Մինչ իշխանությունների համար վաղուց ի վեր որեւէ լուրջ վտանգ չներկայացնող կոմունիստական կուսակցության վերջին մոհիկանները մայրաքաղաքում կարմիր դրոշներով, պիոներական վզկապներով ու թմբուկներով մայիսմեկյան շքերթի էին դուրս եկել, ու գովերգում էին դեռեւս չձեւավորված մաքսային միությունն ՝իբր նախկին սովետական միության վերստեղծման նոր մոդել,վերհիշում 200տարի առաջ տնից դուրս եկած եւ, ցավոք, այլեւս չվերադարձած հայ նոր գրականության հիմնադիր, հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանին / ,,օրհնվի էն սհաթը, որ ռսի ոտը հայոց աշխարհ մտավ,, խոսքերի համար /, Պուտինին էլ գովերգում նրա համար, որ ՌԴ նախագահն է, ու Ռուսաստանի դեսպանատան առջեւ հավերժ երախտիքի տուրք էին մատուցում ՝քծնանքի աննախադեպ դրսեւորումներով, հայ ժողովրդի հաց-հանապազօրյան մայիսի մեկից թանկացավ / արդեն չենք էլ հիշում, թե որերորդ անգամ /: Ու չնայած Վանաձորի խանութներում հացի թանկացումն սկսվեց մայիսի մեկից, սակայն գնորդներից ոմանք մայիսի 3-ին միայն զարմանքով արձանագրեցին թանկացումը.,,Էս հացը թանկացել է՞...Չեն էլ հայտարարում, ուղղակի թաքուն թանկացնում են,,-նկատեց թանկացումն արձանագրած գնորդներից մեկը, ինչին ի պատասխան վաճառողը մեղավոր տեսքով ասաց.,,10 դրամով է թանկացել,,: Հարկ է նկատել, սակայն, որ որոշ խանութներում հացը հատավաճառի մեջ ոչ թե 10, այլ ՝20 դրամով է թանկացել / օրինակ ՝,,Հրազդանը,,180-ից դարձել է 200դրամ /: Պատկերն առավել տխուր կլինի գյուղերում, որտեղ հացը քաղաքից գնում-վերավաճառում են: Ընդունված օրինաչափություն է, մի բան որ էժանացնում են, մի ուրիշը պետք է թանկացնեն: Լոռեցիներից մեկն իր սոցիալական ծանր վիճակը պատկերավոր նկարագրելու նպատակով ասում է ՝,,Դե մի տեղից ճմթում ՝մի ուրիշ տեղ եմ դնում, մի տեղից կտրում ՝ մի տեղ կարկատում եմ,,:Հիմա մեր կառավարողները կամ շուկայական մաֆիան է ՝ սեփական կամ պետական բյուջեի մի ճեղք փակելու համար որոշել են այս անգամ ,,ճմթել,, հացից ՝ հատավաճառի մեջ 10-20 դրամ ավելացնելով ՝ որպես էժանացած ձվի փոխարինիչ՚: Հարկ է հիշատակել, որ ձուն վերջերս փոքր-ինչ էժանացել է ՝կրկնակի թանկացումից հետո, եւ արդեն 50դրամանոց ,,մանրապճեղ,, ձվեր են հայտնվել առեւտրի կետերում:Էժանացել է նաեւ ռուսական ձեթը ՝ որպես հայ-ռուսական դարավոր բարեկամության ապացույց:Որոշ խանութներում էլ ռուսական օղու զեղչեր են: Դե հո չե՞ն կարող ամառվա շեմին, 25-30աստիճան տաքության պայմաններում արեւի տակ ,,եփած,, ձու վաճառել ՝ բնակչությանը թունավորելով. մանավանդ, որ տեղական արտադրողները ներմուծված ձվերին հակագովազդ անելիս ակամա խոստովանեցին, որ ձվի պահպանման ժամկետը 25 օրն է:Ու հիմա շուկայական մաֆիան, սերիալային լեզվով ասած ՝ հացից է ,,չամռվել,, ու որոշել թանկացնել, առավել եւս, որ պահը ,,բարենպաստ է,, թանկացումներ անելու համար. թոշակների, նպաստների ու աշխատավարձերի բաշխման շրջան է:Չի բացառվում ,որ հենց այդ պատճառով այս թանկացումն էլ սեզոնային բնույթ կրի / ինչը հաճախ է պատահում ՝նպաստների, թոշակների ու աշխատավարձերի բաշխման ժամանակահատվածում այն տրամաբանությամբ, որ եթե ժողովրդի ձեռքին փող կա, ուրեմն կարելի է ,,թեյավճար,, փախցնել .,,սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես,, ՝ինչպես ասում էր ,,Մենք ենք, մեր սարերը,, ֆիլմի հերոսը / : Իսկ մայիսը կրկնակի բարենպաստ է թանկացման համար, քանի որ այդ ամենին նաեւ սկսված ու սկսվելիք տոներն են գումարվում / մայիսի 1, մայիսի 9.../: Մինչդեռ շատերը թոշակ-նպաստով հազիվ պարտքեր են փակում: Ահավասիկ ՝մայիսի 2-ին աղքատության ու չարքաշ կյանքի դառը կնիքը խորշոմած դեմքին ու հագուկապի մեջ ՝մի ծեր տատիկ, մտնելով առաջատար խանութներից մեկը ՝դիմեց վաճառողին.,,Աղջիկ ջան, էս փողը վե կալ ու հլա որ էլ փող չուզես,,: Վաճառողն էլ ,,նիսյաների,, տետրը բացեց ու տատիկի պարտքը մի քանի հազարով ,,թեթեւացրեց,,: Նախորդ վարչապետն ասում էր, թե անապահով խավերի համար թանկացած գազի սուբսիդավորում կլինի: Իսկ ինչպե՞ս են փոխհատուցվելու պարբերական ,,ստվերային,, թանկացումները տոնական կամ աշխատավարձային օրերին եւ կամ ՝առհասարակ ՝կապված շուկայական ,,մաֆիային,, խիստ անհրաժեշտ ,,ձեռի ծախսի,, փողերի հույժ անհրաժեշտության հետ. նման դեպքերում ժողովուրդն ասում է ՝,,Դե տղեքին նաղդ փող է պետք,,:Չի բացառվում, որ հացի թանկացումն էլ սեզոնային լինի, քանի որ հացն այնքան վատ է իրացվում ՝ մարդկանց գնողունակության պատճառով, որ առեւտրի կետերում երբեմն հնացած հաց է վաճառվում ՝զեղչով. այնպես, ինպես դժվարությամբ է իրացվում խմորեղենը ՝մարդկանց գնողունակության պակասի պատճառով, ու դրա համար խանութներից ոմանք նախընտրում են տոնից տոն խմորեղեն ստանալ, որ իրենց ,,վրա,,չմնա, քանի որ հնացած խմորեղեն վաճառելն արդեն վտանգավոր է առողջության համար: Դա չի խանգարում, սակայն, որ տոնական օրերին էլ խմորեղենի գները թանկացնեն. այնպես, ինչպես Զատիկին ու մայիսի մեկին: Ի դեպ, Զատիկի նախօրեից թանկացած ներմուծված ձկների գինն այդպես էլ ,,մնաց ու մնաց,, 1կգ-ի 1000դրամ-ից դառնալով 1300դրամ: Հատկանշական է, որ հացի գնի բարձրացման պայմաններում որոշ խանութներում ալյուրի գինը նույնն էր, եւ միայն որոշներում էր բարձրացել:Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում Վանաձորի կենտրոնական հատվածներում 5 առաջնակարգ, տարիներ շարունակ գործող մթերային խանութ է փակվել, եւ մեկ ՝ տնտեսական, ինչը խոսում է ոչ միայն բնակչության թվաքանակի անկման, այլեւ ՝ժողովրդի գնողունակության պակասի մասին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն