четверг, 19 апреля 2012 г.

Խոսք հիշատակի


 Լոռու մարզի Ձորագես ավանի երջանկահիշատակ բնակիչ, վաստակավոր էներգետիկ, 1915թ. Մեծ Եղեռնը վերապրած Գարեգին Հարությունյանը ծնվել է 1911թ. մայիսի 15-ին, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում (Արճակ կամ Իրկիչ գյուղում): 1915թ. 4 տ. հասակում, փախեփախի ճանապարհին կորցրել է հորը, մորը, եղբայրներին ու քրոջը: Սկզբում եղբոր` Ազատի հետ է եղել ճանապարհին, սակայն նրանցից մեկը հիվանդացել է ու դրա հետևանքով նրանց բաժանել են միմյանցից, Գարեգինը հայտնվել է տարբեր մանկատներում (հիմնականում` Լենինականում): Փաստորեն, Ազատի ճակատագիրը մինչ օրս անհայտ է: Անհայտ է նաև քրոջ` Լուսիկի, հոր` Գերասիմի ու մոր`Հայաստանի ճակատագիրը. յաթաղանի զո՞հ են դարձել, թե՞ մազապուրծ փրկվել են` հայտնվելով սփյուռքում, այդպես էլ չիմանալով մյուս հարազատների ճակատագրի մասին: Մանկության ու պատանեկության տարիները անցել են մանկատներում: Երիտասարդության շեմին` 17 տ. հասակում Գ.Հարությունյանը ներգրավվել է նոր կառուցվող Ձորահէկի շինարարության մեջ, ու նոր ձևավորվող ավանում էլ ոստան գցել: Ողջ կյանքը նա անցկացրեց Ձորագեսում` ՀԷԿ-ում մասնագիտանալով էներգետիկի աշխատանքում և հասնելով վարպետի աստիճանի, իսկ տարիներ անց էլ արժանացավ վաստակավոր էներգետիկի կոչման: Վարպետ Գարեգինն ու կինը` Արաքսյան(Վահագնի գյուղից), համատեղ կյանքի ընթացքում ունեցան 4 զավակ` 2 որդի, 2 դուստր: Նրանցից 3-ը բարձրագույն կրթություն ստացան: 8 թոռներ, 6 ծոռներ սերվեցին Գ. Հարությունյանից, սակայն, ցավոք, ծոռներից մի քանիսին չհասցրեցին տեսնել ոչ Գարեգինը, որ մահկանացուն կնքեց 2002թ. նոյեմբերին, ոչ նրա կողակիցը, որ ավելի վաղ մահացավ`1989թ. դեկտեմբերին: 91-ամյա կյանքի հասուն տարիներին վարպետ Գարեգինը երբևէ չէր ցանկանում վերապրել իր դառը մանկության տարիները, վրեժխնդրությունը նրա մեջ չկար, քանի որ էությամբ խաղաղասեր էր` անգամ քաղաքական հայացքներում: Պատմական հայրենիքի, հարազատների կորստի ցավը պահում էր հիշողությունների մեջ, միայն երբեմն երազում էր տանջվում ու երազի մեջ էլ լաց լինում: Աղոտ հիշում էր, որ հայրը ձիթհանքում է աշխատելիս եղել: Երբեմն խոստովանում էր, որ կուզենար օրերից մի օր գնալ-տեսնել ծննդավայրը ու ետ վերադառնալ: Միգուցե, հենց հայրենիքի կարոտն էր փորձում հեռուներից առնել, հարազատներից մի լուր իմանալ, երբ ողջ հասուն կյանքի ընթացքում, անգամ խորհրդային տարիներին ունկնդրում էր «Ամերիկայի ձայն» ռադիոալիքը: Ճակատագրի բերումով նրա թոռներից 2-ն ու ծոռներից 4-ը այսօր Ամերիկայում են , որտեղ էլ հայտնվել են մեկ այլ «փախեփախի»` մթի ու ցրտի տարիների արդյունքում, և այդ նույն դաժան ճակատագրի բերումով մեծ որդին` Միհրանը (որին տվել էր եղբոր անունը) 2009թ. իր մահկանացուն կնքեց Ամերիկայում , որտեղ էլ գտնվում է նրա գերեզմանը: Անկեղծ էր վարպետ Գարեգինը, շիտակ ու արդարամիտ, «անուղղելի» աշխատասեր, և 80-նն անց տարիքում անգամ, կենսաթոշակի անցնելուց հետո, անհրաժեշտության դեպքում գործի էր դնում էներգետիկի մասնագետությունը, երիտասարդի ավյունով էլեկտրասյուներ մագլցում: 90-ականներին Ձորագես այցելած ֆրանսիացի մասնագետները նրան լուսանկարել էին աշխատանքի պահին: Աշխատանքից ազատ ժամերին էլ զբաղվում էր այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, էլեկտրական իրերի պատրաստումով ու նորոգումով: Աշխատանքը նրա համար հաճույք էր, կեցության ձև: Մեծ Հայրենականի տարիներին վարպետ Գարեգինը շատերի նման կմեկներ ռազմաճակատ, բայց մերժեցին դիմումը, գտնելով, որ նրա մասնագիտական կարողությունները թիկունքում ավելի են պետք: Այդ բացը նրա փոխարեն հետագայում լրացրին 2 ամենափոքր զույգ թոռները` Գարեգինն ու Էդգարը, որոնք ծառայեցին ՀՀ Ազգային բանակում, իսկ Դավիթ ու Սամվել թոռները` ԽՍՀՄ բանակում:

...,,Ընտանիքով են եղել փախեփախի ժամանակ, ինքը պատմում էր , որ մորը կորցրել է, հետո սկսել է փնտրել այլ կանանց մեջ, պատմում էր, որ բոլորը սեւ փեշերով են եղել, ու մորը մի կնոջ նմանեցնելով՝բռնել է փեշից, բայց հետո տեսել, որ մայրը չի ու լաց է եղել...,,-Գ.Հարությունյանի հիշողությունն է փոխանցում կրտսեր դուստրը ՝ Լամարան:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

                                                  

                                                                                             

                        ՎԱՐՊԵՏ ԳԱՐԵԳԻՆԸ

Մորապապս վանեցի

Եղեռն է տեսել,

Ու մի կարգին մանկություն

Նա չի ունեցել:

Փախեփախ է նա տեսել,

Մեծ իրարանցում,

Բայց հարազատներին,ավաղ

Աղոտ էր հիշում:

Նա հաճախ էր երազում

Իր Վանը տեսնում,

Իսկ հետո երբ արթնանում՝

Ցավ էր վերապրում:

Դառնություն է զգացել

Նա որբանոցում,

Բայց երբեք չի չարացել,

Դարձել դիմացկուն:

Վարպետ էներգետիկ էր ՝

Պապս արճակցի,

Իր նոր կյանքում եղել է

Միշտ ձորագեսցի:

,,Վարպետ,, էին մեծարում՝

Նրան հարգանքով,

Մշտապես վերաբերվում ՝

Մեծ ակնածանքով:

Հարեհաս էր բոլորին

Վթար լինելիս,

Չէր հոգնում բոլորովին

Մարդկանց օգնելիս:

Բարձրավոլտ էր մագլցում ՝

Ջահելի նման,

Երբ որ արդեն դարձել էր

80 տարեկան:

91-ում, ավաղ,

Կյանքից հեռացավ,

Բայց իր հետ կապված հուշը

Էլ չանհետացավ:

Հիշում ենք մենք միշտ նրան,

Շիրմին այցելում,

Պատգամներն ու խոսքերը 

Մեր սրտում պահում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 20.02.2015թ.

2 комментария:

  1. Այսօր Գարեգին Հարությունյանը կդառնար 102 տարեկան

    ОтветитьУдалить
  2. Այսօր լրացավ Գարեգին Հարությունյանի մահվան 13 տարին:

    ОтветитьУдалить

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն