տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
пятница, 29 августа 2014 г.
суббота, 23 августа 2014 г.
,,Հարազատ թշնամին,, ՝ մեծահասակների ,,Բարի գիշեր,,
Հեռուստադիտողին տալու նոր սյուժե չկա, դեպքերի զարգացում չկա, համատարած լճացում է ֆիլմում, դերասանները խաղալուց հոգնած ՝հերթով փախչում են. Վարդուշը չկա, Բաբին չկա, ,,պապին,, չկա, Սիմային ,,քշեցին,, Իրեննն ու ,,Թմբըլն,, էլ օրումեջ են երեւում:Ֆիլմի մնացած դերասաններին էլ պարբերաբար Սեւան ու Ծաղկաձոր են տանում, բայց էլի սյուժեն առաջ չի գնում, քանի որ ֆիլմի մեծ մասը մենախոսություններ են, մի մասն էլ ՝թաքնված գովազդ: Օգոստոսի 22. սերիան 5 րոպեից ավելի սկսվել է, Բալայան Յուրիկն ու Ռենան Սեւանի ափին կյանքը ,,փիքր,, են անում, ու մեկ էլ գովազդը գնաց ՝ մի երկու րոպե:Հետո սրտի տրանսպլանտացիա արած Տանոյին / որի դերասանը թվով 2-րդն է, քանի որ առաջին դերասանին ֆիլմի կեսից տարան Ամերիկա ,,Կտակով թագուհին,, սերիալում նկարահանվելու / նորից են հիվանդանոցի դուռը հասցնում:Ֆիլմում կամ հիվանդանոցի թաքնված գովազդ է, կամ ՝սուպերմարկետի.հերոսները գնում են գնումներ կատարելու, ու խանութից դուրս գալուց հետո ցուցադրվում է խանութի անվանումը:Հետո Սպոն Սեւանի ափին է մենախոսում, Էմկան էլ ՝ գիշերային Երեւանի հրապարակում, շատրվանների ներքո:Ու նախկին սիրահար զույգերն արդեն իրար ատում են....ոնց են ատու՜մ... Ժամանակ առ ժամանակ ՝ էլի գովազդ, որոնցից հետո ոստիկանապետ Յուրիկը իր որդի Սպոյին արդեն որերորդ անգամ է անօգուտ համոզում, որ ,,երեխան մորն է պատկանում,, ու իրավունք չունի երեխային խլել: Այսինքն ՝սցենարիստը ականջալուր է եղել համացանցային քննադատությանը, ու որոշել այդ հանրաճանաչ ճշմարտությունը հասցնել Սպոյի ականջին, բայց վերջինս անդրդվելի է, ու անգամ ակնարկում է, որ հայրն իրեն օգնի այդ ապօրինության հարցում, ու երեխայի մորը զրկի մայրական իրավունքից: Ու թեպետ մի ուրիշ առիթով է Կարպիչը Սպոյին քննադատում, բայց ճիշտ է ասում, որ ,,Դեբիլը 20 տարեկանում էլ ա դեբիլ, 50 տարեկանում էլ,,: Ընդհանրապես, ի տարբերություն ֆիլմի այլ հերոսների, Կարպիչի ,,դուխը տեղն է,, որի պատճառը հազիվ թե կերպարի մեջ լինի: ,,Վիտուսի,, ձայնն ընդհանրապես ,,փորից,, դուրս չի գալիս, իսկ ֆրիկը ժամանակ առ ժամանակ փորձում է որպես երգիչ էլ ինքնահաստատվել .այն էլ ՝ ձայնային տվյալների բացակայության պայմաններում, ու երգել անգամ իրենց պատկանող ,,էլիտար,, սրճարանում:Ֆիլմի ընթացքում էլ մի քնահարամ երաժշտություն է հնչում, որ կարծես հոգեթերապեւտի սեանս լինի, ու ,,Հարազատ թշնամին,, վեր է ածվել մեծահասակների ,,Բարի գիշերի,, առանց որի հայ հեռուստադիտողների մեծ մասն իր օրը չի պատկերացնում. ,,Բժժում են բոլորը,,: Ասվածի ապացույցն անգամ այդ սերիալին նվիրված ֆեյսբուքային էջի ստեղծումն է ՝ բազմաթիվ քոմենտներով, լայքերով ու չլայքերով, կամ էլ ՝ լուտանքներով ու աղաչանքներով ՝ ֆիլմը դադարեցնելու վերաբերյալ:Ի դեպ, համացանցային քննադատությունը որոշակի դեր է խաղում կերպարների հետագա գործունեության առնչությամբ: Էմկայի մասին գրվել էր, որ անընդհատ լացակումած դեմքով է, եվ, խնդրեմ, նրան այդ առթիվ դիտողություն է անում նաեւ մորաքույրը, ասելով.,,Էմիլի ջան, էս ի՞նչ է քո վիճակը, անընդհատ լացակումած դեմքով ես,,:Վարդուշի դերասանի մասին ,,մտահոգություն,, հայտնվեց, որ էլ չի դիմանալու ֆիլմը ձգելուն ու ստիպված այդ կերպարին ամուսնու հետ ,,խռովացնելու,, են ՝ դա էլ կատարվեց:Եւ այսպես շարունակ:Մնում է ՝ բուքմեյքերական կետերը ,,ստավկաներ,, սահմանեն ֆիլմի հետագա գործողությունների առնչությամբ. ասենք՝Էմկան Տանոյի հետ կամուսնանա՞, թե՞չէ, Սպոն Սյուզիի հետ կամուսնանա՞, թե՞ չէ... ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 19 августа 2014 г.
Սկզբունքային մտավորականն ու ստեղծագործող քաղաքացին այս երկրում տեղ չունե՞ն
20 տարվա լրագրող եմ:2011 թվից հանդես եմ գալիս որպես ազատ լրագրող-բլոգեր, հիմնելով նախ ՝AZAT ANKAKH, իսկ 2013թվին ՝,,Լրագրողական նոթեր,, բլոգները :Վերջին 18 տարիներին իմ ընտանիքը պարբերաբար հալածանքների է ենթարկվել Վանաձորի իշխանությունների կողմից, որի մասին քանիցս ահազանգել եմ ՝ոչ միայն իրավապաշտպան կառույցներին / ինչի առթիվ կա տեղեկանք ՝Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից /, այլեւ ՝2002 թվին ԱՄՆ ՄԶԳ ինստիտուցիոնալ վերլուծությունների եւ ծրագրերի խորհրդական Ջ.Թոմսոնի մասնակցությամբ 2002 թվին Վանաձորում ,,Համաշխարհային ուսուցում,,կազմակերպության կողմից ԶԼՄ-ների հանդիպմանը, որ լուսաբանվեց 23.04.2002թվի ,,Առավոտում,, ՝ ,,Հանուն ազատ մամուլի եւ ժողովրդավարության,, հոդվածում: Իմ ելույթն այն ժամանակ ձայնագրվեց ԱՄՆ-ից ժամանած փորձագետի կողմից, սակայն դրա հետագա ճակատագիրն առ այսօր հայտնի չէ. հավանաբար, օգտագործվել է որպես հումք ՝ հետազոտությունների նպատակով:Դա իմ առաջին միջազգային բողոքն էր ՝ իմ լրագրողական գործունեությանը խոչընդոտող հանգամանքների մասին:Անցել է շուրջ 12 տարի, եւ այս ընթացքում էլ շարունակել եմ զբաղվել լրագրությամբ ՝ վերհանելով մարդու իրավունքների խախտումներ ՝ զանազան ոլորտներում, անդրադարձել սոցիալ-իրավական, դատական թեմաների թե տեղական մասշտաբով, թե հանրապետական, վճարովի կամ հասարակական հիմունքներով:Հանդես եմ եկել թե հանրապետական թերթերում, թե դրամաշնորհային տեղեկագրերում ու հանդեսներում: Կա տեղեկանք, որ 2002-2005թվերին քաղաքացիական նախաձեռնության կարգով, հասարակական հիմունքներով թղթակցել եմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երբեմնի ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, երկշաբաթաթերթին:Եթե ներկայացնեմ ոչ միայն վերջին 15 տարիներին իմ լրագրողական գործունեությանն ուղղված / որին անդրադարձել եմ սույն բլոգի 2012թվի հունվարի ,,Ինչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները,, հոդվածում /, իսկ վերջին 18 տարիներին, ինչպես նաեւ ՝խորհրդային տարիներին հորս ՝ վանաձորցի ճանաչված շախմատիստ, նախկին քիմմանրաթելագործ Գեորգի / Ժորա /Հովսեփյանի աշխատանքային գործունեության դեմ ուղղված հալածանքների մասին ՝ բոլոր ժամանակների ,,ցեցերի,, կամ ,,գայլերի,, կողմից, ապա ,թերեւս, մի քանի հատորյակի անհրաժեշտություն կլինի:Ամեն դեպքում ՝մեր ընտանիքի հալածման վերաբերյալ պատմական անհերքելի ապացույցները պահպանվում են սովետական ու անկախության շրջանի մամուլի արխիվներում, ինչպես նաեւ ՝ մեր ընտանեկան արխիվներում:Հայրս ՝երջանկահիշատակ Գ. Հովսեփյանը, 60-ականների սկզբին եղել է Քոլագերանի նավթի բազայի տնօրեն, սակայն տեղական մասշտաբի ,,գայլերի,, կողմից հալածվել է այն բանից հետո, երբ պարզել է, որ բազայի պահեստապետն ու հաշվապահը գաղտնի կերպով յուրացումներ են կատարում, եւ այդ մասին ահազանգել է ,,վերեւներին,, որտեղ էլ , պարզվում է, եղել են այդ պահեստապետին ու հաշվապահին հովանավորողներ / այսինքն հորիցս գաղտնի նրա թիկունքում գործել են եւ, թերեւս, խրախուսվել ինչ-որ ուժերի կողմից, որոնց օգնությամբ էլ ողջ կեղծիքը շուռ են տվել հորս վրա, կեղծ տվյալներով դատական գործ հարուցել եւ անգամ մի կեղտոտ ֆելիետոն ,,թխել,, տեղական թերթում /: Սակայն հայրս, բարեբախտաբար, հասել է ճշմարտության ՝,,Կոմունիստ,, թերթի այն ժամանակվա թղթակից /հետագայում կուլտուրայի մինիստր դարձած/ երջանկահիշատակ Գուրգեն Առաքելյանի հոդվածի եւ Կենտկոմի միջամտության արդյունքում. մեղավորները պատիժներ են ստացել, իսկ հայրս 1 տարի շարունակ անգործ մնալուց հետո Կենտկոմի միջամտությամբ ավելի պատասխանատու աշխատանք է ստացել Կիրովականի Քիմմանրաթելերի գործարանում ՝ որպես կադրերի գծով ավագ տեսուչ, տարիներ անց էլ ՝ կադրերի բաժնի պետ : Նրա դեմ պատվերով ֆելիետոն ,,թխած,, լրագրողն էլ, որպես տույժ ազատվել է ,,Կայծ,, թերթի աշխատանքից / հետագայում փոխադրվել շրջանային թերթ /, իսկ ,,Կայծ,,թերթի գլխավոր խմբագիրը համապատասխան գնահատականով ազատվել է աշխատանքից, դրանից հետո նոր գլխավոր խմբագիր է նշանակվել թերթում, որն էլ դատապարտել է նախկինի աշխատաոճը եւ անհիմն համարել ֆելիետոնի փաստերն ու աղավաղված:Դրանից հետո հայրս դարձել է այդ թերթի երջանկահիշատակ խմբագիր, նույնպես ճանաչված շախմատիստ Արծրուն Սարգսյանի ոչ միայն շախմատային ընկերը, այլեւ ՝ նրա խմբագրած թերթի ՝հասարակական հիմունքներով մշտական թղթակիցն ու նվիրված ընթերցողը՝մի քանի տասնամյակ: Ինչեւէ: Շուրջ 25 տարի հայրս ՝Գ.Հովսեփյանն, ի վերջո, հանգիստ աշխատել է գործարանում ՝մինչեւ 1988թվի երկրաշարժին նախորդող մեկ տարին,խրախուսանքի է արժանացել ու պատվոգրեր , աշխատանքային մեդալ ստացել դիրեկցիայի ու արհկոմի կողմից , աշխատանքին զուհագեռ էլ շարունակել է շախմատային բուռն գործունեությունը :Սակայն 1988թվին նախորդող տարում գործարանում նոր տնօրեն է նշանակվել ՝մեկ այլ կոլեկտիվից եկած, որն սկսել է հորս ,,նեղել,, ու պահանջել, որ իր համար արդեն հարազատ դարձած աշխատանքը թողնի, ու տեղափոխվի նույն գործարանի քաղպաշտպանության բաժին ՝ 1 հոգիանոց աշխատակազմով. այսինքն ՝ ,,պարապ-թոշակառուի,, գործ կատարի ՝ ուժերի ծաղկուն շրջանում: Դե բնականաբար հայրս հրաժարվել է, ու ստիպված եղել բողոքել տնօրենի կամայականության մասին ՝,,վերեւներին,, չպատկերացնելով, թե ինչպիսի ,,փորձված ու հին գայլի,,հետ գործ ունի: Եվ ահա, օգտվելով1988թվի երկրաշարժի խառնակ ժամանակներից ու հորս ժամանակավոր բացակայությունից, գործարանի տնօրենը /ցավոք,չեմ կարող ասել ,,երջանկահիշատակ,,/ ,,նալյոտ,, է կազմակերպում նրա աշխատասենյակի վրա, դուռը ջարդել տալիս, ինչ-որ փաստաթղթեր ու անձնական գործեր են հանում ու դրա հիման վրա քրեական գործ ,,թխում,, ՝ ,,պաշտոնական լիազորությունների չարաշահման,, մեղադրանքով:Մի քանի ամիս անգործ մնալուց, մեկ ամիս էլ կալանքի տակ գտնվելուց հետո ՝ հայրս այդ փորձությունից էլ է դուրս գալիս ՝հմուտ փաստաբանի շնորհիվ, ու Գուգարքի դատարանը արդարացման վճիռ է կայացնում:1990 թվին,մինչեւ նախկին աշխատանքի առնչությամբ մեկուսարանում հայտնվելը /ուր տարվել էր բռնությամբ ՝ Վանաձորի ,,Դիմաց,, թաղամասի ՝թիվ 3 ԲՇՏ-ի պետի իր աշխատավայրից /,հայրս մի քանի ամիս կրկին անգործ էր, մինչեւ, ի վերջո, նորանկախ պետության ղեկավարները նրան աշխատանքային նոր ճակատ հանձնեցին ՝թիվ 10 ԲՇՏ-ի պետ ՝նորակառույց ,,Տարոն,, թաղամասում, որտեղ պաշտոնավարեց մինչեւ 1997թիվը, երբ ձեւավորվեցին ՏԻՄ մարմիններ, քաղխորհրդի նախագահը դարձավ Լոռու մարզպետ, քաղաքապետի պաշտոնում էլ մինչեւ 1996 թվի ՏԻՄ ընտրությունների անցկացումը նշանակվեց ՀՀՇանդամ Անդրանիկ Հարությունյանը, որ կառավարեց մինչեւ 1999թիվը: Թե նրա թիմից ում չէր դուր եկել հորս աշխատանքը, դժվար է ասել, սակայն պարզ է մի բան, որ Ա.Հարությունյանն ինչ-ինչ ուժերի ճնշման տակ, հիմնարկի ,,վերակազմավորման,, պատճառաբանությամբ աշխատանքից ազատեց հորս / ես այն ժամանակ արդեն լրագրությամբ էի զբաղվում ՝մանկավարժական ինստիտուտի գրադարանի մատենագետի աշխատանքին զուգահեռ, եւ հորս նկատմամբ սկսված հալածանքները տեղափոխվեցին իմ ուղղությամբ, քանի որ ինստիտուտի ռեկտորը համայնքի ավագանու անդամ էր /: Ամենայն հավանականությամբ, հորս աշխատանքից ազատելու բուն պատճառն այն էր, որ նա պարբերաբար ահազանգում էր թե տեղական ղեկավարներին, թե ,,վերեւներին,, որ Տարոն թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում յուրացումներ են եղել, շենքերը աղաղակող թերություններով են հանձնվել, սակայն այդ թեմայով նախընտրեցին զբաղվել Լոռու մարզային նոր իշխանությունները, մարզային դատախազությունը ՝1998-1999թվերին: 1998 թվին հայրս դատարանով վերականգնվեց աշխատանքում, սակայն նախկին քաղաքապետ Ա.Հարությունյանը հրաժարվեց կատարել դատարանի ՝ ուժի մեջ մտած վճիռը եւ հորս աշխատանքից 2-րդ հրամանով ազատեց՝ թոշակի ,,իրավունք ձեռք բերելու,, զավեշտալի ձեւակերպմամբ. մարդն ուժերի ծաղկուն հասակում է , բայց նրան հայտնում են, որ ,,Դուք ձեռք եք բերել կենսաթոշակի իրավունք,, եւ դրա համար ազատում են աշխատանքից:Այդ ընթացքում Հարությունյանի դիրքերն աստիճանաբար թուլանում էին նրա աշխատաոճից դժգոհողների թվաքանակի մեծացման, ինչպես նաեւ ՝պատմական իրավիճակի փոփոխության պատճառով. թեպետ ՝ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմն առանձնապես ոգեւորված չէր Ա.Հարությունյանի աշխատանքով. ասվածի ապացույց է այն, որ 1996 թվին Վանաձոր էր ժամանել Վ.Բաղդասարյանի աջակից Թելման Տեր-Պետրոսյանը, եւ տեղական հեռուստատեսությամբ բավականին խիստ խոսքեր ուղղեց այն ժամանակվա մարզպետ Հ.Մատինյանին ՝Անդրանիկ Հարությունյանին պաշտպանելու համար:Հատկանշական է, որ նախագահական աջակցություն ունենալու պայմաններում Վ.Բաղդասարյանը 1996թ.ընտրություններում պարտվեց, արդյունք չտվեց նաեւ դատական ճանապարհով բողոքարկելը / ինչը խոսում է այն մասին, որ դատարաններն ավելի անկախ են եղել այն ժամանակ /:Հայրս մասնակի էլ այդ ընտրախաղերի զոհը դարձավ. ի պաշտոնե նա պարտավորված էր պաշտպանել Ա.Հարությունյանին, բայց ,,չար ուժերը,, ընտրություններում հաղթած Հարությունյանի ականջին ,,շշնջացել,, էին, թե հայրս ,,թաքուն,, Վ.Բաղդասարյանին է աջակցում, քանի որ նրա դուստրը ՝ այսինք ես ՝,,միամիտ-միամիտ,, մասնակցել էի Վ.Բաղդասարյանի քարոզարշավին ՝ մանկավարժականում եւ Բաղդասարյանին աջակցող գեղարվեստական իրերի կոմբինատում, ուր քարոզարշավի էին ,,քշվել,, ինստիտուտի աշխատողները /այն ժամանակ Բաղդասարյանն էլ էր այդ ինստիտուտում աշխատում. ու, ոչ միայն ինստիտուտը, այլեւ ՝ողջ քաղաքը տրոհվել էր Հարությունյանականների ու Բաղդասարյանականների, թեկնածուների կողմնակիցներն իրար հետ կռվում էին, իրար անպատվում , իրար ,,տակ փորում,, թեկնածուների համար, ու այդ պայքարը շատերի համար ճակատագրական եղավ. այնպես, ինչպես մեր ընտանիքի համար / :1999թվին Վանաձորի նոր քաղաքապետ Սամվել Դարբինյանը ՝,,վերեւների,, միջամտությամբ հորս աշխատանք տվեց ամենաանհույս վիճակում գտնվող, աշխատավարձերի պարտքերի մեջ թաղված ,,Առափնյա,, թաղամասային հիմնարկությունում, որ, իբր, պետք է հայրս, որպես փորձառու աշխատող ՝ ,,ոտքի կանգնեցներ,,. բայց ինչպե՞ս ոտքի կանգնեցներ, եթե քաղաքապետի այն ժամանակվա ,,արբանյակներից,, մեկի ազգականը հորս ,,ոտքի տակը քանդում էր,,՝ նրա հիմնարկի ցուցակները բնակիչներից ,,մաքրելով,, /ավելի ճիշտ ՝բնակիչ ,,փախցնելով,, / ու այդ տարածքի բնակիչներին համոզելով տանում ապօրինի ճանապարհով, թղթի վրա ձեւավորվող համատիրություն, որի արդյունքում ,,Առափնյա,, հիմնարկը քայքայում էր գնում, քանի որ վարձ մուծողները, բնականաբար, պակասում էին այն պատճառով, որ թաղամասային հիմնարկությանը մուծելու փոխարեն համատիրությանն էին մուծում ՝քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի ,,դաբրոյով,, որ շահագրգիռ էր իր ազգականի համար ստեղծվելիք համատիրության կայացման հարցում: Ու, 1 տարի անց, հորս վստահված հիմնարկը վերջնականապես լուծարվեց քաղաքապետի հրամանով. քաղաքապետը նրան աշխատանքից ազատեց ՝հիմնարկի լուծարման պատճառաբանությամբ:Աշխատանքից ազատելու բուն պատճառը, սակայն, այն էր, որ տեղական իշխանություններին դուր չէին գալիս իմ հրապարակումները հանրապետական անկախ մամուլում, եւ անգամ հորս հասկացրել էին, որ ես դադարեցնեմ ,,վատ-վատ բաներ գրել,,. այսինքն ՝ չանդրադառնամ իրավա-սոցիալական հիմնախնդիրների, չանդրադառնամ, դիցուք, քաղաքի աղբահանության անմխիթար վիճակին / որ այն ժամանակ կարելի է ասել ՝ ահավորից էլ ահավոր էր. հիմա է, որ փոքր-ինչ կարգավորվել է այդ ոլորտը ՝կոմունալ բաժնի նախկին պետին փոխելուց հետո /:Եթե մինչեւ 2001 թիվը հայրս ստիպված էր նախկին քաղաքապետի ՝Ա. Հարությունյանի կողմից չվճարված աշխատավարձերի պատճառով դատարանի ,,դռները մաշել,, / այն պարտքերի, որոնց մի մասն ստիպված եղան փոխհատուցել քաղաքային հաջորդ իշխանությունները/, ապա 2001-2004 թվերին էլ հաջորդ, այսինքն ՝ ներկա քաղաքապետի կողմից իրեն ու հիմնարկի այլ աշխատողներին չվճարված աշխատավարձերի պահանջով էր ստիպված տարբեր ատյանների դատական ճանապարհով անցնել: Աշխատանքից ազատվածներից մի քանիսի ,,խաթրն,, առան տեղական իշխանությունները, համոզեցին բողոքները ետ վերցնել կամ ՝ ,,նյութական օգնության դիմում գրել,, ՝ սեփական աշխատավարձն օրինական ստանալու փոխարեն, ու հայրս այդ պայքարում մնաց մենակ:Իսկ երբ 2004 թվին պահանջեց քրեական գործ հարուցել աշխատավարձերի վճարումից զանազան պատճառաբանություններով խուսափող քաղաքապետի դեմ, հորս նկատմամբ մի այլ կարգի հետապնդում սկսվեց. տեղական իշխանությունները նրա իրավական պայքարը փորձեցին տեղափոխել քաղաքական դաշտ, քանի որ հայրս այդ ժամանակ ընդդիմության հանրահավաքներին էր մասնակցում. ,,Ազգային միաբանության,, այնուհետ ՝,,Արդարություն,, դաշինքի վստահված անձն էր լինում տեղամասերում, ու մի օր, 2004 թվի ապրիլի 8-ին մեկ էլ հանկարծ ՝,,քրեականի պետը,, 71 տարեկան հորս հեռախոսով ,,հրավիրում,, է զրույցի /այդ առթիվ այդ օրերին հոդված լույս տեսավ ,,Առավոտ,,օրաթերթում, իսկ հետո ՝,,Քաղաքացիական նախաձեռնություն,, թերթում.,,Վրեժխնդիր քաղաքապետը,, / :Դա այն ժամանակաշրջանն էր, երբ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների ցանկացած բողոքի ձեւ կարող էր դիտվել որպես ընդդիմադիր պահվածք, երբ անգամ իրավապաշտպան կառույցի տեղական ղեկավար էր կալանքի ենթարկվում ՝ ,,չարտոնված հանրահավաք,,կազմակերպելու մեղադրանքով, եւ, Աստված մի արասցե, որ այդ մռայլ ռեակցիայի տարիները ետ գան, որ հազիվ թե նախընտրելի լինի ներկայիս ,,գաղջ մթնոլորտից,,: Եվ այսպես, վերջին 15 տարում փոխնիփոխ կամ միաժամանակ ՝մեկ հորս են հալածել ՝աշխատանքային իրավունքները ոտնահարելով, մեկ՝ իմ լրագրողական գործունեությանն են խոչընդոտել /ինչին անդրադարձել եմ սույն բլոգի 2012թվի հունվարի ,,Ինչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները,,հոդվածում /:Ընտանիքի նկատմամբ կիրառվող մշտական հալածանքների, սոցիալական ճնշումների / որի առթիվ քանիցս հանդես եմ եկել ՝սույն բլոգում /,բարոյահոգեբանական տեռորի, վախի ու անհանգստության մթնոլորտի, զավակների հետ կապված երազանքները իրականացած չտեսնելու արդյունքում ՝2008 թվի հունվարի սկզբին կաթվածի դուռը հասավ ու 2009թվի հկտեմբերին, 76տարեկան հասակում մահկանացուն կնքեց մայրս ՝Մեծ Եղեռնը վերապրած, 1915 թվերի ջարդերից մազապուրծ եղած, 70 տարի շարունակ Ձորահեկում աշխատած վաստակավոր էներգետիկ, երջանկահիշատակ Գարեգին Հարությունյանի դուստրը ՝ Վարսիկ Հարությունյանը, 2013 թվի դեկտեմբերին էլ գրեթե նույն ճակատագրին արժանացավ 80-ամյա հայրս, որ կյանքի վերջին տարիներին արդեն դանդաղ ,,մարում,, էր երկարամաշ հիվանդությունից: Ու, չնայած բազում աշխատանքային գովասանագրերին, դրական բնութագրերին, շախմատային մրցանակներին ու գավաթներին, իր աշխատանքային ու շախմատային գործունեությանը նվիրված բազում հրապարակումներին ՝հանրապետական ու տեղական մամուլում, անգամ մի սովորական ցավակցության չարժանացավ տեղական մամուլում ՝ առնվազն շախմատային կազմակերպության կողմից.այն մամուլում, որի մշտական ու անդավաճան թղթակիցն էր եղել տասնյակ տարիներ ՝ հասարակական կարգով:Ու այդ բացը լրացնելու պատճառով է, որ այս տարի ,,Լրագրողական նոթեր,, բլոգում / www.lragrakan.blogspot.com /խորագիր բացեցի ՝,,Գեորգի /Ժորա / Հովսեփյանի շախմատային կյանքից,, եւ ,,Գեորգի Հովսեփյանի գրական աշխարհը,,:Աշխատանքայինգործունեությանը նվիրված մի հոդված էլ դեռ նրա կենդանության օրոք գրեցի ՝2013թվի հունիսի 15-ին ՝ծննդյան օրը / ,,Գեորգի Հովսեփյանը 80 տարեկան է,, www.azatankakh.blogspot.com/ :Այժմ վտանգի տակ է Հովսեփյանների ընտանիքի վերջին մոհիկանների ֆիզիկական գոյությունը, որոնց նկատմամբ էլ տեղական իշխանությունները փորձում են ,,նորացնել,,պայքարը ՝ այդ գործին լծելով ...հարեւանական պոտենցիալը ՝օգտվելով սոցիալ-կենցաղային խնդիրների պարբերական առկայությունից ՝ վթարային շենքերում: Այլ ելք չունեմ, քան ՝ քաղաքական ապաստան խնդրել որեւէ երկրում, քանի որ այս երկրում ստեղծագործող մարդը /առավել եւս ՝ ազատ լրագրող-վերլուծաբանը, հրապարակախոսը /, առանց կյանքն ու առողջությունը վտանգելու չի կարող ստեղծագործել, եւ պարտադիր չէ, որ ժամանակակից ,,այլախոհներին,, ՝ ի դեմս սկզբունքային մտավորականության, ֆիզիկական բռնության ենթարկեն, նրանց դեմ ,,կարելի,, է պայքարել նաեւ աշխատանքից ու եկամտի վերջին աղբյուրից զրկելով, բարոյահոգեբանական տեռորի ենթարկելով ու շուրջն անվստահության մթնոլորտ ստեղծելով ՝ 37 թվի գործելակերպով:Ճիշտ է, հարազատ երկիրը լքելը շատ ծանր է, սակայն եթե հարցը վերաբերվում է մարդու կյանքին ու տարրական գոյությանը, ապա այլ ելք չկա; Մինչեւ ե՞րբ պետք է իսկական հալածյալները տառապեն սեփական երկրում / իբր թե ,,ժողովրդավրության ուղին բռնած,, /, իսկ կեղծ հալածյալները կեղծ փաստաթղթերով, անգամ ադրբեջանցու եւ թուրքի անձնագրերով փախստականի կարգավիճակ ձեռք բերեն կամ քաղաքական ապաստան գտնեն այլ երկրներում: Այժմ չգիտեմ, թե որ երկրի դեսպանատուն կդիմեմ կամ ինչ կարգով, որպես հարցի վերջնական լուծման ,,լավագույն,, ելք, սակայն ստիպված եմ դիմել ՀՀ իշխանություններին.բարի եղեք վերադարձնել մեր ըտանիքի ԽՍՀՄ ավանդները՝ 40 տարվա խնայողությունները /որ այդպես էլ չհասցրին ստանալ ծնողներս /, որպես ճանապարհածախս: Իսկ ես կաշխատեմ մեր ընտանիքի կրած տառապանքների համար հեռանալիս չանիծել այն երկիրը, որտեղ գտնվում են թե իմ տարաբախտ ծնողների, թե մյուս հարազատներիս աճյունները:Հակված եմ կարծելու,թե մեր ընտանիքի նկատմամբ հալածանքների շրջանակում էր նաեւ մորապապիս ՝Գ.Հարությունյանին Եղեռնը վերապրածի համար հասանելիք կենսաթոշակային արտոնություններից տարիներ շարունակ զրկելը, որ վերականգնվեց միայն մամուլի միջամտության ու բողոքների արդյունքում / Այդ առթիվ կա հոդվածաշար, որոնցից մեկը ՝,,Հարգենք եղեռնը վերապրածներին եւ ոչ թե հալածենք,, /: 2002թվին մահկանացուն կնքած, 70 տարի շարունակ ՀԷԿ-ումաշխատած պապս էլ անգամ տեղական թերթում չարժանացավ մահախոսականի, թեպետ ՝ նրա մասին քանիցս հոդվածներ են լույս տեսել ,,Գիտություն,, ,Գուգարք,, ,,Տեսադաշտ,, թերթերում, կա նաեւ հոդած ՝սույն բլոգում ՝2012թվի ապրիլին.,,Խոսք հիշատակի,,: Շուկայական հարաբերություններ են, իսկ մահազզդները ոչ միայն պատկառելի փող են, այլեւ ՝քաղաքականացված են. ցավոք:.....Մշտապես ստեղծագործող մարդը չի կարող չզբաղվել իր սիրած գործով:Ունեմ բազմաթիվ անտիպ նյութեր, հուշագրություններ, զվարճապատումներ, մանրապատումներ, վերլուծություններ, մի խոսքով ՝ հիշողությունների մի ամբողջ շտեմարան, որ պարբերաբար հարստացվում է նոր թեմաներով ու գաղափարներով, բայց ի վիճակի չեմ ծրագրերիս մի մասն իրականացնել ոչ միայն ֆինանսական ոչ բավարար միջոցների պատճառվ, այլե, որ ինձ պարբերաբար փորձում են ներքաշել նորանոր ինտրիգների՝ սոցիալ-կենցաղային խնդիրների համատեքստում, որպեսզի ես առավելապես ոչ թե ստեղծագործական-լրագրողական գործունեությամբ զբաղվեմ, այլ ՝ ժամանակս առավելապես ծախսեմ այդ ինտրիգների ու դրանից բխող տհաճ հետեւանքների վերացման վրա, այդ ընթացքում դանդաղ կորցնեմ առղջությունս ու կյանքիս մնացած տարիները, որի պատկառելի մասն արդեն ,,կերել,,են: Ի վերջո մինչեւ ե՞րբ կարելի է տառապել տեղական ,,ցեցերի,, ու ,,գայլերի,,ձեռքին,որոնց դեմ պայքարում, փաստորեն, մնացել ենք բացարձակապես մեն-մենակ / չհաշված ՝համացանցային ,,ինտերնացիոնալ,, համերաշխությունը / ՝թիկունքում ունենալով միայն տարիների հեռավորությունից անգամ աղմկող հիշողությունների ,,հոծ բանակը,, իսկ տեղական ,,գայլերի,, դեմ պայքարում որպես միակ ,,զենք,,՝ գրիչը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 18 августа 2014 г.
Արհամարհած ունեն օրենքները
Վանաձորցիներից մեկն իրավացիորեն դժգոհեց, որ քիմիագործների թաղամասում գտնվող ռեստորանից / որի տերն ավագանու անդամ է / գիշերվա ժամը 12-ն անց հրավառության բարձր ձայներ ու հզոր թնդյուններ են հնչում՝ բնակելի շենքերի լուսամուտները դղրդացնելով /. ինչու՞ միայն քիմիագործների թաղամասի, կայարանամերձ հատվածում տեղակայված ռեստորանի գիշերային հրավառության ,,գմփգմփուններն,, էլ են հաճախ լեղաճաք անում բնակչությանը. այն էլ ՝մի քանի երկրաշարժ տեսած ու աչքը լավ վախեցած բնակչության, որ նաեւ ամեն անգամ նման դղրդյուններից հետո կարող է մտածել, թե ,,հայ-հայ ՝թուրքը մտավ քաղաք,,: Եվ սա ՝ այն դեպքում, երբ համապատասխան օրենքը ՝ոստիկանության, արգելում է գիշերվա 12-ից հետո հրավառություններ կազմակերպել. այն էլ ՝բնակելի շենքերին մոտ տարածության վրա: ,,Էլ չեն ասում ՝ հիվանդ կա, սիրտը թույլ մարդ կա, երեխեքը քնած են... հե՜չ պետքները չի է՜...թքած ունեն սաղի վրա, օրենքի վրա էլ հետը,,- դժգոհում է զրուցակիցս ու զարմացած ավելացնում. ,,Էն էլ ՝ մարզային ոստիկանության շենքի քթի տակ է՜...,,: Թեպետ, օրենքի վրա էլ զարմանալ կարելի է, որ թույլատրելի սահմանը համարում է մինչեւ գիշերվա ժամը 12-ը: Բայց չէ՞ որ երեկոյան ժամը 9-ից արդեն ,,Բարի գիշեր, երեխաները,, երգում է ,,Մութն ընկել է, ուշ է արդեն,, / Թե՞ արդեն էլ չեն երգում, ճիշտն ասած ՝ չեմ ստուգել, կարող է երեխաների հանգստի ռեժիմը հարմարեցրել են հրավառությունների անգրաֆիկ ,,աշխատանքի՞ն,,/: ,,Է՜...այ բալա, ինչի հետեւից ես ընկել...նույնն էլ Երեւանում է, էլի,,-նկատում է մայրաքաղաքաբնակ ծանոթներիցս մեկն ու ավելացնում.,,Ի՞նչ օրենք, ինչ բան, օրենք չկա, օրենքը...մեեեենակ վերեւների համար է,,: Հիշեցնենք, որ հրավառությունների առնչությամբ մի նախագիծ էր ոստիկանությունը պատրաստել,ըստ որի, հրավառություններն ընդհանրպես որոշել էին թույլատրել միայն պետական տոների ժամանակ, բայց հայտնի չէ, այդ օրենքի նախագիծը ,,մտ՞ավ,, Ազգային ժողով, թե՞ ժողովրդի ,,ընտրյալ,, մեծամասնությունը հասցրեց ,,շվվացնել,, միայն օղու գովազդի օրենքը: Դե ինչ, գիշերային ժամերին ,,կարելի,, է բնակչության ականջը տանել հրավառությունների դղրդյուններով, ցերեկային ժամերին էլ բնակչության ականջը սղոցել ավտոշարասյուների զիլ ազդանշաններով, այն էլ ՝ մի քանի ժամ անընդմեջ փողոցը ծայրից ծայր ,,սանրելով,,: Ու միշտ չէ, որ այդ հրավառությունները հարսանեկան արարողությունների հետ են կապված, երբեմն էլ ՝ անկապ են, հենց էնպես ՝,, կայֆի,, համար, հանուն որի ,,կարելի,, է զոհել բնակչության ականջները եւ կամ ՝ հղիներին, սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց ,, լեղաճաք անել,, ՝ դրանից բխող անկանխատեսելի հետեւանքներով:Ու այս առնչությամբ էլ համայնքի ավագանու որոշում կա ՝դեռ 2001 թվից. թեպետ, ըստ տեղեկությունների, որոշումը, որով արգելվում է տրանսպորտային միջոցների ազդանշանների օգտագործումը Տիգրան Մեծ պողոտայում հարսանեկան արարողությունների ժամանակ, ինչպես նաեւ այդ արարողակարգն ընդհանրապես ՝Հայքի հրապարակում, այդուհանդերձ, այս ,,արվեստի,, սիրահարները շարունակում են իրենց երեքանգամյա պտույտն ու զիլ ազդանշաններով ուղեկցվող երթը ՝ մարզպետարանի ու քաղաքապետարանի առջեւ ՝ աշխատանքային օրերին ու ժամերին. զարմանում ես, ո՞րն է դրա իմաստը, միգուցե կրիմինալի կողմից տեղական իշխանություններին ուղղված ուղե՞րձ է / կամ ՝,,Սերդեչնի պրիվետ օտ Զիմզիմովա,, /: Այս գործի կազմակերպիչները քաջ համոզված են, որ չեն պատժվելու օրենքով սահմանված տուգանքով, մինչդեռ այդ կերպ կարելի էր գոնե բյուջեն լցնել, ի՞նչ պակաս եկամտի աղբյուր է բյուջեի համար ՝ազգի,,ոսկե երիտասարդության,, խրախճանքների հաշվին: Թե՞ բյուջեի հիմնական աղբյուրը բնակչության եկամտազուրկ հատվածից հավաքվող վարձավճարներն են / պարբերաբար բարձրացող / կամ ՝ միտինգային ակտիվիստների նկատմամբ կիրառվող տուգանքները ՝,,Ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար,, անգամ այն դեպքում, երբ նա պատրաստվում է խփել լրագրողին կամ քաղաքացիական ակտիվիստին եւ կամ ՝ ձայնագրիչը խլել: ,,Դու ինչքան ուզում ես ՝ գրի, մեկ ա, ջուրն իր ճամփով գնում ա,,- դառնությամբ նկատում է վանաձորցիներից մեկը: Ասվածի մեջ ճշմարտության դառը հատիկ կա, ու դրա պատճառն այն է, որ ժողովուրդն ամբողջությամբ չի մտել քաղաքացիական հասարակության անդամի կարգավիճակի մեջ, ու իրեն չի տեսնում որպես հասարակության վերափոխող ուժ, առաջնորդվելով ՝,,Ով տեր ՝ մենք ծառա,, ,,Ով տերավոր, նա ՝ զորավոր,,, ,,Ախր մենք ո՞վ ենք, որ կարենանք ինչ-որ բան փոխենք,, ,,Կուժն էլ ա իրանց ձեռին, կուլան էլ,, եւ այլ ճորտային սկզբունքներով: Փոխանակ բավարարվեն միայն լրագրողին իրենց դժգոհությունները հայտնելով, հարկ է, օրինակ, որ միասնաբար դիմում ներկայացնեն ՝ ըստ պատկանելույն ու բողոքեն, թե ինչու՞ պարբերաբար խախտվում է իրենց հանգստի իրավունքը գիշերային հրավառությունների պատճառով: Ինչու՞ օրենքը խախտողները չեն պատժվում: ,,Էնքան ստորաքարշ մարդիկ են, գնում են մի շիշ ձեթի համար էկրանից շնորհակալություն են հայտնում ու ավագանու անդամ են գովում,,- հիասթափությամբ մեկնաբանում է տեղական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերը ՝ վանաձորցիներից մեկը: Այ հենց այդ ստորացված ու կռացած հատվածն էլ ծնում է ,,անձի պաշտամունք,, ՝ անգամ տեղական մասշտաբի հեղինակությունների նկատմամբ, որոնք էլ ժողովրդի այդ ,,մեծ սիրո,, շնորհիվ պատգամավոր կամ քաղաքապետ ու գյուղապետ են ընտրվում: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
воскресенье, 17 августа 2014 г.
Սոցիալական ճնշումներն ՝ընդդեմ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ընդդեմ անկախ մամուլի
Վանաձորի տեղական իշխանությունների ,,դաբրոյով,, ժամանակ առ ժամանակ նոր թափով են վերսկսվում մեր ընտանիքի նկատմամբ սկսված 15-ամյա հալածանքները ՝հիմնականում սոցիալական ճնշումների ձեւով: Օգոստոսի 17-ին, ժամը 11-ի սահմաններում մեր բնակարան է ,,ներխուժում,, ներքեւի հարկի բնակչուհին, ու սկսում գոռգոռալ, թե ինչու՞ ենք օգտագործում...բաղնիսի վաննան, եւ, որ իբր, դրա պատճառով իր բնակարանում ջուր է լցվում. եւ սա ՝ այն դեպքում, երբ նրան քանիցս ասել եմ, որ շենքը, որտեղ ինքը մշտապես չի բնակվում, վթարային է, 42 տարվա ջրատար խողովակները՝ քայքայված, եւ բնակիչները մեղք չունեն, եթե ինչ-որ տեղ ինչ-որ մի վթար է լինում / քանի անգամ էլ ձմռանը բնակիչներով գումար են հավաքել, որ սառած խողովակների հետեւանքով առաջացող զանազան վթարներ վերացնեն, բայց այդ գումարները ոչ մի տեղ չեն ֆիքսվել /: Մատնացույց եմ անում կիսալցված վաննայի անշարժ վիճակը, բայց նա բղավում է ՝ ուշադրություն չդարձնելով իմ խոսքերին, եւ իր կողմից մեծ ,,լավություն,, է համարում այն, որ ինքը ,,չի ուզում վատություն անել,,: Հարկ է հիշատակել, որ վերջինս 20 տարի շարունակ մշտապես չի բնակվում Հայաստանում , թեպետ դա չէր խանգարում, որ 2012թվի ԱԺ ընտրությունների ժամանակ , նրա բացակայության պայմաններում ընտանիքի բոլոր անդամների անունները լինեին ընտրացուցակներում: Այս տարվա գարնանը, հորս մահից մի քանի ամիս անց ՝կրկին Ռուսաստանից ժամանեց եւ սկսեց ներկայացնել իր ավանդական ,,բողոքները,, ՝փորձելով անգամ 1988 թվի երկրաշարժի, ու տեւական ժամանակ չնորոգվելու արդյունքում քայքայվող իր բնակարանի առաստաղի վիճակի ,,մեղավորը,, համարել ներքեւի հարեւանի լոգարանը: Այդ առթիվ էլ քանիցս բացատրել եմ, որ 2010թվին, իր բացակայության ժամանակ 4-րդ հարկի հարեւանը ջրատարի հետ կապված խողովակային փոփոխություններ է կատարել ՝ առանց թույլտվության, շինարարական նորմերը խախտելով, որի արդյունքում էլ մեր լոգարանի ուղղությամբ ջրի կաթոցներ էին լինում: Եվ, շատ հնարավոր է, 2-րդ հարկի բնակարանի վթարն / իբր ՝ վթարը / էլ է այդ փոփոխության արդյունք: Նաեւ հիշեցնում եմ, որ իր բացակայության ժամանակ այդտեղ վարձով ապրողներ կային, որոնք երբեւէ չեն բողոքել ջրի արտահոսքից / քանի որ այն ժամանակ այդ ուղղությամբ ջրի խողովակաշար չէր փոխվել. այն էլ ՝ առանց համապատասխան մասնագետների /: Ինչեւէ, դեռեւս գարնանը, նրա մի շարք համառ պնդումներից հետո ՝ստիպված էինք համաձայնել նրա իսկ միջոցով փոխել լոգարանի այսպես կոչված ՝,,տրապը,,. քանի որ վերջինս պնդում էր, թե ,,տրապի,, մաշվածությունն է մեղավոր, բայց ՝,,ձեռի,, հետ էլ ,,մանրից,, համոզում էր, որ լոգարանի ինչ-որ ,,սիֆոն,, էլ պետք է փոխվի ՝ բայց ՝ մեր միջոցներով / իսկ դա արդեն նշանակում է վերանորոգում այն ժամանակ, երբ տվյալ բնակարանատերերը դրա համար ոչ ժամանակ, ոչ ֆինանսներ, ոչ էլ սիրտ ու հավես ունեն, եւ մի կերպ ,,յոլա են գնում,, մինչեւ տեսնեն գլուխներն ինչ է գալիս /: ,,Ինչ ա արդեն սովորեցի՞ք, որ ես պետք է ձեր փոխարեն ծախս անեմ. տրապը փոխեցի, մի հատ էլ սիֆոնը փոխե՞մ,,- ձայնը գլուխը բարձրացրած բղավում էր 2-րդ հարկի բնակչուհին ՝ թերեւս ,,թեւավորված,,կամ շահարկելով իր ՝ղարաբաղյան ծագում ունենալու հանգամանքը: / Հազար ներողություն այն ղարաբաղցիներից, որոնց ես մշտապես հարգել եմ, եթե հարգանքի արժանի գործեր են կատարել /: Բայց երբ որ ես էլ ստիպված էի նրա տոնայնությանը համապատասխան տոնայնություն վերցնել, սկսեց ինձ մեղադրել ՝,,ձայնս բարձրացնելու մեջ,,:Նաեւ խորհուրդ տվեց, որ ,,ծանոթ-մանոթ գտնեմ,, մարդ բերեմ ՝ որ լոգարանը նորոգի.ի՞նչ է ստացվում, 40 տարվա մաշվածություն ունեցող ջրատար համակարգը բնակիչը պետք է իր ուժերով նորոգի ՝ եկամուտներ որոնելով, օրեցօր թանկացող կյանքի պայմաններում, իսկ պետական ու ՏԻՄ հիմնարկները / որոնց թվում ՝ քաղաքապետարանը / 5 տարին մեկ փառահեղ նորոգեն, որոշ հիմնարկների համար անգամ նոր շենք կառուցեն, իսկ բնակիչները շարունակ ,,կռիվ-ղալմաղալների,, մեջ ընկնեն ու միմյանց նկատմամբ վատամարդ դառնա՞ն: Թե՞ սա հատուկ գործելակերպ է ՝ազգի միասնությունը պառակտելու ինչ-որ հեռահար ծրագիր...Նրա հոխորտանքներն ավարտվեցին նրանով, որ ուլտիմատում ներկայացրեց, թե ,,Կգնամ միլիցիա կբերեմ, ջուրը կանջատեմ,,: Իսկ ինչու՞ պետք է շքամուտքի անջատիչ-միացնիչն ինչ-որ մեկի բնակարանում լինի, որ նա էլ դրանով հոխորտա ու սպառնա անջատել այն բնակարանի ջուրը, որի տերերը մշտապես օրենքով սահմանված վճարումներն անում են ՝այն էլ ՝ առանց ջրաչափի, թանկացած սակագնով: Իմ դիտարկմանը ՝ գնա բողոքի, ես խնդիր չունեմ, ու ես էլ կարող եմ բողոքել, կրկին ,,հարձակվեց.,,Ի՞նչ ես անելու, գրելու ե՞ս,,: Իսկ ի՞նչ անել, եթե այս ու այն ,,գիշատիչներից,, պաշտպանվելու միակ ,,զենքը,, գրիչն է մնացել: Այս առնչությամբ մտովի գնացի 2010թիվ, երբ վերեւի հարեւանի շինարարական քանդուքարափի արդյունքում սկսեց քարերի ավազ տեղալ մեր լոգարանի ուղղությամբ, իսկ երբ կողքի հարեւանին խնդրեցի, որ ,,վերեւինին,, / որպես նրա հետ մոտ գտնվող / փոխանցել, որ քարեր ու ավազ են թափվում, ,,վերեւի,, հարկի բնակիչը, շահարկելով անգամ իր շարքային ոստիկան լինելու հանգամանքը, դուրս թռավ շքամուտք եւ հոխորտաց.,,Լավ եմ անում ՝ քանդըմ եմ, լավ եմ անըմ ՝ թափըմ եմ, գնա թերթըմդ գրի,,: /Եւ անգամ ՝իրենից կրկնակի տարիքով հորս, որ այդ ժամանակ դրսից տուն եկավ, ու, ականատես լինելով մեր վեճին, փորձեց միջամտել ՝,,հոխորտաց, թե ,,Դու վաբշե մլիցուց հեռու մնա,, /: Իսկ այդ առթիվ ոչ թե թերթում գրեցի այն ժամանակ, այլ պարզապես գրավոր բողոք ուղարկեցի քաղաքապետարանի համապատասխան բաժին, որի կողմից ուղեւորված մասնագետների խումբը՝ ՝քաղաքաշինության բաժնին կցված, հայտնաբերեց խախտումները, տուգանեց /ըստ տեղեկությունների / ու բարեբախտաբար, ջրի կաթոցների հարցն էլ լուծվեց, քանի որ մինչ այդ խողովակաշարի սխալ միացման, միգուցե նաեւ ՝վաննայի դիրքը կամայական փոփոխության ենթարկելու արդյունքում մեր մոտ ջրի հոսք էր սկսվել /, ինչն էլ կարող էր ուղիղ գծով իջնել ներքեւի հարեւանի բնակարան /: Ի դեպ, ներքեւի հարկի բնակարանում էլ նույն կամայական փոփոխություններն են արվել ՝ դեռ տարիներ առաջ, եւ, թերեւս, հենց այդ փոփոխությունների արդյունքում էլ կարող է վթարներ առաջանալ. այստեղ են ասել ՝ ,,Սայլը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում,,. ենթադրվում է, թե ,, ներքեւի,, բնակիչը հորիցս ետմահու վրեժ է լուծում ի պատասխան այն բանի, որ ինքը դեռ ,,սովետի,, թվերին բնակարանը քանդուքարափ էր անում, ու ողջ օրն ականջներս տանում ՝ շինարարական աղմուկով, հայրս էլ ճարահատյալ բողոքել էր: Ի՞նչ է նշանակում ՝ ,,վաննան չօգտագործեք, ինձ մոտ կաթում է,,. միգուցե օդ է՞լ չշնչենք, թե՞ թողնենք վաննայի մեջ ջուրը հոտի կամ ջուր չօգտագործելու արդյունքում ժանգոտի:Եւ այսպես, շահարկելով վթարային շենքերում մշտապես առկա միջբնակարանային խնդիրները, ժամանակ առ ժամանակ տեղական իշխանությունները ,,պրեսսինգի,, են ենթարկում մեզ ՝շարունակելով 15 տարի առաջ սկսված պայքարը ՝ Հովսեփյանների ընտանիքի նկատմամ՚բ, ու սկզբում հորս էին հալածում ՝ խոչընդոտելով աշխատանքային գործունեությանը, իսկ հետո սկսեցին խոչընդոտել իմ լրագրողական գործունեւթյանը:Ակնհայտ է, որ տեղական իշխանությունները մեզ քաղաքից ,,քշելու,, եւ բնակարանը ինչ-որ մեկի համար ձեռք գցելու մտադրություն են որդեգրել ՝արդեն իսկ նախապատրաստվելով մինչեւ հաջորդ ՏԻՄ ընտրություն ՝ քաղաքը ,,մաքրել,, իրենց ախոյաններից, քաղաքացիական դիրքորոշում ունեցող ակտիվիստներից ու նրանց համար պարբերաբար կենցաղային տհաճ իրավիճակներ ստեղծել. այլ կերպ ՝,,ներվերը ուտել,. սա է տեղական իշխանությունների գործելաոճը:Այդ դեպքում թող բարի լինեն ճանապարհածախս հատկացնել ու ,,արտաքսելու,, որոշում կայացնել, որպեսզի որեւէ երկրում քաղաքական ապաստան գտնենք: Թերեւս, որոշել են նաեւ ,,ձեռի հետ,, ճշտել մեր եկամուտների չափը. եթե պարբերաբար հոդվածներ եմ գրում ՝հասարակության խնդիրները ներկայացնելով, ինչը, թերեւս, վտանգ է ներկայացնում իրենց գործունեության համար, այդ դեպքում ինչու՞ չփորձել ,,մի լավ թափ տալ,, բնակչին. ու ժամանակ առ ժամանակ ինչ-որ կենցաղային ծախսերի մեջ ներքաշել կամ ՝ համատիրության ,,սպասարկման վարձ,, կոչվող կույր աղիքը ,,վզներիս,,փաթաթելու փորձ անել: Տեղեկացնեմ, որ պատրաստ եմ անգամ ,,վերջին շապիկը վաճառել,, բայց ՝անտելի ու չհիմնավորված մուծումներ չանել ու չդադարեցնել իրավասոցիալական թեմաներով հրապարակումներս, որ իրենց ,,կոկորդի փուշ,, են դարձել:Մտադիր եմ անգամ համապատասխան փաստաբան գտնելու դեպքում Եվրադատարան դիմել ու բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում պահանջել ՝ իմ ընտանիքի նկատմամբ սկսված ու շարունակվող հալածանքների համար:Որեւէ մեկը կարող՞ է հուշել, թե որտեղի՞ց պետք է եկամտազուրկ բնակիչը փող հայթայթի, որ 40 տարվա մաշված խողովակաշարի հնարավոր հետեւանքները վերացնի: Եւ կամ ո՞վ պետք է մեզ հատուցի արդեն քայքայվող առաստաղի հնարավոր վթարը կանխելու, կոսմետիկ նորոգումներով գոնե նվազագույն ծախսերով բարենորոգումներ կատարելու համար: Չէ՞ որ պետությունը կարող է առնվազն վթարային շենքում բնակվողների ԽՍՀՄ ավանդները փոխհատուցել, այն շենքերի, որոնցում յուրաքանչյուր անձրեւից հետո բնակարաններւմ խոնավահոտ է ընկնում, աստիճանահարթակներն են սկսել ճաքճքել:Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ տեղական իշխանությունները փորձում են միջբնակարանային վեճերն օգտագործել որպես ,,պղտոր ջրում ձուկ բռնելու,, լավագույն միջոց ՝ ընդդեմ իրենց ,,ախոյանների,, կամ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձանց / որոնց թվում ՝ համատիրության հնարովի ու չհիմնավորված ,,սպասարկման վարձը,, չմուծողների ու այդ առթիվ հակալոբբինգ անողների դեմ /: Վանաձորի վետերանների միության կինխորհրդի նախագահ Հ.Մխիթարյանն է քանիցս բողոքել, որ իր ներքեւի հարկի հարեւանին հրահրել էին իր դեմ ՝2004թվին, ու իրեն ծեծի էին ենթարկել, այդ առթիվ անգամ դատական վճիռ էր կայացվել, ,,Առավոտ,, ու ,,Զորավիգ,, թերթերն անդրադարձան, բայց ՝ ժամանակ առ ժամանակ կռիվը կրկին բորբոքվում է.,,Միլիցիա էին բերել, թե իբր իմ տնից ջուր է կաթում, ասեցի ՝էդ երբվանի՞ց է միլիցիան ջրի ծակուծուկ փակելով զբաղվում, փոխանակ գնան գողերին ու մարդասպաններին բռնեն,,-տեղեկացնում է իմ զրուցակիցը, որ մի առիթով պատմեց, որ անգամ քաղաքապետի մոտ ընդունելության է գնացել այդ հարցով, սակայն վերջինս ասել է.,,Ես ի՞նչ անեմ, որ դուք հարեւաններով իրար հետ յոլա չեք գնում,,:Ցավոք, այս անգամ էլ չեմ կարող հոդվածս լավատեսորեն վերջացնել, ու ստիպված եմ հայտարարել, որ եթե իմ կամ մերձավորիս հետ որեւէ դժբախտ պատահար տեղի ունենա ՝,,մեղքն,, իշխանությունների վիզը: ,,Ոչ մի երկրում քրեական հոդված չկա ՝հոդված գրելու կամ քաղաքացիական դիրքորոշման համար, դե մի բան պետք ա գտնե՞ն, որ նրանց դեմն առնեն, դրա համար էլ ամենքին մի ձեւով են ,,պատժում,,- նկատում է համախոհներիցս մեկը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 16 августа 2014 г.
Աբսուրդային գովազդներ ՝հեռուստաեթերում
Այնքան հակասություններ կան մեր երկրում. ասվածի ապացույցներն ամեն օր կարելի է գտնել ՝ հեռուստաեթերին հետեւելով: Հազարավորները բողոքում են, որ ամիսներով հալալ քրտինքով վաստակած աշխատավարձերը չեն ստանում, բայց հեռուստաէկրանից գովերգում են, որ կարելի է չաշխատել, բայց ՝ աշխատավարձ ստանալ ՝ջնջելով ու շահելով. այն էլ ՝ 12 ամիս: Ողջ օրը Երեւանի ,,Նաիրիտում.. ու Վանաձորի քիմգործարանում աշխատողները ,,կռիվ-դավիների,, մեջ են կառավարության հետ, որովհետեւ գործարանի սեփականատիրոջ տեղն ու անունը չգիտեն, որ նրա հետ կռիվ անեն ու ասեն ՝,,Ախպեր ու՞ր ես, հասցեդ ասա, տեղդ ասա հեսա գալիս եմ,, ու պահանջեն իրենց ՝ մինչեւ անգամ 1 տարվա աշխատավարձերը, իսկ հեռուստաէկրանից համոզում են.,,Լոտո-աշխատավարձ.ջնջեք եւ շահեք,,:Օրերս էլ գովազդի ավելի կատարելագործված տեսակն է հայտնվել ՝տեւական ընդմիջումից հետո. ոչ միայն 12 ամիս անընդմեջ տրվող աշխատավարձ են խոստանում ՝համապատասխան վանդակը ,,քերելու,,դեպքում, այլեւ ՝պարգեւավճար՝ էլի համապատասխան հատվածը քերելու դեպքում: Կարո՞ղ է մի օր էլ ,,լոտո-աշխատավարձի,, շահառուները հայտնվեն խաբված ավանդատուների կամ քիմգործարանի ,,քցված,, աշխատողների վիճակում, երբ որ պարզվի, որ ,,լոտո-աշխատավարձի,, տերերը ,,դուքանը փակել են ու թռել,, ,,իզն ու թոզն էլ չի երեւում,,:Էն ժամանակ կառավարությունը ոչ թե լավագույն դեպքում 1 ամսվա աշխատավարձ կխոստանա / ու չի տա ՝ ինչպես վանաձորցի քիմիագործների պարագայում /, այլ ՝ մատը կցցի ու կասի ՝,,հայ-հա՜յ...խելքներիդ ձուն գա, ձեզ ո՞վ էր խնդրում հավատայիք լոտոխաբեբաներին,,: Հետաքրքիր է, ո՞նց են հասցնում իրար ետեւից այդքան տարատեսակ լոտո-մոտո տպել, ու, մեկ էլ տեսար ՝էկրանից հիմա էլ հնչում է ՝,,Մանի,մանի, մանի,,.ոչ թե հանրահայտ ,,Ճախարակի երգը,, ոտանավորի ,,գեղական,, տարբերակն է ՝իլիկի երգի մասին, այլ՝ անգլերեն ,,մանի,,-ն՝ փողը, որի լոտոգովազդի ժամանակ մի կին խզված ձայնով էկրանից ,,վռազ-վռազ,, բղավում-արդարանում է ՝,,Ես ի՞նչ անեմ, որ շահեցի, փողս առա ու գնացի,,:Հետաքրքիր է, ո՞նց են կարողանում բնակչությանը համոզել, թե միլիոնների գանձեր ու գումարներ են ,,թաքնված,, թղթի կտորի չքերած հատվածում, ու մնում է ,,փորեն,,-գտնեն գանձն ու փողերը / բայց՝ համապատասխան գումար ,,մուծվելուց,,.այսինքն ՝ գնելուց հետո /:Ոչ մի կասկած չկա, թե ինչ ահռելի շահույթներ են գոյանում ժողովրդի միամիտ հատվածից կորզվող գումարների հաշվին, շատերն անգամ պարտքով են լոտո գնում: Ինչ-որ մի ասացվածք կա. որտեղ կան խաբվողներ, այնտեղ կլինեն խաբողներ:Թեպետ ժողովրդին էլ մեղադրելու չէ. ամեն ինչից հույսները կտրել են, մնացել են լոտոների հույսին:Այս ոլորտի հավատավորներն էլ աղանդավորի կարգավիճակում են, ու մեկ էլ տեսար ՝որեւէ կրպակի մոտ քարացած, քերում են ու քերում: Մնում է ՝լոտո-վարկեր բացեն բանկերում:/Դե եթե պարտքով լոտո են գնում, ինչու՞ լոտո-վարկեր չբացեն /: Դրա համար էլ անընդհատ վարձեր են բարձրացնում, որովհետեւ համոզված են, որ ժողովրդի ,,ձեռը փող կա,,. մնում է գրպանները ,,մի լավ քերեն,,...Մի գովազդային աբսուրդ էլ այն է, որ հեռուստաէկրանից համոզում են, թե գնեք այսքան շիշ ՝ այսինչ խմիչքից, եւ խցանի տակ հավաքեք այսինչ տառերն ու շահեք այսինչ իրերը /որոնց գինը հաճախ ավելի էժան է, քան ՝ այդ խմիչքի վրա ծախսվող գումարները /:Կամ ի՞նչ երաշխիք, թե անհրաժեշտ բոլոր տառերը կտեղադրեն խցանի տակ: Մի սուրճ արտադրող ընկերություն էլ 15 տարի է ՝տուփերի վրա դոլարային շահումի տարբերանշան է դրել, ինչն ամենաիսկական ,,մոլորեցնելու փորձ,, է սպառողին, այսինքն ՝ ՏՄՊՊՀ-ի նյութ, քանի որ մինչ օրս հաստատ ոչ ոք դեռ այդ տուփերում շահում չի գտել, ինչը խոստովանում են նաեւ վաճառողները, բայց այդ կեղծիքը ՏՄՊՊՀ-ն եթե փորձի հաստատել, ապա դժվար չէ ենթադրել, որ այդ ընկերությունը մի 5 հոգու կվարձի ՝5-10 հազար դրամով, ու նրանք հեռուստաէկրանից երջանիկ տեսքով կփորձեն ապացուցել, թե այդ տուփերի մեջ եղած շահումներով ահագին ,,բան-ման են առել,,: ... Հաճախ էլ գովազդի նպատակը լրագրողական հետաքննությամբ ապացուցված կեղծիքի փաստը ,,չեզոքացնելը,, կամ ,,ջրելն,, է: Ահավասիկ. հեռուստաալիքներից մեկը մի ապահովագրական ընկերության վերաբերյալ ինչ-որ խարդախության առնչությամբ ռեպորտաժ էր ներկայացրել, բայց ՝ մեկ էլ նույն հեռուստաալիքով նույն ընկերության գովազդն է գնում. այն էլ ՝վրացերեն բառակիտուկով, առանց հայերեն թարգմանության , թքած ունենալով լեզվի տեսչության վրա. կամ ՝ ,,երեսները չի բռնել,, հայերեն գովազդեն:....Իսկ վերջերս հիպնոսացնողի ձայնով մեկը հեռուստաեթերից համոզում էր, թե զուգարանի թուղթ ստեղծելն իրնց համար ,,արվեստ է,,: ,,Սա մեր արվեստն է,, ՝ասում էր գովազդող կինը ՝ներկայացնելով թղթի առավելությունները: Ինչպե՞ս սա հասկանալ. այսինքն ՝ արվեստը մեր մոտ այնքան է արժեզրկվել, որ կարելի է համեմատել զուգարանի թղթի հե՞տ: Ի վերջո, սահման չպե՞տք է լինի կարելիի եւ չի կարելիի միջեւ ՝ ելնելով տարրական բարեկրթության սահմաններից: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 13 августа 2014 г.
Azat Ankakh-ի դատարկ հաշվեհամարը փակվեց, բայց ՝ ոգին չի մեռել
Երեկ համացանցի համախոհներիցս մեկը խորհուրդ տվեց լավատեսական նյութ գրել, դե ես էլ թերեւս ամենալավատեսական վերնագիրն ընտրեցի... Երեկ ,,խոր կսկիծով,, տեղեկացանք, որ Azat Ankakh բլոգի հաշվեհամարը, որ բացել էի 2012թվին ՝ բլոգի հնարավոր ֆինանսավորման հույսով, ի վերջո, փակվել է / երեւի ՝,,անշարժությունից հուսահատ,, /: ,,Դե որ մեկ տարվա ընթացքում գումարային շարժ չի լինում ՝ փակվում է,,- տեղեկացրին բանկից, որտեղ բլոգի հաշվեհամար էի բացել ՝անվճար հիմունքներով, առանց դրա համար վճար հատկացնելու / դե երեւի դա էլ բարեբախտություն է, քանի որ ոչ բոլոր բանկերն են անվճար հաշվեհամար բացում / : Նշեմ, որ հաշվեհամարը բացելու առթիվ 2012 թվի մայիսի 24-ին բլոգում հանդես եկա ,,Azat Ankakh,,-ը կայացման փուլում, առանց աջակցման-2,, հրապարակմամբ, սակայն այդպես էլ ոչ մի ֆինանսական աջակից կամ փոխշահավետ համագործակցության առաջարկ չգտնվեց, թեպետ հոդվածը պարբերաբար զետեղում էի համացանցում: Թերեւս բացառություն կարելի էր համարել այն, որ ամերիկահայ մի քաղաքացի ՝ նախկին կիրովականցի, որ համացանցում կարդացել էր բլոգի նյութերը, ոչ միայն շնորհակալական նամակ ուղարկեց ՝,,համարձակ ու սուր, հումորով,, հրապարակումների համար, այլեւ իր իսկ նախաձեռնությամբ որոշակի ֆինանսական աջակցություն ուղարկեց. բայց ոչ թե բանկային հաշվեհամարով, այլ՝ դրամական ուղղակի փոխանցմամբ, համեստորեն չցանկանալով, որ իր անունը հրապարակվի: Հարկ է հիշեցնել, որ 2013 թվի հուլիսի 24-ին բլոգում հանդես եկա ,,Azat Ankakh,,-ի երկամյակի, ,,մեռնող ճշտի վերջին ասպետների,, եւ այլն-ի մասին,, հոդվածով, որտեղ հարց էի բարձրացրել, որ այն կայքերը կամ բլոգները , որոնք ապացուցել են իրենց գոյության անհրաժեշտությունը, որոնք պարբերաբար հասարակությանը հուզող խնդիրներ են բարձրացնում / առավել եւս ՝տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներին վերաբերվող /, հարկ է, որ պետական ֆինանսավորում ստանան. այնպես, ինչպես թերթերը. այն դեպքում, երբ թերթերն ավելի շատ հասարակության ,,դարդին դարման անող,, հարցեր չեն էլ բարձրացնում, եւ թերթեր կան, որ երբ կարդում ես , մտածում ես, թե ո՞րն է դրա տված օգուտը հասարակությանը ՝բացի կենցաղում օգտագործելը: Որքան հայտնի է ՝,, թղթի վրա,, գործող անկապ հ/կ-ներ էլ են պետությունից փող ,,պլոկում,, / թերթերից բացի /. լոռեցու լեզվով ասած ՝,,յարաբ ո՞ր մեղքի համար,,: Ու մեկ էլ տեսար ՝ լավագույն դեպքում մի ,,փախած,, բրոշյուր են հրատարակում ՝,,ջուր ու ձավար լցրած,,՝.իրենց գոյությունն արդարացնելու միտումով: Ու հենց պետական անուշադրության պատճառով է , որ բլոգներից շատերն ստիպված են լինում կառչել այս կամ այն կասկածելի աղբյուրից, ու հարմարվել թելադրողի ճաշակին, նրանց ,,դուդուկով,, պարել՝ թեկուզ ոչ հավաստի տեղեկություններ հրատարակելով / դրանից բխող տհաճ հետեւանքներով /: ... Azat Ankakh-ը շարունակում է գործել արդեն 3 տարի / այնպես, ինչպես միաժամանակ ստեղծված իմ ֆեյսբուքի էջը, որ հոդվածներիս ,, պահեստային,, տարբերակն է / ՝ հիմնականում իմ անձնական խնայողությունների շնորհիվ, որի, ինչպես նաեւ ՝ինտերնետային հմտություններիս զարգացման համար երախտապարտ եմ 1992-1997 եւ 2004-2009թվերին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երջանկահիշատակ մորեղբորս, որ 3 տարի շարունակ քրոջ ընտանիքին ֆինանսական օգնություն էր ուղարկում իր համեստ թոշակից / համեստ ՝ ամերիկյան չափանիշներով /, ինչպես նաեւ երջանկահիշատակ հորս եմ երախտապարտ ՝տեղական իշխանությունների կողմից պարբերական հալածանքների անուղղակի զոհ դարձած, որն էլ իր հայաստանյան թոշակից էր ,,մասհանում,, անում ՝բլոգի զարգացման նպատակով, եւ անգամ՝ հետաքրքրվում.,,Հիմա որ ուզենաս գիրք տպես, ինչքա՞ն փող ա պետք,,: Իսկ բլոգի նպատակը հիմնականում իրավա-սոցիալական խնդիրների վերհանումն ու դրանց վրա հասարակության, համապատասխան մարմինների ուշադրության հրավիրումն էր. թեպետ ՝որոշ թերահավատներ ասում են ՝,,Հա որ գրեցիք, ո՞վ է հիմա գրածին բանի տեղ դնում, չեք տեսնու՞մ, ինչ ուզում ՝անում են, ոնց ուզում՝վարվում են ժողովրդի հետ,,: 3 տարվա ընթացքում բլոգում տպագրվել են իմ հեղինակած 218 հրապարակումներ, որոնք տարածում եմ ֆեյսբուք, Թվիթեր, Գուգլ-պլյուս ցանցերով: Դրանց, ինչպես նաեւ ՝ ֆեյսբուքի իմ անձնական էջի նոթագրությունների մի մասն, սկսած 2013 թվից արտատպում են նաեւ այլ կայքեր / բարեբախտաբար ՝ համապատասխան հղումով, հեղինակային իրավունքների պաշտպանմամբ /, իսկ դրա շնորհիվ բլոգում բարձրացված հարցերն էլ ավելի մեծ տարածականություն են ձեռք բերում նաեւ այլ սոցիալական կայքերի միջոցով .Օդնոկլասնիկի, Մեյլ-ռու, Վկոնտակտե, Լինկեդին....Ցավոք, ոչ բոլորն են գիտակցում ինտերնետային ազատ մամուլի դերն ու նշանակությունը ՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում, ինչի տխուր ապացույցը ոչ միայն ֆինանսական աղբյուրների բացակայությունն է մի երկրում, որ հեղեղված է ,,ժողովրդավարության զարգացման ուղղված,, դրամաշնորհային ծրագրերով / հաճախ ՝ փոշիացվող , ու այս ոլորտը թերեւս լավագույն կոռումպացվածներից է /, այլեւ ՝որ ոմանք կարծում են, թե բլոգը միմիայն ,,փող կպցնելու,, համար է: ,,Էդ բլոգներով կարում ե՞ս փող կպցնես...չէ՞... բա էլ ո՞ւմ ա պետք, որ քեզ օգուտ չի տալիս,,- զարմանում է ծանոթներիցս մեկը, տեղեկանալով, որ ոչ միայն հիշատակված բլոգը, այլեւ 2013 թվից էլ մեկ այլ բլոգ եմ հիմնել ՝,,Լրագրողական նոթեր,,: Ուրեմն ի՞նչ, առաջադեմ մտավորականն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը տեղ չունի՞ այս երկրում, թե՞ գնանք ,, սաղովի բազարում բողկ ծախենք,, իսկ բողկի հոգեբանությամբ թալանչիները ՝որոնց մի ոտքը Ազգային ժողովում է, մի ոտքը ՝բիզնեսում , իրենց կիսագրագետ հալով, ու փողով ձեռք գցած դիպլոմներով ՝ ժողովրդի գլխին ,,կորկոտ աղան,, ու ասեն ՝ ,,բո՜ո՜ղկ, ապե՜, բո ՜ողկ...,,/ ականջը կանչի ,,Բերնարդ շոու,,-ի /: Էս ա էս երկիրը, ով չի քծնում, չի կռանում, չի ստորանում ՝ոտնատակ են տալիս, օդը փակում են,,-հայտնում է վանաձորցի մի գործազուրկ մտավորական ՝հաստատելով իմ այն տեղեկությունը, թե ,,կոռուպցիայի դեմ պայքարին,, զուգահեռ ՝կրթական ու բանկային համակարգում աշխատանքի ընդունվելիս ինչ թվեր են ,,կրակում,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 6 августа 2014 г.
Ասֆալտը ,,տեղ-տեղ բարով մաշեք,,
Մի հին անեկդոտ կա. 2 տղամարդ ՝հագուստները նոր կարկատած, հանդիպում են: Մեկի հագուստի կարկատանները շատ են, մյուսինը ՝ քիչ. այսինքն ՝ տեղ-տեղ: Ու շատ կարկատանավորը մյուսին ասում է ՝,,Շալվարդ տեղ-տեղ բարով մաշես,,: Նա էլ թե ՝,,Օրումեջ շնորհավոր,,: Հիմա իսկական Վանաձորի փողոցներն են. մի տեղ կարկատանային ասֆալտը մի քիչ ավելի շատ է, մի տեղ՝շատ ավելի քիչ, մի տեղ զիգզագաձեւ են կարկատել ասֆալտը, մի տեղ՝ոլորապտույտ, մի տեղ՝կլոր-մլոր, մի տեղ՝քառակուսիներով. նայած ՝ ասֆալտապատողների ,,նկարչական ընդունակություններին,,: Ասֆալտի երես չտեսած հատվածներն էլ հողաթաթախ վիճակում են; Իսկ Կ. Դեմիրճյան / Լուսավորիչ / 28 շենքի բակի մի մասը տեւական ժամանակ / մոտ մի ամիս /քանդուքարափ թողնելուց հետո ,, մի շան հալի,, բոլորաձեւ կարկատանային ասֆալտ արեցին / մի անիմաստ բոլորաթումբ էլ ՝ բորդյուրի հեռավոր նմանություն տվող, գոյացրին բակի մուտքի մոտ, ու երեխաները դրա թարմ հումքը քանդելով ՝ մի քանի օր ,,գռուզավիկի շոֆեր,, էին խաղում / , իսկ մի ուրիշ հատված ՝նույն վայրում, բոլորաձեւ խճապատելուց հետո մի հատ էլ սահմանագծով ձյութաշրջան գծեցին ու այդպես էլ թողին. երեւի ՝ որ երեխաներին վարժեցնեն ձյութագծած ու խճապատած տարածքում ,,կլաս,, խաղալուն. հա բա էլ ուրիշ ինչի՞ համար է ձյութագծած...Եթե չէին ասֆալտապատելու, ո՞րն էր խճապատածը ձյութագծելու իմաստը, եթե ասֆալտապատելու են ՝ինչի՞ են սպասում, վարար անձրեւների՞, է արդեն մի քանի անգամ լավ անձրեւ է եկել դրա վրայով ու ամեն անձրեւից հետո բնակիչների համար նոր հոգս է ավելանում. բակի անբարեկարգ հատվածները լցվում են անձրեւաջրերով, դրանք էլ իրենց հերթին լցվում են առանց այդ էլ ծայրահեղ վթարային շենքի նկուղներն ու ջրի նոր վթարի պատճառ դառնում:Այս դեպքի համար էլ ասացվածք կա ՝,,Էշը կերել են, պոչում ՝ խռովել,,: Իսկ Լազյան փողոցի մի պատկառելի հատվածը ՝Գոշից մինչեւ Շիրվանզադե, այդպես էլ չի արժանանում ասֆալտապատողների ուշադրությանն ու երկու տարի շարունակ ՝մնում է խճապատված:Ենթադրվում է, թե տեղական իշխանությունները հույսը դրել են այդ տարածքի առեւտրի օբյեկտների տերերի վրա, որ ,,մարդա մի 1000դրամ,, հավաքեն ու ասֆալտապատեն, նրանք էլ երեւի թե մտածում են, որ իրենք իրենց օբյեկտների առջեւ սալիկապատել կամ ասֆալտապատել են, էլ ինչու՞ պիտի ամբողջ տարածքի հոգսն էլ վերցնեն իրենց վրա վերցնեն: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)