Ընդամենը 2 ամիս առաջ, ս.Զատկի նախօրեից Վանաձորում սկսվեցին տարեկան կտրվածքով նույն փողոցներում արվող պլանային, կարկատանային ասֆալտաքանդումներն ու ասֆալտապատումները: Թե որքանով էին այդ աշխատանքները որակյալ, պարզ դարձավ մայիս-հունիսյան հորդառատ անձրեւներից հետո, երբ ավտոճանապարհներին, ինչպես սովորաբար, հսկայական լճափոսեր առաջացան ՝ավտոմեքենաների ու հետիոտների համար տհաճ հետեւանքներ առաջացնելով: Իսկ Լուսավորիչ,Ղուկասյան,Տերյան փողոցներում, որտեղ դեռ անցած տարի ջրատար խողովակներ փոխեցին ու այդ նպատակով ասֆալտը քանդեցին, կարկատանային անորակ ասֆալտապատման հետեւանքով, յուրաքանչյուր անձրեւից հետո փոսերը լցվում են անձրեւաջրերով: Կ.Դեմիրճյան 28 շենքի բակում էլ անձրեւային օրերին շարունակում է լիճ գոյանալ. առնվազն վերջին 5տարում այս տարածքը մի 10 անգամ քանդել-փորել են ՝ վթարները վերացնելու նպատակով, բայց քանի որ ասֆալտ չեն արել, ուստի, թերեւս, վթարները չեն դադարել:Անցած ամիս Լուսավորչի փողոցի մի հատվածում դեռ նախորդ տարվանից սկսված աշխատանքների շարունակությունն էր ընթանում ՝ շուկայամերձ տարածքներից մինչեւ Խորենացի, ու հիմա մայթ ու ավտոճանապարհ խառնվել են իրար ՝ հողախճաքարազանգվածով անհաջող կարկատած:Ճանապարհային ոստիկանությունն էլ այս պայմաններում հաճախ ստիպված է լինում ,,հոպ-ստոպ անել,, ակամա իրավախախտ դարձած վարորդներին, ու անվերջ ,,ռազբորկաներ,, են:Նույն կարկատանային խճապատումն էլ Խորենացու ու Նժդեհի վրա է / այսպե՞ս են հարգում հայոց մեծերին, եթե նրանց անունով անվանակոչված փողոցների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է /:Լազյանի մի հատված էլ ՝ Գոշի փողոցից սկսվող, մի քանի ամիս առաջ խճապատեցին, ու այդպես էլ թողեցին:Այս հատվածում արդեն տխուր ավանդույթ է դառնում ժամանակ առ ժամանակ խճապատելն ու չասֆալտապատելը / թերեւս, այդ հատվածում գտնվող կոշկակարանոցի աշխատանքներն աշխուժացնելու նպատակով /: Ընդ որում, այս տարածքով նաեւ ավտոմեքենաներ են անցնում, եւ , դժվար չէ ենթադրել, որ անվադողերի էլ հերն է անիծվում: Անմխիթար վիճակում է նաեւ Շիրվանզադե / Լուսավորիչ խաչմերուկից մինչեւ Մոսկովյան հատվածը .այսինքն ՝ ,,Լաչինի միջանցքի,, շարունակություն, որտեղ բացօթյա առեւտրի վայր է, բայց մեքենաներն ու անցորդները նույն տարածքով են երթեւեկում, իսկ այս փողոցի մի երթեւեկելի հատվածը դեռ նախորդ տարի, աշնանը երկարությամբ քանդեցին, ու անգամ ասֆալտ չարեցին ՝ ընդամենը հողաշերտով անհաջող ծածկելով: Փողոցի անմխիթար վիճակն էլ նպաստում է երթեւեկության համար վտանգավոր իրավիճակ ստեղծելուն, քանի որ անբարեկարգ հատվածներից խուսափելու համար հետիոտներն ստիպված ավտոճանապարհով են քայլում:Առհասարակ քաղաքում գրեթե ամենուր քանդած-փորածի հետքեր են, որոնք անընդհատ հիշեցնում են հայ-գերմանական վարկային ծրագրի եւ այդ ծրագրով արված ջրատարների փոխման մասին:Վերջերս էլ Վանաձորի ,,Լոռի,, հեռուստաալիքը ներկայացրեց Նարեկացի 47 հասցեի բնակիչների բողոքը ՝ իրենց թաղամասի փոսերի վերաբերյալ. ջրատարները փոխել են, ու ասֆալտապատում չեն արել:Մի առիթով էլ ,,Միգ,, հեռուստաալիքը համանման բողոք ներկայացրեց ՝ մեկ այլ թաղամասից: Եթե քաղաքի այլ թաղամասերում էլ բնակիչներն իրենց համայնքային խնդիրների նկատմամբ հետեւողականություն ցուցաբերեին եւ բարձրաձայնեին այդ խնդիրները, ապա նման խնդիրներն ավելի քիչ կլինեին: Հավելենք նաեւ, որ մայթերն առհասարակ չեն ասֆալտապատվում, այլ միայն ՝ ավտոճանապարհահատվածները: Լավագույն դեպքում, եթե որեւէ գործարար օբյեկտ է կառուցում, իր օբյեկտի մայթն ասֆալտապատում է : Իսկ համայնքի ավագանուն կարծես ամենեւին չեն հուզում այս կարգի ,,մանր-մունր,, հարցերը...: Մի քանի ամիս հետո, հոկտեմբերին, ,,Վանաձորի օր,, տոնակատարությունն է:Տեղին կլիներ, եթե մինչ այդ հայտարարվեր տոնին նվիրված երգի ու լոգոյի մրցույթ ՝ ,,Խճապատված ու քարուքանդ իմ Վանաձոր,, թեմայով: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն