Էն որ ,,Կարգին սերիալի,, Հայկոն ,,ջահել վախտը,,՝20 տարի առաջ ,,Մեր բակը,, սերիալում ,,լավ տղու,, դեր էր տանում ու երգի մեջ ասում՝,,տանում ա՜․․․մասսային տանում ա՜․․․,,․այ էդ կարգի ,,,,մասսային տանում ա,, վիճակ է Վանաձորում՝անգամ ցրտաշունչ ձմռան ու մերկասառույցի պայմաններում․մինչեւ երեկոյան ժամը 5-ը՝կեսօրից սկսած՝խանութներում ու առեւտրի կետերում հերթեր, հրմշտոց, իրար ուսով խփելով ու իրար հրելով անցնում են․․․,,Տորթի բաժին էսօր չեմ կարա մտնեմ,,-հեռախոսով մոր թե սկեսուրի առջեւ արդարանում էր երիտասարդ մի կին․հերթեր են ոչ միայն մթերքի, այլեւ՝հուշանվերների խանութում․․․
․․․Ամեն ինչ վաճառվում է, բացի՝մարդկային խղճից, որ տոնածառի տեղ կախված է երկնքից ու վրան գրված՝,,Չի վաճառվում,,․․․
Խանութներում վաճառքի ենթակա ինչ գտել են ,,շյուստրիները,,՝տարել դրել են փողոցում վերավաճառում են՝գնից բարձր եւ շատ ավելի բարձր գներով, քան՝նույն ապրանքը վաճառվում է խանութներում․սկսած՝հայրենական արտադրության ֆիրմային մսամթերքից, վերջացրած՝խանութում 1300-1400դրամով վաճառվող ,,արախիսից,, որ հայտնվել է որոշ բացօթյա կետերում 2000-2100դրամով/հույսները դրել են գնորդների շտապողականության վրա/։Արական սեռի բնակչության մի պատկառելի հատված՝երիտասարդ ու միջին տարիքի, որ մի 30 տարի առաջ գործարաններում դազգահների մոտ կանգնած կլիներ, հիմա հարկադրված են մանր առեւտրով զբաղվել՝փողոցում պատերի տակ կանգնած՝լոշ, չուչխել խոզի ու տավարի միս, Սեւանի ձուկ ու կանաչեղեն վաճառելով։Ավելի երիտասարդները տոնական հրավառության պարագաների՝,,բոմբերի,, առեւտուր են անում՝բղավելով․,,Լավ բոմբերը ում ենք տալի՜ս․․․վերջին բոմբերը՜․․․,,։Ու ծխախոտը բերանին միս, լոշ կամ հրուշակեղեն վաճառողների պակաս չկա․ի՜նչ սննդի անվտանգություն, ի՜նչ կուլտուրա․․․սանիտարահիգիենիկ միակ երաշխավորը ցուրտ ու սառը հոսանքն է, որ կանխարգելում է ճանճերի հնարավոր մոտեցումը/մխիթարվենք դրանով/։
․․Բրազիլական խոզի միսն ամիսներ առաջ ,,քշեցին,, ասպարեզից/թերեւս՝ռուսական խոզի մսի եվրասիական շահերից ելնելով/, ու դրանից հետո ռուսական խոզի մսի գինը 1300-ից հասավ 1700դրամի․համեստորեն տեղ թողնելով տեղական խոզերի համար, որոնք էլ չարաշահելով իրենց դիրքը՝շարունակում են ,,խոզային,, վերաբերմունք դրսեւորել՝2300-3000դրամից չիջնելով։
Ծաղկում է նաեւ խմորեղենի բիզնեսը․եթե մեկ շաբաթ առաջ որոշ խմորեղեններ կիլոգրամով էին վաճառում, ապա հիմա դարձրել են հատավաճառ, որ ավելի թանկ է արժենում գնորդների վրա։Եթե մեկ շաբաթ առաջ 10 հատ լոշը 400-500դրամ էր, ապա այժմ որոշ կետերում 5 լոշն արժե 400 կամ 500 դրամ։
Ի տարբերություն մայրաքաղաքային գների, Վանաձորում ցիտրուսային մրգերն ու բանանը համեմատաբար էժան են, բայց այ՝ անանասը, ինչպես գնորդին հայտնեց մի վաճառող՝,,ընդամենը,, 3000դրամ։Նմանապես ընկույզը՝,,ընդամենը,,5000դրամ։Պատկառելի գին են դրել անգամ սեւացած ընկույզին․3500-4000դրամ․առանց խղճի դույզն ինչ խայթի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎԵՓՅԱՆ