вторник, 8 мая 2012 г.

Իսկ բացակայողները չե՞ն «քվեարկել»



  Մայիսի 6-ին Վանաձորի թիվ 30/36 ընտրատեղամասում (թիվ 4 դպրոց), ուր այցելել  էի որպես ընտրող, ոչ միայն հերթեր նկատեցի, այլև` պատին փակցված ընտրացուցակներում մարդկանց անուններ, որոնք շուրջ 20 տարի Վանաձորում չեն բնակվում: Նույն օրն այդ մասին գրեցի «Ֆեյսբուք»-ի իմ էջում: Սա` ընդամենը մեկ տեղամասում կատարված քաղաքացիական ուսումնասիրություն է, իսկ թե որքան այլ բացակայողներ կլինեին ոչ միայն այդ նույն տեղամասում, այլև` այլուր, սա, թերևս, լրագրողական լուրջ հետաքննություն է պահանջում: Կարծում եմ, հենց այդ բացակայողների հաշվին էլ տեղին են ունենում կեղծիքները, որոնք կարող են աննկատ լինել թե վստահված անձերի, որոնք ստորագրամատյանից շատ հեռու են նստում, և թե դիտորդների համար: Որպես կանոն, նրանք հեռուստաէկրանից ասում են. «Ամեն ինչ խաղաղ է, ոչ մի խախտում չկա, ընտրություններն անցնում են խաղաղ մթնոլորտում»: Իսկ մի՞թե հնարավոր է այդ կարգի խախտումները մի քանի ժամվա ընթացքում բացահայտել, երբ, ինչպես ասում են, «ձուկը գլխից է հոտում». այն է` բացակայողների անունները ցուցակներից չհանելուց և տարբեր ընտրություններում դրանք լավագույնս օգտագործելուց: Իսկ արդյո՞ք տեղյակ են բացակայող անձանց առկայության մասին ընդդիմադիր ՀԱԿ գրասենյակում. ՀԱԿ Լոռու գրասենյակի համակարգող Աշոտ Մանուկյանն ասաց. «Շատ-շատ են բացակաները, մոտ 700-ի է հասնում թիվը, պարզապես մեր մարդիկ պետք է հսկեն, որ նրանց փոխարեն չստորագրեն»: Ըստ այդմ, հավատ չի ներշնչում ՀՀԿ և ԲՀԿ այդքան մեծ թվերը Լոռու մարզի մասշտաբով: Միգուցե նախկին տարիների նման մահացածները չեն «քվեարկել», բայց բացականերն են «քվեարկել»: Ընտրությունների ելքը որոշել են նաև ընտրակաշառքները, որոնք բաժանվել են անթաքույց, իսկ համապատասխան մարմինները, որ պետք է կանխեին գործընթացը, «գիտակցված անտարբերություն» են ցուցաբերել ահազանգերի նկատմամբ (ինչն օրերս արձանագրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը` հեռուստատեսությամբ): Հատկապես գյուղերում ընտրակաշառքը որոշիչ դեր կարող էր կատարել (և կատարել է), քանի որ թոշակների բաշխումը միտումնավոր հետաձգվել է. իբր` մեքենա չլինելու պատճառաբանությամբ:  Լոռու մարզի որոշ գյուղերում մայիսի 6-ի դրությամբ դեռևս չէին բաշխվել դրանք, հնարավոր է, Վանաձորում էլ բաշխումը, որ սկսվել էր մայիսի 4-ից, դեռ ամբողջությամբ չէր ավարտվել, և թոշակառուներն ստիպված լինեին վաճառել իրենց ձայները: Մի ռոմանտիկ միտք ծագեց գլխումս. քանի որ ժողովուրդն արդեն վարժվել է ընտրակաշառքներին ու ավելի հաճախ սիրով ընդառաջ է գնում, ավելի ճիշտ չի՞ լինի ամեն ընտրությունից առաջ պետությունը բյուջեից որոշակի «խրախուսման գումարներ» հատկացնի պետականորեն. «Ժողովուրդ, սա Ձեզ տոնի առթիվ, ընտրությունները մեզ համար տոն պետք է լինեն, գնացեք ում ուզում եք ընտրեք»: Այդ ժամանակ միգուցե լինի արդար ընտրություն, թե չէ սպասել, որ ընտրողի գիտակցությունը բարձրանա, կամ կենսամակարդակն այնքան բարելավվի, որ կաշառք չվերցնի… ինչի՞ մասին է խոսքը, անգամ 500.000 դրամ ստացող պաշտոնյաները չեն կաշառքից խորշում, էլ ուր մնաց «չոր քարին նստած» ժողովուրդը: Բայց եթե ընտրակաշառքի փոխարեն պետությունն ինքը քաղաքացու քաղաքացիական պարտքը ֆինանսապես խրախուսի, դա կնպաստի ընտրությունների արդարացի անցկացմանը: Սա առայժմ ռոմանտիզմի ժանրից է, բայց մարդկային արժանապատվությունը չվիրավորող և թեկնածուներից կախման մեջ չդնող գործոն է:
  …Միջազգային դիտորդներն ընտրությունները բնորոշել են «միջազգային չափանիշներին համապատասխան»: Մի՞թե միջազգային չափանիշ է այն, երբ ընտրողը ստորագրում է մատյանի հակառակ դիրքից, առանց հստակ տեսնելու, թե ինչի դիմաց է ստորագրում, քանի որ ստիպված է «թարսից» կարդալ իր անուն-ազգանունը: Սա թերևս արվում է նրա համար, որ ընտրողը չհասցնի իր անունից բացի` հանկարծ այլ, քաղաքից բացակայող անուններ հայտնաբերել ու «խոչընդոտի» ընտրությունների «խաղաղ գործընթացը»:
                                                            
                                                                               Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն