воскресенье, 8 января 2012 г.

Ինչպես ես դարձա լրագրող և դրա հետևանքները


Անձնական «դարդուցավի» արխիվից


  1995թ. հայտնվեցի լրագրողական դաշտում: Իսկ ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Նախ հեռվից սկսելով ասեմ, որ լրագրողի մասնագիտությունն իմ էության մեջ էր: Դեռ դպրոցական տարիներից մանրապատումներ էի գրում` դպրոցական կյանքին վերաբերող: Քանի որ դպրոցն ավարտելուց հետո չէի կարող ժուռնալիստիկայի գծով սովորեմ (այն պարզ պատճառով, որ Վանաձորում հումանիտար մասնագիտությունների գծով միակ բուհը մանկավարժականն էր), ուստի 1979թ. ընդուվեցի և 1983թ. ավարտեցի բուհի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1-ին կուրսում սովորելիս զուգահեռ մի քանի ամիս հաճախեցի ինստիտուտին կից Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի (ՀՄՖ) ժուռնալիստիկայի բաժինը: Տեսնելով, որ այդտեղ հնարավոր չէ մարքսիզմ-լենինիզմի հիմունքների ներքո դոգմատիկ սկզբունքներից բացի որևէ նորմալ բան սովորել (առավել ևս, որ պարապմունքներն անկանոն էին և տեղի էին ունենում ուշ երեկոյան), ստիպված ՀՄՖ-ի պարապմունքներն այլևս չշարունակեցի, բայց ժուռնալիստի մասնագիտությունն, ինչպես ասում են` իմ «սրտի անթեղված էջերում» շարունակեց մնալ, իսկ նոթագրություններ, որոնք սկսել էի դպրոցական տարիներից, շարունակում էի բուհում ուսանելու և ճամփորդելու ընթացքում: Մի նոթագրություն ունեմ` 80-ականներին Ծաղկաձորի հանգստյան տանն անցկացրած օրերից, մեկը` դպրոցական ավարտական դասարանում Մինսկում անցկացրած շրջագայությունից, մեկն էլ` բուհում ուսանելու տարիներին Կաունասում շրջագայությունից: Դրանք բոլորը գրված են երգիծանքի գրչով: Մանկավարժի աշխատանքի համար խորհրդային տարիներին տարիներով հերթ էին կանգնում (գրեթե այնպես, ինչպես հիմա), ըստ այդմ, աշխատանքի անցա քիմմանրաթելերի գործարանում որպես գրադարանավար, այնուհետ` կադրերի վերապատրաստման գծով ինչ-որ մի անկապ հաստիքով քաղլուսկաբինետի վարիչ (այն տարիներին քաղլուսկաբինետների վարիչներին խոշոր գործարաններում պահում էին գործարանային հաստիքներով, բացառությամբ «Էլեկտրոն» և «Լուսատեխնիկական» գործարանների, որոնց քաղլուսկաբինետի վարիչները հաստիքային էին): Զուգահեռ 1987թ. ընտրվեցի հսարակական կարգով ժողատենակալ, և քանի որ այդ ընտրության ժամանակաշրջանը չավարտված, վրա հասավ 1988թ. երկրաշարժը, ուստի նույն ատենակալները մեխանիկորեն մնացին մինչև 1996թ. դատական բարեփոխումները: Նորանկախ հանրապետությունն այնքան բարեհաճ գտնվեց, որ անգամ աղքատիկ պետբյուջեից մի քանի տարի «հոնորար» էր հատկացնում ատենակալներին` ըստ դատական նիստերին մասնակցության քանակի: Ատենակալության երկարամյա ժամանակաշրջանն էլ ավելի նպաստեց իմ լրագրողական գործունեությանը` սկսված 1995թվից: Ի դեպ, դրան նպաստեց նաև 1989-1994թթ. Վանաձորի դատարանում աշխատածս ժամանակաշրջանը: Չմոռանամ ասել, որ քաղլուսկաբինետում աշխատած ժամանակ էլ գործարանային պատի թերթ էի խմբագրում («Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի Ավագը կասեր` խմբագրում էլ էի, պատից էլ կպցնում էի, արտադրամասերին էի բաժանում, ամեն տարի նույն բանը տարբեր ագիտպրոպ ժուռնալներից հավաքելով` թարմացնում էլ էի, և դեռ նույնիսկ քաղկոմի հրահանգով պարտավոր էի դրանք սրբորեն պահպանել, որպես արխիվ...): Բայց կուսակցական չեմ եղել ու չեմ դիմել, իրենք էլ չեն ստիպել, որի համար մեծապես շնորհակալ եմ, քանի որ այն ժամանակ կարծում էինք, որ կուսակցական տոմսը երիտասարս աղջկան ամենատգեղացնող զարդարանքը կլինի: Բայց այ, կոմսոմոլ ընդունեցին առանց իմ գիտության, զարմանալով, որ մինչ այդ դպրոցում կոմսոմոլ չեմ եղել, իսկ գործարանում մինչև 28 տարեկան բոլորը պարտավոր էին կոմսոմոլ (այսինքն ՀԼԿԵՄ անդամ) լինել ու անդամավճար մուծել, այնպես, ինչպես պրոֆմիության անդամ լինելն էր պարտադիր բոլոր հիմնարկներում: Այդ պարտադրված կոմսոմոլությունը, ի դեպ, փոխհատուցվում էր տոներին կազմակերպվող գործարանային բանկետներով (ակամա հիշեցի «Կարգին սերիալ» երգիծական ֆիլմի Սոֆային, որ երիտմարքսիստների կուսակցության նախագահ ընկեր Ադիկին ասում էր. «Բա ժողովի վերջում կուսակցական փարթի չի լինելու՞»): Այս միջանկյալ շեղումից անցնենք բուն թեմային: 1-ին լրագրողական պաշտոնական թղթակցությունս եղել է քաղլուսկաբինետում աշխատած ժամանակ, երբ «Կայծ» թերթում գործարանային ինչ-որ միջոցառում եմ լուսաբանել (երջանկահիշատակ Ռոբերտ Ֆարմանյանը, որ քաղկոմում հրահանգիչ էր, անգամ մի թեթև նեղացել էր, թե ինչու չեմ բարեհաճում գնալ հոնորարս ստանալ, քանի որ «Կայծը» ՀԿԿ քաղկոմի օրգանն էր): Հիմիկվա նման չէր, որ թղթակիցները տարիներով խմբագիրների հետևից ման գան, թե մի երկու կոպեկ են ստանալու: Իսկ 1988թ երկրաշարժից հետո, երբ 1989թ. ՀԼԿԵՄ ուղեգրով 6 ամսով գործուղվեցի Բելոռուսիայի «Զուբրյոնոկ» ճամբար, դասավանդելու ժամանակավոր հայկական դպրոցում (վերջապես գործի դնելով մանկավարժի մասնագիտությունս), այնտեղից թղթակցություններ էի ուղարկում «Կայծ», «Ավանգարդ» թերթերին: 1989-1994թթ. արդեն լրագրողական երազանքներս մնացին «սառեցված» վիճակում, քանի որ Հայաստան վերադառնալուց հետո պարզվեց, որ քիմմանրաթելի գործարանում կրճատումներ են, ուստի տեղափոխվեցի Վանաձորի ժողդատարան, որպես գրասենյակի գործավար: 1995թ., երբ աշխատում էի Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գրադարանում, որպես մատենագետ, սկսեցի թերթերի հետ ավելի շատ շփվել ու հաճելին համատեղել օգտակարի հետ: Ինստիտուտում աշխատավարձը չնչին էր (1994թ. 420 դրամ էր եղել, դա այն ժամանակ էր, երբ ազգային դրամը նոր էր մուտք գործել, մարդկանց աշխատավարձն ընդամենը 5-6 հավկիթի փող էր, մանկավարժներն ու դասախոսները ներկայիս «սոցիալապես անապահովների» նման օգնության կարագ էին ստանում` հերթ կանգնելով, ըստ այդմ, մանկավարժներից շատերը բռնում էին Թուրքիայի ճամփան ու առևտրով զբաղվում): Սկսեցի թղթակցել Վանաձորում նոր լույս տեսնող 1-ին անկախ երկշաբաթաթերթի` «Տեսադաշտի» հետ (թեպետ, ըստ լուրերի, հովանավորները դաշնակներն էին): Զուգահեռ էլ ԱԻՄ-ի «Կանչ նախնյաց» պարբերաթաթերթին էի թղթակցում` չնչին հոնորարով: Հետո վանաձորցի այլաբան գրող Արարատ Գյուլբանկյանը մի օր եկավ ԱԻմ-ի գրասենյակ ու ասաց. «Բա դու մեղք չե՞ս, ամբողջ օրը էս խոնավ գրասենյակում 1000 դրամի համար նստում ես, օրդ անտեղի անցկացնում, մի հանրապետական թերթ գտի, հետները կապվի, կարգին հոնորար կստանաս»: Սկսեցի նրա մատնանշած երևանյան «Բանբեր» թերթից, որի խմբագիրը գրող-բանաստեղծ, հրապարակախոս և պարզապես լավ մարդ Արմեն Շեկոյանն էր: Ավաղ, «Բանբերը» երկշաբաթաթերթը, որ քրիստոնեադեմոկրատների թերթն էր, շուտ փակվեց, և այնտեղ հասցրի ընդամենը 1 հոդված տպագրել` մի հրաշամանուկ դաշնակահարուհու` Նարե Արղամանյանի մասին: 1996թ. սկսեցի թղթակցել «Առավոտ» օրաթերթի ու «Գիտություն» ԳԱԱ պաշտոնաթերթի հետ : Ճիշտ է այն ժամանակ հոնորարները փոքր էին, ուշացումով էին տրվում և անգամ ճանապարհածախսը չէին փոխհատուցում (էլեկտրոնային փոստը դեռ մասսայական չէր և հիմիկվա նման ինտերնետ-ակումբներ չկային), բայց համակերպվում էի: 1997թ. «Առավոտը» փակվեց: Երևանաբնակ ազգականներիցս մեկի խորհրդով սկսեցի թղթակցել «Հայաստանի հանրապետություն» թերթին: Խմբագրի պաշտոնակատարը Մեսրոպ Հարությունյանն էր, և այն ժամանակվա «ՀՀ»-ն հիմիկվա նման չէր, քննադատական սուր հոդվածներ էր տպագրում անգամ բանակային կյանքի թերություններին վերաբերող: Ներկայիս ընդդիմադիր լրագրող և իմ ֆեյսբուքային ընկերուհի Լիզա Ճաղարյանի հետ թերթի համարներից մեկում «հարևաններ» էինք: Մեսրոպ Հարությունյանն ասում էր. «Ոնց որ «Առավոտում» ես գրել, էդ նույն ձևի սուր հոդվածներ գրի»: 1997թ. կեսերից, վեցամսյա պարապուրդից հետո «Առավոտը» նորից բացվեց ու այնտեղ ինձ ավելի շահեկան պայմաններ առաջարկվեցին` բարձր աշխատավարձ և հոնորար: Այստեղ էլ խմբագրի տեղակալ Վասակ Դարբինյանը խորհուրդ տվեց. «Ինչ ականջովդ ընկնում է` գրի, սուր, համարձակ, էնպես արա, որ միջոցառումների ժամանակ քեզ տեսնելիս չասեն` ըհը, էս էլ մեր աղջիկը, էսա մի լավ բան կգրի մեր մասին, թող քեզնից վախենան»: Սկսեցի ինչպես ասում են` «աջուձախ թրաշել». մի Վանաձոր էր, մի «Առավոտ», հիմիկվա նման չէր, որ ընդդիմադիր բոլոր թերթերը նույնիսկ մի քանի թղթակիցներ պահեին մարզերում: Այն ժամանակ նաև լրագրողական համարձակության պակաս կար: Հենց որ «կպա» Վանաձորի քաղաքապետարանին (այն ժամանակ քաղաքապետը նախկին ՀՀՇ անդամ Անդրանիկ Հարությունյանն էր), արդեն համայնքի ավագանու անդամ, ինստիտուտի ռեկտոր Եդոյանը սկսեց գրադարանի վարիչի միջոցով նեղել, ու մի օր էլ վարիչը խիստ զգուշացրեց, թե «գրադարանը հոդված գրելու տեղ չէ», թեպետ հոդվածներս այնտեղ չէի գրում, այլ տանը, հաճախ փայտե վառարանի կողքին, մոմի լույսի տակ: Հետաքրքիրն այն էր, որ նույն գրադարանում մեկ ուրիշը աշխատանքի ժամին աշակերտի հետ էր պարապում, բայց նրան դիտողություն չէին անում, ինչը որոշեցի անել ես` առիթը հայտնված դեպքում: Դրանից հետո ավելի մեծ հալածանքներ սկսվեցին: Այդ ժամանակ գրադարանը տնակներում էր, ինստիտուտի շենքը վերանորոգվում էր, ռեկտորն էլ ստիպում էր գրադարանի աշխատողներին ներգրավվել բանվորական գործերի մեջ: Այդ ամենից ես հրաժարվեցի, ասելով, որ դա իմ աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում, ոմանք էլ բյուլետեններ էին ներկայացնում խուսափելու համար: Փորձեցին իմ դեմ ստորագրություններ հավաքել` 30-ականների մեթոդով, սակայն այդ սադրանքին գրադարանի կոլեկտիվի խելամիտ հատվածը տուրք չտվեց, մանավանդ, որ ես այդ առթիվ գրավոր բողոք ներկայացրի Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Արամ Քոչարյանին: Դրանից հետո մի որոշ ժամանակ կրքերը հանդարտվեցին: Հետո, 1998թ. Լոռու մարզպետ նշանակվեց Հենրիկ Քոչինյանը, ու ես չսպասեցի, որ բուհում ռեժիմն իմ դեմ ավելի ուժեղանար, 1998թ. մայÇսÇն աշխատանքից ազատման դիմում ներկայացրի, որպեսզի իմ հրապարակումների մեջ ավելի ազատ լինեմ ու անկաշկանդ (մանավանդ, որ նոր մարզպետի հետ մի փոքր տհաճ խոսակցություն էր տեղի ունեցել մամուլի ասուլիսի ժամանակ): 2 օր հետո պարզվեց, որ ռեկտորը «փոշմանել» է ու չի ուզում դիմումս ստորագրել, ինձ առաջարկելով ինստիտուտի թերթի խմբագիր (այն ժամանակ թերթի խմբագիրը բուհում «Իրավունքի» թղթակից Ռուսլան Թաթոյանն էր): Բնականաբար, հրաժարվեցի, քանի որ այդօրինակ ղեկավարության հետ աշխատելը կնշանակեր սկզբունքներից հրաժարվել: Ավելին, ռեկտորի մտադրության մասին տեղեկացրի Թաթոյանին: Անգամ դիմումս ստորագրելուց հետո մի քանի օր անց ստաժավոր լրագրողի միջոցով նոր հրավեր ստացա ինստիտուտի ղեկավարությունից` վերստին ընդունվել աշխատանքի` բուհի ցանկացած ոլորտում, բայց չհամաձայնվեցի, նախընտրելով լրագրողի ազատությունն այն ժամանակվա ազատ ու անկախ թերթում: Ինչ իմանայի, թե ինչ է սպասվում հետագայում «ազատություն տենչողին»: Հանկարծ 1999թ. վերջից «Առավոտի» ֆինանսական վիճակը վատացավ ու աշխատողների մեծաքանակ կրճատում սկսվեց: Մի քանի ամիս թղթակցում էի չնչին հոնորարներով, առանց աշխատավարձի, համատեղելով 2000թ. լույս տեսնող, Արա Գալոյանի խմբագրած «Ժամանակ» հանրապետականների օրաթերթի հետ, զուգահեռ էլ «քաղաքական ապաստան» էի փնտրում «Մամուլ և իրավունք» («Ֆեմիդա» կազմակերպություն), «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» («Հակաստվեր» ՀԿ) տեղեկագրերում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի «Քաղաքացիական նախաձեռնություն» երկշաբաթաթերթում: 2002թ. «Առավոտը» նորից ինձ հաստիքով աշխատանքի ընդունեց, որի հետ պայմանագրային համագործակցությունը տևեց մինչև 2005թ.: Քանի որ ես չէի փոխվել իմ հայացքներում, իսկ «Առավոտը» փոքր-ինչ փոխվել էր, թերթի խմբագիրը 2004թ. դեկտեմբերի կեսերին  ասաց, որ ես «լճացել» եմ, ժամանակի հետ չեմ քայլում ու աշխատանքային պայմանագիրը հունվարից դադարեցնում է, ինչի մասին գրավոր ստիպված էի տեղեկացնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին: Հավանաբար, թերթի խմբագրին դուր չէր եկել այն, որ իր մերժած կամ «խուզած» հոդվածները տպագրում էի «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթում, կամ երբեմն ի սկզբանե համոզված լինելով, որ այն «Առավոտում» չի տպվի, ուղարկում էի «Չորրորդ իշխանություն» թերթին: 2005թվից մի քանի ամիս «168 ժամ» օրաթերթում էի տպագրվում, բայց այդտեղ էլ վարձատրությունը չնչին էր, հոնորարային կարգով, հոդվածների մի մասն էլ չէին տպագրվում կամ կրճատվում էին: Ստիպված երբեմն հասարակական կարգով «քաղաքական ապաստան» էի փնտրում «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթում (խմբագիր` Վասակ Դարբինյան), որի ինտերնետային կայքը շուրջ 1 տարի է արգելափակված է: Մի օր էլ հայտաբերեցի, որ նոր լույս տեսնող «Փակագիծ» օրաթերթը պարբերաբար քննադատում է Վանաձորի իշխանություններին (երևի քաղաքապետ Սամվել Դարբինյանի վրա «պատվեր» կար): Օգտվելով ընձեռված հնարավորությունից, թեքվեցի «Փակագծի» ուղղությամբ. մեծ պատրաստակամությամբ ու օպերատիվությամբ տպագրում էին հոդվածները, անգամ խմբագիրը խոստացել էր օրինականացնել համագործակցությունը, բայց թերթը մեծ պարտքերի տակ ընկավ ու փակվեց, «մի շան հալով» հոնորարներ վճարելով: 2006թ. ճամփա բռնեցի «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի ուղղությամբ. այն ժամանակ օեկականները Լոռու մարզպետի վրա «տաք-տաք» բողոքներ էին հավաքում, բայց մի օր էլ վերընտրվեցին ու ժողովրդի հետ կապը ընդհատեցին, անգամ մոռանալով, որ իրենց թերթի թղթակցին խոստացած հոնորարներն այդպես էլ մնացին «սառույցին», իսկ թերթի տնօրենի հետ այդ առթիվ բջջայինով բանակցությունները` «կախակայված» վիճակում: Այդ ժամանակահատվածում մի նոր թերթ լույս աշխարհ ընկավ. «Ժամանակ Երևան»: Երբ թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին կալանքի վերցրին ու պաշտոնակատար նշանակվեց Լիզա Ճաղարյանը, 2007թ. որոշեցի նրանց հետ համագործակցեմ. թեպետ «էն գլխից» տեղեկացված էի, որ թերթի ֆինանսական վիճակը ծանր է: Հազիվ էի հասցրել մի քանի սենսացիոն հոդված տպագրել (կապված գազամատակարարման ոլորտում չարաշահումների, ՍԻՄ-ում ներքաղաքական կռիվների հետ), երբ մեծ ափսոսանքով իմացա, որ Լիզա Ճաղարյանն այլևս չի խմբագրում այդ թերթը: Մի քանի ամիս անց դիմեցի թերթի նոր խմբագրին` Արմինե Օհանյանին: Վեջինս պատրաստակամ ընդունեց ու համագործակցություն առաջարկեց, բայց 1 տարի անց նրան էլ ազատեցին այդ պաշտոնից: Նորանշանակ Այդին Մորիկյանը մի որոշ ժամանակ համագործակցությունը պահեց ինձ հետ, բայց հետո սկսեց հոդվածների տպագրումը ուշացնել: «Արցախյան շարժման նվիրյալը` ճաղերի հետևում» հոդվածը լույս տեսավ իմ ուղարկելուց 17 օր հետո: Թղթակցությունների վճարումներն էլ սկսեցին  ուշանալ: Դա հանգեցրեց նրան, որ ստիպված դիմեցի Ա. Օհանյանի խմբագրած «Հրապարակ» թերթ, որտեղ գնացել էին Մորիկյանից «օբիժնիկ» էլի ուրիշները, որոնց թվում` երջանկահիշատակ լրագրող Գայանե Բաբայանը: Այդուհանդերձ, ընդդիմադիր ուղղվածության նյութերը «Ժամանակ Երևան» էի ուղարկում: Բայց մի օր էլ այնտեղից հայտնեցին, որ առայժմ դադարեցնեմ թղթակցությունը, հետո «ինձ կասեն, թե երբ գրեմ»: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Վանաձորի համայնքի ավագանու կազմին վերաբերող «թթու» հոդված տպագրեցի այնտեղ: Այն ժամանակ` 2008թ. մշտապես սկսեցի հանդես գալ «Հրապարակում», որի հետ համագործակցությունը դադարեցրի 2010թ. հուլիսին. ինչին անդրադարձել եմ նույն թվի հուլիսի 27-ի «Ազգ» օրաթերթի «Բաց նամակ»-ում, (այդ առթիվ կից նյութեր կան նաև իմ բլոգում` «Azatankakh.blogspot.com»): 2011թ. հուլիսից ստիպված էի տեղեկատվական բլոգ բացել և Facebook-ում էջ, որտեղ հանդես եմ գալիս այն հրապարակումներով, որոնք միգուցե ստիպված էի լինելու խմբագրություններ ուղարկել և հուսալ, թե արդյո՞ք դրանք կարժանանան խմբագիրների բարեհաճությանը: Մի քանի տարի առաջ համախոհներս կատակում էին. «Հիմի ո՞ր թերթում ես, էսա մի 2 բան կտպեն, հետո քաղաքապետի կամ մարզպետի ձեռքը դրանց էլ կհասնի»: Հիմա, փառք Աստծո, ինչ ուզում գրում եմ իմ բլոգում հասարակությանը հուզող թեմաներից, այնուհետ նյութը գցում Facebook-ի իմ էջը ու տարածում այն մի քանի խմբերի կամ համախոհների էջերում: Այլ կերպ ասած` նպաստում եմ ժողովրդավարությանը Facebook-ի միջոցով: Ընդ որում, ոչ միայն իմ հոդվածներն եմ մասսայականացնում, այլև նույն ցանցի միջոցով տարածում եմ այնպիսի հրապարակումներ ու տեսանյութեր, որոնք նույնպես կենսական կարևոր հարցեր են պարունակում: Ցավոք, բլոգում առավել հաճախ չեմ կարող հանդես գալ, քանի որ բլոգը որևէ կառույցից կամ հովանավորից չի ֆինասավորվում, իսկ այդ առթիվ ներկայացրած հայտարարությունս` դրամաշնորհային ծրագիր գտնելու վերաբերյալ, առայժմ անարձագանք է մնում: Ճիշտ է, Facebook-ն ու բլոգը աշխատանքային ստաժ, բնականաբար, չեն ապահովում, բայց էլի մխիթարություն է, որ մտքերը չեն «խուզվում» կամ արգելափակվում: Փառք Աստծո, մի կիսատ-պռատ ժողովրդավարություն երկրում դեռ մնում է, չէ ո՞ր իշխանությունները կարող էին շատ ավելի վատը լինել և իրենց ընդդիմախոսներին անգամ Սիբիր աքսորել, եթե հնարավորություն ունենային: Իսկ ինձ համար ֆեյսբուքահայության տված գնահատականը (կամ` «լայքերը») շատ ավելի կարևոր են, քան` որևէ իշխանավորի տված խոշոր պարգև-մրցանակը: Այս ամենը, բնականաբար, անարձագանք չի մնում, և ինչ-ինչ ուժեր մանր-մունր տհաճություններ են կազմակերպում իմ կամ իմ ընտանիքի անդամների հանդեպ, էլ «չենք խոսում» ամենագլխավորի` սոցիալական ճնշման մասին, որ 1998թ. ի վեր առավել մեծ թափով է հարվածում իմ ընտանիքի գլխին: Առաջիկայում անձնական «դարդուցավի» արխիվից կաշխատեմ ներկայացնել նաև այլ նյութեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են իմ լրագրողական գործունեությանը խոչընդոտող հանգամանքների հետ, ինչի առթիվ հաճախ հիշում եմ Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը, Թումանյանի «Պոետն ու մուսան» պոեմը և Ֆրիկի «Գանգատ ֆալաքին»:

                                 Գայանե Գեորգիի Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն