տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
четверг, 26 сентября 2013 г.
вторник, 24 сентября 2013 г.
Անկախությու՞նն է մեղավոր, թե՞՝վատ իշխանավորը կամ պաշտոնյան
Այս օրերին, երբ ՀՀ իշխանություններն ու տարբեր քաղաքական ուժեր զբաղված են մաքսային միության մեջ մտնելու ծրագրի քարոզչությամբ, իսկ անկախության ջատագովներն էլ ,,սուգ են կապել,, թե ՝,,անկախությունը մեր ձեռքից գնում է ,, ՝ Վանաձորում մարդիկ ոտուձեռ ընկած ՝ ձմռան նախապատրաստական աշխատանքներ են տանում: Նրանց ի՞նչ հոգսն է, մաքսային միությա՞ն մեջ կմտնենք, թե՞ ՝ Եվրամիության :Բարձրագույն կրթությամբ երկարամյա գործազուրկ մի կին հենց այդպես էլ ասաց.,,Հա մե՞զ ինչ,,: Նրանք, ովքեր դեռ մի կերպ գոյատեւում են ՝սոցիալական ծանր պայմաններում, ու ինքնասպանության չեն դիմում ՝ թոշակ-նպաստի, ,,երջանիկներն,, ՝ աշխատավարձի կամ ՝ ,,դրսից,, ստացվող օգնությունների շնորհիվ են պահպանում իրենց գոյությունը: Իսկ նրանց մի մասը ռուսական ռուբլով էլ է օգնություն ստանում, եվրոյով էլ: Ռուսաստանից վերջերս եկած ծանոթներիցս մեկը ցավով նկատեց, որ քաղաքում ավելացել է ,,իրենց-իրենց խոսողների թիվը,,: Ես կասեի ՝ երգողների թիվն էլ է ավելացել. ,,էլիտար,, երգիչները բեմի վրա են երգում կամ հեռուստատեսությամբ, ոչ էլիտարներն էլ ՝ փողոցում: Դե Մոսկվայի նման չէ, որ մետրոյի կայարաններում անգամ պրոֆեսիոնալները երգով փող վաստակեն, այս դեպքում երգում են ,,դարդից,, ու նրանք հասարակության մեջ ,,գժվածի,, համարում ունեն: Եթե մի ժամանակ այս կարգի ,,գժվածները,, հատուկենտ տարեցներ էին ՝ հոգեկան շեղումներով, ապա այսօր ցավով ականատես եղանք մի երիտասարդի ,,ցավամորմոք,, ելեւէջներին ՝ քաղաքի խանութներից մեկի առջեւ: Ու նման դեպքերում անցորդները ,,մխիթարվում,, են, որ դեռ իրենք էլ չեն սկսել փողոցում անկապ երգել, ու շատ - շատ ասում են ՝ ,,Էս ուր հասանք...,,: Կայուն, մշտական հոգեկան խաթարում ունեցողներն էլ անհասցե հայհոյելով ու զազրախոսելով ման են գալիս. թեպետ ՝ոմանք կոնկրետ հասցեատիրոջ էլ են ուղղում իրենց խոսքն ՝ ընդդեմ իշխանությունների: Դե հավանաբար սա էլ է անկախության մեծագույն նվաճումներից մեկը. խոսքի ազատություն է, ով ինչ ուզում ՝ասում է . թեկուզ ՝ մարդկանց լսելիքն ապականելու հաշվին, թեկուզ ՝ գիշերային լռություննն ու մարդկանց գիշերային հանգիստը խաթարելով: Ու այդ ժամերին ոչ մի ոստիկան էլ չի հայտնվի. այ եթե ընդդիմության միտինգ լիներ, անպայման կվկայակոչեին հասարակության անդորրը ,,խանգարելու,, մասին ՝ անգամ ՝ ցերեկով...Մի տհաճ երեւույթ էլ է հայտնվել ՝ վերջին 10-15 տարիներին ՝բջջային հեռախոսների ներմուծումից հետո: Չնայած սահմանադրությամբ մարդն ունի հեռախոսային գաղտնիության իրավունք, սակայն շատերը կամավոր իրենց անձնական կյանքը դարձնում են հասարակության սեփականությունն ու փողոցով մեկ հեռախոսով բղավում կնոջ, սիրուհու, փեսայի, ամուսնու, զոքանչի, գործընկերոջ կամ...,,համբալի,, վրա: Իսկ անկախության ամենամեծ նվաճումը ոչ միայն ինտերնետն ու բջջային հեռախոսն է,այլեւ ՝ այն, որ բջջային հեռախոս կարող են ունենալ նաեւ բեռնակիրները, որոնց ամբարտավան տերերը առիթը բաց չեն թողնում նրանց ստորացնել կամ ՝,,համբալ,, անվանել: Ցավոք, ,,համբալ,,օտարալեզու բառը, որ բեռնակիր է նշանակում, հայհոյանք է դարձել անգամ ՝ դպրոցականների համար, եւ նրանք, շնորհիվ սերիալներից ներմուծված բառապաշարի, իրար ,,մեծարում,, են ,,այ համբալ, այ բոմժ,, պիտակներով: Մարդու սոցիալական կարգավիճակը դարձել է հայհոյանքի ատրիբուտ: Ասվածի ապացույցին ականատես եղանք ,,Կենտրոն,, հեռուստատեսությամբ,երբ մայրաքաղաքի Ծածկած շուկայի նկատմամբ տեղի ունեցող ապօրինի գործողությունների առնչությամբ միմյանց հետ վեճի բռնված կանանցից մեկը բղավում էր հակառակորդ ,,բանակի,, վրա ՝,,այ բոմժեր, սոված շներ,,...Պատկերացնու՞մ եք, եթե մարդն արժանապատվությունը պահելու եւ չստորանալու պատճառով է անգամ հայտնվել սոցիալական ստորին սանդղակի վրա ՝,,բոմժի,, կարգավիճակ է ստանում ՝ոչ քաղաքացիական հասարակության կողմից, ու սրանց ՝ ոչ քաղաքացիականների տեսակն այսօր հսկայական է, ու հենց դա էլ ազգի բարոյական ոչնչացման պատճառ է դառնում: Օրեր առաջ էլ մի ողբերգա-զավեշտական տեսարանի ականատես եղա. 2 տղամարդ, որոնցից մեկը ՝ մշտական աղբ քրքրող,միմյանց հետ վեճի էին բռնվել ՝ աղբարկղ նետված լվացքի մեքենայի առնչությամբ:Մեկին դրա սնուցման գիծն էր անհրաժեշտ, մյուսին, թերեւս ՝ ամբողջը, ու մի 20 րոպե ,,Ոսկե հորթը,, ֆիլմի Պանիկովսկու ու Բալագանովի նման քաշքշում էին իրար: Դասակարգային պատկանելությամբ մեկ աստիճան բարձր կանգնածը, որ բջջային հեռախոս ուներ,հակառակորդին սպառնաց, թե կզանգի ուր պետք է; Թե ու՞ր պետք է զանգեր ՝ աղբարկղ նետված մեքենայի առնչությամբ ՝ մնաց անհայտ: Դե արի ու այս խավին հարցում արա, թե ՝ մաքսային միութա՞նն է կողմ, թե՞՝ Եվրամիությանը:Չնայած այս կարգի մարդիկ էլ ընտրական ձայնի իրավունք ունեն, ու հենց նրանց նմանների վրա են հենվում ընտրախավերի կազմակերպիչները: Մի խոսքով, անկախության 22 տարիների ընթացքում ժողովրդի մի զգալի մասի դիմագիծն աղճատվել է, տեսակը ՝ մանրացել, ճղճիմացել, ու ինչպես մեծն Թումանյանը կասեր ՝,,Մինչեւ մարդը շատ հեռու է իր ճամփան,,:Մարդը մարդուն գայլ է, նախկին սպեկուլյանտը ՝ մանր չարչի ՝,,ջիբգիրի,, հոգեբանությամբ, որ ապրանքը տոն օրով թանկ է ծախում, սովորական օրով ՝ էժան: Մեկին թանկ է ծախում, մյուսին ՝ էժան, նայած, թե գին հարցնողի հագուկապն ինչ է հուշում դրամապանակի պարունակության կամ դասակարգային պատկանելության մասին: Ո՞վ է սրա մեղավորը. անկախությու՞նը, թե՞ ՝ անկախության արդյունքում բարձր պաշտոններ ձեռք գցած, կասկածելի ճանապարհով փողատեր դարձած, ազդեցություն ձեռք բերած ճարպիկ մեկը, մի քանիսը կամ սրանց տեսակը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 23 сентября 2013 г.
,,Նեմեցական,,ծրագիրը ՝ գործողության մեջ
Վանաձորի փողոցները երբեէ այս աստիճան քարուքանդ ու ,,բրախված,, չեն եղել: Ու դրա ,,մեղավորը,, կառավարությունն ու ջրմուղի գերմանական վարկային ծրագիրն է, որոնց գումարներով այս տարվա գարնան- ամռան ամիսներից սկսած ՝ քաղաքի կենտրոնում ինչքան հատվող, խաչվող ու հանդիպակած փողոց, նրբանցք ու փակուղի, բակ կա ՝ հա քանդում ու քանդում են : Անկախության տոնական համարվող օրն անգամ ՝ սեպտեմբերի 21-ին Վանաձորում շարունակվում էին գերմանական վարկային ծրագրի շրջանակներում տարվող ,,ահաբեկչական,,գործողությունները ՝ փողոցների նկատմամբ: Ղուկասյան փողոցը, որ 2-3 ամիս առաջ էին քանդել ՝ ջրագիծ փոխելու պատճառաբանությամբ, այդ օրը կրկին քանդեցին, ու խճապատեցին: Ըստ տեղեկությունների ՝ ինչ-որ սխալ են թույլ տվել շինարարության ընթացքում, դրա համար երկրորդ անգամ են նույն գործողությունները կատարում / բա որ բժիշկ լինեին, ու հիվանդին 2-րդ անգամ վիրահատեին /: Այդ կարգի սխալի պատճառով նույն օրը ջրագիծ էին տվել-պայթեցրել, ու Կ.Դեմիրճյան 32 շենքի բակն ու հարակից փողոցը ողողել ջրերով: Դեմիրճյան 28 վթարային շենքի բակում էլ նմանատիպ սխալի պատճառով ելեկտրական կաբելն էին վնասել, ու բնակիչներին անլույս թողել, էլեկտրական սարքավորումները վնասել, չհաշված ՝ անջուր թողնելը: Այդ շենքի բակում մինչ ուշ երեկո, ,,կոմբայնին,, խփած լապտերիկներով ջրմուղագործները ջանք ու եռանդ չէին խնայում ջրագիծը փոխելու նպատակով, բայց, փաստորեն, հոնքը շտկելու փոխարեն ՝ աչքն էին հանել: Սեպտեմբերի 21-ին բուռն գործողություններ էին տարվում Լազյան փողոցում, որտեղ 2 ամիս առաջ էին քանդել, ու հիմա էլ քանդել էին ՝ խճաքարապատելու նպատակով. թե ասֆալտապատումը ե՞րբ կլինի ՝ Աստված գիտե: Բայց դրա արդյունքում մի աղջիկ լավ սայթաքեց աչքիս առաջ ու մտքում թերեւս մի լավ հայհոյեց: Ի դեպ, ա րդեն մի քանի ամիս է, վանաձորցի կանայք նախընտրում են ,,կալոշներով,, դուրս գալ փողոց, իսկ բարձրակրունկ հագնելու ռիսկի դիմողներն ստիպված են լարախաղացի մասնագիտություն սովորել ՝ խճաքարերով քայլելու նպատակով: Կառավարությանը քիչ է մնում հարցնենք. այ ախպեր, լավություն էիք ուզում անել ՝ վթարային շենքերին տիրություն անեիք ու փող դուրս գրեիք, թե չե համ դուք եք ասֆալտի փող դուրս գրել, համ ՝ ջրմուղն է վարկային ծրագիրը ,,խոդի տվել ,, ու հիմա ամբողջ քաղաքը քանի ամիս է քանդուքարափ վիճակում է, հա քանդում են, հա փոխում են, հա նորից են քանդում, ու ,,սենց,, երեւի մինչե ձմեռ: Թեպետ, հիմա էլ աշնան հորդառատ անձրեւներն են այդ ամենին գումարվել ՝ դրանից բխող հետեւանքներով. ցեխ, ճահիճ, կեղտ, տեղ-տեղ էլ կենցաղային աղբ.. Ըստ տեղեկությունների, շուտով կսկսվի ,,Լաչինի միջանցք,, կոչվող բացօթյա առեւտրի վայրի ,,գրոհը,,. այդտեղ մեկ տարի առաջ էին ասֆալտապատել / շուրջ 15 տարի ,,անտեր,, թողնելոց հետո /, բայց ՝ ջրահեռացման աշխատանքները չէին կատարել, ու հիմա, թերեւս, ստիպված են լինելու ասֆալտը քանդել, ջրագծերը փոխել: Դե եթե 15-20 տարվա քարուքանդ փողոցը 2012թվին ՝ ՏԻՄ ընտրությունների նախօրյակին են ասֆալտապատել, ո՞վ գիտե, ջրագիծ փոխելուց հետո ե՞րբ կասֆալտապատեն. թերեւս ՝ մեկ էլ հաջորդ ՏԻՄ ընտրությունների նախօրյակին ,2016 թվին: Մի՞թե հնարավոր չէր գրագծերը փոխել ՝ մինչեւ ասֆալտապատումը. չէ՞ որ գերմանական վարկային ծրագիրը 5 տարի է , գործում է Վանաձորում: Թե չէ ինչի՞ նման է. մարտ ամսին կարկատանային ասֆալտապատման ենթարկված Կ.Դեմիրճյան փողոցը հունիսին քանդում են, ջրագիծ փոխում, ու հետո, 2 ամիս անց, երբ փողոցը կրկին ասֆալտապատում են, հանկարծ հիշում են, որ Երկաթուղայինների այգու եւ Կ.Դեմիրճյան 30 շենքի դիմաց պետք է քանդեն, որ վթար վերացնեն / ընդ որում այդ քանդելուց հետո էլ թերեւս վթարային վիճակը պահպանվում է, քանի որ ավտոճանապարհի դիտահորերը 1 տարի է ՝,,երախները,, բաց վիճակում են /: Հիմա էլ շուրջ 2 ամիս է ՝ Տերյան փողոցն է քարուքանդ, խճաքարերով ու խրամատներով պատված: Ենթադրվում է, թե այս գործի կազմակերպիչների գործողությունները բխում են բժիշկ-վնասվածքաբանների, ,,սնխչիների,, կոշկակարների ու ավտոնորոգման կետերի շահերից:....... .....Ակամա հիշում եմ ,,Կարգին հաղորդում,, երգիծական մանրապատումներից մեկը: Հայկոն հայհոյելով գնում է, ասելով ՝,,Էս ինչ անննասուն երկիր ա,,: Մկոն, որ ոստիկանի դերում է, բռնում-տանում է բաժանմունք, որի պետը հարցնում է, թե ինչու է այդ մարդուն բռնել: ,,Հայհոյում էր, ասում էր ՝ էս ինչ անասուն երկիր ա,,: ,,Դե գիտե՞ք, ես Հայաստանի մասին չեմ ասել, Շվեյցարիային եմ նկատի ունեցել,,,- փորձում է արդարանալ Հայկոն: Այդ ժամանակ բաժանմունքի պետը Մկոյին տուգանում է: Վերջինս Հայկոյին գանգատվում է, թե քո փոխարեն ինձ տուգանեցին: Հայկոն էլ չարախնդում է, թե ՝,,Բա որ ասում եմ անննասուն երկիր ա,, ՝ ու փախչում: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Հ.Գ. Տես նաեւ ՝10.09. 2013թ. ,,Ջրմուղագործներն ուսումնական պրակտիկա՞ են անցնում,, 13.07.2013թ,,Ջրագծերը փոխում են, ասֆալտապատումը ՝ մոռանում,, 15.06.2013թ. ,,Եւ կրկին անորակ ասֆալտապատման, բաց դիտահորերի ու բյուջետային վնասների մասին,, հոդվածները սույն բլոգում
четверг, 19 сентября 2013 г.
Վանաձորի կոմունիստներն ՝ ի պաշտպանություն մաքսային միության
Իրականանալուն մոտ է կոմունիստների ՝ անկախության տարիների 20-ամյա երազանքը. Հայաստանն, ի վերջո, անդամագրվելու է Ռուսաստան+Բելառուս միությանը. ռուսամետները կասեին ՝ տուտ եշչշյո ի Ղազախստան եսծ...,,: Շատ ավելի լավ ՝ դեռ իրենց տեսակը պահպանած կոմունիստների, ու նրանց հետագա գործունեության համար: Մի խոսքով, ՀԿԿ Վանաձորի քաղկոմում սեպտեմբերի 19-ին մամլո ասուլիս էր հրավիրվել, ու կոմկուսի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանն առաջին անգամ գոհունակություն հայտնեց ՀՀ իշխանություններից ՝ իրենց արտաքին քաղաքականության համար. ,,25 տարվա ընթացքում սա առաջին լուրջ պայմանագիրն է ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո,,: Իսկ ի՞նչ է տալու այդ միությունը բազմաչարչար հայ ժողովրդին: Ղուկասյանը համոզված է, որ գազը կրկին էժանանալու է / Իսկ ՀՀ էներգետիկայի նախարարն օրերս հայտնել էր, որ գազը չի էժանանա, թեպետ, ո՞վ գիտե, Շավարշ Քոչարյանն էլ պնդել էր, թե մաքսային միության մեջ մտնելը բացառվում է -Գ.Հ. /: Ղուկասյանը համոզված է նաեւ, թե գներն իջնելու են: Իմ հարցին, թե վիզային ռեժիմը կվերանա՞, կրկին դրական պատասխանեց: Ավելին, համոզված է նաեւ, թե երկաթուղին են բացելու, իսկ որ մինչ օրս չեն բացել, ապա ՝ ի հեճուկս Եվրամիության, որ ,,ինչ այլանդակություն ասես չբերեց Հայաստան,,: Ա. Ղուկասյանը նկատել է, որ մաքսային միությանը Հայաստանին միավորելու առնչությամբ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, մի փոքր լավատեսորեն են վերաբերվում առաջիկային...: ,,Եթե հայ ժողովուրդն այդքան ռուսամետ է, ինչու՞ կոմունիստները խորհրդարանական ընտրություններին պարտություն կրեցին,, / այն էլ ՝ 2 անգամ /, - իմ հարցին Ղուկասյանը հարցով պատասխանեց.,,Իսկ Հայաստանում ընտրություններ եղե՞լ են,,- ու պատճառաբանեց, որ արդար ընտրությունների դեպքում կոմունիստներն անպայման համապատասխան ձայներ կհավաքեին: ,,Հիմա մաքսային միությանն անդամագրվելուց հետո կոմունիստները կմտնե՞ն խորհրդարան ,, հարցիս էլ դրական պատասխանեց ՝ վերապահումով. ,,Եթե արդար ընտրություններ լինեն,,: ,,Չլիներ Ռուսաստանը, չլինեին ռուսական ռազմաբազաները, Թուրքիան 1 օր անգամ չէր սպասի...Ամենակարեւորը հայ ժողովրդի անվտանգությունն է,,-այս կարծիքն ընդունելի է ՝ ելնելով պատմական հանրահայտ ճշմարտությունից: Բայց ինչպես՞ նայել այն փաստին, որ հայկական բանակում ավելի շատ տուժում են ,,ներքին,, թնամուց, քան ՝ արտաքին: Ասվածի ապացույցները բանակում պարբերաբար տեղի ունեցող դժբախտ դեպքերը, ինքնասպանություններն ու այդ վարկածով սպանություններն են: Իսկ դրա դեմ ոչ մաքսային միությունը կարող է պայքարել, ոչ ՝ Եվրամիությունը: Առջեւում անկախության 22-ամյակն է, եւ Ղուկասյանը, ինչպես նախորդ ասուլիսներից մեկի ժամանակ, զարմանք հայտնեց, թե ինչու՞ են ասում ,,անկախության զոհերի հիշատակին,, փոխանակ ասեն ՝ ,,Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին,,: ,,Անկախությունը մատուցել են մեզ, անկախության համար մենք զոհ չենք տվել,,- համոզված է բանախոսը, որ անկախության միակ զոհը համարում է Պարույր Հայրիկյանին: Այն, որ նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասը չեն անդամագրվել մաքսային միությանը, պատճառաբանեց նրանց տերիտորիալ շահեկան դիրքով, ինչը բացակայում է Հայաստանի պարագայում.,,Մենք ոչ Լատվիան ենք, ոչ Լիտվան, ոչ էլ Էստոնիան, ծով չունենք, շրջապատված ենք ոչ բարեկամ պետություններով,,: Մոտ մեկ ժամ տեւած ասուլիսը , ճիշտ է, նախկին ասուլիսների նման բուռն ակտիվությամբ ու քննարկումներով աչքի չէր ընկնում, սակայն հատկանշական պահեր ուներ: 80-ամյա կոմունիստ Մկրտիչ Հակոբջանյանը նորաթուխ լրագրողուհիներին դիմում էր ,,բալիկո,, փաղաքշական կոչումով, իսկ լրագրողուհիներից մեկը, որ, թերեւս, առաջին անգամ էր կոմկուսի ասուլիսին մասնակցում, ասուլիսի վերջում անսպասելիորեն հարցրեց Ղուկասյանին.,,Ձեզ ինչպե՞ս ներկայացնենք,,/ թեպետ, Ղուկասյանը 15 տարուց ավելի է ՝ քաղաքականության մեջ է, երկու անգամ առաջադրվել է Վանաձորի քաղաքապետի թեկնածու, ակտիվորեն մասնակցել հեռուստատեսային բանավեճերի, թոք-շոուների, եւ քոչարյանական ,,ռեակցիայի,, տարիներին մեկ անգամ նույնիսկ ձերբակալվել մի քանի ժամով ՝ մայրաքաղաք ընդդիմության հանրահավաքի ուղեւորվելիս /: Ինչպես միշտ, կոմկուսի տարածքի մի մասը, որ 2004թ.օրինական որոշումով ,,փախցրել,, է Վանաձորի պատգամավորներից մեկը, դեռ քարուքանդ վիճակում էր: Նշենք, որ այդ քարուքանդ վիճակին անդրադարձել ենք դեռեւս 2004 թ. ՝ ,,Չորրորդ իշխանություն,, թերթի 18.06.2004թ. ,,Տարածքից չզրկեցին, իսկ արտաքնոցից ՝ միգուցե...,, հոդվածում: Փաստորեն, 9 տարի անց նույն վիճակն է. կոմկուսին զրկել են տարածքի մի մասից ու արտաքնոցից ու այդպես էլ թողել: Մնում է հարցնել.,,Էդ տարածքը փախցրել եք կոմկուսից, որ ի՞նչ անեք,,: Տեսնես Ռուսաստան+Բելառուս+Հայաստան ,,եշչյո ի Ղազախստան,, միությունը կնպաստի՞ կոմկուսի գրասենյակի ամբողջական վերականգնմանը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 12 сентября 2013 г.
Հավկիթների արտահանումը ՝ գների ,,կատաղության,, պատճա՞ռ
Աշունն սկսվեց գների հերթական թանկացմամբ. այս անգամ հավկիթների գներն էին ,,չերեզչուր,, կատաղել: Եթե 1-2 ամիս առաջ Վանաձորի խանութներում ,,աչքին սովոր,, մակարդակը 55 -60դրամն էր / ինչը կրկնակի անգամ արդեն իսկ թանկ էր նախորդ տարվա գներից /, ապա սեպտեմբերի սկզբից այն հասել է 70-80 դրամի ՝ փորձելով հասնել եւ անցնել այսպես կոչված ,,տնական ձվերի,, մակարդակին: Ու հիմա ,,տնական,, ,,հավկիթները ,,փիքր են անում,,. էլի բարձրանա՞ն, թե՞ ՝ հաշտվեն այն մտքի հետ, որ արդեն իրենց հետ հավասար պետք է քայլեն պետական ձվերը: 1-2 շաբաթ առաջ ՏՄՊՊՀ-ն որոշեց իբր թե վերահսկել այս ոլորտը, բայց տնտեսվարողներից բացատրություն պահանջեց ոչ թե 65-70 դրամով վաճառելու, այլ... ,,4 դրամով գինը բարձրացնելու,, համար: Մինչդեռ 1 տարվա ընթացքում հավկիթի գներն աճել են կրկնակի: Դե եթե ՏՄՊՊՀ նախագահը, ըստ մամուլի մի հրապարակման, 720հազար դրամ աշխատավարձ է ստանում, նրա ի՞նչ հոգսն է, թե 1 հավկիթի գինը հավասար է 1կգ կարտոֆիլի: Ի դեպ, սա բավականին ,,ռիսկային,, համեմատություն կարելի է համարել, քանի որ ամեն անգամ, երբ հիշեցնում ենք, որ 1հավկիթի գինը հավասարվել է 1կգ կարտոֆիլի նվազագույն գնին, շուկայական մաֆիան տեղնուտեղը ,,կորտոլի,, հարցերը լուծում է ՝ գինը բարձրացնելով: Դա դեռ բավական չէ, հաճախ էլ առեւտրի ոչ միայն բացօթյա կետերում, այլեւ ՝ խանութներում կարելի է հանդիպել հակահիգիենիկ տեսքով հավկիթների: Երբ Վանաձորի բացօթյա առեւտրի կետերից մեկում մի տարեց կին ՝ ալեհեր մազերով, փորձեց այդ առնչությամբ դժգոհություն հայտնել վաճառողին, վերջինս, գյումրեցու ասած ՝ ,,լաբառոշ բերանի,, սանձերն արձակեց ու հարձակվեց իր մոր տարիքի կնոջ վրա.,,Վայ քո տունը շինվի, հորդ տանը ծրտոտ ձու չե՞ս տեսել: Էս ժողովուրդը որ սենց քթիմազություն չի անըմ....,,: Ի դեպ, նույն վաճառողը մի առիթով էլ հարձակվեց ձեթի սպառման ժամկետը շշի վրա կարդալ փորձող կնոջ վրա. ,,Ամեն պարը պարեցինք ՝ մնաց սարի սմբուլը,,: Ահա եւ ձեզ սպառողի իրավունքների պաշտպանության տեղական մակարդակ ՝ ,,գեղական կարգով,, : Ինչ վերաբերվում է հավկիթների գների հերթական բարձրացմանը, ապա ենթադրվում է, թե այն պայմանավորված է արտահանման ծավալների մեծացմամբ: Համենայն դեպս, սեպտեմբերի 9-ին Հ1-ի ,,Ինդեքսը,, տեղեկացնում էր, որ տեղական հավկիթներն արտահանվում են:Իսկ այն, ինչ արտահանվում է, ու դրսում ,,լավ գին են տալիս,, նպաստում է շուկայում դրա գնի բարձրացմանը: Ակամա հիշում ենք ,,Ոսկե ցլիկը,, հայկական ֆիլմը, երբ կոլխոզի նախագահ Նաջարյանն իր գյուղի պարծանք ցլիկին նվիրեց իր խնամու ֆերմային, իսկ համագյուղացիներից մի կին դժգոհեց. ,,Մենք շատ ունե՞նք, որ ուրիշին ես տալիս,,: Հետաքրքիր է, եթե ամռան-աշնան ամիսներին են 70-80 դրամով ձու վաճառում, ապա ի՞նչ կլինի ձմռանն ու Ամանորի շեմին: Օրերս իշխանամետ ուժերից մեկը պնդում էր, թե Եվրասիական միության մեջ մտնելու պայմաններում Հայաստանում գները կնվազեն: Հնարավոր է, մի քանի ամիս ժողովրդին մի լավ ,,քերթելուց,, հետո հավկիթների գները փոքր-ինչ իջեցնեն ՝ սուպերթանկից կայունացնելով ,,աչքին սովոր,, թանկի վրա, ու ասեն, թե ,,Տեսա՞ք, մաքսային միության մեջ մտանք, գներն իջնում են ,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 10 сентября 2013 г.
Ջրմուղագործներն ուսումնական պրակտիկա՞ են անցնում
Այնպիսի տպավորություն է, թե Վանաձորի ջրմուղագործներն ուսումնական պրակտիկա են անցնում ՝ փողոցի նույն հատվածը մի քանի անգամ քանդելով: Ահավասիկ, 2-3 ամիս առաջ Վանաձորի Ղուկասյան եւ Լազյան փողոցները / որ անցած աշնանն էին ասֆալտապատել / ,քանդեցին ՝ջրագիծ փոխելու պատճառաբանությամբ: Եվ մինչ մարդիկ 2 ամիս սպասում էին, թե երբ է ասֆալտաքանդա-խճաքարաավազախառն փողոցն ասֆալտապատվելու, մեկ էլ սեպտեմբերի 9-ին, ուսումնական տարվա սկզբին Լազյան փողոցի ՝ թիվ 3 դպրոցի ետնաբակում կրկին ջրմուղագործների ,,կոմբայնը,, հայտնվեց, ու փողոցը փառավորապես ընկղմվեց ցեխաճմբերի մեջ: Նշենք, որ 2 ամիս առաջ էլ այս փողոցը հատող Տերյանում են քանդաշինական աշխատանքներ սկսվել ՝ մեքենաների ու անցորդների երթեւեկի համար լուրջ խնդիրներ առաջացնելով: Այդ փողոցների հարցերը կիսատ-պռատ ՝ Լազյանի շարունակություն կազմող մի հատված էլ քարուքանդ են արել ՝ մանկապարտեզի հարեւանությամբ: Ընդ որում, պարզվում է, 2 ամիս առաջ փորած Ղուկասյան փողոցում էլ ինչ-որ սխալ են թույլ տվել ջրմուղագործները,, ու հիմա 2 օր է ՝ կրկին փողոցը քանդում են: Մարդիկ ուղղակի ապշած են. ինչպե՞ս կարելի է նույն փողոցը 2 ամսում 2 անգամ քանդել ՝ջրագիծ փոխելու պատճառաբանությամբ: Ստացվում է, որ ուսումնական պրակտիկա են անցնում ջրմուղագործները ՝ անցորդների կոշիկների ու ավտոմեքենաների անվադողերի ՝ ժամանակից շուտ ,,շարքից դուրս գալու,, հաշվին, իսկ պրակտիկայից հետո էլ ՝ ,,ստուգարք,, են հանձնում ՝ նորից քանդելով :Թերեվս, մարդիկ չեն սխալվում, երբ ասում են, թե ,,փողերի լվացում,, է կատարվում ՝ նույն աշխատանքը երկարաձգվում ՝լրացուցիչ գումարներ ,,քամուն տալով,, : Նույն միտքն էլ վերջերս հնչեց ,,Արմենիա,, հեռուստատեսության ,,Սուր անկյան,, նախաարձակուրդային ռեպորտաժի ժամանակ, որ նվիրված էր մայրաքաղաքում ասֆալտապատման անվան տակ կատարվող ,,փողերի լվացմանը,,: Ի՞նչ տարբերություն, նույնն էլ Վանաձորում է, քաղաքի մի զգալի մասը խրամատավորված է, նույն փողոցը մի հազար անգամ քանդում-կարկատում են, մինչդեռ մայթերը տարիներով ասֆալտի երես չես տեսնում: Մինչդեռ տեղական իշխանությունները կոչ են անում, թե ,,հիփ-հիփ ուռա՜... բոլորս դեպի Վանաձորի օր տոնակատարություն,,... Քանդված-,,խախալտակված,, փողոցներով, անլվա մուրացկաններով ու աղբ քրքրողներով, պարբերաբար դատարկվող քաղաքում ի՞նչ ,,Վանաձորի օր,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ինչու՞ պատգամավորները քննություն չեն հանձնում
Մամուլում հաճախ են հայտարարություններ լինում քաղծառայողի կամ ՏԻՄ համակարգի չինովնիկ աշխատելու համար նախատեսվող քննություններ անցկացնելու մասին: Մինչդեռ հազիվ թե որեւէ մեկը լսած լինի պատգամավոր դառնալու լիցենզիա տվող քննության կամ ատեստավորման մասին: Անգամ ընտրական հանձնաժողովներում ,,սեզոնային,, աշխատանքի համար հատուկ դասընթացներ են անցկացվում մարզպետարաններում, ու հատուկ վկայականներ են տրվում ՝ քննությունները բարեհաջող հանձնածներին: Ուսուցիչներն են մի քանի տարին մեկ ատեստավորում անցնում, ու ոմանք անգամ ,,կտրվում,, են քննությունից ՝ անբավարար գիտելիքների պատճառաբանությամբ: Դպրոցների տնօրենների պաշտոնների համար են մրցույթներ անցկացվում: Դատական համակարգի աշխատողներն են քնություն հանձնում ՝ պետդեպարտամենտում : Անգամ մասնավոր ընկերություններում են երբեմն համակարգչային գիտելիքներ ու անգլերենի իմացություն պահանջում, ,,քաստինգներ,, անցկացնում... նույնիսկ ՝ հավաքարարների համար: Մինչդեռ ԱԺ պատգամավոր ՝ երկրի օրենսդիր մարմնի անդամ դառնալու համար Հայաստանում բավական է միայն կուսակցական պատկանելությունը, եւ ՝ այն, թե այդ կուսակցությունը որքան ձայն կհավաքի ՝ ,,տնից տուն,, կամ ,,գզիրն ընկավ դռնեդուռ,, ծրագրի շրջանակներում: Բա հետո էլ ոմանք սովետական տարիների Գերագույն Խորհուրդն են ծաղրում, թե կթվորուհիներին էին պատգամավոր ընտրում: Նրանք գոնե որպես կթվորուհի էին վարձատրվում, իսկ պատգամավորական նիստերին տարին մեկ թե երկու անգամ մասնակցելու համար չէին վարձատրվում: Իսկ հիմա ՝ անկապ, ոչինչ չասող, բութ դեմքերով, իրավաբանությունից կիլոմետրերով հեռու ոմանք, որ թքած ունեմն ժողովրդի վրա ՝ ամեն ամիս պետբյուջեից ճոխ-ճոխ վարձատրվում են, ինչ է թե ՝ տվյալ քաղաքական կուսակցության անդամ են, ու նրանց միակ գործն անհրաժեշտ պահերին պատգամավորական ,,կոճակ սեղմելն,, է: Փաստորեն, պատգամավոր դառնալու համար անգամ համակարգչային գիտելիքներ չեն անհրաժեշտ. նրանք դա կարող են ձեռք բերել նաեւ պետության կողմից անվճար տրվող համակարգչով ,,շարիկ գլորելիս,, ,,փիս-փիս,, կայքեր կարդալիս կամ, լավագույն դեպքում ՝կայքային մամուլն աչքի անցկացնելիս, որպեսզի ստուգեն, օրինակ, թե իրե՞նց, թե ՞ ՝ մեկ այլ պատգամավորի մասին են ավելի շատ վատ բաներ գրում: Անգամ մի երգիծական համար էին Կարգին Հայկո-Մկոն պատրաստել հեռուստատեսությամբ, որ վերաբերվում էր որոշ պատգամավորների հավաքական կերպարին ՝ համակարգչային ցածրորակ գիտելիքների առումով: Պատգամավորից մինչեւ նախարար էլ մեկ քայլ է, եւ նախարար դառնալու համար էլ առանձնապես մեծ գիտելիքներ չեն պահանջվում, այլ միայն ՝իշխող կուսակցության ,,դաբրոն,, ստանալը: Հետաքրքիր է, արտասահմանյան զարգացած երկրներում է՞լ է այդպես, երբ պատգամավորից ու նախարարից ավելի քիչ է պահանջվում / ավելի շատ ՝ վարձատրվում /, քան ՝պետական կամ ՏԻՄ ծառայողից: Ահա թե ինչու, պատգամավոր դառնալու համար շատերն ինչ ստոր միջոցի ասես չեն դիմում . էլ ձայներ ,,գնել,, էլ ՝ քծնել, ստորանալ, մրցակիցներին ,,շարքից,, հանել, վարկաբեկել կամ ՝ ծեծել տալ ոչ միայն մրցակիցներին, այլեւ ՝ նրանց համար քարոզչություն անողներին: Մի առանձին թեմա է, թե ինչ սկզբունքով են անցնում քննությունները ՝ ՏԻՄ համակարգում, արդյո՞ք քննություն անցկացնող ավագանու անդամն ունի բավականաչափ գիտելիքներ, որ առավել արժանավորների բախտը որոշի: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 9 сентября 2013 г.
Հայաստանը ՝ 10 տարի անց. բանկերում սառեցվել են ՀՀ դրամով ներդրված ավանդները
Երգիծանքի գրչով 2023թիվ: Հայաստան: Երեվան: Ամառ: Կառավարության շենքի առջեւ կրկին հավաքվել են 1998-2013 թվերին ՀՀ դրամով ավանդ ներդրած քաղաքացիները: Նրանց գումարները սառեցվել են 2013 թվին ՝ կապված մաքսային միության մեջ մտնելու հետ / Ռուսաստանի, Բելոռուսի ու Ղազախստանի եւ այլոց հետ մաքսային միության մեջ մտնելու ու Եվրասիական միությանն ինտեգրվելու, ու դրա հետեանքով ազգային դրամը շրջանառությունից հանելու հանգամանքով պակմանավորված / : ,,Քաշված,, ավանդատուներին առաջնորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այդ առթիվ հացադուլի է նստել ՝ 10 տարվա ընդմիջումից հետո կրկին վերադառնալով Մեծ քաղաքականություն: Ավանդատուները, բողոքի ակցիան սկսելուց առաջ մոտենում են Հովհաննիսյանին, բարեւում, այնուհետ ՝կարգախոսները ձեռքներին մոտենում կառավարության շենքին ու բղավում ՝ ,,Փո-ղե-րը, փո-ղե-րը,,: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ բանկերում ներդրված գումարները վերադարձվեն ռուսական ռուբլով կամ ,,եվրազիկով,,՝ ներառելով նաեւ 10 տարվա ընթացքում եկած տոկոսադրույքները: Վարչապետ Արամ Գասպարի Սարգսյանը դուրս է գալիս շենքի առջե, եւ խոստանում նրանց բողոքը հերթական անգամ հասցնել ՀՀ նախագահ, մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանին: Սակայն այդ պահին ինքը ՝ Հակոբյանը, սլավոնական արտաքինով մի քանի սափրագլուխ թիկնապահներով շրջապատված ՝ մոտենում է ցուցարարներին ու բղավում ՝,,Աստա՜..վիծ, շագո՜..վ մարշ,,: Այդ ամենն ակնհայտորեն զայրացնում է այդ պահին Րաֆֆուն աջակցող Պարույր Հայրիկյանին, որ հոնքերը խոժոռելով բղավում է ՝,,Հիմի է՞լ լռենք,,: Հայրիկյանի զայրույթի պատճառը ոչ միայն ազգային դրամի վերացումն է, այլեւ՝ այն, որ իր դեմ կատարած մահափորձի պատվիրատուները / իր ենթադրությամբ ՝,,ռուսական կայսերապետությունը,,/ , այդպես էլ չեն բացահայտվել, իսկ մահափորձ կատարած Վարդան Սեդրակյանը վաղաժամկետ ազատվել է ՝,,իրավիճակի փոփոխության պատճառով,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 3 сентября 2013 г.
Հայտարարություն
Փնտրում եմ դրամաշնորհային ծրագիր ՝ AZAT ANKAKH բլոգի ֆինանսավորման եւ զարգացման նպատակով: Բլոգը գործում է 2011 թվի հուլիսի 24-ից եւ պարբերաբար թարմացվում ներքաղաքական, սոցիալ-իրավական եւ այլ թեմաներով նոր նյութերով. թեպետ ՝ այդտեղ տեղ են գտնում նաեւ նյութեր ՝ մամուլի արխիվներից, եթե տվյալ նյութն առայսօր արդիական է: Սեպտեմբերի 3-ի դրությամբ բլոգի հոդվածների թիվը հասավ 150-ի: Փնտրում եմ նաեւ դրամաշնորհային ծրագիր ՝ նոր հիմնադրված ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆՈԹԵՐ բլոգի / www.lragrakan.blogspot.com / ֆինանսավորման նպատակով: Այդտեղ կտեղադրվեն լրագրողական թեմաներով, ինչպես նաեւ ՝հուշապատում բնույթի նյութեր: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, e-mail: gayane1960@gmail.com, gayanehovsepyan91@gmail.com հեռ.0322 4-61-17
Подписаться на:
Сообщения (Atom)