пятница, 22 мая 2015 г.

Գազի սպասարկման վարձ են ուզում, հետն էլ միանգամից են ուզում

Լոռեցիների շրջանում դժգոհություններ կան, որ ժողովրդին ,,կողոպտելու,, նոր ձեւ է գտնվել. բազմաթիվ դժգոհությունների պայմաններում մարդկանց ,,վզին փաթաթած,,   ,,սպասարկման վարձը,, ՝գազամատակարարման ոլորտում, նոր օրենքով որոշել են միանգամից գանձել ՝6 ամսվա կտրվածքով: ,,Կարող է ես էդքան չեմ ապրում, ինչի՞ պետք է միանգամից մուծեմ,,-դժգոհում է ավագ սերնդի մի կին, ում կարծիքը կիսում են շատերը.իբր շատ ուրախ են, որ այդ չպատճառաբանված ծառայության դիմաց վարձ են պարտադրում, հիմա էլ՝ միանգամից են պահանջում մուծել:Ոմանք դժգոհությամբ, բայց 3 ամսվա համար են մուծել ՝ եթե վճարումներն առձեռն են կատարել՝ վարձ հավաքողներին:Չմուծողներին սպառնում են գազամատակարարման դադարեցմամբ:,,Ասեցի էլ, որ իմ տանը վթարի մասին զգուշացնող սարք չկա, որովհետեւ տեղադրումը տեխնիկապես հնարավոր չի, իրենք էլ համոզվեցին, բայց էլի սպասարկման վարձն ուզում են՝ հերիք չի, հետն էլ միանգամից են ուզում,,-գանգատվում է լոռեցի մի տարեց կին՝ գյուղական համայնքից:

19.05.2015թ.

Սույն հարցն սկզբում բարձրացրինք ֆեյսբուք ցանցում, սակայն, տեսնելով, որ հոդվածն արձագանք է գտել վանաձորցի մտավորականության շրջանում, որոշեցինք տեղադրել նաեւ սույն բլոգում՝ ավելի մեծ լսարան ապահովելու նպատակով: Իսկ լոռեցի իմ զրուցակիցը ՝գյուղաբնակ, տեղեկանալով, որ հարցին անդրադարձել եմ ֆեյսբուքում, կեսկատակ ասաց.,,Դե ես գիտեմ, որ մինչեւ տարվա վերջ մեռնիլ չտեմ, դրա համար էլ մուծեցի 6 ամսվանը,,: Վանաձորցիներից  մեկն էլ ֆեյսբուքի իր էջում  ՝հոդվածիս հղում կատարելով,  գրել է.,,Ինչի՞ համար է գանձվում այս գումարը, դա լրիվ անհեթեթություն է, չարած բանի համար գումար են ուզում, էսա լույսի սպասարկում կմտցնեն, ջրի սպասարկում, օդի սպասարկում, չգիտեմ էլ ինչի սպասարկում...գազի ոլորտը լավ հատուկ է, ավտոմեքենաները գազ ենք լիցքավորում՝ սպասարկման վարձ, տունը գազ ենք վառում՝սպասարկման վարձ, բա բենզին լցնելուց,լույս վառելուց ինչի՞ չեք սպասարկման վարձ ուզում: Շուտով կսահմանեն մի հատուկ վճար՝ գազի սպասարկման վարձը հավաքող / սպասարկող / աշխատողի սպասարկման վճար...Համ գրում եմ, համ՝ մտածում. սրանց գլխում գաղափար չտա՞մ հիմա էլ դա սկսեն անել,,: 

Ի դեպ, գազամատակարարման ոլորտի ,,սպասարկման վարձի,, նախապատմությանն անդրադարձել եմ ,,Ժամանակ Երեւան,, թերթի 2006թվի դեկտեմբերի 22-ի համարում / տես  Zhamanak.com, 22.12.2006թ. ՝,,Գազամատակարարների ամանօրյա ,,նվերը,, բնակչությանը,,/, այնուհետ այն արտատպվեց ,,Օրինաց երկիր,, երբեմնի թերթում, մի հետաքննություն էլ գրեցի ,,Մամուլն ընդդեմ կոռուպցիայի,, տեղեկագրում:Ինչպես ասում են՝ ,,մե՞ջն ինչ կա,, ՝ որոշեցին ու անցկացրին ,,սպասարկման վարձը,,: Բա ,,Սովետի թվերին,, ինչու՞ այն չկար:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն