понедельник, 27 июля 2015 г.

,,Ոտքի, Հայաստան,, շարժումը ՝Վանաձորում

Ընդդեմ հոսանքի թանկացման շարժումը մտավ քաղաքական փու՞լ

   Հուլիսի 25-ին Վանաձորի ,,Արցախ,, պուրակի մի հատվածում՝վերջերս տեղադրված կարուսել-ատրակցիոն-սրճարաններից այն կողմ, Կոկա-կոլայի ցուցապաստառների հարեւանությամբ հավաքվել էին օգոստոսի մեկից ուժի մեջ մտնող հոսանքի թանկացման դեմ բողոքողները՝ՀՀ եռագույն դրոշի ներքո: Հանրահավաքը նախաձեռնել էին ,,Ոտքի, Հայաստան,, շարժման ակտիվիստները ՝Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, եւ ,,Ժառանգության,, Վանաձորի գրասենյակը , սակայն հանրահավաքին մասնակցում էին նաեւ վանաձորյան ՀԱԿ-ի անդամներ:Հանրահավաքի մասնակիցներին բացատրվեց, որ օգոստոսի մեկից իրավական ուժի մեջ է մտնելու հոսանքի թանկացման որոշումը, եթե այն չկանխվի համաժողովրդական բողոքի արդյունքում, ու դրա համար պայքարը շարունակվելու է մայրաքաղաքում:Տեղեկացվեց, որ իրենք այն մարդիկ են, ովքեր  Բաղրամյան պողոտայի ցույցերին են մասնակցել ու դեմ են եղել ՀՀ նախագահի կողմից առաջարկված հանդիպմանը / այդ դեպքում ինչու՞ էին վերջիններս ՀՀ ոստիկանության ղեկավարությանն առաջարկել համատեղ բաց քննարկում կազմակերպել ՝ցույցի ժամանակ ոստիկանության կողմից իրականացված բռնություններին առնչվող հարցերը քննարկելու. իսկ ոստիկանությունն էլ մերժել էր նրանց առաջարկը. երեւի ոստիկանության պատասխանատուներն առաջնորդվել են այն սկզբունքով, որ եթե ցուցարարները նախագահի հանդիպման առաջարկը մերժեցին, ուստի իրենք էլ պետք է նրանց՝ հետ իրենց հանդիպելու առաջարկը մերժեին :-Գ.Հ. / :

Հանրահավաքի մասնակից մի տարեց վանաձորցի, որ պատահաբար էր տեղեկացել հանրահավաքի մասին, զրուցակցից  իմանալով հավաքի նպատակը, թերահավատորեն ասաց.,,Ի՜...որ խոսացին, լսո՞ղն ով ա, ինչ ուզեն՝ են տեն անի, ժողովրդին լսո՞ղն ով ա...,,: Բայց՝ Սանասարյանի ելույթը ՝ժողովրդի սրտից բխող, լսելով, ասաց.,,Ճիշտ ա ասում, էլի,,:Երկու տարեցներ էլ քննարկում էին, թե ինչու՞ Վանաձորը պասիվ է, ինչու՞ են հանրահավաքի մասնակիցները քիչ, ու նրանցից մեկն այսպես մեկնաբանեց,,,Վանաձոր մարդ ա՞ մնացել,որ գան, հլա տես, մի ջահել չկա, սաղ մեծահասակներ են /թեպետ՝ երիտասարդներ էլ կային, բայց ավելի շատ ավագ սերնդի մարդիկ էին, որոնց մի մասն էլ պատահաբար էր այդտեղ հայտնվել՝ այդ կողմով անցնելու կամ պուրակում հանգստանալու արդյունքում /: Ոմանք էլ պուրակում գտնվող բնակելի շենքի լուսամուտներից ու պատշգամբներից էին ,,ինտեգրվում,, հանրահավաքին:Ակտիվիստների ելույթներն ուղեկցվում էին ծափահարություններով: Հանրահավաքի մասնակիցներին առաջարկվեց մասնակցել երեւանյան ցույցերին՝հոսանքի թանկացումը թույլ չտալու համար, եւ պատրաստակամություն հայտնվեց ցանկացողներին աջակցել տրանսպորտով, սննդով եւ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ գիշերելու հարցերը կազմակերպել:

...Հետաքրքիր է, իսկ ու՞ր էր  վանաձորյան այն երիտասարդությունը կամ առհասարակ՝քաղաքացիական ակտիվի մի մասը, որ բողոքի ցույցեր ու երթեր էր կազմակերպում ՝ հոսանքի թանկացումը կանխելու համար դեռ մինչեւ վերջերս. ինչու՞ նրանց շարժումը կենտրոնացավ միայն ոստիկանական բռնություններ կատարած անձանց պատժելու վրա, իսկ հոսանքի թանկացման խնդիրը մղվեց ետին պլան:Հենց այստեղից է սկսվում ազգի պառակտումը ,,մենքի,, ու ,,նրանքի,, որն սկսվեց Բաղրամյան պողոտայից, որտեղ ցուցարարների մի մասը,տեղեկանալով, որ իշխանությունները որպես հարցի նկատմամբ ,,բարի կամքի դրսեւորում,, որոշել են աուդիտ անցկացնել՝ գոռում էր ,,հաղթանակ,, ու երգում-պարում էր, հետո էլ ցրվեց, իսկ մյուս մասը հասկանում էր, որ աուդիտը հարցի ամբողջական ու հիմնական լուծում չէ, եւ որ իրենց պահանջը հոսանքի թանկացման որոշումը չեղարկելն է ու կոչ էին անում շարունակել պայքարը:Հետաքրքիր է նաեւ, թե ի՞նչ եղավ Վանաձորի ավագանու անդամների եւ քաղաքապետի կողմից հրապարակավ խոստացվող նամակի ճակատագիրը, որ իբր պետք է ուղարկվեր ՀՀ նախագահին՝ պահանջելով չեղարկել հոսանքի թանկացումը. երեւի նրանք էլ են աուդիտի անցկացման որոշումը համարում ,,հաղթանակ,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ














Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն