вторник, 15 мая 2012 г.

Երբ ծեծողն իրավապահ է…



  Մայիսի  14-ին ինտերնետային տարբեր կայքեր ու “Ազատություն” ռադիոկայանը, ավելի ուշ` “Արմենիա” հեռուստատեսությունն ու Հ1-ը ահազանգեցին, որ շաբաթ օրը դաժան ծեծի է ենթարկվել “Ռեգնում” գործակալության խմբագիրը. այն էլ` Կոտայքի մարզի դատախազի կողմից: Ընդ որում, դեպքը տեղի էր ունեցել ծեծվողի հղի կնոջ, մոր ու 2 երեխաների ներկայությամբ: Վեճի առիթը եղել են երեխաները, որոնք դատախազի մեքենայի մոտ խաղալիս են եղել` մինչև մեքենան գործի գցելը: Ինչպես “Ազատություն” ռ/կ-ով հավաստեց անձամբ դատախազն ինքը` “Ասեցի էս ում լակոտներն են, բա սրանք մեր չունե՞ն”, որից հետո հայտնվել է տուժողը (որ այդ պահին դեռ տուժող չէր) ու ասել` “Ունեն, մեր ունեն”, որին էլ հաջորդել է լեզվամարտը` “Ասեցի բա որ ունեն, ինչի՞ չի գալիս իրա երեխեքին տիրություն անում, բա որ ավտոյի տակ ընկնեն, ասեց` գցողը պատասխան կտա, ասեցի` լակոտներիդ վերցրու, ռադդ քաշի”: Լեզվամարտին հաջորդել են երկուստեք փոխադարձ հարվածները, որից հետո վրա են հասել դատախազին ուղեկցող անձինք ու երիտասարդին դաժան ծեծի ենթարկել: Ակնհայտ հետևանքները` աչքի ահավոր կապտուկի և ուռածության տեսքով, պարզ տեսանելի էին մայիսի 14-ին և 15-ին “Արմենիայի” “Ժամը” լրատվականով ցուցադրված կադրում: Երիտասարդին այնքան են ծեծում, մինչև գիտակցությունը կորցնում է, և դեպքին ականատես հղի կինը սարսափած աղերսում է դադարեցնել ծեծը. “Ասեցի` չե՞ք տեսնում, էլ չի շարժվում, շտապ օգնություն է պետք կանչել”: Հարցի մեկ այլ կողմն էլ այն է, թե ինչ հոգեբանական ազդեցություն կունենա այդ ամենը 9-ը ամսական հղի կնոջ և նրա` դեռևս լույս աշխարհ չեկած երեխայի վրա, կամ` դեպքին ականատես մյուս երեխաների ներաշխարհի վրա: Եթե մի շարքային քաղաքացի լիներ ծեծողը, հիմա վաղուց կալանավորված կլիներ (այդ առթիվ նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն): Եվ միանգամայն ճիշտ էր նկատել Հ1-ի մեկնաբանը` “Տեսանկյուն” հաղորդման ժամանակ, որ երևույթը հասարակական հնչեղություն է ստացել այն բանի շնորհիվ, որ տուժողը լրագրող է, և հարցին հասարակական հնչեղություն տալու լծակներ ունի: Իսկ ի՞նչ է լինում մնացած այն դեպքերում, երբ շարքային քաղաքացիներ են լինում նման կարգավիճակում. նմանատիպ հարյուրավոր դեպքեր պարզապես կոծկվում են: Եթե իրավապահը կամ նրան ուղեկցողները ծեծում են ազատության մեջ գտնվողին` բոլորի ներկայությամբ, ապա ի՞նչ կլինի անազատության մեջ, մեկուսարանում գտնվողների վիճակը: Նրանց, միգուցե, սպանեն ու ձևակերպեն ինքնասպանություն”: Պարզապես զավեշտ էր այն, որ դատախազն ինքն էլ պատրաստվել էր իրավապահներին դիմել ու ներկայանալ որպես տուժող, հարձակման զոհ. այն դեպքում, երբ երիտասարդի հասցրած հարվածները, թերևս, “առ ոչինչ” էին (իրավաբանական տերմինով ասած) նրան հասցված խմբակային դաժան ծեծի դիմաց:
     

                               
                                                                    Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն