вторник, 29 марта 2016 г.

90-ականների կոլորիտ

Ստորեւ ներկայացվում են 90-ականերին մամուլում տպագրված իմ մի քանի երգիծական ստեղծագործություններ՝իրապատում հիմքի վրա

        ,,ԼԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՄՈՒՇԿԱ,,

Վանաձորի փողոցներում արեվածաղկի սերմ վաճառող տարեց մի կին, տղամարդկային կոշտ ու կոպիտ ձայնով արդեն քանի տարի է՝գովազդում է ոչ միայն իր ապրանքը, այլեւ՝ամեն ինչ.,,Լավ խարակած սեմուշկա՜...,,    ,,Անկախ Հայաստանի սեմուշկա՜...,,:Երիտասարդների հանդիպելու դեպքում ,,կենացները թանկանում են,, ու նա ողջ ուժով բղավում է.,,Երիտասարդական սեմուշկա՜...,,  եւ նույնիսկ՝,,լավ ֆիգուրով սեմուշկա,,:Այս վերջին բացականչությունը հարուցում է շրջապատի բարձրաձայն քաջալերանքն ու ոմանք հիշեցնում են՝,,Կասանդրայի սեմուշկա՜...,, իսկ արեւածաղիկ վաճառողն իր հերթին ուղղում է մտցնում՝ասելով.,,Չէ, տղա ջան, ,,Զամարաշկայի,, սեմուշկա,,:Չնայած քաղաքի ,,Լաչինի միջանցք,, կոչվող բացօթյա առեւտրի հատվածում, կրպակներում տեղադրված ռադիոբարձրախոսներից մշտապես հնչում էին ԱԺ նիստերի քննարկումները, այնուամենայնիվ, արեւածաղկի սերմ վաճառող կինը երբեւէ չէր ասել ,,Ազգային ժողովի սեմուշկա,,, մինչեւ...վերջերս, երբ հանկարծ քաղաքականությունը նրան էլ պարուրեց ու արդեն սկսեց կանչել.,,Լավ խորհրդարանական սեմուշկա,, ինչից կարելի է եզրակացնել, որ խորհրդարանի նիստերը, դժբախտաբար, սկսել են բրազիլական սերիալների կարգավիճակ ստանալ:

,,Առավոտ,    1999թ.դեկտեմբեր

----------------------------------------------------------------------------

ԻՐԵՆՑ ,,ՇԼԱՆԳԻ,, ՏԵ՞Ղ ԵՆ ԴՐԵԼ

Վանաձորի գործարաննեից մեկը աշխատավարձերի պարտքերը փակելու հետաքրքիր տարբերակ էր ընտրել:Գործարանի՝մահացած աշխատակցին չվճարված աշխատավարձի պարտքը նրա հարազատներին էին հանձնել...200մետրանոց ռետինե փողրակի՝նույն ինքը՝,,շլանգ,,/տեսքով:Շուկայական հարաբերությունների արդյունքում ծնվող նման երեւույթները եզակի չեն:

7.07.1998թ.,,Առավոտ,,

---------------------------------------------------------------------------------

ՄԵՆՔ ԵՆՔ՝ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ-2

Վանաձորի արդյունաբերական շուկայում ոմն քաղաքացի՝ալկոհոլի ազդեցության տակ, բուռն վիճաբանության մեջ մտնելով սեփական կնոջ հետ, հայհոյեց, ապա զայրացած շրջեց վերջինիս անձնական տիրույթներում գտնվող վաճառասեղանը՝իր եղած-չեղածով, իսկ վերջում հրամայեց չքվել այդտեղից եւ ,,տուն կորչել,,:Ականատեսների վկայությամբ՝նման անակնկալները ,,խեղճ կնկա,, գլխից անպակաս են:Իր կինն է, իր կնոջ վաճառասեղանն է, այսինքն՝համարյա թե իր վաճառասեղանն է, սակայն ի՞նչ երաշխիք, թե նա վաղը չի շրջելու ուրիշի կնոջ վաճառասեղանն ու ապրանքները, պետության ապրանքները, եւ ինչու՞ հասարակությունը մինչեւ հիմա իրավունք չունի ,,մտնել նրանց մատի ու մատանու արանքը,,:...Իսկ զայրացած կնոջն այլ ելք չէր մնում, քան՝շրջակայքում փնտրտուքներ կատարել՝ամուսնուն ,,էդ օրը գցողներին,, հայտնաբերելու եւ մի լավ խայտառակելու ուղղությամբ:

,,Առավոտ,, 3.07.1998թ.

--------------------------------------------------------------------------------

                               Ի՜ՆՉ ԼԱՎ Ա ՉԷ՞

Վերջերս Երեւան-Վանաձոր-Երեւան պետական ավտոբուսների գները փոքր-ինչ իջել են՝800-ից հասնելով 600-ի:Այս պայմաններում, թվում էր, թե 1000դրամանոց միջքաղաքային երթուղային-միկրոավտոբուսների գները նույնպես կիջնեն:Սակայն՝,,Ժողովուրդ, գիտեք չէ՞, որ 1500-ով ենք գնում,,-համարյա թե շարժվելու պահին հայտարարեց Երեւանից  Վանաձոր մեկնող երթուղայինի վարորդը:Նրա ,,որոշման,, դեմ ընդվզեց միայն մի երիտասարդ, որի իջնելուց հետո վարորդը տեղնուտեղը կանխորոշեց ճակատագիրը.,,Բան չկա, թող 3 հազարով գնա, որ իմանա,,: Երեւի թե ,,մի բան գիտեր,,:,,Ոչ մութ էր, ոչ էլ՝մառախուղ,,:Չորս կողմը ՝լույս ու պայծառ:

,,Առավոտ,, 14.04.1998թ.

-----------------------------------------------------------------------

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՓՈԽԱՐԵՆ՝ԾԽԱԽՈՏ

Ամանորի նախօրյակին ,,հաճելի,,նվեր ստացան մանվածքային ֆաբրիկայի աշխատողները:Մի քանի ամսվա աշխատավարձի փոխարեն յուրաքանչյուր աշխատողի տրվեց Հորդանանի արտադրության ,,Գոլդ սթար,, տեսակի 20 տուփ ծխախոտ: ,,Չար լեզուներն,, ասում են, որ ,,սեւ շուկայում,, 65-70դրամ արժեցող այդ ծխախոտները ,,ոչ ծխվում են, ոչ ծախվում,,:

,,Վերածնունդ,, թերթ, 30դեկտեմբերի, 1994թ.

-----------------------------------------------------------------------------

             ՏԱՐԱԴՐԱՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

,,Լաչինի միջանցքի,,   , կենտրոնական շուկայի եւ փոխանակման հարակից կետերի ամենամոտակա տվյալներով՝ ռուսական մաշված ռուբլին գնվում է 50 տոկոս զեղչով, ,,սաղացվում,,՝80-ով:

 5, 10, 20 համարանիշ ունեցող ամերիկյան մանր դոլարները մեծահոգաբար գնվում են առանց զեղչի, վաճառվում...տոկոսով:

Ամերիկյան 50 եւ 100դոլարանոց թղթադրամները ,,միջանցքում,, գնվում են 10 տոկոս զեղչով եւ փոխանակման կետերին ,,սաղացվում,, առանց զեղչի:

Ռուսական 1000ռուբլիանոցները մի կերպ վաճառվում եւ մի կերպ վճարվում են:

,,Վերածնունդ,, թերթ, 14 փետրվարի, 1995թ.

----------------------------------------------------------------------

                   ,,ՊՈԼԵ ՉՈՒԴԵ՞Ս,,

Սեփականաշնորհման սերտիֆիկատների զածր գնի՝տեւական ժամանակով կայունացումը հիշեցնում է հայտնի հեռուստախաղը:Իրականում 20000դրամ արժողությամբ այդ սերտիֆիկատները շուկան ժողովրդին առաջարկում է հանձնել մի քանի անգամ պակաս գներով:Ժողովուրդը / նրանք, ովքեր դեռ չեն իրացրել այն կամ ներդրել արտադրության մեջ/, համառորեն հրաժարվում է՝սպասելով ,,մրցանակի,,:,,Շահելու,,  հավանակնությունը, սակայն, շատերի մոտ փոքրացավ՝վերջերս մի պաշտոնյայի կողմից արված այն հայտարարությունից հետո, թե՝,,այնուամենայնիվ, դրանց գինն առաջիկայում չի նվազի,, ինչը ենթադրել է տալիս, թե չի էլ ավելանա, ինչպես մի ժամանակ պնդում էին ,,լավատեղյակները,,:

1996թ.անտիպ նյութերի արխիվից

 -------------------------------------------------------------------

                  ,,Փայ հավաքող,, Նանարը

1980-90-ականների ամենակոլորիտային դեմքը Կիրովական-Վանաձորում՝,,փայ հավաքող,,Նանարն էր, ում մասին 90-ականներին ԱԻՄ-ի ,,Կանչ նախնյաց,, թերթում պատմվածք էր գրել վանաձորցի արձակագիր, ասմունքող Ռոզա Ալավերդյանը/օղորմի հոգուն/:Միջին տարիքի կին էր Նանարը. շրջում էր բազմագույն լաթերով պաճուճապատված հանդերձանքով, ,,փայի,, տոպրակը ուսից կախ, հայհոյանքը՝ բերանին:Ավելի շատ ոչ թե մուրացիկ էր, այլ՝,,ռեկետ,, ու յուրօրինակ հարկահավաք:Փող չէր պահանջում, այլ՝մթերք.մոտենում էր բացօթյա առեւտրով զբաղվողներին ու պահանջում.,,Ապո,փայս տուր,,.ու վայն եկել տարել էր ոչ միայն,,ապոյին,,  այլեւ՝այդ տարածքով անցող-դարձողներին, քանի որ Նանարը հայհոյանքի տուտը բացում էր ու սկսում տղամարդու նման հայհոյել՝ամենաէկզոտիկ ու չլսված բառապաշարով:Նոր տարվա օրերին էլ տնետուն էր գնում ու դռները բախելով՝իր ,,փայն,, ուզում.անգամ՝տոլմայի տեսքով:Մի խոսքով՝մի յուրօրինակ ,,հելոին,, էր, այն տարբերությամբ, որ ոչ թե ,,հելոինի,, չարքի նման անիծում էր՝,,փայ,, չստանալիս, այլ՝հայհոյում:Ցավոք,Նանարի հոգեկան վիճակը շահարկում էին հաճախ՝երիտասարդ ավարաները ու դիտմամբ սադրում՝խոսքուզրույցի քաշելով, որ հայհոյի, հետո էլ հրճվում էին իրենց ավարայության վրա:

--------------------------------------------------------------------

Լոռեցի մի կին բարձրանում է ավտոբուս:Նկատելով ներսում փակցված մերկ կնոջ լուսանկարը, մի պահ ուշադիր նայում է, որից հետո միամիտ-միամիտ հարցնում.

-Էս որ սրանք սաղ օրը սենց տկլոր պառկըմ են, բա սրանց տան գործն ո՞վ ա անըմ...

,,Ոզնի,, 1996թ.դեկտեմբերի 30

------------------------------------------------------

Դուռը թակում են:

Ո՞վ է:

Ձայն չկա:

Նորից են թակում:

-Ո՞վ է:

Լռություն:

Վերջապես լսվում է.

-Այտա ,դե որ ձեն չեմ հանըմ, ուրեմն ես կլեմ էլի...

,,Եղինջ,,1995թ. թիվ 3

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ



среда, 16 марта 2016 г.

Ամեն պարը պարեցինք՝մնաց համատիրության ,,կույր-աղիք,, վարձը

Համատիրության աշխատողը պնդում է, որ կառավարությունը շենքերի տանիքների նորոգման համար գումար չի հատկացնում

Ամենեւին չէի կասկածում, որ տեղական իշխանությունների ,,թանին թթու ասող,, հերթական հոդվածներիս հերթական ,,արձագանքն,, էլ իրեն սպասեցնել չի տա:Եվ ահա, երեկ, համատիրության ,,բարիշնյաներից,, մեկն ինձ ,,բռնեցրեց,, մեր շքամուտքում, ու ճշտելով, որ ,,խնդրո առարկա,, բնակարանի ապրողներից եմ, դժգոհեց,որ ես ոչ մի անգամ դուռը չեմ բացում, ու հիշեցրեց, որ մենք ,,շատ մեծ գումար ենք պարտք,,համատիրությանը՝որպես ,,սպասարկման վարձ,,:,,Էդ ո՞ր գումարի մասին է խոսքը, էն որ թղթի վրա գրում եք ու աճեցնու՞մ,բայց դուք ինձ հետ պայմանագիր ունե՞ք, որ պետք է սպասարկեք,, ՝այս եւ համանման այլ հարցերիս՝պատասխանեց.,,Եթե գտնում եք, որ պարտք չեք, ինչի՞չեք դատի տալիս,,.այս խորհուրդն անխտիր տալիս են բոլոր նրանց, ովքեր համատիրության վարձը ,,պրիզնատ,, չեն գալիս՝այն համարելով չհիմնավորված:10-15 րոպեանոց զրույցը, որ սկսեց ,,լեզվամարտի,, վերածվել,ամբողջությամբ վերարտադրելն,ինչ խոսք, գլխացավանք է, միայն կարող եմ հիշել, որ աննկատ ու սահուն անցավ ,,դու,,-ի,եւ երբ այդ առթիվ դիտողություն արեցի, արդեն վերին հարկ էր բարձրացել ու սկսեց լեզվակռիվը շարունակել վերին հարթակից:Զրույցի ընթացքում էլ ինձ մեղադրեց...ստախոսությա մեջ, թե իբր ես ստում եմ, երբ ասում եմ,որ շենքում եղած ջրի վթարների ժամանակ առձեռն մուծումներ չենք կատարել՝վթարը վերացնելիս / չէի կարող ասել՝,,վայ աչքներդ բռնի մուծած գումարները,, քանի որ ջրի վթարի համար հավաքված գումարները մասնավոր կարգով էին հավաքվել, որից երեւի թե համատիրությունը ,,խաբարություն չունի,,/: Եվ սա՝այն դեպքում, երբ ինքն ընդամենը երկու տարվա աշխատող է/ իբր, քանի որ ինձ թվում է՝ավելի ուշ է ընդունվել /, իսկ ես՝34 տարվա բնակիչ:Երբ վկայակոչեցի, որ ի՞նչ հիմքով են սպասարկման վարձ որոշում ըստ սենյակների քանակի, եթե իրենք բակիչների սենյակներում սպասարկում չեն իրականացնում, այս հարցին պատճառաբանեց, թե ,,տանիք են նորոգում, սենսորային լուսավորություն են քաշել,,.Նախ՝սենսորային լուսավորությունն ինչ-որ ծրագրով է արվել՝պետական թե դրամաշնորհային, իսկ տանիքների նորոգման համար կառավարությունը գումարներ է հատկացնում, բայց, պարզվեց, վերջինս կառավարության արածն էլ էր ,,ուրանում,, ու զրույցը միտինգի վերածելով՝բղավեց.,,Կառավարությունը ոչ մի կոպեկ չի տալիս, էդ ի՞նչ մեծ կարծիքի ես կառավարության մասին,,,: Հարցիս՝,,Դու կարո՞ղ ես ապացուցես, որ չի տալիս,, / դե քանի որ ինքը ,,դու,,-ի էր անցել՝երբ որ ոչ հորս կողմից էր բարեկամ, ոչ՝մորս, ուստի ես էլ իր նման վարվեցի /՝ասաց.,,Իսկ դու ապացուցիր, որ տալիս է,,: Ասի՝,,Ու՞մ ապացուցեմ, քե՞զ,,:Երբ հիշեցրի, որ այս անիմաստ խոսակցությունն ունեցել եմ նաեւ նախորդ աշխատողի հետ՝հեռախոսով / ի դեպ, նախորդ աշխատողն ավելի բարեհամբույր ու քաղաքավարի էր, երեւի դրա համար էլ ազատել են/ ասաց՝,,Դու նախորդին էլ չես վճարել, բոլորը մուծում են էստեղ, բացի քեզնից,,:Ի պատասխան՝ասացի, որ ,,լավ եմ անում՝չեմ մուծում , ու ոչ միայն ես, այլեւ՝շատերը քաղաքում, ովքեր այդ վարձը համարում են չհիմնավորված,,,:Ի՞նչ ,,սպասարկման վարձի,, մասին է խոսքը, եթե շենքերն անկախությունից ի վեր՝անգամ հավաքարար չունեն, եւ այդ գործն էլ են բնակիչներն անում , ու դա անգամ հարեւանական վեճուկռիվների առիթ է դարձել:Իսկ ամենավատն ու վիրավորականը, կրկնում եմ, այն էր, որ նա ուղիղ երեսիս նայելով՝մի քանի անգամ սկսեց շքամուտքով մեկ բղավել՝,,Սուտ ես ասում,,.այնպիսի տպավորություն էր, թե ես նրա համար ոստիկան էի, ինքն էլ ակտիվիստ Գասպարին էր ու վրաս բղավում էր՝,,Սուտ ես ասու՜մ...,,:Չնայած վերջինս իմ պահանջով ներկայացավ, բայց քանի որ ,,գործ տալու,, ,,խասյաթ,, չունեմ, նպատակահարմար չեմ գտնում անունը նշել, միայն ինձ հետաքրքիր է, թե իրո՞ք կառավարությունը շենքերի նորոգման համար գումար չի տալիս: Այդ դեպքում ինչու՞ են անվերջ հեռուստատեսությամբ տարփողում, որ տանիքների նորոգման գումարներ են հատկացվում համատիրություններին:

Էս հատած-հանգած քաղաքի ու անեկամուտ բնակչության վրա, որ մնացած վարձերի տակից է հազիվ դուրս գալիս կամ չի գալիս ու պարտքերի տակ ճկռում է՝ բերել են արտասահմանյան ,,կոնդոմինիումի,, մոդել են փաթաթել.միգուցե դա արտասահմանում հաջողություն է ,,բռնել,, բայց Հայաստանում, դատելով նաեւ մայրաքաղաքում համանման բողոքներից, հաստատ քննություն չի բռնել:Դե եթե արտասահմանյան մոդել եք բերել, արտասահմանյան էլ վարվելակերպ սովորեցրեք աշխատողներին, ոչ թե 2 տարվա աշխատողը 34 տարվա բնակչին մեղադրի ստախոսության մեջ.մեկ հարցնող լինի՝աղջիկ ջան, էդ քանի՞անգամ ես ինձ բռնեցրել ստախոսության մեջ, ե՞րբ եւ որտեղ:

...Իսկ էդ համատիրությունը ո՞րտեղ էր, երբ անցած գարնանը մեր բնակարանում ջրի վթար տեղի ունեցավ՝ջրի մեծ ճնշման պատճառով, եւ ուշ երեկոյան մի կերպ ջրմուղից մասնավոր կարգով կարողացանք վարպետ բերել, որ վթարը վերացրեց:Եթե երեկոյան ժամերին տեղի ունեցող վթարներն էլ են քաղաքացիներն իրենց ուժերով վերացնում, էլ համատիրության ,,սպասարկման վարձի,, իմաստը ո՞րն է:Շքամուտքի աստիճաներն են արդեն սկսել կամաց-կամաց թափվել՝նրանք տանիքներից են կպել՝պոկ չեն գալիս:Ընդհանրապես լավ կլինի,եթե մայրաքաղաքի օրինակով մի կենցաղային շտապօգնություն էլ Վանաձորում լինի, որ մարդիկ վթարների ժամանակ իմանան, թե ում կանչեն այն ժամին, երբ արդեն հիմնարկներում աշխատանքն ավարտված է լինում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


четверг, 10 марта 2016 г.

Չհոգնեցի՞ն ֆեյսբուքիս էջի վրա ,,ատամ կրճտացնելուց,,

Չէ ախպեր ջան, վերջ, էս անգամ ,,ընդդեմ ֆեյսբուքահենության,, հերթական նյութս որոշեցի տեղադրել բլոգում, ոչ թե՝ֆեյսբուքում, թե չէ մեկ էլ տեսար՝էլի ասավ՝,,ձեր աքքաունտը կասկածելի ակտիվություն էր ցուցաբերում,, ՝դրա համար ժամանակավոր արգելափակել ենք, մինչեւ ապացուցենք, որ օգտատերը դուք եք,,:

...Ժողովրդավարության թշնամիներին հանգիստ չի տալիս ֆեյսբուքյան էջս.հատկապես այն բանից հետո, երբ իմ կողմից ստեղծված ,,Սփյուռքահայեր,, խումբն սկսեց մեծ լսարան ձեւավորել ՝մոտ 250 անդամ, որ ավելի շատ չի նրա համար, որ հայտերն արդեն ընդունվում են մանրակրկիտ ուսումնասիրությունից ու ֆեյքերին օգտատերեից ջոկելուց հետո՝ նախապատվությունը տալով նախ եւ առաջ սփյուռքահայերին, իսկ 250-ի սահմաններից առայժմ չավելացնելու նպատակահարմարությունը պայմանավորված է նրանով, որ դիտումների քանակը տեսանելի լինի եւ ըստ այդմ որոշվի, թե արժե՞ արդյոք անդամների թիվը 250-ից ավելացնել:Սկզբում արգելափակվեց ,,Սփյուռքահայեր,, էջի նկատմամբ իմ գործառույթները, հետո ֆեյսբուքիս էջի նկատմամբ գործառույթները սահմանափակվեցին, իբր՝,,աքքաունտս,, ,,կասկածելի ակտիվություն,, է ցուցաբերում:Հիմա ՝շարունակության մասին:Ընդամենը վերջերս էր, որ ֆեյսբուքն իմ էջի նկատմամբ գործողություններս վերականգնվելուց հետո կրկին հարցրեց, թե արդյո՞ք հայտ չեմ նեկայացրել գաղտնաբառս փոխելու /ես էլ գրեցի՝որ չեմ ներկայացրել .կամ ինչու՞ պիտի ներկայացնեի, եթե նոր էի փոխել՝այն էլ արգելափակվելու պատճառով /:Իսկ երեկ արդեն ֆեյսբուքն սկսեց կրկին կասկածել իմ ակկաունտի ,,անկեղծությանն,, ու էլի հարցաշար ներկայացրեց, որ ես ապացուցեմ, որ ես ես եմ, ոչ թե՝ոմն նենգ Պողոս, որ դավադրաբար փորձում է կոտրել աքքաունտս, եւ էլի առաջարկեց նոր գաղտնաբառ ընտրեմ.լավ էլ բանուգործ չունե՞մ ես, որ անընդհատ ստիպված եմ գաղտնաբառ փոխել ու հարցաշար լրացնել:Համենայն դեպս՝ֆեյսբուքն ինքը կասկածը հայտնեց, հնարավոր համարելով, որ ինչ-որ մեկը ցանկացել է ,,վզլոմած,, անել ֆեյսբուքյան ,,աքքաունտս,,:Հատկանշական է, որ ֆեյսբուքն իմ ,,ակաունտի,,  ,,կասկածելի ակտիվություն,, է նկատում այն ժամանակ, երբ ես 3 օր շարունակ՝մարտի 6-ից 8-ը ներառյալ, ,,կասկածելի պասիվության,, մեջ էի՝նեղ-անձնական,կենցաղային խնդիրների պատճառով, ու 3 օր համացանցից չէի օգտվել: Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ ժողովրդավարության թշնամիների ակտիվությունն սկսվում է այն ժամանակ, երբ իմ մոտ համացանցային պասիվություն է սկսվում, ու երեւի մտածում են.,,Ըհը, քանի տանը մարդ չկա, կարանք արխային մտնենք ու փորձենք գաղտնաբառը թաքստոցից հանենք,,:Լավ էս ժողովրդավարության թշնամիները չհոգնեցի՞ն ֆեյսբուքիս էջի վրա ,,ատամ կրճտացնելուց,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ