Այնպիսի տպավորություն է, թե Վանաձորի ջրմուղագործներն ուսումնական պրակտիկա են անցնում ՝ փողոցի նույն հատվածը մի քանի անգամ քանդելով: Ահավասիկ, 2-3 ամիս առաջ Վանաձորի Ղուկասյան եւ Լազյան փողոցները / որ անցած աշնանն էին ասֆալտապատել / ,քանդեցին ՝ջրագիծ փոխելու պատճառաբանությամբ: Եվ մինչ մարդիկ 2 ամիս սպասում էին, թե երբ է ասֆալտաքանդա-խճաքարաավազախառն փողոցն ասֆալտապատվելու, մեկ էլ սեպտեմբերի 9-ին, ուսումնական տարվա սկզբին Լազյան փողոցի ՝ թիվ 3 դպրոցի ետնաբակում կրկին ջրմուղագործների ,,կոմբայնը,, հայտնվեց, ու փողոցը փառավորապես ընկղմվեց ցեխաճմբերի մեջ: Նշենք, որ 2 ամիս առաջ էլ այս փողոցը հատող Տերյանում են քանդաշինական աշխատանքներ սկսվել ՝ մեքենաների ու անցորդների երթեւեկի համար լուրջ խնդիրներ առաջացնելով: Այդ փողոցների հարցերը կիսատ-պռատ ՝ Լազյանի շարունակություն կազմող մի հատված էլ քարուքանդ են արել ՝ մանկապարտեզի հարեւանությամբ: Ընդ որում, պարզվում է, 2 ամիս առաջ փորած Ղուկասյան փողոցում էլ ինչ-որ սխալ են թույլ տվել ջրմուղագործները,, ու հիմա 2 օր է ՝ կրկին փողոցը քանդում են: Մարդիկ ուղղակի ապշած են. ինչպե՞ս կարելի է նույն փողոցը 2 ամսում 2 անգամ քանդել ՝ջրագիծ փոխելու պատճառաբանությամբ: Ստացվում է, որ ուսումնական պրակտիկա են անցնում ջրմուղագործները ՝ անցորդների կոշիկների ու ավտոմեքենաների անվադողերի ՝ ժամանակից շուտ ,,շարքից դուրս գալու,, հաշվին, իսկ պրակտիկայից հետո էլ ՝ ,,ստուգարք,, են հանձնում ՝ նորից քանդելով :Թերեվս, մարդիկ չեն սխալվում, երբ ասում են, թե ,,փողերի լվացում,, է կատարվում ՝ նույն աշխատանքը երկարաձգվում ՝լրացուցիչ գումարներ ,,քամուն տալով,, : Նույն միտքն էլ վերջերս հնչեց ,,Արմենիա,, հեռուստատեսության ,,Սուր անկյան,, նախաարձակուրդային ռեպորտաժի ժամանակ, որ նվիրված էր մայրաքաղաքում ասֆալտապատման անվան տակ կատարվող ,,փողերի լվացմանը,,: Ի՞նչ տարբերություն, նույնն էլ Վանաձորում է, քաղաքի մի զգալի մասը խրամատավորված է, նույն փողոցը մի հազար անգամ քանդում-կարկատում են, մինչդեռ մայթերը տարիներով ասֆալտի երես չես տեսնում: Մինչդեռ տեղական իշխանությունները կոչ են անում, թե ,,հիփ-հիփ ուռա՜... բոլորս դեպի Վանաձորի օր տոնակատարություն,,... Քանդված-,,խախալտակված,, փողոցներով, անլվա մուրացկաններով ու աղբ քրքրողներով, պարբերաբար դատարկվող քաղաքում ի՞նչ ,,Վանաձորի օր,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն