среда, 23 апреля 2014 г.

Գերբեռնվածությունն ու օպտիմալացումը՝միջքաղաքային երթուղիներում

Մեռելոցի օրերին Նոյեմբերյան -Վանաձոր ավտոբուս նստելը ՝ճանապարհահատվածի կանգառներից որեւէ մեկից ՝հավասարազոր է մեղքերի թողության կամ ՝ ապաշխարհանքի: Մինչեւ Վանաձոր տարբեր կանգառներում այնքան է լցվում ուղեւորներով, որ դուռն անգամ ծածկելն անհնար է դառնում, եւ կամ ՝ վարորդն է հարկադրված լինում դռներից մեկը բաց թողնել, որ ուղեւորները շնչահեղձ չլինեն:Ու ոչ վարորդին կարելի է մեղադրել, որ սահմանված թվից կրկնակի ավելի ուղեւոր է  վերցնում, ոչ ՝ուղեւորներին, որ անգամ ,,ասեղ գցելու տեղ չլինելու,, պայմաններում հանձն են առնում ,,ինտեգրվել,, գերբեռնված ավտոբուսին, չմոռանալով ,,վայ դու ապրես հա,, ասել վարորդին կամ պարզապես շնորհակալություն հայտնել ՝ իրենց ճանապարհից ,,վերցնելու,, համար, քանի որ ոչ մի երաշխիք չկա, թե այդ չվերթից հետո անցնող Բագրատաշեն-Վանաձորը նույնպես լեփ-լեցուն չի լինելու: ,,Այլընտրանքը,, քամու բերանին կանգնած տաքսու կամ մասնավոր մեքենայի սպասելն է՝թե որ նստելու տեղ լինի. բնականաբար, ավտոբուսից կրկնակի թանկ գնով : Ու մարդիկ Աստծուն փառք են տալիս,որ ,,մի ոտի տեղ,, կամ մի ,,բռնվելու տեղ,, են գտնում:Թեպետ, բավական տխուր է այն ուղեվորի վիճակը,ով պայուսակները մի ձեռքում տեղավորած, մյուս ձեռքով մի կերպ կառչել է առաստաղից կախված բռնակից, իսկ մեքենայի թափութափի դեպքում ՝ մյուս ձեռքը, բնականաբար, չի կարող օգտագործել որպես ,,կառչելու,, միջոց, եւ կամ պետք է ընկնի նստած ուղեւորներից մեկի գլխին, կամ ինչ-որ մեկի ոտքի կոշտուկը տրորի, քանի որ 2-րդ ոտքի տեղ պարզապես չկա:,, Սենց վիճակ մեկ էլ Երեվանի 14 համարում եմ տեսել, երբ որ հնդիկ ուսանողները բարձրանում են,,- նկատում է ավտոբուսում կանգնած երիտասարդ ուղեւորուհիներից մեկն ընկերուհուն. նրա համար, թերեւս, այնքան սովորական էր այդ իրավիճակը, որ հումորով էր վերաբերվում այդ ամենին, եւ անգամ նեղվածության նշաններ ցույց չէր տալիս: Իսկ ինձ համար այդ ամենը, որի ականատեսն էի ապրիլի 21-ին, վերհիշելու առիթ տվեց սովետական շրջանի ավտոբուսները,տրոլեյբուսներն ու տրամվայները, որոնք ոչ թե տոնին կամ մեռելոցին, այլ ՝սովորական օրերին էին նման գերբեռնվածությամբ աշխատանքի հասցնում ուղեւորներին, երբ ուղեւորը հաճախ ստիպված էր լինում վազքով հասնել ու կառչել ավտոբուսի դռներից / անգամ ուժով բացել դուռն ու ներս խցկվել /, ուշադրություն չդարձնելով անգամ վարորդի նախազգուշական գոռգոռոցներին ՝,,Իջեք դուռը չի փակվում /. չէ՞ որ աշխատանքից ուշանալու եւ նկատողություն ստանալու, աշխատանքային ամենամսյա պարգեւավճարից զրկվելու  վտանգ կար: Միջքաղաքային տրանսպորտի գերբեռնվածության պատճառը հատկապես տոնական օրերին ՝ նաեւ գնացքի բացակայությունն է, քանի որ Այրում-Վանաձոր գնացքը ժամանակ առ ժամանակ հանվում է չվերթից, գործելու դեպքում էլ ոչ բոլոր կառամատույցներում է կանգնում, քանի որ Հարավ-կովկասյան երթուղու սեփականատերերը, ելնելով ինչ-ինչ նպատակահարմարությունից, կառամատույցներից մի քանիսը լուծարեցին, աշխատողներին էլ ՝հետը:   / Անգամ ,,մթի ու ցրտի,, տարիներին Ձորագես ավանում  երկաթուղու  դիսպետչերական կետ կար  ու տոմսավաճառ , իսկ հիմա կառամատույցը հիմնովին քարուքանդ եղած ու թալանված վիճակում է եւ հանվել է գործածությունից /: Չնայած Այրումից կամ Նոյեմբերյանից  Վանաձոր ուղեւորվող ավտոբուսների / սովետից մնացած ՊԱԶ-իկներ / գերբեռնվածությանը ՝տոնական օրերին, սրան հակառակ էլ ՝ սովորական օրերին հաճախ ուղեվորներն այնքան են քիչ լինում, որ չվերթերն օպտիմալացվում են: Ու պատահում է, որ ուղեւորը կարող է Ալավերդի գնացող ավտոբուսի կարոտ մնալ: ,,Մի օր երկու ժամ ավտոբուսի սպասեցի, էդ ընթացքում 3 հատ Մոսկվա գնացող ավտոբուս անցավ, մի հատ Ալավերդի չանցավ,,- պատմում է լոռեցիներից մեկը:  Ալավերդի ուղեւորվող ավտոբուսները կամ միկրոավտոբուսները հաճախ ճանապարհ են ընկնում մոտակա գյուղեր / Փամբակ, Վահագնի, Վահագնաձոր / գնացող ուղեւորների շնորհիվ, որոնք էլ հաճախ տոմս չեն գնում, ոպեսզի ստիպված չլինեն  ամբողջ ճանապարհահատվածի արժեքը վճարել ՝քառորդ մասի համար, ու առձեռն վարորդին են վճարում: Թերեւս, ուղեւորների պակասի պատճառով ապրիլի 21-ին էլ Վանաձորից Ձաղիձոր / Թումանյան քաղաք / գնացող չվերթերից մեկն էր հանվել, ու այնտեղ ուղեւորվող տարեց ուղեվորն ստիպված էր դժգոհությամբ Ալավերդի գնացող միկրոավտոբուսը նստել. բնականաբար,        ստիպված լինելով Ալավերդու արժեքով տոմս գնել ՝ ավելի թանկ վճարելով : Փաստորեն, մի կողմից արտագաղթը նպաստում է, որ ավտոբուսները թերբեռնվածությամբ աշխատեն, մյուս կողմից էլ վարորդներն ստիպված են լինում դրա պատճառով տոնական օրերին սահմանվածից շատ ուղեւոր վերցնեն՝պլանի կատարողականի նպատակով, ու վարորդն էլ է ռիսկի դիմում այդ պարագայում, ուղեւորն էլ ՝վտանգելով իրենց կամ ուրիշների անվտանգությունը:                                                                                                   ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն