пятница, 29 июля 2016 г.

Հայտարարություն՝,,Անկումների սարսափից,,

Հայաստանում 37թվի շորշոփներից փրկվելու նպատակով, ստիպված եմ փնտրել արժանապատիվ աշխատանք՝սփյուռքահայ համայնքում, քանի որ տարիքս էն չի, թե ընդդիմության միտինգներին կարողանամ մշտապես մասնակցել /ոստիկանության հետ ձեռնամարտի կամ ըմբշամարտի բռնվելու համար էլ ֆիզիկական պատրաստվածություն անցնելու տարիքից դուրս եմ եկել/, քծնողական հատկություններ էլ չունեմ, թե կարողանամ մինչեւ թոշակի անցնելս, որից դեռ 7 տարի կա, համապատասխան աշխատանք գտնեմ  պետական կամ այլ համակարգում, որ խիստ վերահսկվում է իշխող կուսակցության կամ նոմենկլատուրային ,,մտավորականության,, կողմից:Առողջ տրամաբանությունս էլ հուշում է, որ բարոյական իրավունք չունեմ գնամ ,,աղքատության նպաստ,, պահանջեմ ու ասեմ՝,,Ինձ նպաստ տվեք, որ էդ փողով կարողանամ իշխանություններին քննադատեմ կամ համակարգիչ առնեմ ու մի քիչ էլ պահեմ՝գոյությունս պահպանելու համար,,:Մարզպետի մոտ էլ որ հերթագրվեմ՝պետք է ,,թափուր աշխատատեղերի,, տեղը մատնացույց անի, որտեղ հայտնի է, թե ինչ վիճակ է տիրում:Իսկ թոշակի տարիքը Հայաստանում 1990-ականների կեսերից թե վերջերից /կարծեմ Բագրատյանի վարչապետության օրոք էր/,դարձրին 63-ը՝նախկին 55-ի փոխարեն, աշխատատեղերի կրճատմանը զուգահեռ, ինչն էլ նպաստեց աղքատության ավելացմանը՝երկրում, քանի որ 40-ից բարձրերն արդեն աշխատաշուկայում տեղ չունեին, թոշակն էլ կանանց համար 63-ն էր սահմանվել, գործազրկության նպաստն էլ տարիներ առաջ վերացրին՝ներկա իշխանությունների կողմից:

Ունեմ 20 տարվա լրագրողական եւ 14 տարվա վարչական աշխատանքի /որից մոտ 10-ը՝գրադարանային աշխատանքի/փորձ, ավարտել եմ գրասենյակի պետի կուրսեր՝դատարանում գործավար աշխատած ժամանակ,լրագրողական մանկավարժական գործունեության վերաբերյալ տեղեկանք-բնութագիր՝տրված 1989թ.Բելառուսում հայկական ժամանակավոր դպրոցի տնօրինության կողմից:Ավարտել եմ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության բաժինը՝1983թ.:Միաժամանակ ավարտել եմ երաժշտական յոթնամյա դպրոց:

...Բլոգային գործունեությանս 5 տարին լրացավ.ցավոք, այն համընկավ Վանաձորում հերթական ինտերնետ-ակումբի փակման հետ /2007թվից սկսած՝թվով առնվազն 11-րդը.ըստ իմ հաշվարկների/, ու ստիպված եմ մատչելի ծառայություններ մատուցող նոր ,,հենակետ,, որոնել եւ միաժամանակ մտածել ինտերնետից օգտվելու ֆինանսական աղբյուրների մասին, քանի որ անկախ ու անաչառ լրատվությունը Հայաստանում ոչ միայն չի խրախուսվում, այլեւ՝հետապնդվում է:Իմ եւ երջանկահիշատակ ծնողներիս / որոնք արտադրության երկարամյա աշխատողներ են եղել/խնայողությունները՝ԽՍՀՄ ավանդները, գտնվում են պատանդի վիճակում՝կառավարության ,,պահուստարաններում,, /այնպես, ինչպես ՀՀ հազարավոր քաղաքացիների՝ողջ եւ մահացած/:Իսկ ՀՀ քաղաքացին, եթե քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունի, չի կարող ունենալ եկամտի կայուն աղբյուր:Այս ամենի հետ մեկտեղ, այլեւս անհնար է ամեն Աստծո օր ականատես լինել, թե ինչպես է պետական միջոցների թալանի, վարկերի ու դրամաշնոհների յուրացման ու մսխման հաշվին պարբերաբար ավելանում թալանով հարստացածների թիվը եւ դրան զուգահեռ՝պարբերաբար դատարկվում քաղաքդ ու երկիրդ՝վատ կառավարողների շնորհիվ, եւ ինչպես են պարբերաբար ավելանում շրջապատում բոմժերն ու մուրացիկները, աղբ քրքրողները, ու ոչ ոք երաշխիք ոչ ոք չունի, թե վաղն ինքը չի հայտնվելու այդ վիճակում, քանի որ ոչ նոմենկլատուրային, սկզբունքային մտավորականության բոլոր ,,օդերը,, փակված են այս երկրում. նրանք պետք է կամ համակերպվեն ստրուկի կարգավիճակին, կամ՝ արտագաղթեն, կամ ֆիզիկապես ոչնչանան՝զրկվելով եկամտի աղբյուրներից՝միաժամանակ սպառելով իրենց խնայողությունները:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

1995թվից՝լրագրող, 2011թվից՝բլոգեր, 2014թվից՝բանաստեղծ

www.azatankakh.blogspot.com

www.lragrakan.blogspot.com

www.patmacan.blogspot.com

e-mail`gayane1960@gmail.com, gayanehovsepyan91@gmail.com, 

hovsepyan_60@mail.ru, tel.0322/4-61-17








среда, 27 июля 2016 г.

,,Սուլթան կուզե,ջնջե մեզի,զարթնիր, լաո, մեռնիմ քըզի,,

Լոռեցիները միայն բրոկոլի ուտելով չեն զբաղված, երթերի էլ են մասնակցում


Երեկ,կեսօրվա 7-ի կողմերը միամիտ-միամիտ մտա համացանց, ասի տեսնեմ ինչ կա-չկա։Հազիվ էի հասցրել մի ,,փախած տեղ,, կարդալ ,,Սասնա ծռեր,, քաղաքական խմբավորման հայտարարությունն ու ,,բարին արա,, սկզբունքն ,,ականջումս գունդ արած,, ՝ փոխադրել էջիս / դե էս կարգի,,այլընտրանքային,,հայտարարությունները հեռուստատեսությամբ չեն լինում՝ գոնե համացանցով տարածվեն/, մեկ էլ կապը կորավ ու գնա՜ց․․․Ու ոչ մի կերպ չհամոզեցի, որ հետ գար։Դուրս գամ փողոց՝ի՞նչ տեսնեմ․մի ստվար խումբ երթով շարժվում է Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայով՝ոստիկանների հոծ բազմության ուղեկցությամբ, ու մի երիտասարդ կին՝միկրոֆոնը ձեռքին, քաղաքացիներին հրավիրում է երթի՝ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի ու նրան սատարող ,,Սասնա ծռեր,, խմբավորման, որ արդեն 9-րդ օրն է՝գրավել է ,,Երեւանի բերդը,,/այսինքն՝պարեկապահակային գնդի տարածքը/։Հեքիաթում կասվեր՝,,Էստեղ թագավորի տղեն մատը կծեց,,․ ու հասկացավ, թե ինչի համացանցում կապն անհետացավ․որպեսզի հանկարծ միտինգի լուրն ավելի շուտ չհասներ ,,վերեւ,, , քան՝դա անհրաժեշտ էր, եւ կամ՝չտարածվեր համացանցով։Դատելով երթի մասնակիցների թվից, այնպիսի տպավորություև էր, որ ոչ թե քաղաքացիներն էին երթի դուրս եկել, այլ՝ոստիկանները, քանի որ վերջիններս ավելի շատ էին, քան՝երթի մասնակիցները, որոնք, ինչպես պարզվեց փոքր-ինչ անց, ուղեվորվեցին Լոռու մարզպետարան։Թե ինչի ավանդական միտինգների վայրը վերջերս փոխադրվել է մարզպետարանի տարածք՝ ,,Արցախ,, պուրակից, անհասկանալի է։ /Երեկոյան ժամը 6-ից հետո էլ մարզպետարանում հազիվ թե աշխատող լինի, թե ասեմ՝նրանց էլ են ուզում ներգրավել /։Քաղաքս էլ էնքան է դատարկվել, որ ,,թամաշավորներն,, էլ էին շատ քիչ։Մայթային դիտորդներից ակամա զրույցի բռնվեցինք մի կնոջ հետ, որ, ինչպես պարզվեց, մայրաքաղաքից էր եկել Վանաձոր՝հանգստանալու, ու երթի առթիվ նկատեց․,,Շատ ճիշտ են ասում, պետք է բոլորը միանան, հատկապես՝երիտասարդները,,։Ասի՝տիկին ջան, քաղաքում եիտասարդ է՞ մնացել, որ միանան, վերջին 15 տարում քաղաքի բնակչությունը կիսով չափ դատարկվել է։Ասեց՝հա էլի, բայց՝տեղեկացրեց, որ հզոր շարժում է սկսվել Ղափանում, որ պատրաստվում է միանալ մայրաքաղաքային շարժմանը /ինչն ինձ շատ զարմացրեց, դատելով նրանից, թե ով է Սյունիքի մարզպետը/։Իսկ վանաձորյան խաղաղ երթն ինձ հիշեցրեց ,,Եռանկյունի,, հայկական հին ֆիլմը․էն որ Լենինականի փողոցներով պատերազմի դաշտ էին մեկնում տղամարդիկ, ու մի կին մայթից բղավում էր՝,,Աշխարհաբեկ ջա՜ն․․․գլուխդ ցից չպահե՜ս․․․,,։Այ էս կարգի երթ էր՝,,Մեծ աշխարհի մեր անկյունում,,․միայն թե ,,Եռանկյունու,, երգը չկար․,,Սուլթան կուզե՜, ջնջե մըզի՜, զարթնիր, լաո, մըռնիմ քըզի,,։

․․․Կարող է՞ ոստիկաններն էլ են ,,Սասնա ծռերի,, ,,կողմից,․բայց՝ձեւ են անում, թե կարգուկանոնի համար են ցույցին մասնակցու՜մ․․․Ու եթե հանկարծ իշխանափոխություն լինի, ասեն՝բա գիտե՞ք, մենք էլ էինք իշխանափոխություն ուզում, բո՜լոր ցույցերին ու երթերին պարտադիր մասնկացել ենք․ու ,,հավատարմագրերը,, հանձնեն ,,նորընտիրներին,,։

․․․Էս նյութը որոշեցի անպայման տեղադրել բլոգում՝ավելի մեծ լսարանի համար / ոչ թե՝ֆեյսբուքում/, որ ,,վերեվներում,, հենց չիմանան, թե լոռեցիներն ամբողջ օրը մենակ բրոկոլի ուտելով են զբաղված ու քաղաքականությունը հեչ նրանց ,,տանձին չի,,։Երեկ որ հեռուստաալիքը տանում էի՝Լոռուց որպես ,,էկզոտիկ նյութ,,՝բրոկոլիի ցուցահանդես էին լուսաբանում ու ,,ձեռի հետ էլ,,՝ ,,քյասբաջուրն ընկած,, ժողովրդին բացատրում էին, թե որքան օգտակար է մարդու օրգանիզմի համար 8-10 տեսակի բանջարեղենի պարտադիր օգտագործումը։Հայ-հա՜յ․․․Իսկ տեղական միակ այլընտրանքային ալիքն, ինչպես հաճախ՝վերջերս, ողջ օրն այդպես էլ դուրս չեկավ ընդհատակից, ու ,,նամակին սպասող,, հեռուստադիտողին մի սառած պատկեր էր հրամցրել՝էկրանի վրա․ոչ ձյուն կար, ոչ էլ ՝կարկուտ, թե ասեին կարկուտը խփել է, ու միակ նորմալ բացատրությունն այն է, որ հայրենի գրաքննությունը ջանք ու եռանդ չի խնայում այս օրերին մարզաբնակներին զրկել մայրաքաղաքային իրադարձություններին մեկ ավելորդ անգամ ինտեգրվելու հնարավորությունից․հանկարծ ու՝հանրապետական աղբյուրներից մի ,,փախած լուր,, ընկնի ականջներով․․․Խիստ վերահսկվում է եւ հեռուստատեսությունը, եւ համացանցը, որի մի ապացույց էլ այն է, որ հեռուստատսությամբ չհնչեց անգամ խորհրդարանական ,,ժառանգության,, հայտարարությունը՝վերջին օրերի դեպքերի առնչությամբ, այլ միայն՝կուսակցության անդամների անհատական ելույթների մոնտաժված ու սղագրված հատվածներ։Դրա փոխարեն՝ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատուի անգամ ֆեյսբուքային մեկնաբանություններն էին հայտնվում հռուստատեսությամբ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


пятница, 1 июля 2016 г.

Առողջարանից գոհ էր, փողոցներից՝դժգոհ

Օրերս Վանաձորի ,,Հայաստան,, առողջարանում բուժական հանգիստն էր անցկացնում երեվանաբնակ, ՌԴ քաղաքացի,պաշտոնաթող մայոր, անվտանգության համակարգի նախկին աշխատող /ֆրանսերենի մասնագետ / Իզաբելա Հասրաթյանը, ով 1 ինքնակենսագրական-պատմական վեպի հեղինակ է /,,Ո՞վ է մեղավոր,,/, որին անդրադարձել ենք սույն բլոգի 13.10.2011թ.,,ՊԱԿ-ի նախկին աշխատակցուհին գիրք է գրել,, եւ 24.01.2012թ.,,Ինչպես՞ էր կազմավորվում Ազգային բանակը,, հոդվածներում:Ունի նաեւ տպագրված մեկ գիրք՝,,Ինչպե՞ս ապրել 100 տարի՝առանց դեղերի,,: Այժմ տպագրության են ներկայացված նրա եւս 2 գրքեր՝ / որոնցից մեկը՝բանաստեղծությունների /:Մեր զրույցը կայացավ ,,Հայաստան,,առողջարանի փոքր մասնաշենքի նրա սենյակում, որտեղ վերջինիս հետ հանգրվանել էր նաեւ կենսաթոշակառու մի կին՝Երեւանից:Գրական-ստեղծագործական թեմայով զրույցից հետո՝խնդրեցինք պատմել տպավորությունների մասին՝առողջարանից եւ քաղաքից:Տիկին Իզաբելան, ում մտերիմներն Իզա են անվանում սիրով, տեղեկացրեց, որ սա նրա 2-րդ այցն է առողջարան՝վերջին 10 տարում, եւ այդ ընթացքում զգալի առաջխաղացում է նկատվում:,,Ներսում շատ լավ նորոգման աշխատանքներ են կատարվել,,-տեղեկացրեց իմ զրուցակիցը /դրանում համոզվեցինք նաեւ անձամբ, երբ մինչ փոքր կորպուս հասնելն անցանք նաեւ բուժական կորպուսով /:Հիմնականում հանգստացողները Երեւանից են, հանգրվանում են նաեւ մայրաքաղաքի քաղաքապետարանի ուղեգրերով:Բուժանձնակազմից գոհ էր:Ցանկացավ հատկապես դրվատանքի խոսքեր ուղղել բժշկուհի Ամալյա Պեպանյանին.,,Հոյակապ մասնագետ է, իր գործի նվիրյալ, բուժում է խոտաբույսերով,կաբինետը շնչում է հայկական բնաշխարհով ու կոլորիտով:Նաեւ շատ լավ մարդ է ու հայրենասեր:90-ականներին եղել է արցախյան մարտադաշտում, ՊՆ-ի կողմից արժանացել է վետերանի կոչման:Միաժամանակ կազակների միության անդամ է,,-հայտնեց իմ զրուցակիցը, որ, սակայն,գտնում էր, որ ցեխաբուժության գործը շատ ծանր աշխատանք է, իսկ այդ աշխատանքն ընկած է 1 աշխատողի վրա՝55հազար դրամ աշխատավարձով, ու նրա դիտարկմամբ, տեղին կլիներ բարձրացնել ծանր աշխատանք կատարող բուժանձնակազմի աշխատավարձը, քանի որ՝ ,,Առավոտից մինչեւ ժամը 3-4-ը էդ ցեխերի մեջ տանջվում են՝չնչին աշխատավարձով,,:Որպես թերություն՝նաեւ մատնանշեց, որ չկա կարդիոլոգ:Նաեւ մտահոգված էր, որ առողջարանն ընդամենը 4 ամիս է գործում, եւ ոչ թե՝ամբողջ տարին:Տիկին Իզաբելայի կարծիքով՝առողջարանը / որ սովետական տարիներին մեծ հռչակ է՝ ունեցել /, որտեղ վաննաները հանքային ջրերով են, եւ կան նաեւ տզրուկաբուժության, տորֆաբուժության, մերսման կաբինետներ, կարող է գրավիչ լինել նաեւ հարեւան Աջարիայի եւ Վրաստանի համար, սակայն բավականաչափ հայտնի չէ անգամ Հայաստանում:,,Երեվանում անգամ շատերը չգիտեն, որ Կիրովականում առողջարան կա,,-նկատեց իմ զրուցակիցը, որ նախընտրում է երբեմն Վանաձորին նախկին Կիրովական անվանումը տալ,ու առողջարան մեկնելուց առաջ,հունիսի 13-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է՝,,մեկնում եմ Կիրովական,,:Իմ այցելության պահին առողջարանում ըմբշամարտիկներ կային, որոնք եկել էին մասնակցելու Վանաձորում կայանալիք միզազգային չեմպիոնատին.նրանցից մեկը Իզայի խնդրանքով մեզ միասին լուսանկարեց առողջարանի բակում:Սննդակարգից գոհ էր, բայց գտնում էր, որ կարելի է ավելացնել բանջարեղենի տեսականին՝տապակելու ենթակա Լոռվա բարիքներից:Մի անգամ իջել էր շուկա՝կանաչեղեն գնելու, բայց զարմանքով պարզել էր, որ տապակելու կանաչեղեն գրեթե չկար, բացի այն, որ ,,ինչ-որ հաստ կոթերով կանաչեղեն էին առաջարկում,,/.ենթադրվեց, որ դա եղել է հռչակավոր ,,Բլդրղանը,,՝թթու դնելու, իսկ ,,Սինդրիկի,, համար արդեն սեզոնը վերջացած է եղել.ինչ-որ մեկն առաջարկել էր պայմանավորվել՝հատը 180 դրամով 10 հատ բերելու համար:Այլ կերպ՝,,Սինդրիկը,, դարձել է ,,կոլեկտիվ հայտերով,, կամ կանխավ պատվիրված ,,բրոնյա,, արված ուտեստ:Առողջարանի նրա կիսալյուքս համարի հարեւանուհին պարզաբանեց.,,Ախր հիմա սինդրիկի սեզոնը չի,,:Հիացած էր առողջարանը շրջապատող բնությամբ՝սաղարթախիտ ծառերի մեջ թաղված, երգեցիկ թռչունների մշտական ընկերակցությամբ:Տեղեկացանք, որ կիսալյուքս համարներում հեռուստացույց կա,իսկ երեկոյան ժամերին նաեւ դիսկոտեկ է գործում, եւ դիջեյ Ելենան նաեւ էքսկուրսավարի պարտականություններ է կատարում:Ծիծաղելով պատմեց, որ մի գյումրեցի՝հանգստացողներից, մտել է դիսկոտեկ ու հիասթափված ասել՝,,Չհասկացա, էս մեծերի դիսկոտեկ է՞,,:Իմ այցելության եւ հատկապես հետդարձի պահին, մայրամուտի շողերի ներքո,առողջարանի ծառուղու նստարաների վրա երիտասարդ զույգեր էին, ինչն ամառային Վանաձորի համար բնորոշ երեւույթ է եւ արդեն ավանդույթի ուժ է ստացել.երիտասարդ զույգերը՝որպես ժամադրավայր, նախընտրում են այս գողտիկ անկյունը:

Չնայած տիկին Իզաբելան հիացած էր Վանաձորի բնությամբ, բայց՝անչափ դժգոհ էր Վանաձորի փողոցների վիճակից:Նախօրեին դուրս էր եկել քաղաք, եւ մկիրոավտոբուսի մեջ եղած Ժամանակ զարմացել, որ վարորդը փողոցով անցնելիս հանկարծ թռել էր մայթի վրա:Երբ այդ առթիվ զարմանք էր հայտնել, թե ինչու՞ է փողոցից անցնում մայթ, վերջինս ասել էր.,,Տիկին ջան, հլա մի հատ գլուխդ դուրս հանիր, տես փողոց կա՞, որ փողոցով անցնեմ, հլա տես փողոցն ինչ վիճակում է,,:,,Ասեցի՝բա ձեր քաղաքապետն ու՞ր է, չի անցնու՞մ էս փողոցներով, բա էդքան գումարներ են հատկացվում փողոցների համար, ու՞ր են գնում էդ գումարները, կամ էդ ի՞նչ կարկատաններ են, փողոցները կարկատած են կիսատ-պռատ, ոչ մի տեղ ես նման բան չեմ տեսել,քաղաքին սրտացավ տեր է պետք,,-ամփոփեց իմ զրուցակիցը:Իմ այցելության օրը,հունիսի 25-ին, դեպի առողջարան գնացող Վարդանանց փողոցում, երաժշտական ուսումնարանի հարեւանությամբ՝հերթական կարկատանային ասֆալտապատման աշխատանքների նշույլներ էին երեւում, իսկ ասֆալտ հարթեցնող մեքենան՝,,կատոկը,, ծանրումեծ կանգնած էր ոչ այն է՝մայթին, ոչ այն է՝փողոցում, եւ, բնականաբար, ավտոբուսները կիսազիգզագաձեւ էին անցնելու կամ փողոցից մայթ ,,թռնելու, անցորդներն էլ՝հակառակը, մայթից հայտնվելու էին փողոցում:Տիկին Իզաբելան հավանաբար չգիտեր, որ վարորդները քանիցս բողոքի ցույցեր էին կազմակերպել՝անբարեկարգ փողոցների առնչությամբ, սակայն այն որեւէ արդյունք չէր տվել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ