вторник, 6 января 2015 г.

Տարեվերջյան զարմանքներ

...Դեկտեմբերի 31-ին Վանաձորի առեւտրի կետերում  ու հացաթխման արտադրական կետերում հացի պակաս չկար, սակայն, չգիտես ինչու, գնորդների մի պատկառելի մասը նախընտրել էր ,,Լաչինչ միջանցք,, կոչվող առեւտրի վայրի ստորին հատվածի փուռ-վաճառակետի առջեւ հերթ կանգնել: Այնպիսի տպավորություն էր, թե սովետական տարիների Մոսկվայում հարասլավական կոշիկի խանութի հերթն էր: Ակամա մտածում ես. այ ձեր տունը շինվի, ամբողջ քաղաքը հացի կետեր են, ինչի՞ եք ձեզ տանջում ՝հերթի մեջ հրել-հրմշտվելով, դուք հո մազոխիստ չե՞ք:

...Շուրջ 2 տարի է ՝Վիետնամից ներկրվող ,,Պանգաս,, ձուկը վաճառվում է ոչ թե կիլոգրամով, այլ ՝ փաթեթավորված տուփերով ՝իբր 1 կիլոգրամանոց:Այսինքն ՝ փուլային վաճառքը փոխարինել են փաթեթայինով, որ ժողովրդին հնարավորինս շատ ,,գջլեն,,. դե մարդ կա ՝ ցանկանում է 1-2 կտոր գնել, չէ, արդեն չի ,,թույլատրվում,,. ով ցանկանում է ,,Պանգաս,, գնել / որ տեղականի համեմատությամբ համեմատաբար էժան ու որակյալ է/, ուրեմն՝ պետք է միանգամից 1 կիլոգրամ գնի եւ վերջ: Դեռեւս ապրիլից էր սկսվել ,,Պանգասի,, անհիմն թանկացումը ՝950-1000 դրամից դառնալով 1300դրամ, իսկ Նոր տարվա շեմին տեղ-տեղ արդեն դարձրին 1500դրամ, եւ, քանի որ արդեն Եվրասիական միության մեջ ենք մտնում, հանրավոր է, այսուհետ էլ ավելի թանկացնեն ՝ տեղական ձկան թանկացմանը զուգահեռ: Տվյալ պարագայում, սակայն, զարմանալին ոչ թե դա է, այլ՝ այն, որ  ,,Պանգաս,, ներկրող ընկերությունը...դեղորայք ու մանկական սնունդ ներկրող հայտնի ընկերություն է / մատնանշումը ՝ փաթեթի վրա /, իսկ ,,Սփյուռ,, տեղեկատուից պարզեցինք, որ տվյալ ընկերությունն զբաղվում է դեղորայքի ու մանկական սննդի, ագրոքիմիկատների ներկրմամբ: Չլինի՞ կարող է մի օր էլ սկսեն դեղատներում ձուկ վաճառել...

...Ամանորի նախօրեին խանութներում ու բացօթյա ու փակ տաղավարներում հերթերի պակաս չկար, բայց՝ մեկ էլ տեսար վաճառողները միմյանց գանգատվում են, թե ,,Հեչ առեւտուր  չկա, բան չի ծախվում,, / Ամանորից հետո  էլ ,,նեղվում,, էին վաճառողներից մի քանիսը, թե ,,հեչ փող չկա,, /: Իսկ Ամանորից շաբաթներ առաջ էլ, թերեւս, այնքան էր ,,նեղվել,, վաճառակետերից մեկը ՝ գնորդների գրոհներից, որ մի  ձեռագիր ցուցանակ էր փակցրել ապրանքների առջեւ.,,Առաջ չգաք,,:

...Ամանօրի նախօրեին մարդկանց երթեւեկությունը հատկապես դժվարանցանելի էր Վանաձորի ,,Լաչինի միջանցք,, կոչվող առեւտրի վայրում, որտեղ 2 ամիս առաջ ջրատարների փոփոխման հետ կապված հերթական աշխատանքներից հետո տարածքն այդպես էլ չասֆալտապատվեց, այլ միայն բարակ խճաշերտով ծածկեցին փորած ,,արահետը,,. այդ պայմաններում շարունակում է անհարթություն պահպանվել փորած ու չփորած հատվածների միջեւ, եւ, անցորդներն ավելի հաճախ սկսեցին հայտնվել փոսային ,,արահետում,,:  Դեկտեմբերի 30-ին էլ ոմանց նյարդերն արդեն սկսեցին ակնհայտորեն տեղի տալ.,,Էս ալարում ե՞ն ըստեղ մի բան լցնեն, էս ի՞նչ անն...քաղաք ենք դառել,,- քաղաքի հասցեին կենդանական աշխարհի համար նախատեսված ,,զազրախոսություն,, հնչեցրեց... մի երիտասարդ աղջիկ, ում բարձրակրունկ կոշիկները, թերեւս, անհարթության հետ ,,բախվելու,, դժբախտություն էին ունեցել: Իսկ ի՞նչ մեղավոր է քաղաքը, որ համապատասխան պաշտոնյաներն իրենց տեղում ու դերում չեն, եւ կարծես ամեն ինչ անում են, մարդկանց մի հոգսը երկու դարձնելու, սոցիալական դժգոհությունների թիվն էլ ավելի մեծացնելու համար: ,,Ախր ափսոս չէ՞ր էդ ասֆալտը, որ քանդեցին, ախր 1-2 տարի առաջ էին ասֆալտել, բա ափսոս չէ՞ր էդ աշխատանքը...,,-դժգոհում է մի մանկավարժ կին:

...Հաջորդ զարմանքը արձանագրվեց  դեղատներից մեկում, երբ դեղ առնող երիտասարդին ասացին, որ պետք է վճարի 4000դրամ՝ 2 դեղահաբի համար:,,Ո՞նց, ընդամենը 2 հատիկ դեղի համար 4000դրա՞մ,,-ապշել էր երիտասարդը, որ տեղնուտեղը հրաժարվեց այդ դեղը գնելու մտքից: Ինչպես պարզվեց՝ ցավազրկող դեղ էր գնելիքը, որ այդպես էլ չգնեց. հենց միայն  դեղի արժեքն իմանալուց մարդու բոլոր ցավերը միանգամից կբռնեն, էլ ի՞նչ ցավազրկման մասին կարող է խոսք լինել: Ի դեպ, չնայած վերջերս հեռուստատեսությամբ համոզում էին, թե դեղորայքը էժանացել է, սակայն այդ նույն հեռուստատեսությամբ մարդիկ բողոքում էին, որ մարդկանց ,,հանապազօրյա,,  գլխացավի դեղը՝,,ասկոֆենը,, դարձել է 150 դրամ / նախկին 100-ի փոխարեն /: Վանաձորի դեղատներից մեկում էլ 200դրամով էին վաճառում: ,,Ռուսականն է,,- ,,ասկոֆենի,, թանկացումը փորձեցին այսպես արդարացնել: Ավելի վատ. փոխանակ էժանանա, որ ռուսականն է, թանկանում է՞:Իսկ դրա փոխարինիչ ուկրաինականն արդեն,  հավանաբար, չեն ներմուծում, մինչդեռ ուկրաինականն ավելի էժան էին վաճառում ՝100-120դրամով:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն