четверг, 19 сентября 2013 г.

Վանաձորի կոմունիստներն ՝ ի պաշտպանություն մաքսային միության

Իրականանալուն  մոտ  է  կոմունիստների ՝ անկախության  տարիների  20-ամյա  երազանքը. Հայաստանն, ի  վերջո, անդամագրվելու է Ռուսաստան+Բելառուս  միությանը. ռուսամետները  կասեին ՝ տուտ  եշչշյո  ի  Ղազախստան  եսծ...,,: Շատ  ավելի  լավ ՝ դեռ  իրենց  տեսակը  պահպանած  կոմունիստների, ու  նրանց  հետագա  գործունեության  համար: Մի  խոսքով,  ՀԿԿ  Վանաձորի  քաղկոմում  սեպտեմբերի  19-ին  մամլո  ասուլիս  էր  հրավիրվել, ու  կոմկուսի  առաջին  քարտուղար  Անդրանիկ  Ղուկասյանն  առաջին  անգամ  գոհունակություն  հայտնեց  ՀՀ  իշխանություններից ՝ իրենց  արտաքին  քաղաքականության  համար. ,,25 տարվա  ընթացքում  սա  առաջին  լուրջ  պայմանագիրն  է ՝ ԽՍՀՄ  փլուզումից  հետո,,:  Իսկ  ի՞նչ  է  տալու  այդ  միությունը  բազմաչարչար  հայ  ժողովրդին: Ղուկասյանը  համոզված  է,  որ  գազը  կրկին  էժանանալու  է  / Իսկ  ՀՀ  էներգետիկայի  նախարարն  օրերս  հայտնել  էր, որ  գազը  չի  էժանանա,  թեպետ, ո՞վ  գիտե, Շավարշ  Քոչարյանն  էլ  պնդել  էր,  թե  մաքսային  միության  մեջ  մտնելը  բացառվում  է -Գ.Հ.  /:  Ղուկասյանը  համոզված  է  նաեւ, թե  գներն  իջնելու  են: Իմ  հարցին, թե  վիզային  ռեժիմը  կվերանա՞, կրկին  դրական  պատասխանեց: Ավելին, համոզված  է  նաեւ, թե  երկաթուղին  են  բացելու,  իսկ  որ  մինչ  օրս  չեն  բացել, ապա ՝ ի  հեճուկս  Եվրամիության, որ  ,,ինչ  այլանդակություն  ասես  չբերեց  Հայաստան,,: Ա. Ղուկասյանը  նկատել  է,  որ  մաքսային  միությանը Հայաստանին  միավորելու  առնչությամբ  մարդկանց  դեմքին  ժպիտ  է հայտնվել,  մի  փոքր  լավատեսորեն  են  վերաբերվում  առաջիկային...: ,,Եթե  հայ  ժողովուրդն  այդքան  ռուսամետ  է, ինչու՞  կոմունիստները  խորհրդարանական  ընտրություններին  պարտություն  կրեցին,, / այն  էլ ՝ 2 անգամ /, - իմ  հարցին  Ղուկասյանը  հարցով  պատասխանեց.,,Իսկ  Հայաստանում  ընտրություններ  եղե՞լ  են,,- ու  պատճառաբանեց, որ  արդար  ընտրությունների  դեպքում  կոմունիստներն  անպայման  համապատասխան  ձայներ  կհավաքեին: ,,Հիմա  մաքսային  միությանն  անդամագրվելուց  հետո  կոմունիստները  կմտնե՞ն  խորհրդարան ,, հարցիս  էլ  դրական  պատասխանեց ՝ վերապահումով. ,,Եթե  արդար  ընտրություններ  լինեն,,:  ,,Չլիներ  Ռուսաստանը, չլինեին  ռուսական  ռազմաբազաները, Թուրքիան  1 օր  անգամ  չէր  սպասի...Ամենակարեւորը  հայ  ժողովրդի  անվտանգությունն  է,,-այս  կարծիքն  ընդունելի  է ՝ ելնելով  պատմական  հանրահայտ  ճշմարտությունից: Բայց  ինչպես՞  նայել  այն  փաստին, որ  հայկական  բանակում  ավելի  շատ  տուժում  են  ,,ներքին,,  թնամուց, քան ՝ արտաքին: Ասվածի  ապացույցները  բանակում  պարբերաբար  տեղի  ունեցող  դժբախտ  դեպքերը, ինքնասպանություններն  ու  այդ  վարկածով  սպանություններն  են: Իսկ  դրա  դեմ  ոչ  մաքսային  միությունը  կարող  է  պայքարել, ոչ ՝ Եվրամիությունը:  Առջեւում  անկախության  22-ամյակն  է, եւ  Ղուկասյանը, ինչպես  նախորդ  ասուլիսներից  մեկի  ժամանակ, զարմանք  հայտնեց,  թե  ինչու՞  են  ասում  ,,անկախության  զոհերի  հիշատակին,,  փոխանակ  ասեն ՝ ,,Ղարաբաղյան  պատերազմի  զոհերի  հիշատակին,,: ,,Անկախությունը  մատուցել  են  մեզ, անկախության  համար  մենք  զոհ  չենք  տվել,,- համոզված  է  բանախոսը, որ  անկախության  միակ  զոհը  համարում  է  Պարույր  Հայրիկյանին: Այն, որ  նախկին  ԽՍՀՄ  երկրների  մեծ  մասը  չեն  անդամագրվել  մաքսային  միությանը, պատճառաբանեց  նրանց  տերիտորիալ  շահեկան  դիրքով, ինչը  բացակայում  է  Հայաստանի  պարագայում.,,Մենք  ոչ  Լատվիան  ենք,  ոչ  Լիտվան, ոչ  էլ  Էստոնիան, ծով  չունենք, շրջապատված  ենք  ոչ  բարեկամ  պետություններով,,:   Մոտ  մեկ  ժամ  տեւած  ասուլիսը , ճիշտ  է, նախկին  ասուլիսների  նման  բուռն  ակտիվությամբ  ու  քննարկումներով  աչքի  չէր  ընկնում,  սակայն  հատկանշական  պահեր  ուներ: 80-ամյա  կոմունիստ  Մկրտիչ  Հակոբջանյանը  նորաթուխ  լրագրողուհիներին  դիմում  էր  ,,բալիկո,, փաղաքշական  կոչումով, իսկ  լրագրողուհիներից  մեկը, որ, թերեւս, առաջին  անգամ  էր  կոմկուսի  ասուլիսին  մասնակցում,  ասուլիսի  վերջում  անսպասելիորեն  հարցրեց  Ղուկասյանին.,,Ձեզ  ինչպե՞ս  ներկայացնենք,,/  թեպետ, Ղուկասյանը 15 տարուց  ավելի  է ՝ քաղաքականության  մեջ  է, երկու  անգամ  առաջադրվել  է  Վանաձորի  քաղաքապետի  թեկնածու,  ակտիվորեն  մասնակցել  հեռուստատեսային  բանավեճերի, թոք-շոուների, եւ  քոչարյանական  ,,ռեակցիայի,,  տարիներին  մեկ  անգամ  նույնիսկ  ձերբակալվել  մի  քանի  ժամով ՝ մայրաքաղաք  ընդդիմության  հանրահավաքի  ուղեւորվելիս /:  Ինչպես  միշտ, կոմկուսի  տարածքի  մի  մասը, որ   2004թ.օրինական  որոշումով  ,,փախցրել,,  է  Վանաձորի  պատգամավորներից  մեկը,   դեռ քարուքանդ  վիճակում  էր:  Նշենք,  որ  այդ  քարուքանդ  վիճակին  անդրադարձել  ենք  դեռեւս  2004  թ. ՝ ,,Չորրորդ  իշխանություն,,  թերթի  18.06.2004թ.  ,,Տարածքից  չզրկեցին,  իսկ  արտաքնոցից ՝  միգուցե...,, հոդվածում: Փաստորեն, 9 տարի  անց  նույն  վիճակն  է. կոմկուսին  զրկել  են  տարածքի  մի  մասից  ու  արտաքնոցից  ու  այդպես  էլ  թողել:  Մնում  է  հարցնել.,,Էդ  տարածքը  փախցրել  եք  կոմկուսից, որ  ի՞նչ  անեք,,:  Տեսնես  Ռուսաստան+Բելառուս+Հայաստան  ,,եշչյո  ի  Ղազախստան,,  միությունը  կնպաստի՞  կոմկուսի  գրասենյակի  ամբողջական  վերականգնմանը:                                                                                ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն