понедельник, 6 мая 2013 г.

Մտորումներ ,,վիպոյանական,, ընտրությունների, ԱԼՄ ,,իրավահաջորդների,, եւ այլնի մասին

  Չնայած  համացանցից  5  օր բացակայում  էի ՝ հարգելի  պատճառով,  սակայն  քաղաքականությանը  շատ  ուշադիր  հետեւում  էի ՝ ռադիոհեռուստաեթերից: Այս  ընթացքում  պարզապես  հիացած  էի  ԱԺ պատգամավորներ  Նաիրա  Զոհրաբյանի, Լեւոն  Զուրաբյանի, Արամ  Մանուկյանի  ելույթներով, ՀԱԿ-ի ՝ Երեանի  ավագանու  ընտրությունների  նախընտրական  հոլովակներով / թեպետ ,դրանցից  վերջինը  կառուցված  էր  մրցակցի  դեմ  հակաքարոզչության  հիմքի  վրա, բայց  այդ  հակաքարոզչությունը  հիմնավոր  էր, փաստերով  լեցուն /,  եւ, միգուցե  տարօրինակ  թվա ՝ ԲՀԿ  հիմնով:  1 -ին  անգամ  նկատեցի,  որ  ԲՀԿ  հիմնը  շատ  ավելի  հաջողված  է, որպես  օրհներգ,  քան ՝  ՀՀ օրհներգը ՝ ,,թշվառ-անտեր,,  ,,մեեե՜ր,  հայրենին,,,  որ ,,հա  քաշեցին,  քաշքշեցին,,՝  ու  էդպես  էլ  չփոխեցին: Իսկ  Զոհրաբյանի  ելույթներով  վանաձորցիներից  մեկն  էլ  էր  հիացած  / դե,  ինչքան  չլինի՝ լրագրողական  ,,շկոլա,,  է  անցել  ընդդիմադիր  թերթում /: Այ  նման  մարդիկ  պետք  է  լինեն  խորհրդարանում, եւ  ոչ  թե՝  իրենց  ,,փայով,, կուսակցական  ցուցակներ  սողոսկած, ,,հոգնած,,  կոճակ  սեղմողներ,  որոնց,  եթե  որեւէ  լրագրող  հարց  ուղղելու  ,,խենթություն,,  է  ունենում, կամ ՝ ,,խառնվում,,  են  իրար  ու  ճողոպրում,  կամ, մեղմ  ասած,  գրողի  ծոցն  են  ուղարկում  լրագրողին: Մեղքս  ինչ  թաքցնեմ,  նույնիսկ  մտածեցի,  թե  ավելի  լավ  չէ՞ր  լինի  ԲՀԿ-ից  Զոկրաբյանը  քաղաքապետ  առաջադրվեր,  ոչ  թե...մնացյալը:  Զոհրաբյանը ՝ ԲՀԿ-ից,  Արամ  Մանուկյանը ՝ ՀԱԿ-ից  փոխնիփոխ  ահազանգում  են  ներկա  ու  գալիք  արտագաղթի  մասին,  մտահոգիչ  թվեր  ու  փաստեր  են  ներկայացնում,  բայց  դե  ,,վերեւներում,,  լսո՞ղն  ով  է. արտագաղթի  դեմ  պայքարն  սկսել  են  միայն ՝ ինքնաթիռի  տոմսերը  թանկացնելով: ,,Ինչքան  քիչ  մարդ  մնա,  էնքան  իրենց  համար  քիչ  հոգս  կլինի,,- նկատում  է  վանաձորցիներից  մեկը: Ընդդիմության  ելույթների  հանդեպ  ,,իմունիտետն,, այնքան  է  մեծացել, որ  անգամ  ,,Վիտամին,,  ակումբի  նյութ  են  դարձել  իշխանությունն  էլ,  ընդդիմությունն  էլ, ինչի  ապացույցը ,,Կիսաբաց  դեբատներն,,  էին ՝,,Վիտամինի,,  մայիսի  4-ի  եթերում, որն, ի  դեպ,  բավականին   հաջողված  էր:  Հնգօրյա  ակտիվ  հանգստի  ընթացքում  մի  եզրակացության  էլ  եկա. ,,Կենտրոն,,  հեռուստատեսությունը  դարձել  է  ԱԼՄ-ի  արժանի  ,,իրավահաջորդը,,. այնպես,  ինչպես  ,,Երկիրը,,  եւ  տեղը  տեղին  լուրերով  լուսաբանում  է  եւ  ընդդիմության  հանրահավաքները,  եւ  սոցիալական  խնդիրներ / հատկապես ՝ գյուղերին  վերաբերվող /, նաեւ՝   վերհանում  պետական  կառավարման  համակարգում  տարիներով  բուն  դրած  կոռուպցիոն  երեւույթները /  օրինակ ՝ գյուղացիներին  չծլող  ցորենի  սերմ  բաժանելու  կամ ՝ մի  քանի  հազար  դոլարանոց  սեմինար  կազմակերպելու  ու  գյուղացիներին  իբր  շատ  կարեւոր  խորհուրդներ  տալու  պատմությունը,  որի  առթիվ  վարչապետին  ուղղված  պատգամավորական  հարցերն  անպատասխան  մնացին /: Վերջերս  նաեւ  ,,հայտնաբերեցի,, որ  անգամ  ,,Եթեր,,  շաբաթաթերթն  է  խիստ  քաղաքականացվել,  ու  անգամ  ,,Ազատություն,,  ռադիոկայանի ՝ Րաֆֆի  Հովհաննիսյանի  միտինգներին  ու  ոստիկանության  հետ  բախումներին  անդրադարձող  նյութն  է  արտատպում,  իսկ  Երեւանի  քաղաքապետին  էլ  ,,տեղը-տեղին,,  քննադատում է...Այսինքն , եթե  մի  ժամանակ  ,,Եթերը,,  հատուկ  սյունակում  միայն  սոցիալական  հարցեր  էր  բարձրացնում,  ապա  արդեն  անցել  է  քաղաքականին.  այ   սա  առաջընթաց  է...: ...Իսկ  մայիսի  5-ին  Երեւանի  ավագանու  ընտրության  օրն  ինձ  զարմացրեց  այն,  որ  այդ  օրը  լրագրողները  թեկնածուներին  ,,սադրիչ,, հարցեր  էին  ուղղում, ինչի  պատասխանը  կարող  էր  քարոզչություն  կամ  հակաքարոզչություն  լինել,  չպատասխանելը ՝ ,,անշնորհքություն,,: ,,Չեք  վախենու՞մ,  որ  բավարար  ձայներ  չեք  հավաքի,,- հարցնում  է  թղթակիցը  գործող  քաղաքապետին:  Կամ ՝ ՀԱԿ թեկնածուից  ,,հետաքրքրվում,, է,  թե  նա  ինչ  արդյունքներ  է  ակնկալում....Իսկ  ,,Կենտրոն,, հեռուստատեսության  ռեպորտաժներից,  նաեւ ՝համացանցի  լուրերից  եկանք  այն  եզրակացության,  որ  ընտրական  տեղամասերում  ընդգրկված  մարդիկ  նյարդահոգեբանական  սուր  ընդգծված  շեղումներ  են  ունեցել:  Նշենք,  որ  ,,Կենտրոնի,,  թղթակիցն  անգամ  խոստովանեց,  թե,,Որ  տեղամասում  գոռգոռացող  նախագահ  չէինք  տեսնում,  զարմանում  էինք,,: Հետաքրքիր  է,  հիմա  է՞լ  են  ասելու,  թե  ,,Ընտրություններն  անցել  են  խաղաղ,  հանգիստ  մթնոլորտում,,    երբ  տեղամասերում  համընդհանուր  գոռգոռոց  ու  ընդհարումներ  են եղել  / որոնցից  ամենատպավորիչը,  թերեւս,  դիտորդի  կողմից  վստահված  անձի  դեմքին  մատյանով  խփելն  է  եղել :  Դե  իսկ  լրագրողներին,  ինչպես  միշտ ,,անզգույշ  քաշքշել  են,,  ու  կոպտել,  աշխատանքը  խոչընդոտել  ու,  սերիալային  լեզվով  ասած ՝ ,, դավայ  ըստուց,,  արել: Թերեւս,  այս  ընտրություններն  իրենց  ,,խոխմաներով,, գերազանցել  են  մինչ  այս   եղածները:  Ամենազարմանալին  այն  էր,  որ  բնակարաններից  մեկում  գրանցված  են  եղել...22մարդ: Իսկ  մի  քաղաքացու  զգուշացումից  հետո  անգամ  նրա  հասցեում  անհիմն  հայտնված  անունը  շարունակել  է  պահպանվել,  եւ  նա  որոշել  է  իր  ,,դատաստանն,,  իր  ձեռքով  անել  ու  մատյանից  ջնջել  է,  ինչի  իրավունքը  բնականաբար,  չուներ:  Դե  փաստորեն  մարդուն  մղել  են  ապօրինության:  Մի  խոսքով,  իսկական  ,,վիպոյանական,, ընտրություններ.  հումորով-բանով, կանխորոշված  ելքով,  ամեն  ինչ  տեղը-տեղին:.. ՀՅԴ  հանդիպումը  ,,Շանթի,,  եթերով  դիտելիս,  երբ  դաշնակցության  գործիչները  քաղաքական  բանակցությունների  մեջ  էին  մտել...լվացք  փռող  կանանց  հետ,  ու  ներքեւից  բղավում  էին,  թե  ,,Էդ  ո՞ւմ  լվացքն  է  ըտենց  գունավոր,,  ակամա  մտաբերեցի  ,,Մեր  բակը,, ֆիլմը,  որտեղ  Հրանտն /Թոխատյան /  ու  Ազատը / Գասպարյան / ,,ասուլիս,,  էին  հրավիրել  բակում, ու  լուսամուտից  մեկը  ,,հետաքրքրվում,,  էր,  թե  ,,Ինչո՞ւ  է  աղմկում  գետը,, ՝ ինչին  ի պատասխան  ,,բացատրում,,  էին. ,,Որովհետեւ  մանկուց  լավ  չեք  դաստիարակել ,,:                                                                          ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ             

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն