Հունիսի 3-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո, ասուլիս էր հրավիրվել Հայկոմկուսի սակավաթիվ կոմունիստների վերջին մոհիկանների՝ Վանաձորի գրասենյակում:Նշենք, որ ասուլիսը վարող, ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը համեմատաբար նոր սերնդի կոմունիստներից է՝90-ականների, նախկին սովետական նոմենկլատուրային կոմկուսի ապարատի հետ հեռավոր առնչություն անգամ չունի /նոմենկլատուրային ապարատը Վանաձորում վաղուց ձուլվել է իշխող ,,Հանրապետականին,, եւ կանգնել օրվա իշխանությունների կողքին /, եւ աշխատանքային վերջին ստաժը ՝ՏԻՄ համակարգում, եղել է 90-ականների վերջին՝ԲՇՏ-ում: Ա.Ղուկասյանից հետաքրքրվեցի, թե նախորդ ասուլիսը ե՞րբ էր, սակայն չհիշեց:Ավելի ուշ, իմ արխիվային նյութերի ցանկից պարզեցի, որ այն եղել է անցած տարվա մարտին:Հայաստանյան քաղաքական գործընթացներին տեւական ժամանակով չմասնակցելը բանախոսը բացատրեց նրանով, որ ապրիլ-նոյեմբեր ամիսներին՝ անցած տարվանից, գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում եւ վերադարձել է խանդավառված: Որպես օրինապաշտ կոմունիստ, Ղուկասյանը նախ ներկայացրեց մայր-կոմկուսում տեղի ունեցած նորությունները ՝ մայրաքաղաքում. այն է՝ նոյեմբերին կայացած համագումարում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվել / ես կասեի՝ վերընտրվել / ծնունդով գյումրեցի Տաճատ Սարգսյանը /: Այնուհետ անցավ հայ ժողովրդին ամենաշատը հուզող սոցիալական գերխնդրին. հոսանքի ծրագրված թանկացմանը:Նշեց, որ կոմկուսը հայտարարությամբ դատապարտել է այն:Քննադատեց ոչ միայն Ռուսաստանի կողմից սեփականաշնորհված ՀԷՑ-ում էներգիայի սակագնի , այլեւ՝ Ռուսգազարդի կողմից ավելի վաղ թանկացած գազի բարձր սակագինը, բայց՝ այդ հարցում մեղադրում էր ոչ թե Ռուսաստանին, այլ՝ՀՀ իշխանություններին՝ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի, որ պարբերաբար հաստատում է սակագների բարձրացումը. ու Ղուկասյանը դա ,,բնական,, էր համարում ներկա հասարակարգի համար:Չնայած վաղուց ի վեր կոմկուսի հանրահավաքային մարտավարությունը փոխվել է ասուլիսային մարտավարությամբ, քննարկումներով ՝ դեռ Ռուբեն Թովմասյանի ժամանակներից, սակայն վերջինս խրախուսում է հանրահավաքները՝ եթե դրանք Եվրասիական միության համար վտանգավոր չեն եւ հակառուսական ուղղվածություն չունեն: Նա դժգոհեց, որ հեռուստատեսությամբ վերջերս քաղաքական քննարկումներ, գաղափարական ,,դեբատներ,, չեն կազմակերպվում, եւ իրենց տեսակետները ներկայացնելու համար շատ քիչ ամբիոններ կան:
Թանկացումների թեմայի շրջանակում որպես նորույթ վկայակոչեց, որ ռուսաստանյան պաշտոնյաներից մեկը Ռոսիա-24 հեռուստատեսությամբ նախօրեին հայտարարել է, որ գազի գնի էժանացում է նախատեսվում,բայց՝ վստահ չէր, թե գազը Հայաստանում կէժանանա՝ այն փոխադրելու հետ կապված ,,դժվարությունների,, մշտական պատճառաբանությամբ:,,Ի՞նչ է, էդ գազը շալակած ե՞ք բերում Ռուսաստանից, թե՞ բրթելով,,- ասուլիսի ընթացքում հռետորական հարցադրում արեց վերջինս: Տնտեսական ոլորտում քննադատության մի չափաբաժին էլ հասավ վարչապետին, որին մեղադրեց ոչ միայն տնտեսությանը չտիրապետելու մեջ, այլեւ՝ որ նա Վանաձոր այցելելով փոխանակ քիմգործարան այցելեր, հետաքրքրվեր գործարանի խնդիրներով՝ ճոպանուղի էր այցելել:Վանաձորում նոր ճոպանուղի կառուցելը եւ այդ նպատակով ահռելի գումարներ ծախսելը վերջինս անթույլատրելի համարեց՝ ժողովրդի համար ավելի կարեւոր խնդիրների առկայության պայմաններում: Հիշեցրի, որ ճոպանուղի կառուցելու առաջարկը Վանաձորի իշխանություններն են վարչապետին ներկայացրել:Սոցիալական թեմայով մի հայտարարություն արեց բանախոսը.,,Լոռու մարզում չկան աշխատատեղեր, ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում, ով ուզում է աշխատանք ունենա՝ պետք է գնա Երեւան:Բոլորը գնում են երկրից, հիմնականում՝ Ռուսաստան,,: /Չէի ասի, թե աշխատատեղեր ընդհանրապես չկան. ճիշտ է, մեծ գործարանները չեն աշխատում , բայց՝եղած աշխատատեղերն էլ կուսակցականացված կամ ,,կլանացված,, են, պետական ու ՏԻՄ ոլորտում մրցույթների ելքը նախօրոք կանխորոշված է, ու դրանք ձեւական բնույթ են կրում, իսկ մասնավոր գործատուները նախապատվությունը տալիս են երիտասարդներին:-Գ.Հ. /:Նրա կարծիքով՝ ամենամեծ արտագաղթը Լոռու մարզում է / թեպետ ՝վիճակագրական տվյալներով Շիրակն էր առաջատար համարվում:-Գ.Հ. /:
,,90-ականներին կոմկուսը խորհրդարանում ներկայացված էր, սակայն 2000թվից հետո այլեւս չհայտնվեց խորհրդարանում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ 90-ականներին ընտրություններն ավելի ազնիվ են եղել,, ՝հարցիս, պատասխանեց, որ 2003թվից այլեւս կոմկուսը չանցավ խորհրդարանական ընտրություններում, սակայն, ընտրակեղծիքների հանգամանքն ընդունելով հանդերձ՝ մեղադրանքի սլաքը թեքեց ՀՀ նախորդ իշխանությունների ուղղությամբ, ասելով, որ ընտրակեղծիքների մեխանիզմն 1996թվից է գալիս.,,Եթե Վազգեն Մանուկյանն ընտրվեր՝ ոչ մի ղալմաղալ չէր լինի, թույլ չտվեցին, որ նախագահ դառնա,,: Հետաքրքիր է, որ աջ ուժերի հակառակորդ կոմկուսում համակրում են աջ ուժերի գաղափարախոս քաղաքական գործչին :Բայց՝ կոմկուսում այլ կուսակցությունների հետ համագործակցելու որեւէ եզր չեն տեսնում, քանի որ իրենց են համարում միակ գաղափարական ընդդիմությունը, եւ հպարտ են իրենց միայնության մեջ:Հարցիս ՝,,Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ,,՝ պատասխանեց, որ ,,Ցանկացած մարդ, ում հանրահավաքի վայրից կձերբակալեն՝ քաղբանտարկյալ է, անկախ նրանից, թե հետո անունը ինչ կդնեն,,:Հայկոմկուսի Վանաձորի գրասենյակի քարտուղարը համոզված է, որ Հայաստանում սոցիալիզմը կրկին կհաղթանակի / ինչը, թերեւս, ուտոպիայի ժանրից է՝ գոնե առայժմ:-Գ.Հ. /:Նաեւ մտադիր են գալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցել՝ֆինանսական հնարավորությունների դեպքում: Կարճ ասած՝ հնարավոր է, որ 15 տարի շարունակ պաշտոնավարող Վանաձորի քաղաքապետին կոմունիստները կրկին ,,լեգիտիմացնեն,,՝ընտրություններին մասնակցություն բերելով, քանի որ վերջինիս վերընտրվելուն ոչինչ չի խանգարում, քանի որ օրենքը համայնքապետերին չի արգելում 2 անգամից ավելի առաջադրվել, դե նրանք էլ սիրտներն ուզածին չափ հա ,,ընտրվում,, ու ,,վերընտրվում,, են՝ձեւական մրցակցություն ապահովելով, իսկ համապատասխան օղակներում կարծես չեն էլ մտածում սահմանադրության այդ կետը փոխելու մասին:
...Ինձ թվում է, Հայաստանում սոցիալիզմը կհաղթի միայն այն դեպքում, եթե ,,Հանրապետականները,, Նժդեհին փոխարինեն Լենինով, իսկ այդ ժամանակ ներկայիս կոմունիստներին, ամենայն հավանականությամբ՝ կմեկուսացնեն՝ ,,տրոցկիզմի,, ,,հակաէլեմենտության,, կամ ,,ձախության մանկական հիվանդությամբ տառապելու,, քաղաքական մեղադրանքներով:
...Ասուլիսին մասնակցում էին 2 ԶԼՄ՝տպագիր մամուլից եւ վանաձորյան հեռուստատեսությունից, եվ 1 ազատ լրագրող: Բանախոսն ասաց, որ վանաձորյան այլ հեռուստաալիքների էլ է հրավիրել, բայց՝ ,,ասել են հա ու չեն եկել,,: Իսկ ,,Ազատություն,, ռադիոկայանից շա՜տ վաղուցվանից այդ կողմերում չեն երեւացել:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն