понедельник, 26 мая 2014 г.

Եթերային գրաքննությունը մի օր ռուսամետ է,մի օր՝արեւմտամետ. իսկ ,,անհովհար,,անջատումնե՞րն ինչ ուղղվածություն ունեն

  Ինչքան  ուզում է գրես ՝ միեւնույնն է,չհայտարարված, անկապ էներգետիկ  անջատումները Վանաձորում շարունակվում են ՝ ժամանակ առ ժամանակ խոչընդոտելով մարդկանց տարրական կենցաղավարման աշխատանքները, նպաստելով  ռադիո-հեռուստացույցների, սառնարանների, համակարգիչների ,,շարքից դուրս գալուն,,: Մայիսի 24-ի, շաբաթ օրվա ժամը 18-19-ի սահմաններում հերթական անկապ անջատումն էր քաղաքի մի շարք թաղամասերում: Այսինքն չգիտենք ՝ անկա՞պ էր / այնպես, ինչպես նախօրեի գիշերվա ժամը 1-ի կեսժամանոց անջատումը /, թե՞ պայմանավորված էր ՆՏՎռուսաստանյան ալիքի շաբաթօրյա քաղաքական հաղորդումներով, որոնց անոնսը 1շաբաթ շարունակ տարվում էր ՆՏՎ-ով: Չէի ասի, թե եթերային հնարավոր գրաքննությունը միանշանակ արեւմտամետ ծրագրով է աշխատում  կամ ինչ-որ մեկի ,,ջանը ցավում է,, ուկրաինական ազգայնականների իմիջի համար, ու ցանկանում են այդ հաղորդումների ժամին լռեցնել Ռուսաստանի ձայննն ընդդեմ ուկրաինական նացիոնալիստների:Երբեմն էլ գրաքննության ձեռքը թեքվում է դեպի ,,Ազատություն,, ռադիոկայան, ու մեկ էլ տեսար ՝ երեկոյան թողարկման ժամին ,,Ազատության,,հաճախականության վրա ,,Գոլոս Ռոսսիի,, է ընթանում: Պարզապես՝ ինչ-ինչ ուժեր ժամանակ առ ժամանակ որոշում են, թե որ ալիքով ներկայացվող հաղորդումը կարող է ,,հակացուցված,, լինել ժողովրդին. եթե հեռուստատեսությամբ է ՝,,կարելի,, է հոսանքազրկել տարբեր թաղամասեր, իսկ, առավելապես ՝,,կաբելայինի,, թաղամասը, որի հոսանքազրկվելու դեպքում ՝անգամ հոսանք ունեցող այլ թաղամասում չեն կարող հեռուստացույց դիտել, եթե կաբելայինի բաժանորդ են, քանի որ բոլոր հեռուստաալիքները ՝կաբելային տիրույթում գործող , էներգետիկ անջատման ժամանակ անհետանում են էկրանից: /Դե մետրային հաճախականությամբ ոչ ՆՏՎ կա, ոչ ,,Ռոսսիա,, եւ այնտեղ միակ ,,այլընտրանքը,, ,,Երկիրն,, է, որն էլ է ժամանակ առ ժամանակ օրերով անհետանում թե մետրայինի, թե կաբելայինի եթերից /:Եթե ,,հակացուցված,, հաղորդումը ռադիոյով է ՝ ,,Ազատությունով,, ուրեմն ,,կարելի,, է այդ ժամին ոչ միայն ,,Գոլոս Ռոսսիի,,հեռարձակել. մյուս տարբերակը ,,Ազատության,, հաղորդման խոտանային որակն ,,ապահովելն,, է ՝զիլ ազդանշաններով ու  սուլոցներով, աղմուկով, հաճախականությունից հաճախականություն փոխադրելով  / այնպես, ինչպես խորհրդային տարիներին ընթանում էր ,,Ամերիկայի ձայնի,, թողարկումը ռադիոյով /: Մեզ  հաջողվեց պարզել, որ ՆՏՎ-ով մայիսի 24-ի երեկոյան ընթացող քաղաքական հաղորդումը արբանյակային ալիքով էլ ընթանում էր առանց ձայնի, միայն պատկերների մատուցմամբ: Ի դեպ, մետրային հաճախականությամբ Վանաձորում մի քանի օր եթերից անհետացել էր ,,Ռոսիա-պլանետա,,-ն, ու մարդիկ վախենում էին, թե մի օր էլ  ընդհանրապես կզրկվեն այդ ալիքից. այնպես, ինչպես տարիներ առաջ Վանաձորում մետրայինից հանվեց ORT-ն:,,Էկրանի վրա ինչ-որ վրացերեն բառեր էին գրված,,- ,,Ռոսիա -պլանետա,,,-ի մի քանի օրյա անջատումն այսպես ներկայացրեց մետրայինից օգտվող հեռուստադիտողներից մեկը:Հետաքրքիր է, չլինի՞ արդեն տարածաշրջանի պաշտոնական լեզուն վրացերենն է, ու Վրաստանում են որոշում, թե Հայաստանում ինչ ալիք դիտեն, կամ ՝միգուցե հեռարձակման ,,մաքսատուրք,, են պահանջում:Հնարավոր է նաեւ, որ մետրայինով ռուսական ալիքների դեմ ,,սանկցիայի,, նպատակը հեռուստադիտողների ավելի մեծ լսարանի կաբելային կամ արբանյակային ցանցեր տեղափոխելն է ՝ այդ ցանցերի վճարովի ծառայությունների աշխատանքների խթանման նպատակով: Դե քանի որ երկիրս համ Ռուսաստանի հետ է մաքսային միության մեջ մտնելու պատրաստությունների մեջ, համ էլ Եվրամիության հետ համագործակցությունն էլ ձեռքից բաց չի թողնում /Ադրբեջանին տանկեր ծախող Ռուսաստանի ,,ինադու,,/, ուստի երեւի թե մեր գրաքննությունն էլ երկգլխանի է, ու մի օր հակառուսական ուղղվածություն ունի, մի օր ՝հակաարեվմտյան, մի օր ՆՏՎ-ի ու ,,Ռոսսիա-Պլանետա,,-ի դեմ են պայքարում, մի օր ՝ ,,Ազատություն,, ռադիոկայանի: Իսկ ի՞նչ ուղղվածություն ունեն էներգետիկ ,,անկապ,, անջատումները, որոնցից հերթականը Վանաձորում մայիսի 25-ին էր ՝կիրակի օրը, ժամը 13-14-ի սահմաններում:Էլ բանուգործ չունե՞ն մարդիկ, պետք է կենցաղը համապատասխանեցնեն սեփականաշնորհված ՀԷՑ-ի կամայական ռեժիմին, ու մի օր հեռուստացույց նորոգողի մոտ վազեն, մի օր ՝ռադիո նորոգող փնտրեն / ասում ենք ՝,,փնտրեն,,  քանի որ ռադիոնորոգողները Վանաձորում դեֆիցիտ են, որովհետեւ  այս ոլորտի հատուկենտ մասնագետների մի մասն իմաստ չի տեսնում 2000դրամանոց ռադիո նորոգելու  վրա նույնքան ծախս անել, ու ռադիատիրոջը խորհուրդ են տալիս չինական նոր ,,խոտան,, գնել /: Իսկ հաճախակի անջատումների հետեւանքով փչացող սարքերի վնասի հատուցումը ուտոպիայի ժանրից է: Հետո էլ ասում են ՝,,Ամեն ինչ հանուն ժողովրդի,,: Հիմա էլ հո ձմեռ չէ՞, որ ասեն ՝,,Գծերը ծանրաբեռնվածությանը չեն դիմանում,,: Թե՞ հիմա էլ կարկուտն ու հորդառատ անձրեւը կարող են պատճառաբանել ՝ որպես անսպասելի անջատումների ,,դեպք հանցանաց,,: Իսկ չէ՞ որ այդ նույն կարկուտն ու հեղեղը խորհրդային տարիներին էլ կային, բայց հազիվ թե որեւէ մեկը հիշի մի դեպք, երբ մարդկանց հոսանքազրկեին պետական, տեղական կամ ,,գեղական,, մակարդակով: Հետաքրքիր է, կառավարության նոր ծրագրում կա՞ որեւէ կետ էներգետիկ անջատումների ներկայի ու ապագայի մասին, ի վերջո որքա՞ն պետք է շարունակվեն դրանք: Մինչեւ ե՞րբ պետք է մարդիկ գիշերը Հ2-ով ներկայացվող ,,լավաշ,, ցուցակին հետեւեն, ու փորձեն տեղեկանալ, թե արդյո՞ք իրենց քաղաքը կամ գյուղը, թաղամասը ներառված է այդ ցուցակում:Ի դեպ, բնակավայրերի մի մասում ընդհանրապես Հ2 չկա, քանի որ այդ բնակավայրերը մետրային կապ չունեն,արբանյակայինով էլ Հ2 չկա: Բա ու՞մից իմանան, որ անակնկալի չգան, ու նախօրոք պլանավորեն իրենց կենցաղը:                                                                              ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                 

вторник, 20 мая 2014 г.

Ինքնազոհաբերման կոչ ՝հայ կանա՞նց, թե՞ բռնության քարոզչություն

Գենդերային քաղաքականության շնորհիվ հայ իրականության մեջ ընդունված ,,ախչի,, գռեհիկ դիմելաձեւն արդեն սկսել է տեղը զիջել ,,արա,,նույնքան գռեհիկ դիմելաձեւին.այսինքն, արդեն սեռական խտրականություն չկա, եւ կնոջն էլ ,,կարելի,, է տղամարդկանց համար ,,նախատեսված,, ,,արա,,-ով դիմել, այնպես, ինչպես  ,,Արմենիայով,, ընթացող ,,Հարազատ թշնամի,,սերիալի մայիսի 19-ի հերթական սերիայում, երբ գլխավոր հերոսը ՝բանտում գտնվող, դիմելով իրեն այցելության եկած, նորամանուկը գրկին կնոջը, գազազած բղավում է ՝գժի հայացքով նայելով.,,Էս ու՞ր ես եկել, արա, ինչի՞ ես եկել, արա, երեխուն ինչի՞ ես բերել, արա...,,: Կինն էլ, մատաղացու գառան հեզ ու խոնարհ հայացքով, ամուսնու ՝ ատելությամբ լցված հայացքից կուչ եկած ու սարսափն աչքերի մեջ / սարսափ, ոչ թե ,,մատաղվելու,, վախից, այլ ՝ իր գռեհիկ ու լկտի, ծեծկռտուքի մեծ վարպետ ու սիրահար, արնախում ու բռնակալ ամուսնու սերը կորցնելու ահից /, շարունակում է հնազանդության տուրք մատուցել, վիրավորանքները կուլ տալ եւ անգամ ՝փարվել ամուսնուն եւ սիրո ու նվիրվածության խոսքեր շշնջալ: Անգամ այն դեպքում, երբ ամուսինն սպառնում է ջարդել բոլոր նրանց գլուխը, ովքեր կհամարձակվեն իրեն զրկել երեխայից / պարզ ակնարկելով նաեւ կնոջը /, կինը, ատրուշանի առջեւ երկրպագող մոլեռանդ պարսիկի նման ՝ հիստերիկ ճչում է հեռախոսով.,,Ուզում եմ քո ձեռքով մեռնել,,:Լավ, այս հերոսուհու կերպարը մարմնավորող դերասանուհին սցենարիստի մեղքը չի գալի՞ս, որ մոտ երկու տարի շարունակ ՝,,կտտանքների,, ու նվաստացումների է ենթարկում:Փաստորեն, անցած-գնացած ,,Դժվար ապրուստ,, սերիալի ,,Սյուզկային,,/ որ պարբերաբար բռնության էր ենթարկվում խանդից գազազած ամուսնու կողմից / ,,Հարազատ թշնամի,, սերիալում փոխարինել են  ,,Էմկայով,,.այն տարբերությամբ, որ էմկային ավելի շատ հոգեբանական  բռնության ու նվաստացումների են ենթարկում:Դե ,,Սյուզկան,, ամրապինդ, ամրակազմ, այլ կերպ ՝,,ջանը տեղը,, աղջիկ էր, երեւի դրա համար նրան ֆիզիկական բռնության էին ենթարկում, իսկ ,,Էմկան,, փխրուն, հեզաճկուն, եթերային / նաեւ ՝հմայիչ  գեղեցկությամբ / էակ է, ու դրա համար որոշել են հոգեբանական բռնության ու նվաստացումների ենթարկել: Հետաքրքիրն այն է, որ ֆիլմի գլխավոր հերոս, բռնակալ ու բռի երիտասարդը /որին Երե-1-ի Վիպոյանը կասեր ՝,,Ոչ միայն քաղաքակիրթ չես, այլեւ գյուղակիրթ էլ չես,, / մեծացել է պապական ,,ժառանգվող,, ոստիկանապետի  ընտանիքում, եւ ինքն էլ, ոստիկանապետ հայրն էլ աչքի են ընկնում հակառակորդներին սպառնալու նույն բառապաշարով. ,,Գլուխդ կջարդեմ,,  ,,արունդ կխմեմ,,  ,,Դու իմ ձեռով ես գնալու,, եւ այլ  ,,արյունարբու,, սպառնալիքներ, որոնց իրականացնելու գործում, սակայն, որդին հորից տարբերվում է իր ,,աչքաբացությամբ,,: Այսքան ագրեսիա կարելի՞ է ցուցադրել, կամ միգուցե՝քարոզել.նայած հեռուստադիտողի հակվածությանը:Օր չկա, որ երկու ,,խնամիները,, դարավոր ոսոխների նման միմյանց դեմ նորանոր դավեր չնյութեն կամ միմյանց ,,ինտիմ արխիվները,, քրքրելով ՝ կոմպրոմատներ չհավաքեն ու չչարախնդան իրենց ծրագրերն իրագործելուց կամ ՝ հեռանկարից անգամ:Տղամարդու պարկեշտությունը ֆիլմում ներկայացվում է որպես ,,էշություն,,.ահավասիկ, մայիսի 19-ի թարմ սերիայում Կարպիչի որդին մորը հարցնում է.,,Կարող ա՞ ճակատիս էշ ա գրված,,:Իր իրավունքներն իմացող, ուղղամիտ ու ազնիվ կինն այստեղ համարվում է ,,անդաստիարակ,,.,,Էդ անդաստիարակը կարող ա՞ էլի վրիցդ թռել ա, արա,,-որդուն հեգնում է Կարպիչը, որի համար մեծ դժբախտություն է, որ կրտսեր որդին հանգուցյալ ավագ որդու նման բացասական հատկանիշներով, բռնակալական հակումներով աչքի չի ընկնում, ու ապագա կնոջը չի նայում որպես սեփականություն  եւ հաշվի է նստում նրա հետ:Գռփելը, թալանելը կարծես թե համարվում է հզորության ապացույց, ու, ըստ այդ գաղափարախոսության թե համոզմունքի ՝ Կարպիչը ,,փիքր է անում,, որ ինքը մարդ է ման գալիս, որ ,,քցում անի,, ու տարածքը ձեռքից առնի, բայց իր սանիկներին են փորձում ,,քցում անել,,:Փաստորեն, ֆիլմում գործում է այն գաղափարը, որ ,,դու չգցես, քեզ կգցեն,,: Ի դեպ, հերթական սերիայում՝մայիսի 19-ի, մի նոր աբսուրդ հայտնվեց. Կարպիչը, որ նախորդ սերիաներում իր թիկնապահ-վարորդին Վալոդ էր ասում, հիմա սկսեց դիմել Կորյունով. ,,Կորյուն Վլադիմիրովիչ,,: Հետաքրքիր է, սցենարի՞ստն է մոռացել, որ Կորյունին Վալոդ էին ասում, թե՞՝ Կարպիչը: Կամ էլ ՝հեռուստադիտողի հիշողությունն են ստուգում եւ ֆիլմին հետեւելու աստիճանը: Իսկ միգուցե ֆիլմն էկրանավորողների կամար ամենակարեւորը ՝ 10-15 րոպեն մեկ ֆիլմն ընդմիջող լոտոյաբազության գովա՞զդն է.,,Լոտո-աշխատավարձ, ջնջեք եւ 12 ամիս աշխատավարձ ստացեք,, ,,Աշխատանքային ստաժ չի պահանջվում,,/ ,,լոտո-աշխատավարձ,, ստանալու համար /, ,,Չունենք ղեկավար,, ,,Ես եմ իմ ղեկավարը, ո՜չ մի ղեկավար չունեմ...,,: Եւ կամ էլ կենսաթոշակային- կուտակային  քարոզչությունն է հնչում ֆիլմի ընդմիջումներին:Մարդիկ մի տարի կլինի ՝բղավում,ցույցեր են անում ՝ընդդեմ կենսաթոշակային ,,չարեփոխումների,, իսկ այդ օրենքը համառորեն ,,խցկում,, են մարդկանց ականջներն անգամ ՝ սերիալների ժամին. թերեւս, մտածելով, որ միայն սերիալների ժամին կարող են մարդիկ ստիպված ,,ականջները դեմ տալ,, ու լսել, թե ինչպիսի մեծ ,,առավելություններ,, ունի այդ օրենքը:                   ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


воскресенье, 18 мая 2014 г.

Հայ հեռուստադիտողի հարազատ թշնամին

     Ավելի քան մեկ տարի շարունակ ,,Արմենիա,, հեռուստատեսությամբ ընթացող ,,Հարազատ թշնամի,,սերիալը դարձել է հայ հեռուստադիտողի ամենաիսկական հարազատ թշնամին:Ֆիլմը ծամոնի նման հա ձգում ու ձգում են ՝կրկնվող տեսարանների միջոցով, հերոսների հիշողությունների բազմակի վերարտադրությամբ, հերոսներին մի քանի անգամ հիվանդանոց գցելով ու սրա-նրա սիրտը պատվաստելով...Արդեն սկսում ես կասկածել ՝ չլինի՞ քաղաքական պատվեր է ՝ հանրությանը զոմբիացնելու, ֆիլմային կախվածություն առաջացնելու   ու կառավարելի դարձնելու , սոցիալական ու ներքաղաքական կարեւոր խնդիրներից շեղելու  նպատակով: Բայց հենց ֆիլմն էլ նպաստում է, որ հեռուստադիտողն ակամա ներգրավվի քաղաքականության մեջ, ու սկսի մտածել, օրինակ, թե ինչո՞ւ ֆիլմում պատեհ-անպատեհ առիթով տուրք է տրվում օտարամոլությանը, որի մի դրսեւորում նախ եւ առաջ հերոսների անունների օտարահունչ լինելն է կամ հայկական անունների օտարահունչ աղավաղումները. Մաքս, Ժեննի, Լիլի, Լյուսի, Ռենա, Սիմա, Իռեն, Էմմի, Ժակլին, Վիտյոկ /ռուսական Վիկտորի աղավաղված ձեւն էլ ֆիլմում հաճախ դառնում է Վիտուս /, Բաբի, Տանո  / այս վերջին 2 անուններն էլ իբր երեխաներին մանկատանը կնքած կեղծանուններ են, ու այդպես էլ հեռուստադիտողի համար անհայտ է մնում   երեխաների իսկական անունները /: Նախորդ սերիալներից էլ որոշեցին ,,Հենրի,, անունը ներմուծել : Հիշեցնենք, որ ,,Արմենիայի,, նախորդ սերիալներում էլ հայերի շրջանում ոչ այնքան տարածված  արտասահմանյան անուններ էին ՝Դանա, Յանա, Գաբի: Օտարամոլությունը ֆիլմում հասել է այն աստիճանի, որ ռուսախոս թիֆլիսեցու կերպար են ներմուծել, ու նրա եւ զրուցակիցների ռուսերեն զրույցներն անգամ հայերեն չեն թարգմանվում, ինչը բացահայտ  ու անիմաստ տուրք է  ռուսամոլությանը, արհամարհանք ՝ սեփական լեզվի ու լեզվի տեսչության նկատմամբ ու շեղում ՝ ազգային արմատներից:Ֆիլմը աբսուրդի պակաս չունի. ահավասիկ. սովորաբար նորածին երեխան մի քանի ամիս բարուրի մեջ պինդ-պինդ փաթաթված է լինում, որ ոտքերն ուղիղ լինեն, մինչդեռ այդտեղ մի քանի շաբաթականի թե օրականի կարգավիճակով երեխան արդեն ,,շալվարիկ,, էր հագնում: Ծննդաբերության օրերը մոտեցող հղին էլ հղիի նման չէր, եւ միայն այն բանից հետո, երբ համացանցում այդ առթիվ դիտողություն եղավ, մի քանի սերիա հղիին հղիի տեսքի բերին, մի քանի օր էլ ,,ստիպեցին,, որ ,,փորիկը,, գաղտնի պահի մասսայական տեսարաններից ու ավելի հաճախ էկրանին հայտնվի մեջքով ՝աստիճաններով բարձրանալիս, ու ,,ափալ-թափալ,, ,,քշեցին,, ծննդատուն:Մոտ երկու տարի  ֆիլմի միջոցով բացասական արժեքներ են ներմուծվում հասարակությանը, ներկայացնելով / միգուցե ՝ ,,ուսուցանելով ,,/, որ հայ երիտասարդ, կրթված, բարոյական բարձր չափանիշներով կինը կարող է դառնալ իր ավարա ու շփացած, բռնակալական հակումներով ամուսնու գերին, նվաստացումներ կրի ու անընդհատ հանդուրժի նրա կոպիտ վերաբերմունքը, ու անգամ իր հոր նկատմամբ 2 անգամ մահափորձ անելուց հետո շարունակի նրան ,,գլխին դրած,, պահել:Այդ նույն կերպ էլ նրա մայրն է առաջնորդվել ՝ հանցագործ ամուսնու կողմից ողջ կյանքում նվաստացումներ կրելով ու դա օրինաչափություն համարելով / իսկ ամուսնու կողմից մշտապես հնչող ,,շաշ գեղացի,, արտահայտությունը խնդմնդալով ընկալել  որպես ,,հաճոյախոսություն,, /: Ու այս կերպարներով էլ նոր սերունդ է դաստիարակվում, եւ այս կարգի ֆիլմերի ազդեցության տակ արդեն փողոցում էլ ենք տեսնում, թե ինչպես է երիտասարդ ամուսինը կնոջ վրա բղավում կամ ,,անզգույշ քաշքշում,,: Բարեբախտաբար, ի տարբերություն նախորդ ֆիլմերի, կանանց նկատմամբ բռնության դաժան տեսարաններ չկան, բայց կան  կնոջ նկատմամբ սեփականատիրական մոտեցման դրսեւորումներ: ,,Իմ կնիկն ա, ոնց ուզեմ ՝կվարվեմ, իմ սեփականությունն ա, հարցե՞ր...,,-ցինիկաբար հայտարարում է գլխավոր հերոսը, եւ այս կերպարը ներմուծվում է հասարակություն ՝որպես բարոյական արժեք:  Բավական չէ, որ ամուսինը կնոջ նկատմամբ սեփականատիրական մոտեցում է ցուցաբերում, դեռ բանտից սպառնում է երեխան խլել ու, փաստորեն, մայրությունից զրկել . պատճառը՞ ՝կինը փորձել է չներել իր հոր նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվող ամուսնուն. մինչդեռ մայրությունից կարող են զրկել  հիմնականում այն դեպքում, երբ կինն իր բարոյական հատկանիշներով իրավունք չունի երեխա դաստիարակել: Իսկ այդ երիտասարդ բռնակալին անգամ ոստիկանապետ հայրը չի փորձում  հասկացնել, որ նա իրավունք չունի նման քայլի դիմել: Ավելին ՝նա ինքն է նախահարձակ լինում ու գնում թոռանը պահանջում, հարսի ձեռքից վերցնում ու ասում ՝ ,,Աղջիկ ջան, ես երեխուն վերցնում եմ ՝տանեմ, էս երեխան պետք ա մեր տանը մեծանա, թե ուզում ես ՝կարող ես հետը գալ,,: Այ քեզ բա՜ն... Ուղղակի ցնցող է :Ֆիլմի միակ դրական հերոսը ՝ զերծ բացասական գծերից, դա նախկին գեներալ, թոշակառու Բալայանն է, որի բարի, խաղաղասեր ու արդարամիտ կերպարը լավագույնս հաջողվել է դերասան Գուժ Մանուկյանին, ով, ի տարբերություն  ոստիկանապետ ,,որդու,, ու ,,թոռան,, ՝ խոսում է բացարձակ գրական, մաքուր հայերենով, զերծ որեւէ ժարգոնից, իսկ ,,թոռանն,, էլ ոչ թե ,,որդու,, նման խրատում է ,,չափալաղով,, կամ ,,այ լակոտ,, ասելով, այլ ՝բարոյախոսությամբ ու բացատրական, համոզիչ աշխատանքներով:                                                          

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

суббота, 3 мая 2014 г.

Կեցցե մայիսի մեկը ՝հացի գնի բարձրացումը. ուռռա՜, ընկերներ, ուռռա՜....

    Մինչ իշխանությունների համար վաղուց ի վեր որեւէ լուրջ վտանգ չներկայացնող կոմունիստական կուսակցության վերջին մոհիկանները մայրաքաղաքում կարմիր դրոշներով, պիոներական վզկապներով ու թմբուկներով  մայիսմեկյան շքերթի էին դուրս  եկել, ու գովերգում էին դեռեւս չձեւավորված  մաքսային միությունն ՝իբր նախկին սովետական միության վերստեղծման նոր մոդել,վերհիշում 200տարի առաջ տնից դուրս եկած եւ, ցավոք, այլեւս չվերադարձած հայ նոր գրականության հիմնադիր, հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանին / ,,օրհնվի էն սհաթը, որ ռսի ոտը հայոց աշխարհ մտավ,, խոսքերի համար /, Պուտինին էլ գովերգում նրա համար, որ ՌԴ նախագահն է, ու Ռուսաստանի դեսպանատան առջեւ հավերժ երախտիքի տուրք էին մատուցում ՝քծնանքի աննախադեպ դրսեւորումներով, հայ ժողովրդի հաց-հանապազօրյան մայիսի մեկից թանկացավ / արդեն չենք էլ հիշում, թե որերորդ անգամ /: Ու չնայած Վանաձորի խանութներում հացի թանկացումն սկսվեց մայիսի մեկից, սակայն գնորդներից ոմանք մայիսի 3-ին միայն զարմանքով արձանագրեցին թանկացումը.,,Էս հացը թանկացել է՞...Չեն էլ հայտարարում, ուղղակի թաքուն թանկացնում են,,-նկատեց թանկացումն արձանագրած գնորդներից մեկը, ինչին ի պատասխան վաճառողը մեղավոր տեսքով ասաց.,,10 դրամով է թանկացել,,: Հարկ է նկատել, սակայն, որ որոշ խանութներում հացը հատավաճառի մեջ ոչ թե 10, այլ ՝20 դրամով է թանկացել / օրինակ ՝,,Հրազդանը,,180-ից դարձել է 200դրամ /: Պատկերն առավել տխուր կլինի գյուղերում, որտեղ հացը քաղաքից գնում-վերավաճառում են: Ընդունված օրինաչափություն է, մի բան որ էժանացնում են, մի ուրիշը պետք է թանկացնեն: Լոռեցիներից մեկն իր սոցիալական ծանր վիճակը պատկերավոր նկարագրելու նպատակով ասում է ՝,,Դե մի տեղից ճմթում ՝մի ուրիշ տեղ եմ դնում, մի տեղից կտրում ՝ մի տեղ կարկատում եմ,,:Հիմա մեր կառավարողները կամ շուկայական մաֆիան է ՝ սեփական կամ պետական բյուջեի մի ճեղք փակելու համար որոշել են այս անգամ ,,ճմթել,, հացից ՝ հատավաճառի մեջ 10-20 դրամ ավելացնելով ՝ որպես էժանացած ձվի փոխարինիչ՚: Հարկ է հիշատակել, որ ձուն վերջերս փոքր-ինչ էժանացել է ՝կրկնակի թանկացումից հետո, եւ արդեն 50դրամանոց ,,մանրապճեղ,, ձվեր են հայտնվել առեւտրի կետերում:Էժանացել է նաեւ ռուսական ձեթը ՝ որպես հայ-ռուսական դարավոր բարեկամության ապացույց:Որոշ խանութներում էլ ռուսական օղու զեղչեր են:  Դե հո չե՞ն կարող ամառվա շեմին, 25-30աստիճան տաքության պայմաններում արեւի տակ ,,եփած,, ձու վաճառել ՝ բնակչությանը  թունավորելով. մանավանդ, որ տեղական արտադրողները ներմուծված ձվերին հակագովազդ անելիս ակամա խոստովանեցին, որ ձվի պահպանման ժամկետը 25 օրն է:Ու հիմա  շուկայական մաֆիան, սերիալային լեզվով ասած ՝ հացից է ,,չամռվել,, ու որոշել թանկացնել, առավել եւս, որ  պահը ,,բարենպաստ է,, թանկացումներ անելու համար. թոշակների, նպաստների ու աշխատավարձերի բաշխման շրջան է:Չի բացառվում ,որ հենց այդ պատճառով այս թանկացումն էլ սեզոնային բնույթ կրի / ինչը հաճախ է պատահում ՝նպաստների, թոշակների ու աշխատավարձերի բաշխման ժամանակահատվածում այն տրամաբանությամբ, որ եթե ժողովրդի ձեռքին փող կա, ուրեմն կարելի է ,,թեյավճար,, փախցնել .,,սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես,, ՝ինչպես ասում էր ,,Մենք ենք, մեր սարերը,, ֆիլմի հերոսը / : Իսկ մայիսը կրկնակի բարենպաստ է թանկացման համար, քանի որ այդ ամենին նաեւ սկսված ու սկսվելիք տոներն են գումարվում / մայիսի 1, մայիսի 9.../: Մինչդեռ  շատերը թոշակ-նպաստով հազիվ պարտքեր են փակում: Ահավասիկ ՝մայիսի 2-ին աղքատության  ու չարքաշ կյանքի դառը կնիքը խորշոմած դեմքին ու հագուկապի մեջ ՝մի ծեր տատիկ, մտնելով առաջատար խանութներից մեկը ՝դիմեց վաճառողին.,,Աղջիկ ջան, էս փողը վե կալ ու հլա որ էլ փող չուզես,,: Վաճառողն էլ ,,նիսյաների,, տետրը բացեց ու տատիկի պարտքը մի քանի հազարով ,,թեթեւացրեց,,: Նախորդ վարչապետն ասում էր, թե անապահով խավերի համար  թանկացած գազի սուբսիդավորում կլինի: Իսկ ինչպե՞ս են փոխհատուցվելու պարբերական ,,ստվերային,, թանկացումները տոնական կամ աշխատավարձային օրերին եւ կամ ՝առհասարակ ՝կապված շուկայական ,,մաֆիային,, խիստ անհրաժեշտ ,,ձեռի ծախսի,, փողերի հույժ անհրաժեշտության հետ. նման դեպքերում ժողովուրդն ասում է ՝,,Դե տղեքին նաղդ փող է պետք,,:Չի բացառվում, որ հացի թանկացումն էլ սեզոնային լինի, քանի որ հացն այնքան վատ է իրացվում ՝ մարդկանց գնողունակության պատճառով, որ առեւտրի կետերում երբեմն հնացած հաց է վաճառվում ՝զեղչով. այնպես, ինպես դժվարությամբ է իրացվում խմորեղենը ՝մարդկանց գնողունակության պակասի պատճառով, ու դրա համար խանութներից ոմանք նախընտրում են տոնից տոն խմորեղեն ստանալ, որ իրենց ,,վրա,,չմնա, քանի որ հնացած խմորեղեն վաճառելն արդեն վտանգավոր է առողջության համար: Դա չի խանգարում, սակայն, որ տոնական օրերին էլ խմորեղենի գները թանկացնեն. այնպես, ինչպես Զատիկին ու մայիսի մեկին: Ի դեպ, Զատիկի նախօրեից թանկացած ներմուծված ձկների գինն այդպես էլ ,,մնաց ու մնաց,, 1կգ-ի 1000դրամ-ից դառնալով 1300դրամ: Հատկանշական է, որ հացի գնի բարձրացման պայմաններում որոշ խանութներում ալյուրի գինը նույնն էր, եւ միայն որոշներում էր բարձրացել:Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում Վանաձորի կենտրոնական հատվածներում 5 առաջնակարգ, տարիներ շարունակ գործող մթերային խանութ է փակվել, եւ մեկ ՝ տնտեսական, ինչը խոսում է  ոչ միայն բնակչության թվաքանակի անկման, այլեւ ՝ժողովրդի գնողունակության պակասի մասին:                                                                               ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ