понедельник, 28 декабря 2015 г.

Ամանորյա խոհեր ու բարեմաղթանքներ

Ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում յուրօրինակ պահքեր սահմանել՝զերծ մնալով համացանցից. այս անգամ այն համընկավ հարազատներիս մահվան տարելիցների հետ՝դեկտեմբերի 20 եւ 26:Այս կարգի պահքերի ընթացքում ոչ միայն հասկանում ես, որ ռեալ կյանքը շատ ավելի կարեւոր է, քան՝վիրտուալը, որ կարող է նաեւ համացանցային մոլուցքի վերածվել, այլեւ՝ինքնամաքրվում ես հոգեպես, կյանքդ վերաիմաստավորում,եւ համոզվում, որ ինչքան կարեւոր բաներ կան շրջապատում, որ հաճախ չես նկատում՝համացանցային զբաղվածության պատճառով:Սակայն, ցավոք, կոչումով լրագրողը չի կարող անտարբեր մնալ շրջապատի բացասական երեւույթների նկատմամբ ու երկար ժամանակով կտրվել համացանցից, եթե այն իր համար ոչ թե զվարճանքի աղբյուր է, այլ՝խոսքի ամբիոն:Ուրեմն ցանկանք, որ գալիք տարում ,,վատ բաներ,, գրելու թեմա քիչ լինի եւ մարդիկ չզարմանան, թե ,,Էդ ինչքան շատ ես գրում, չենք հասցնում գրածներդ կարդանք,,:Բա ես էլ չեմ հասցնում գրածներս համացանցում տեղադրեմ կամ թղթին հանձնեմ:Երանի չէ՞ր քիչ գրեի՝,,վատ բաներ,, չլինելու կամ քիչ լինելու պատճառով եւ մի քիչ էլ մտածեի ճամփորդելու մասին՝սկսելով Արեւմտյան Հայաստանից / որտեղ ,,պապական հողերս,, են , եւ իրականացնեի երջանկահիշատակ մորապապիս երազանքը՝,,Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ,, երգի մոտիվներով.տվյալ դեպքում՝առավել ցանկալի էր նախ Վանը տեսնել, որ մորապապիս ծննդավայրն է /:Ցանկանք նաեւ, որ Նոր տարում մարդիկ ավելի քիչ տրտնջան եւ ավելի շատ պայքարեն հանուն արդարության ու իրավունքների, եւ ոչ թե՝պատերի տակ ու իրար մեջ փնթփնթան, թե ,,Էս այլանդակները կերան ժողովրդին, վառին-թողին,,՝ բայց երբ հերթը հասնի պայքարելուն՝վախից սսկվեն ու ասեն՝,,Ի՜...մենք ով ենք է՜, որ բան փոխենք, կուժն էլ ա իրանց ձեռին, պոպոքն էլ,,:Ցավոք, այդպես խոսող մի վանաձորցի կին անցյալ տարի մահկանացուն կնքեց՝ ծանր առողջական խնդիրների հետեւանքով.մարդը չի կարող իր ներսում կուտակված դառնությունը պահել, այլապես այն նրան կկործանի, եւ հետո՝ինչպես ասում են՝,,Քաղաքականությամբ չզբաղվես, ինքը քեզնով կզբաղվի,,:Հարկավոր է ազգովի համախմբվել՝ընդդեմ չարիքի, եւ ոչ թե ձեռքերն անհույս տարածել ու տրտնջալ՝ձեռքից եկած գոնե նվազագույնը չօգտագործելով:Ի դեպ, տարին սկսվում է լավ լուրերով.Ռուսաստան մեկնածներից ոմանք տուն են վերադառնում՝ետ չգնալու մտադրությամբ,  քանի որ Ռուսաստանում արդեն ,,էլ էն չի,,.ռուսական ռուբլին  արժեզրկվում է, տնտեսությունը՝փլուզվում, երկիրը թաղված է կրիմինալի մեջ. այստեղ են ասել՝չիք չարիք, առանց բարիքի:Ցանկանք, որ արտագնա աշխատանքի մեկնածները տուն վերադառնան ու միանան իրենց հայրենակիցների արդար պայքարին՝  փորձելով երկիրը երկիր դարձնել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն