողոքներից հետո անգամ ՝ խմբագիրը չցանկացավ ,,վրիպակն,, ուղղել /, ու միայն ,,Ազգ,, թերթը  ,,տեր կանգնեց,, բողոքիս ՝ իմ լրագրողական ու հեղինակային իրավունքների խախտման հարցը բարձրացնելով / ,,Ազգ,, azg.am 2010թ. հուլիսի 29 , ,,Ո՞վ պետք է պաշտպանի լրագրողների իրավունքները,,/ բայց ՝ անգամ ,,Ազգի,, հրապարակումից հետո սխալը չուղղվեց այնքան ժամանակ, մինչեւ, ի վերջո, հեղինակային իրավունքի խախտում թույլ տված թերթն իր արխիվները փակեց:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 15 ноября 2014 г.

Նորից չեն քանդում, քանդում են կրկին

15 նոյեմբերի, Վանաձոր, 2014 թիվ. այսօրվանից նոր թափով վերսկսվել է ,,Լաչինի միջանցքի,, հերթական գրոհը:Մինչդեռ ընդամենը 1 ամիս առաջ էր ավարտվել նախորդ գրոհը. այն է ՝բացօթյա առեւտրի ու փակ տաղավարների համար նախատեսված այս փողոցը քանդեցին երկարությամբ, հայտնի չէ ՝ խողովակները փոխեցին թե ինչ արեցին, հիմա նորից են փորում.ոչ միայն երկարությամբ, այլեւ ՝ լայնությամբ, տեղ-տեղ ՝զուգահեռ, ու այս գործընթացը վերջ չունի:Այդ հողածածկ տարածքներում էլ, ցեխի հարեւանությամբ բանջարեղեն ու միրգ է վաճառվում:Այս տարածքով անցնող մարդիկ զայրացած են, թե ,,Ախր էս փողոցը հազիվ էին ասֆալտապատել ՝1-2 տարի առաջ, ու հիմա հա քանդում ու քանդում են,,: Ամիսներ առաջ Վանաձորի քաղաքապետը խիստ ու խիստ դատապարտեց այս գործընթացի հեղինակներին, հիշեցրեց, որ պայմանավորվածություն է եղել, որ այն փողոցները, որ տեղ մինչեւ փորելն ասֆալտապատ է եղել, պետք է կրկին ասֆալտապատեն, բայց ՝ լսո՞ղն ով է, ոչ միայն չասֆալտապատեցին քանդած տարածքները, այլեւ ՝ 1 ամսյա դադարից հետո , որի ընթացքում հողով ծածկեցին ընդամենը, կրկին փորեցին: Երեւի թե մտածում են ՝ինչի՞ ասֆալտապատենք, եթե նորից ենք փորելու: Ամենայն հավանականությամբ, վթարված հատվածները կամ չեն գտել, կամ ՝ անորակ աշխատանք են կատարել:Ու փաստորեն, այս ամենի համար կրկնակի փող է ,,թափվում,,: Իսկ մարդիկ այս հատվածում ստիպված են քայլել ոստոստալով, որպեսզի փորած փոսերը կամ վատ ծածկած փոսորակները չընկնեն: Վիճակն էլ ավելի սարսափելի կլինի ձմռանը: Ըստ կայքերից մեկի, նույն անմխիթար վիճակն էլ Գյումրիում է, որի առնչությամբ ֆեյսբուքային օգտատերերից մեկը գրել էր, թե Գյումրու փողոցներով անցնելիս անծանոթ մարդը կարող է տպավորություն ստանալ, թե մեռելներին արդեն որտեղ պատահի ՝ թաղում են, անգամ ՝ շքամուտքերի առջեւ, քանի որ ջրմուղը որտեղ ասես փորում է ու այդպես թումբուփոս արած էլ թողնում: Ըստ տեղեկությունների, 2 քույր-քաղաքներում համանման ավերածությունների հեղինակը նույն ընկերությունն է: Ուրեմն էդքան հզոր ,,մեջք,, ունի, հա՞, որ որտեղ ուզում քանդում է ու ,,մարսում,, ՝ ի հաշիվ բնակիչների անվտանգ երթեւեկությունը վտանգավոր դարձնելու ու քաղաքը աղբի, փոշու ու ցեխի մեջ թողնելու: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս վիճակը: Եթե տվյալ ընկերությանը պարբերաբար քննադատում են  աղետի գոտու 2 քաղաքների մակարդակով, ինչու՞ են թույլ տալիս շարունակել ավերիչ գործունեությունն ու փողոցները պարբերաբար քանդուքարափ անել մեկ լայնությամբ, մեկ երկարությամբ, մեկ զուգահեռ, մեկ ուղղահայաց...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 10 ноября 2014 г.

Հայկական հումորը գնալով իջնում է փողոցային մակարդակի

Երեկ հայկական հեռուստաալիքներից մեկը հումորի թեմա էր դարձրել ,,գոմիկներին,, / իրենց խոսքով /, Իլհամ Ալիեւի ,,մամային,,/ իրենց խոսքով / եւ...,,Արմենիա,, հեռուստատեսության  ,,Սուր անկյան,,  ,,Խեղված ճակատագրեր,, տխուր վերնագրով սոցիալական ենթաբաժինը / որ ներկայացնում է կյանքի հատակում հայտնված մարդկանց ծանր կյանքն ու գորշ առօրյան /: Իսկ սա նշանակում է, որ հայկական հումորն սկսում է անցնել ողջամտության ու էթիկայի սահմանը եւ իջնում է փողոցային մակարդակի: Իրենց ,,հումորային,, կամ ժարգոնային լեզվով ասած ՝երեւի թե ,,վրեքները խաբար չկա,, որ անգամ աշխարհի մակարդակով են դատեր գնում, երբ խոսքը վերաբերվում է ազգային կամ կրոնական առաջնորդներին ծաղրի ենթարկելուն, ու թշնամի համարվող պետության ղեկավարի համախոհները կարող են անգամ ՝ իրենց ղեկավարին ծաղրելու համար երկրիդ բյուջեի ,,գլխին սարքել,,:Այլ կերպ ասած ՝ քաղաքական հոտառություն չունեն: Եթե մենք ՝ մեր պետության ներկայացուցիչներս / կամ ոմանք /, չենք ուզում, որ մեր ղեկավարներին ,,դրսում,, ծաղրեն, քանի որ հարգում ենք մեր երկրի նախագահական ինստիտուտը, ուրեմն պետք է հանգիստ թողնենք այլ պետությունների ղեկավարներին ու չշփոթենք քաղաքական հումորը զազրախոսության հետ, եւ  բանուգործ չդարձնենք թշնամի համարվող պետության ղեկավարներին առիթով-անառիթ ծաղրի ենթարկելը ՝ անգամ պետական հեռուստատեսությամբ: Հասարակության լայն լսարանի առջեւ, հեռուստատեսությամբ ներկայացվող հումորը պետք է տարբերվի համացանցի այս ու այն անկյուններից հնչող,,հումորից,, կամ ՝ հումորի անվան տակ ներկայացվող զազրախոսությունից / ցավոք, սոցիալական ցանցերն այսօր ավելի շատ հայհոյախոսությամբ ու զազրախոսությամբ են լցված, ինչը միտումնավոր է արվում, որպեսզի վարկաբեկվի  նաեւ այն օգտատերերի գործունեությունը, ովքեր այսօր համացանցն օգտագործում են որպես ժողովրդավարական ամբիոն /: Հայկական հեռուստաալիքներով հնչող հումորի համար ամենակարեւորը, թերեւս, ,,չաղ,, հովանավոր գտնելն է ու նրա հովանու ներքո ,,չաղ ու բախտավոր,, գործունեություն ծավալելը ՝ անմտություններ ու անճաշակ, գռեհիկ ,,սրամտություններ,, հնչեցնելը  ՝հեռուստաէկրանից, ու դա նոր սերնդին փոխանցելը: /  /Ինչ խոսք, լավ հումորային համարներ էլ ունենք, բայց խոտանն ավելի շատ է / :Ուսումնասիրեք մեր դպրոցականների պահվածքը , խոսելաձեւը փողոցում, ու կճանաչեք սերիալային ու ,,հումորային,, բազում կերպարների. դպրոցականների մի մասի մոտ արդեն սովորույթ է դարձել միմյանց հետ շփվել...,,այ անասուն,, կամ ,,այ դեբիլ,, բառապաշարով: Այս կարգի ,,շփումներն,, անգամ կոլեկտիվներ են թափանցում, երիտասարդ աղջիկներ են միմյանց հետ ,,ընկերական,, շփումներում այդ բառապաշարն օգտագործում , լավագույն դեպքում ՝ռաբիզության գագաթնակետին հասնող ,,կյանքուլ,, արտահայտությունն են անխնա շահագործում: Հազիվ թե դպրոցներում ուսուցիչներն աշակերտներին հայհոյախոսություն ու ժարգոն փոխանցեն, թեպետ, ո՞վ գիտե, միգուցե տեր-Թոդիկի ժամանակներից մեկ քայլ ենք առաջ գնացել, աշակերտ ծեծող ուսուցիչների մասին էլ ենք երբեմն տեղեկանում, ուր մնաց ՝ լեքսիկոնի մասին:...Լավ, ասենք ՝ հովանավորը ժամանակ չունի դիտել հումորային ծրագրի նախնական դիտումը կամ նրան դա չի հետաքրքրում, իսկ հեռուստատեսությու՞նը, եթեր հեռարձակելուց առաջ համապատասխան ,,ներքին գրաքննություն,, չկա՞: Երբեմն էլ այն աստիճան անմտություններ են հնչում ՝ հումորի անվան տակ, որ ,,խուտուտով,, անգամ հնարավոր չէ ծիծաղ առաջացնել, ու, թերեւս, դրա համար էլ կեղծ, արհեստական ծիծաղ են ձայնագրում ու ամեն ,,չդիպուկ,, արտահայտությունից հետո միացնում. իրենք իրենց ,,դուխ են տալիս,,: Մի ժամանակ հեռուստաէկրանից հնչող հումորային ծրագրերում անընդհատ շահարկում էին ,,գյալաբոկ,, գռեհիկ արտահայտությունը, հիմա էլ անցել են վերը նշված էլ ավելի գռեհիկ բառապաշարի ՝ սեռական կողմնորոշում բնորոշող, ու դրանով, փաստորեն հեռուստադիտողի ականջն են սեռական բռնության ենթարկում, ամենեւին չմտահոգվելով, որ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն է ունենում նոր ձեւավորվող սերնդի ու նրա մարդկային որակների վրա: Հումորիստներ, նմանակողներ կան, որ բարձրակարգ սրամտություններով են հանդես գալիս, բայց, ցավոք, այդ հումորային համարները  հիմնականում փակ դահլիճներում են հնչում ու  հազվադեպ ներկայացվում հեռուստատեսությամբ, ասպարեզը թողնելով անճաշակությունների շքերթին: Ի դեպ, տարիներ առաջ, երջանկահիշատակ դերասան, ասմունքող Ազատ Գասպարյանը թերթերից մեկին տված հարցազրույցում տեղին էր նկատել , որ հումորի անվան տակ ,,լրբություններ ու լաչառություններ են ցուցադրվում,,:

                                     ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 1 ноября 2014 г.

Վանաձորի խանութներում ձվի դեֆիցիտ է. իսկ մայրաքաղաքու՞մ

Շուրջ մեկ շաբաթ է, Վանաձորի սուպերմարկետներում ձու չկա. ձվի դեֆիցիտ է, իսկ դատարկ արկղերի վրա ամեն օր ՝ գները բարձրանում են, այսինքն ՝ եթե ստանան, տվյալ գնով են վաճառելու. 80-90 դրամ: Դատարկ արկղի վրա մատնանշված գինը նաեւ նշանակում է, որ այդտեղով անցել են ձվերը ՝մի քանի օր կամ ժամ առաջ:,,Ձուն առավոտ շուտ ստանում են թե չէ ՝ անմիջապես ծախվում է ու վերջանում,,- մի քանի օր առաջ հավաստեց տնային տնտեսուհիներից մեկը, որի աչքի առաջ խանութներից մեկում ձվի վերջին տուփն էր սպառվել ՝ այն ժամանակ դեռեւս 65 դրամ հատավաճառով. նա այդ առթիվ անգամ վեճի էր բռնվել վաճառողի հետ, թե ինչու՞ իրեն չհասավ այդ վերջին տուփը, այլ ՝ իրենից հետո եկած գնորդին, որին, թերեւս, որպես ,,ծանոթի,, էր հասել վերջին արկղը: Ու սա միակ դեպքը չէ այս ոլորտում ՝ խորհրդային ժամանակների ,,ծանոթով,, ապրանք ծախելու ավանդույթի վերականգնման առթիվ: Ահավասիկ ՝ ,,Ձուն ի՞նչ արժե,, հարցին ՝ առանց գնանշման ձու վաճառողը ՝ բացօթյա առեւտրի կետերից մեկում, մի փոքր մտածելուց հետո պատասխանում է.,,Դե որ դու իմ մշտական կլիենտն ես, քեզ 60-ով կտամ,,:Պատկերացնու՞մ եք, ընդամենը 1-1,5 ամիս առաջ 40 դրամով ձու վաճառողը ,,լավություն,, է հաշվում, որ 60 դրամով ձու է առաջարկում: Կենտրոնական շուկայում ձուն ավելի քան երկու շաբաթ  է՝վաճառվում է 90դրամով: /Մակնշումից մի կերպ պարզվեց, որ ,,Արզնու,,արտադրության են /:Իսկ խանութներում, որտեղ վաճառվում է  ,,Լուսակերտ,,կամ ,,Արաքս,, ՝ գները 80-85 դրամ են ՝եթե, իհարկե, ձու կա, եւ ոչ թե ՝ դատարկ արկղ:Եվ միայն ԵԹՖ-ն է անհամեմատ էժան լինում ՝թե որ լինում է բացօթյա առեւտրի կետերում: ,,Մարդ ամաչում էլ ա ասի ՝ թե ձուն քանիս ա,,- անկեղծորեն խոստովանում է առանց գնանշման ձու վաճառողը, որ, ի վերջո, ամոթխած ,,խոստովանում,, է, որ արդեն դարձել է 80 դրամ, բայց ՝մշտական հաճախորդներին առաջարկում  է 70 դրամով: Իսկ երեկ ,,Երկիր,, հեռուստատեսությունը փոխանցեց ազգային վիճակագրական ծառայության այն հավաստիացումը, թե նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա համեմատությամբ ...ձվի  գնանկում է նկատվել. ,,էս հանգի,, էլ սու՞տ կլինի: 80-90 դրամ ռեկորդային գին արձանագրվել է 1 տարի առաջ ՝ դեկտեմբերի վերջին օրերին, Նոր տարվա նախօրյակին:Հետեւաբար. կամ վիճակագրական ծառայությունում երկար ժամանակ ձու չեն գնել, կամ ՝ նրանց էլ ,,ծանոթի կարգով,, շատ էժան են ձու մատակարարել, եւ կամ ՝ մտածում են, որ ժողովուրդը երկար ժամանակ ձու չուտելով ՝ հիշողությունը կորցրել է:Չնայած ձվի դեֆիցիտի ու սուպերթանկության թեմային քանիցս անդրադարձել ենք, սակայն որեւէ արձագանք ՝ համապատասխան ոլորտից, այդպես էլ չի եղել. եթե ձվի դեֆիցիտ կա ՝ ինչու՞ չի ներկրվում, եւ արդյո՞ք արտահանման պատճառը չէ դեֆիցիտի պատճառ : Ձվի դեֆիցիտն ու թանկացումն էլ, բնականաբար, կնպաստի թերսնված սերնդի ձեւավորմանը, իսկ տարեցների շրջանում ՝հիվանդությունների ավելացմանը, քանի որ նման գների պայմաններում շատերը կհրաժարվեն ձու ուտելու գայթակղությունից: Դե պատկերացրեք, թե ի՞նչ կլինի առաջին դասարանցի երեխայի հետ, որ առանց կարգին սնվելու / որ հնարավոր է միայն 2 ձու ուտելու պայմաններում /, ուղեւորվի դպրոց ՝տետրերով ու դասագրքերով բեռնված մի քանի կիլոգրամանոց պայուսակը վտիտ ուսերին /հնարավոր է, նույնիսկ ուշաթափվի դասի ժամին /, կամ նրա ընկալած դասն ի՞նչ պիտի լինի նման պայմաններում: Եվ կամ ի՞նչ կարժենա ընտանեկան բյուջեի վրա, եթե շարքային քաղաքացիներն ստիպված լինեն երկուսուկես անգամ թանկացած ձու գնել / Երեկ Լոռվա գյուղերից մեկից տեղեկացանք, որ գյուղացիներն էլ այսպես կոչված ,,տնական հավի,, ձուն առաջարկում են 100դրամով. որպես ,,այլընտրանք,, ՝ փողոցում 120 դրամով վաճառվող նմանատիպ ձվերին /:Իսկ աշխատավարձ ստացող ,,երջանիկ,, խավի համար աշխատավարձի բարձրացում է նախատեսվում ընդամենը ՝5000դրամով, այն էլ ՝հունվարից, մինչդեռ թանկացումների ալիքը / ոչ միայն ձվի, այլեւ ՝ այլ ոլորտներում /, սկսվել է, փաստորեն, ամիսներ առաջ:...Իսկ մի լոռեցի դժգոհեց, որ որոշ ապրանքներ էլ դիտմամբ պահեստավորում են, չեն վաճառում, որ երբ Ռուսաստանում դրանց ՝ նախատեսվող գնաճ լինի, այն ժամանակ վաճառքի հանեն:                                                                                                                               ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ