среда, 21 декабря 2011 г.

«Բա ասըմ էին աշխատիլ տի~…»



  Դեկտեմբերի 20-ին «Կենտրոն» հեռուստատեսությունը ներկայացրեց վանաձորյան տեսանյութ, որ պատմում  էր Վանաձորի քիմգործարանում հերթական ճգնաժամային  վիճակի և այդ առթիվ բողոքի ցույցի մասին. այն է` հերթական սեփականատերը հրաժարվում է վճարել աշխատողների նկատմամբ նախկինում ունեցած պարտքերը (շուրջ 8 ամսվա), պատճառաբանելով, թե ինքը գնել է ոչ թե աշխատողներին, այլ` գործարանը: Սա արդեն ցինիզմի բարձրագույն դրսևորումն է: Որքա՞ն կարելի է մարդկանց ամիսներով աշխատեցնել` փող չտալ կամ մի կերպ վճարել` այն էլ մաս-մաս, «զոռով-շառով», բողոքի ցույցերից հետո: Եվ սա` միակ հիմնարկը չէ, բոլոր սեփականաշնորհված հիմնարկներում էլ համանման վիճակ է, պարզապես` քիմգործարանի դեպքում դա արդեն ավանդույթի ուժ է ստացել: Հերթական անգամ սեփականաշնորհելուց հետո անունն էլ փոխել են` «Կոմպոզիտ մետալ», որ համանման դեպքերում ահազանգելիս աչք չծակի, ու Թումանյանի հայտնի բանաստեղծության նման չասեն. «Էս էն գործարանն է, որ 1998թ. սեփականաշնորհել էր մոսկվաբնակ Սենիկ Գևորգյանը, որ հետո վաճառեց հնդիկի վրա, որն էլ հետո վաճառեց ռուսներին, սրանք էլ հետո հետ վերադարձրին հայերին, ու մի քանի անգամ գործարանի ժապավենը կտրել են  սեփականաշնորհելուց հետո, ու հիմա էլ, պարզվում է, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանն է աշխատեցնում, ու ինչպես 13 տարի առաջ էին գործարանում պարտքեր կուտակվում, էնպես էլ` հիմա»: Մի առանձին հարց է, թե ի՞նչ հիմքով է ԱԺ պատգամավորը միաժամանակ գործարանի սեփականատեր, չէ՞ որ պատգամավորն իրավունք չունի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Ճիշտ էլ նկատել էր բանվորներից մեկը, թե իրենց հավասարեցրել են Էմիրաթներ գնացող ու այնտեղ պատանդ մնացող կանանց կարգավիճակին. այն տարբերությամբ, որ անձնագրի փոխարեն աշխատանքային գրքույկն են պատանդ պահում: Եթե քիմգործարանի 10-նյակ տարիների խնդիրների ու պարտքերի մասին բոլոր հրապարակումներն արխիվներից հանեն, դրանցից առնվազն 10 հատորանոց գիրք կարելի է հրատարակել: Ստորև ներկայացնենք մի հոդված, որ լույս է տեսել 2002թ. ապրիլի 24-ին «Առավոտ» թերթում, այնուհետ արտատպվել «Գործարար» ամսագրի 2002թ. հունիս-հուլիս ամիսների թիվ 6-7 միացյալ համարում:

«Բա ասըմ էին աշխատիլ տի~…»
«Քեռի Խեչանի պատմությունը մեր օրերում կամ
 «Ձմեռն անցավ, եկավ գարուն»

  «Հետդ կռվիլ տեմ», -դեռևս 2001թ. դեկտեմբեր ամսին կես-կատակ, կես-լուրջ դիմեց լրագրողին տարեց մի վանաձորցի ու ներկայացրեց խնդիրը. «Էն խիմզավոդը,, որ նախագահն էկա~վ, բացեցի~ն, լենթը կտրեցի~ն, հրեն էլի կանգնած ա: Էդ մարդիկ մեղք չե՞ն, հրեն ձմեռ օրով անգործ, անփող նստած են»: Փորձեցի հուսադրել մեջբերելով հեռուստատեսային մի հաղորդում, որտեղ պաշտոնապես խոստովանել էին, որ քիմգործարանը հարկադիր պարապուրդի մեջ է և նոր «ցիկլի» կանցնի 2 ամիս հետո (հիշենք, որ այդ արվել էր դեկտեմբերին): «Էրևանով են ցույց տվե՞լ… որ ի՞նչ… Այ մա~րդ, բա ասըմ էին արդեն աշխատիլ տի~… Բա նախագահն էկա~վ…»: Ճիշտ և ճիշտ Թումանյանի «Քեռի Խեչանի» պատմությունը, որը համագյուղացի «պաշտոնյայից» նեղանում է, թե «բա հիմի ես գնամ քեռեկնգանդ ի՞նչ ասեմ»: Մարդը, որի «խեղճ  հարևանը» (իր իսկ խոսքերով) «հրեն  տանը նստած դարդ ա անում», քանի որ «էլի տուն են ղրկել» ու ասել են «գնացեք` մենք  ձեզ կկանչենք»  չգիտեր , թե էլի ինչքա՞ն կարելի է սպասել: Քանի որ այն ժամանակ դեռրս պաշտոնապես չէր նշվել, թե գործարանի չաշխատելու պատճառը գազի ձեռքբերման հետ կապված խնդիրներն են (որպեսզի գործարանը վնասով չաշխատի և շահույթ բերի), նույնիսկ մի երկչոտ փորձ  արեցի վերջինիս լավատեսությամբ զինելու համար, թե միգուցե բնապահպանական խնդիրնե՞րը կարգավորված չեն և պարապուրդը գուցե նաև այլ նպատակ է հետապնդում` կարգավորելու այդ խնդիրները (շրջակա միջավայրի, օդի մաքրության հետ առնչվող, որոնք առաջանում են գործարանային արտանետումներից ), սակայն մարդը չէր համոզվում և ինչ խոսք, վերջինս այդ հարցում բացառություն չէ: Մարդիկ հոգնել են անվերջ սպասումներից, անվերջ խոստումներից:
  Ինչպես գիտենք, ապրիլի դրությամբ դեռ  գործարանը չէր աշխատում և գնալով ավելի ու ավելի հստակ է դառնում, որ վերագործարկելու վերաբերյալ «սցենարը» (որը կարելի է նաև բառացի հասկանալ, նկատի ունենալով հեռուստատեսային ռեպորտաժները) իբր թե 13 տարվա ընդմիջումից հետո, երկրի սոցիալական լարվածությունը փոքր-ինչ մեղմելու, իշխանությունների վարկանիշը բարձրացնելու նպատակ է հետապնդել: Ի դեպ, 13 տարիների ընթացքում էլ քիմգործարանը հիմնովին անգործության մատնված չի եղել, և եղել են էտապներ, երբ նույնիսկ արտադրանք է թողարկվել:


Գայանե  Հովսեփյան

2 комментария:

  1. Եվ կրկին քիմգործարանում բողոքի ցույց է եղել օրերս. այնպես, ինչպես «Նաիրիտում»

    ОтветитьУдалить
  2. Օրերս կրկին բողոքի ցույց էր քիմգործարանում, ու կրկին աշխատավարձեր էին պահանջում , մարդիկ բողոքում էին հանրապետական ու մարզային հեռուստաեթերից, որ անգամ մեռելոցին գերեզմաններ այցելելու հնարավորություն չեն ունեցել, իսկ բողոքավորներից մեկը դժգոհեց, որ ամեն անգամ ՝մարզպետի միջամտությունից հետո մի ամսվա աշխատավարձ են ստանում, եւ մարզպետարանի դուռը ,,սրբի դուռ,, է դարձել իրենց համար ՝ այնքան հաճախակի են գնում իրենց խնդրանքով:

    ОтветитьУдалить

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն