ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Ցրտի ու մթի տարիները՝1989-94թվերի, իմ հիշողության մեջ մնացել են Վանաձորի Զագսի շենքում ծվարած դատարանի գրասենյակում ու կից տնակներում անցկացրած աշխատանքային առօրյայի հետ:Այդ տարիներին գրասենյակում քաղգործերով գործավար էի աշխատում:Աշխատանքի ընդունվեցի 1989թ. աշնանը:Մինչ այդ՝ 1988թվի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Բելոռուսիա գործուղվեցի՝որպես մանկավարժ / աշխատելու ժամանակավոր հայկական դպրոցում /:Երբ վերադարձա՝ստիպված էի այդ աշխատանքն ստանձնել՝ընդամենը 70ռուբլով, քանի որ աղետի գոտում այն ժամանակ համապատասխան աշխատանք գտնելը մեծ դժվարություն էր ներկայացնում: Դատարանի հետ իմ կապը մինչ այդ հասարակական կարգով էր.քիմմանրաթելի գործարանի կողմից, ուր աշխատում էի վարչական կազմում, 1987թվին ընտրվել էի հասարակական կարգով ժողատենակալ:Այլ հանգամանքներում՝միգուցե դատարանում աշխատանքի անցնելը դժվարություն լիներ, բայց՝երկրաշարժին հաջորդող տարում, երբ հիմնարկներ էին լուծարվել ու պարզապես վերացել՝երկրաշարժի հետեւանքով, ատենակալների մեծ պահանջարկ կար, ու երբեմն դատական նիստերի ժամանակ որպես ատենակալ էլ էին ինձ ներգրավում՝ինչն արդեն ձանձրալիության աստիճան տհաճ էր, օրվա մեծ մասն անցնում էր դատարանական միջավայրում՝մինչեւ ուշ երեկո:Գրասենյակի աշխատողները՝ջեռուցման մարտկոցի վերջնական պայթելուց հետո/ երբ գրասենյակն ու քաղգործերի մի մասը ողողվեցին կեղտաջրերով /՝ստիպված էին ողջ օրը ածուխի ու փայտի վառարանի մոտ անցկացնել՝արցունքակալած աչքերով ման գալով:Տներում / այսինքն՝ավելի շատ ,,դոմիկներում,,/՝փայտ էին վառում, դատարանում՝փայտ կամ՝ածուխ: Ըմբռնումային մոտեցում ցուցաբերելով մարդկանց կենցաղային հոգսերի հանդեպ՝դատարանի նախագահը կին-անձնակազմին ներքին կարգով թույլատրել էր մեկ ժամ ուշ գալ աշխատանքի՝ժամը 10-ին:Անգամ՝տներից էին ոմանք փայտ բերում հետները՝պայուսակում դրած:Իսկ մինչ այդ տղամարդ-անձնակազմը / եւ, մասնավորապես՝դատական կատարածուները, որոնք այսօր դատական տեսուչներ են կոչվում / հասցնում էր ,,օջախի,,կրակը վառել:Դա անցումային ժամանակահատված էր:Դատավորներից մի քանիսի աշխատասենյակները ԶԱԳՍ-ի ու գրասենյակի հետ նույն շենքում էին, մի քանիսինը՝տնակներում: Սովետական միությունը փաստացի փլուզվել էր, բայց՝անկախությունն էլ դեռ լիարժեք հունի մեջ չէր ընկել: Գաղափարախոսությունների կռիվ էր՝ՀՀՇ-ի ու կոմունիստական նոմենկլատուրայի միջեւ:,,Պարոն,, դիմելաձեւը դեռ ընդունված չէր դատարանում, եւ դատավորներին ,,ընկերով,, էին դիմում թե քաղաքացիները, թե աշխատողները:Չնայած երկրաշարժից հետո դատարանը տեղափոխվել էր ԶԱԳՍ-ի շենք՝Լճեր, սակայն արխիվը մնացել էր իր հին տեղում՝վթարային շենքում:Արխիվից գործեր հանելու անհրաժետության դեպքում գրասենյակի աշխատողներն ստիպված էին կյանքը վտանգելով՝վթարային շենքում գտնվող արխիվ հասնել, ու մոմի լույսի տակ, փոշու ու կեղտի մեջ գործ փնտրել:Կարծում եմ, այդ տարիներին դատարանում աշխատած անձանց հարկավոր է ,,վրեդնիության,, թոշակ նշանակել:Զագսի շենքի մի հատվածում խինդ ու ծիծաղ էր, երիտասարդ զույգեր էին ընտանիք կազմում կամ երեխայի ծնունդ գրանցում, երբեմն՝դաշնամուր էին նվագում, մյուս կողմում՝լացուկոծ, անեծքներ՝դատավորներին ուղղված,ամուսնալուծվող զույգերի վեճ ու կռիվ, ոստիկանների ուղեկցությամբ դատարան տարվող կալանավորներ...Իրենց կյանքի ամենաերջանկահիշատակ օրը երիտասարդ զույգերն ստիպված էին առնչվել կյանքի տխուր կողմերի հետ:Ամենաողբերգազավեշտականը տնակ կիսելու պահանջն էր՝ամուսնալուծվող կանանց կողմից, ու հաճախ դատարանն ստիպված էր նույն տնակում բնակվող նախկին զույգերից որեւէ մեկին մի շիրմայով առանձնացված անկյուն հատկացնել. այսինքն՝ամուսնալուծված զույգն ստիպված էր կիսահամատեղ կյանք վարել.սիրային եռանկյունի, որի մի կողմում տղամարդն էր՝նոր կնոջ հետ, մյուս կողմում՝նրանից ամուսնալուծված կինը՝երեխայի հետ:Մինչեւ 1990թիվը քրեական աղմկահարույց գործերի դատավարությունն ընթանում էր վրանում, այնուհետ դրանք սկսեցին տեղափոխվել դատավորների տնակ կամ՝այլ հասցեում գտնվող մեկուսարանի պետի աշխատասենյակ:Զիվորական գործերի քննությունը տեղի էր ունենում ավելի հաճախ՝զորամասերում:90-ականների ղարաբաղյան շարժումը դատարան էլ հասավ. դատավորներից ավելի շատ գումար էին հավաքում՝Արցախին օգնելու նպատակով, աշխատողներից՝ավելի քիչ:Դատավորներն այդ ժամանակաշրջանում / մինչեւ՝1991թվի լիակատար անկախացումը /արդեն հաշվի էին նստում ավելի շատ ոչ թե ,,ռայկոմ-քաղկոների,, հետ , այլ՝բեղ-մորուքի մեջ կորած, ,,պատրոնդաշը կապած,, ֆիդայիների:,,Թարսի պես,,՝նրանցից ոմանք անընդհատ դատական խնդիրներ ունեին՝բնակարանային, ամուսնալուծության ու ալիմենտի հետ կապված: Դատարանում քաղգործերը շատ էին.մանավանդ, որ Կիրովականի դատարան էին տեղափոխվել նաեւ Սպիտակի դատարանից մազապուրծ եղած ու երկրաշարժից փրկված գործերը եւ դրանց ավելացող նոր գործեր՝Սպիտակից: Ավելի ուշ՝Սպիտակում տնակային դատարան սկսեց գործել:Դատարանը հեղեղված էր Կիրովականի քաղխորհրդի կողմից ներկայացվող բնակարանային վտարման հայցադիմումներով, որոնք դառնում էին քաղգործեր, այնուհետ՝վճիռ կայացվելուց եւ այն ուժի մեջ մտնելուց հետո՝կատարողական թերթեր էին հանվում եւ հանձնվում դատական կատարածուներին՝տերիտորիալ կարգով ի կատար ածվելու:Քանի որ բնակչության մեծ մասը քաղաքից հեռացել էր՝երկրաշարժից հետո, շատերը երկրաշարժի զոհ էին դարձել իրենց աշխատավայրերում,ուստի մեծ թվով դատարկ բնակարաններ կային, որոնք, եթե 6 ամիս չէին բնակեցվում՝քաղխորհուրդն իրավունք էր վերապահում այն հանձնել կարիքավորներին: Ոմանք անգամ չէին սպասում քաղխորհրդի հայեցողությանն ու ինքնակամ մտնում էին դատարկ բնակարաններ՝հուսալով հետո այն օրինականացնել՝որպես կարիքավոր: Ոմանց դա հաջողվում էր, ոմանց նկատմամբ վտարման հայցեր էին ներկայացվում. այդտեղից էլ՝վտարման գործերի շատությունը, չէ՞ որ բնակարանների սեփականաշնորհման օրենքը դեռ չէր գործում:Շատ էին նաեւ ալիմենտի կատարողական վարույթները: Դրանց գերակշիռ մասը ԽՍՀՄ տարածքի երկրներից Հայաստան եկած այլազգի շինարարներին/ռուս, ուկրաինացի,ուզբեկ եվ այլն/ էր վերաբերվում:Ոմանք անգամ 4-5 անգամ էին ամուսնալուծվել, ու տարբեր կանանց կողմից ներկայացվող հայցեր էին ուղարկվում Կիրովականի դատարան՝տերիտորիալ կարգով ի կատար ածվելու եւ տվյալ ալիմենտային պարտապանի աշխատավայրում աշխատավարձի նկատմամբ կալանք դնելու նպատակով:
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
Հիշարժան պատմություններ՝դատարանից
--------------------------------------------------------------
Բարձրագույն պոլիտեխնիկական կրթությամբ մի աշխատակցուհի կար՝Նարինեն, որ նիստերի քարտուղար էր ընդունվել 1989 թե 1990թվին,գրեթե ինձ հետ միաժամանակ:Պարզվեց, որ նա թաքնված տաղանդ է եղել, քանի որ հաջողությամբ նմանակում էր դատավորների ելույթները:Մի օր աշխատակցուհիներից մեկի տարեդարձի ժամանակ, որ նշվում էր վերջինիս տնակային բնակարանում՝կոլեկտիվի մասնակցությամբ, Նարինեն տարեդարձի ,,գեղարվեստական մասի,, ժամանակ մեր համառ խնդրանքներից հետո սկսեց նմանակել դատավորների ելույթներից հատվածներ: Տարեդարձին մասնակցող երկու դատավորներն էլ, ում վերջինս նմանակում էր, զարմացած ու քահ-քահ սկսեցին ծիծաղել, իսկ դատավոր Էդիկ Մանուկյանը՝ծնունդով գյումրեցի /ում հետագայում առաջ քաշեցին Երեւան /, հաճոյախոսելով նմանակողին՝գյումրեցու բարբառով ասաց.,,Սատկա՜ծ,,:
Նարինեի հետ կապված այլ հիշողություններ էլ կան:Շատ հումորով էր, ու անգամ ամենատհաճ իրավիճակում հումորը չէր կորցնում:Մի օր առավոտյան մտավ գրասենյակ ու գույնը գցած՝ասաց, որ դատավորի աշխատասենյակի թե սեյֆի բանալին տանն է թողել / թե կորցրել էր՜.../...մի խոսքով հուսահատ վիճակում էր ու մտատանջությունների մեջ, որ ձմեռ օրով պետք է տուն հասնի նորից, եւ տխուր-տրտում ասաց.,,Էրազումս էն մեռած տատս եկել էր ու ինձ ուզում էր հետը տաներ.գնացած տեի ըլնի,,:Ես եւ Նարինեն նույն կանացի պայուսակից էինք բռնում:Մի օր այնպես էր ստացվել, որ մեր պայուսակները գրասենյակում իրար մոտ էին գտնվել, թե իմի համար նախատեսված հատվածում նրանն էր հայտնվել...Մի խոսքով՝իմ պայուսակի փոխարեն, ընդմիջման գնալիս Նարինեինն էի վերցրել:Ավտոբուսով դեռ մեկ կանգառ էլ չէի հասցրել գնալ, մեկ էլ պայուսակս բացելով՝տեսնեմ ինչ-որ անծանոթ թաշկինակ կա դրված:Անակնկալի եկա, բայց շատ արագ կռահեցի, թե ինչ է տեղի ունեցել, ու վարորդին ,,կներեք,, ասելով՝խնդրեցի ավտոբուսը կանգնեցնել, իջա ու սլանալով ուղեւորվեցի դեպի ետ՝դատարան,մտքիս մեջ Աստծուն աղոթելով, որ հանկարծ Նարինեն էլ ընդմիջման գնացած չլինի, ու նա էլ իմ պայուսակը հետը տարած լինի: Բարեբախտաբար, դեռ չէր գնացել, եւ անգամ տեղյակ էլ չէր, թե ինչ է տեղի ունեցել, ու մի կուշտ ծիծաղելով ասաց.,,Հա ի՞նչ անենք, հիմա էլ կգնայիր տուն՝հետո հետ գալիս կտայիր իմը,,:Հետագայում Նարինեն ամուսնացավ գյումրեցի երիտասարդի հետ ու տեղափոխվեց Գյումրու դատարան:Մի քանի տարի առաջ վանաձորյան շուկայում Նարինեին հանդիպեցի, եկել էր հարազատներին այցելության, ուրախացավ հանդիպման համար ու ասաց, որ դեռ Գյումրու դատարանում է աշխատում, գոհ է աշխատանքից, հետո էլ տեղեկացրեց, որ իմ հոդվածները ՝հանրապետական մամուլում, կարդում է:
Մի անգամ ընդմիջման գնալիս ստիպված էի տաքսիով գնալ, որպեսզի հասցնեմ ժամանակին ետ վերադառնալ, իսկ ավտոբուսն ուշանում էր: Զգացի, որ տաքսու վարորդի ,,քեֆը տեղն,, է, ու կարծես թե դիտմամբ է դանդաղ քշում ու հայելու մեջ էլ ,,տնտղում,,է ինձ:Հետո անցավ ,,հարցախույզի,, թե ,,էդ կողմերում,,/այսինքն՝հեռավոր Լճերի տարածքում, որտեղ երկրաշարժից հետո տեղափոխվել էր դատարանը /, ի՞նչ գործ ունեմ,ի՞նչ եմ անում:Հետագա տհաճ հարցերից խուսափելու նպատակով որոշեցի միանգամից կարճ կապեմ ու ասացի, որ դատարանում եմ աշխատում:Ինձ թվում էր, թե նա դրանից հետո մի փոքր զսպվածություն կցուցաբերի ու զգուշավոր կդառնա, բայց՝ընդհակառակը, ոգեւորվեց ու թե՝,,Պա՜հ... հա դե ասա դատավոր մարդ եմ էլի տանում,,:Տեսնելով, որ վերջինիս հարցերն ու նկրտումներն արդեն անտանելի են դառնում /մանավանդ, որ ինչ-որ ծանոթի հանդիպելով ու մեքենայից ձեռքով ողջունելով՝ասաց.,,Պարապ չեմ, դատավոր մարդ եմ տանում ,,/, տան մոտ չհասած՝խնդրեցի կանգնեցնել մեքենան, բայց ՝վերջինս, երեւում էր, շտապելու մտադրություն չուներ: Բարեբախտաբար, արդեն մեր տան կողմերում մի ավտոտեսուչ կանգնեցրեց վերջինիս, ու մեքենայի կանգնելուց հետո շտապ-շտապ սովետական ռուբլիանոցը նետեցի մեքենայի մեջ ու սլացա:Դրանից հետո արդեն տեւական ժամանակ խուսափում էի տաքսի նստելուց:
․․․․․․․․․․․․․․․
Դատական նիստի ժամանակ, որ ընթանում էր երջանկահիշատակ դատավոր Գեւորգ Այվազյանի մոտ, դատական նիստի ողջ կազմն սպասում էր, թե երբ է փաստաբանը ժամանելու:Կես ժամ անցել էր նշանակված ժամից՝փաստաբանը չկար ու չկար: Զայրացած դատավորը մի քանի անգամ զանգում էր վերջինիս տուն, սպասում դատարան հասնելու հավաստիացումներին ու արագացնում, թե ,,շուտ արա, քեզ ենք սպասում,,: Զարմանքից ապշել էինք, երբ իմացանք, որ փաստաբանը, որ գյուղում էր բնակվում, ուշանում է...կովի ծնելու պատճառով:Մեկ ժամ հտո, ի վերջո, փաստաբանը ժամանեց, եւ, ով զարմանք, սկսեց դատավորից նեղանալ, թե ինչու՞ է աղմուկ-աղաղակ բարձրացրել.,,Բա կովը ծնում էր, ի՞նչ անեի,,:Գյուղական ընտանիքների համար, բնականաբար, կովի ծնելը շատ լուրջ ու պարտավորեցնող գործ է, որին անգամ դատական նիստը չի կարող խանգարել, այլ՝ընդհակառակը:Այդուհանդերձ, դատական նիստը կայացավ:
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
1989թվի սկզբին դպրոցներից մեկի տնօրինուհուն դատի էր տվել հավաքարարը՝իրեն աշխատանքից ազատելու համար:Հայցվորը, որ տարիքով կին էր՝կոշտ ու կոպիտ դիմագծերով ու Շամշադինի բարբառով, անընդհատ ասում էր, որ ինքը աշխատանքային կարգապահությունը չի խախտել, ու հպարտանում էր, որ ոչ գողություն է արել, ոչ՝անբարոյականություն: Երբ սկսեց ,,անբարոյականություն,, բառն անընդհատ շահարկել, նիստին գտնվող մի իրավաբան՝ավագ սերնդի, քամահրանքով ասաց.,,Տո լավ հա...դու որ ուզենաս էլ՝չես կարա անբարոյականություն անես,,:
․․․․․․․․․․․․․․․
1989թ.,երբ նոր էի ընդունվել աշխատանքի դատարանում,մի անգամ ընդիմիջման գնալիս, երբ ոտքով փողոցը հատում էի՝կենտրոնական հանրախանութի խաչմերուկում, ավտոտեսուչը կանգնեցրեց ու թե՝,,Փողոցը այս կողմից չի կարելի հատել,,:Ինչ-որ նման մի բան: Չնայած շատ զարմացա, թե իմ խախտումը ո՞րն էր, այդուհանդերձ՝չուզեցի երկար-բարակ գլուխ դնեմ, քանի որ զրույցը երկարելու դեպքում կուշանայի ժամանակին աշխատանքի հասնելուց, ուստի ասացի՝,,Դատարանի աշխատողներին կարելի է,,:Այստեղ տեսուչը միանգամից փոխեց տոնն ու թե՝,,Դատարանում ես հա՞ աշխատում, բա ո՞նց ա քեզ չեմ տեսել,, ու գրասենյակի պետի անունն իմ կողմից տալուց հետո, համոզվելով, որ դատարանում եմ աշխատում,թույլ տվեց անցնեմ փողոցը:Այսպիսով՝ստիպված էի ,,պաշտոնական դիրքս,,չարաշահեմ:Հակառակ պարագայում՝գործը կարող էր մեծապես տուժել:
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ.ԴԱՏԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
Ժողդատավոր Սուրեն Առաքելյանի մոտ գողության գործ էր լսվում:Հանցագործը անչափահաս էր, փաստաթղթերով էլ անմեղսունակ էր համարվում, ու դա ստուգելու նպատակով դատավորը հարցրեց.
-Դու սիրած ունե՞ս:
-Ձայն չհանեց:
-Դու չես ուզու՞մ ամուսնանաս:
Էլի ձայն չհանեց:
-Բա հրետ էսա 18-դ թամաում ա, բեր քեզ ամուսնացնենք:Հրես ա՜յ...Նարինեն ու Գայանեն ուզում են քեզ հետ ամուսնանան, դու չես ուզու՞մ:
Գլուխը բացասաբար շարժեց:Դատից հետո Առաքելյանը ,դիմելով մեզ /Նարինեն որպես նիստերի քարտուղար էր նստած, ես՝որպես ատենակալ /, ասաց.,,Դե էլ գլուխներդ չգովաք, էդ դեբիլն էլ չուզեց ձեզ,,:
----------------------------------------------------------------------------------------------
Մի կին բողոքում էր, որ իրեն ու ամուսնուն խանգարողը սկեսրայրն է:Դատավոր Գեվորգ Այվազյանը հարցրեց.
-Դուք իրար հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:
Հարցը չհասկացան:
_Վերջին անգամ ե՞րբ եք հարաբերություն ունեցել:
Էլի չհասկացան:
_Հիմի իրար հետ խռով ե՞ք, թե՞ ոնց:Ամուսինն աշխուժացավ.
-Հենց էսօր էլ իրար պաչ-պռոշտի ենք արել, նոր ենք եկել:
Կինը թե
-Բա որ հորդ տեսար, էն խի՞փախար:
--------------------------------------------------------------------
Այվազյանը համոզում է ամուսնալուծվող երիտասարդին, որ միանան.վերջինս չի համոզվում ու ասում է.
-Տո դա ինձ ինչ կնիկ է՜...դա ինձ ապագա չի:
Այվազյանը թե՝
-Որ ծոցին քնես, ապագա էլ կունենաս, ամեն ինչ էլ:
---------------------------------------------------------------------------------------------------------
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն