Ստորեւ ներկայացվում են 90-ականերին մամուլում տպագրված իմ մի քանի երգիծական ստեղծագործություններ՝իրապատում հիմքի վրա
,,ԼԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՄՈՒՇԿԱ,,
Վանաձորի փողոցներում արեվածաղկի սերմ վաճառող տարեց մի կին, տղամարդկային կոշտ ու կոպիտ ձայնով արդեն քանի տարի է՝գովազդում է ոչ միայն իր ապրանքը, այլեւ՝ամեն ինչ.,,Լավ խարակած սեմուշկա՜...,, ,,Անկախ Հայաստանի սեմուշկա՜...,,:Երիտասարդների հանդիպելու դեպքում ,,կենացները թանկանում են,, ու նա ողջ ուժով բղավում է.,,Երիտասարդական սեմուշկա՜...,, եւ նույնիսկ՝,,լավ ֆիգուրով սեմուշկա,,:Այս վերջին բացականչությունը հարուցում է շրջապատի բարձրաձայն քաջալերանքն ու ոմանք հիշեցնում են՝,,Կասանդրայի սեմուշկա՜...,, իսկ արեւածաղիկ վաճառողն իր հերթին ուղղում է մտցնում՝ասելով.,,Չէ, տղա ջան, ,,Զամարաշկայի,, սեմուշկա,,:Չնայած քաղաքի ,,Լաչինի միջանցք,, կոչվող բացօթյա առեւտրի հատվածում, կրպակներում տեղադրված ռադիոբարձրախոսներից մշտապես հնչում էին ԱԺ նիստերի քննարկումները, այնուամենայնիվ, արեւածաղկի սերմ վաճառող կինը երբեւէ չէր ասել ,,Ազգային ժողովի սեմուշկա,,, մինչեւ...վերջերս, երբ հանկարծ քաղաքականությունը նրան էլ պարուրեց ու արդեն սկսեց կանչել.,,Լավ խորհրդարանական սեմուշկա,, ինչից կարելի է եզրակացնել, որ խորհրդարանի նիստերը, դժբախտաբար, սկսել են բրազիլական սերիալների կարգավիճակ ստանալ:
,,Առավոտ, 1999թ.դեկտեմբեր
----------------------------------------------------------------------------
ԻՐԵՆՑ ,,ՇԼԱՆԳԻ,, ՏԵ՞Ղ ԵՆ ԴՐԵԼ
Վանաձորի գործարաննեից մեկը աշխատավարձերի պարտքերը փակելու հետաքրքիր տարբերակ էր ընտրել:Գործարանի՝մահացած աշխատակցին չվճարված աշխատավարձի պարտքը նրա հարազատներին էին հանձնել...200մետրանոց ռետինե փողրակի՝նույն ինքը՝,,շլանգ,,/տեսքով:Շուկայական հարաբերությունների արդյունքում ծնվող նման երեւույթները եզակի չեն:
7.07.1998թ.,,Առավոտ,,
---------------------------------------------------------------------------------
ՄԵՆՔ ԵՆՔ՝ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ-2
Վանաձորի արդյունաբերական շուկայում ոմն քաղաքացի՝ալկոհոլի ազդեցության տակ, բուռն վիճաբանության մեջ մտնելով սեփական կնոջ հետ, հայհոյեց, ապա զայրացած շրջեց վերջինիս անձնական տիրույթներում գտնվող վաճառասեղանը՝իր եղած-չեղածով, իսկ վերջում հրամայեց չքվել այդտեղից եւ ,,տուն կորչել,,:Ականատեսների վկայությամբ՝նման անակնկալները ,,խեղճ կնկա,, գլխից անպակաս են:Իր կինն է, իր կնոջ վաճառասեղանն է, այսինքն՝համարյա թե իր վաճառասեղանն է, սակայն ի՞նչ երաշխիք, թե նա վաղը չի շրջելու ուրիշի կնոջ վաճառասեղանն ու ապրանքները, պետության ապրանքները, եւ ինչու՞ հասարակությունը մինչեւ հիմա իրավունք չունի ,,մտնել նրանց մատի ու մատանու արանքը,,:...Իսկ զայրացած կնոջն այլ ելք չէր մնում, քան՝շրջակայքում փնտրտուքներ կատարել՝ամուսնուն ,,էդ օրը գցողներին,, հայտնաբերելու եւ մի լավ խայտառակելու ուղղությամբ:
,,Առավոտ,, 3.07.1998թ.
--------------------------------------------------------------------------------
Ի՜ՆՉ ԼԱՎ Ա ՉԷ՞
Վերջերս Երեւան-Վանաձոր-Երեւան պետական ավտոբուսների գները փոքր-ինչ իջել են՝800-ից հասնելով 600-ի:Այս պայմաններում, թվում էր, թե 1000դրամանոց միջքաղաքային երթուղային-միկրոավտոբուսների գները նույնպես կիջնեն:Սակայն՝,,Ժողովուրդ, գիտեք չէ՞, որ 1500-ով ենք գնում,,-համարյա թե շարժվելու պահին հայտարարեց Երեւանից Վանաձոր մեկնող երթուղայինի վարորդը:Նրա ,,որոշման,, դեմ ընդվզեց միայն մի երիտասարդ, որի իջնելուց հետո վարորդը տեղնուտեղը կանխորոշեց ճակատագիրը.,,Բան չկա, թող 3 հազարով գնա, որ իմանա,,: Երեւի թե ,,մի բան գիտեր,,:,,Ոչ մութ էր, ոչ էլ՝մառախուղ,,:Չորս կողմը ՝լույս ու պայծառ:
,,Առավոտ,, 14.04.1998թ.
-----------------------------------------------------------------------
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՓՈԽԱՐԵՆ՝ԾԽԱԽՈՏ
Ամանորի նախօրյակին ,,հաճելի,,նվեր ստացան մանվածքային ֆաբրիկայի աշխատողները:Մի քանի ամսվա աշխատավարձի փոխարեն յուրաքանչյուր աշխատողի տրվեց Հորդանանի արտադրության ,,Գոլդ սթար,, տեսակի 20 տուփ ծխախոտ: ,,Չար լեզուներն,, ասում են, որ ,,սեւ շուկայում,, 65-70դրամ արժեցող այդ ծխախոտները ,,ոչ ծխվում են, ոչ ծախվում,,:
,,Վերածնունդ,, թերթ, 30դեկտեմբերի, 1994թ.
-----------------------------------------------------------------------------
ՏԱՐԱԴՐԱՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
,,Լաչինի միջանցքի,, , կենտրոնական շուկայի եւ փոխանակման հարակից կետերի ամենամոտակա տվյալներով՝ ռուսական մաշված ռուբլին գնվում է 50 տոկոս զեղչով, ,,սաղացվում,,՝80-ով:
5, 10, 20 համարանիշ ունեցող ամերիկյան մանր դոլարները մեծահոգաբար գնվում են առանց զեղչի, վաճառվում...տոկոսով:
Ամերիկյան 50 եւ 100դոլարանոց թղթադրամները ,,միջանցքում,, գնվում են 10 տոկոս զեղչով եւ փոխանակման կետերին ,,սաղացվում,, առանց զեղչի:
Ռուսական 1000ռուբլիանոցները մի կերպ վաճառվում եւ մի կերպ վճարվում են:
,,Վերածնունդ,, թերթ, 14 փետրվարի, 1995թ.
----------------------------------------------------------------------
,,ՊՈԼԵ ՉՈՒԴԵ՞Ս,,
Սեփականաշնորհման սերտիֆիկատների զածր գնի՝տեւական ժամանակով կայունացումը հիշեցնում է հայտնի հեռուստախաղը:Իրականում 20000դրամ արժողությամբ այդ սերտիֆիկատները շուկան ժողովրդին առաջարկում է հանձնել մի քանի անգամ պակաս գներով:Ժողովուրդը / նրանք, ովքեր դեռ չեն իրացրել այն կամ ներդրել արտադրության մեջ/, համառորեն հրաժարվում է՝սպասելով ,,մրցանակի,,:,,Շահելու,, հավանակնությունը, սակայն, շատերի մոտ փոքրացավ՝վերջերս մի պաշտոնյայի կողմից արված այն հայտարարությունից հետո, թե՝,,այնուամենայնիվ, դրանց գինն առաջիկայում չի նվազի,, ինչը ենթադրել է տալիս, թե չի էլ ավելանա, ինչպես մի ժամանակ պնդում էին ,,լավատեղյակները,,:
1996թ.անտիպ նյութերի արխիվից
-------------------------------------------------------------------
,,Փայ հավաքող,, Նանարը
1980-90-ականների ամենակոլորիտային դեմքը Կիրովական-Վանաձորում՝,,փայ հավաքող,,Նանարն էր, ում մասին 90-ականներին ԱԻՄ-ի ,,Կանչ նախնյաց,, թերթում պատմվածք էր գրել վանաձորցի արձակագիր, ասմունքող Ռոզա Ալավերդյանը/օղորմի հոգուն/:Միջին տարիքի կին էր Նանարը. շրջում էր բազմագույն լաթերով պաճուճապատված հանդերձանքով, ,,փայի,, տոպրակը ուսից կախ, հայհոյանքը՝ բերանին:Ավելի շատ ոչ թե մուրացիկ էր, այլ՝,,ռեկետ,, ու յուրօրինակ հարկահավաք:Փող չէր պահանջում, այլ՝մթերք.մոտենում էր բացօթյա առեւտրով զբաղվողներին ու պահանջում.,,Ապո,փայս տուր,,.ու վայն եկել տարել էր ոչ միայն,,ապոյին,, այլեւ՝այդ տարածքով անցող-դարձողներին, քանի որ Նանարը հայհոյանքի տուտը բացում էր ու սկսում տղամարդու նման հայհոյել՝ամենաէկզոտիկ ու չլսված բառապաշարով:Նոր տարվա օրերին էլ տնետուն էր գնում ու դռները բախելով՝իր ,,փայն,, ուզում.անգամ՝տոլմայի տեսքով:Մի խոսքով՝մի յուրօրինակ ,,հելոին,, էր, այն տարբերությամբ, որ ոչ թե ,,հելոինի,, չարքի նման անիծում էր՝,,փայ,, չստանալիս, այլ՝հայհոյում:Ցավոք,Նանարի հոգեկան վիճակը շահարկում էին հաճախ՝երիտասարդ ավարաները ու դիտմամբ սադրում՝խոսքուզրույցի քաշելով, որ հայհոյի, հետո էլ հրճվում էին իրենց ավարայության վրա:
--------------------------------------------------------------------
Լոռեցի մի կին բարձրանում է ավտոբուս:Նկատելով ներսում փակցված մերկ կնոջ լուսանկարը, մի պահ ուշադիր նայում է, որից հետո միամիտ-միամիտ հարցնում.
-Էս որ սրանք սաղ օրը սենց տկլոր պառկըմ են, բա սրանց տան գործն ո՞վ ա անըմ...
,,Ոզնի,, 1996թ.դեկտեմբերի 30
------------------------------------------------------
Դուռը թակում են:
Ո՞վ է:
Ձայն չկա:
Նորից են թակում:
-Ո՞վ է:
Լռություն:
Վերջապես լսվում է.
-Այտա ,դե որ ձեն չեմ հանըմ, ուրեմն ես կլեմ էլի...
,,Եղինջ,,1995թ. թիվ 3
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն