среда, 15 июня 2016 г.

Եթե ուզում եք ,,մեղքերի թողություն,, ստանաք՝ անցեք Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի ,,դժոխքով,, ու ,,քավարանով,,

1 ժամանոց խցանումներ՝Ձորագետավանի 2 դժոխային թունելներում


Երեկ, հունիսի 14-ի կեսօրին, երբ Վանաձոր-Ալավերդի մեկնող ,,Գազել,, մակնիշի միկրոավտոբուսի վարորդը ճանապարհին հեռախոսազրույցի ընթացքում ինչ-որ մեկին ասաց, թե կարեւորը՝,,թունելը փակ չլինի,,  ,մտածեցինք, որ չինական ծրագրով նախատեսվող նորոգումները, հավանաբար, արդեն սկսվել են, եւ ժամանակ առ ժամանակ՝Ձորագետավանի 2 թունելները փակվում են:Բայց, պարզվեց, ,,թունելը փակ,,՝հարաբերական հասկացություն է,երբ հսկայական ,,ֆուռերի,, առաջացրած խցանումների պատճառով թունելներում երթեւեկությունը դառնում է միակողմանի ու ծայրահեղ վտանգավոր, վթարային, եւ այդ ընթացքում ոչ միայն ,,ֆուռերի,, այլեւ՝արտասահմանյան հսկա ավտոբուսների, բեռնատարների ու մարդատարների՝շարաններով ձգվող հսկայական կուտակումներ են առաջանում թունելներում եւ թունելներից դուրս, ու մինչեւ մի ,,հերթափոխը,, կամ մեքենաների ,,խմբաքանակը,, ծանրումեծ չի կարողանում ճեղքել խցանումներն ու առաջ շարժվել, մյուսները չեն կարողանում առաջանալ:Խցանում եմ ասել է՜...երկշարք, եռաշարք, անկանոն, որոնց միջից մեկ էլ տեսար՝համբերությունը հատած սովետական մի ,,Ժիգուլի,,՝փորձում է ,,արանք ճղելով,, սողոսկել հերթից դուրս ու սլանալ.թե որ արանք է գտնում՝սողոսկելու համար ու ետ չի գալիս, հիմա էլ տեղավորվելու տեղ որոնելով սպասող մեքենաների հերթաշարանում:

Ձորագէս ավանի հետ որպես համայնքային միավոր մեկ ամբողջություն կազմող Թումանյան կայարանի տարածքից սկսվող թունելում երթեւեկության միակողմանի լինելուն, ինչպես պարզվեց, նպաստել էր կավացեխախառն խոր զանգվածի գոյացումը.ըստ տեղեկությունների՝կավ էին լցրել.թե ինչու եւ ինչ նպատակներով՝դժվար է ասել.երեւի նոր տեխնոլոգիա է շինարարության ընթացքում:Մինչդեռ թունելի առաստաղից մշտական կաթոցներն ավելի էին վատթարացրել իրավիճակը.առավել եւս, որ 50-60-ականներին կառուցված թունելներից ոչ մեկը չի լուսավորվում՝առավել խոնավ դարձնելով տարածքը, եւ միակ լույսն առկայծում է ավտոմեքենաներից, չհաշված՝թունելների միջին հատվածներում պատերին կառուցված ցանցապատ երդիկից առկայծող լույսը՝ցերեկային ժամերին, գետի մոտից.ու այս պայմաններում, երբ մարդիկ հայտնվում են մթության մեջ թաղված թունելում,մի կողմից հսկայական ,,ֆուռերի,, ղղրդյունից են պատերը թնդում, մյուս կողմից գետի ,,վաշվիշն,, է լսվում.կատարյալ դժոխային պատկեր, որի միջով մշտապես անցնում են այս ճանապարհահատվածով երթեւեկողները՝ավելի քան 20 տարի:Իսկ սովետական տարիներին ,,ֆուռերն,, այսքան շատ չէին, ապրանքափոխադրումներն իրականացվում էին ավելի շատ երկաթուղով:Այս պայմաններում ճանապարհ կդիմանա՞, այն էլ՝երբ ճանապարհները նորոգվում են մի քանի տարին մեկ՝լավագույն դեպքում,անորակ, էլ չենք խոսում Ձորագէսում, մայրուղու վրա գտնվող, բազրիքահան եղած կամրջի աղետալի վիճակի մասին:

6 ժամանոց գործնական ճամփորդությանս ընթացքում մեկ՝գնալիս հայտնվեցի հսկայական խցանման մեջ / Թումանյան կայարանից սկսվող թունելի նախաշեմին/, մեկ՝արդեն այլ տրանսպորտով ետ վերադառնալիս՝կրկին նույն թունելի մոտ՝բայց արդեն Ձորագէսի կողմից.40-55 րոպե տեւողությամբ խցանումներ, որի ընթացքում որեւէ ճանապարհային ոստիկան չհայտնվեց՝երթեւեկությունը կանոնակարգող, ինչն էլ հարուցեց Նոյեմբերյան-Վանաձոր ավտոբուսում գտնվող մի տղամարդու զայրույթը.,,Բա էս ու՞ր են մենթերը, թողաս՝մենակ խեղճ վարորդներին տուգանեն,,.ու ամփոփեց՝,,Անտեր երկիր, տեր չկա-տիրական չկա,,:Ցավոք, այդ իրարանցումը նկարահանող մի Շամշյան չկար, որ միգուցե ասեր՝,,Էս ու՞ր եք, այ ղանմազներ,,: /Վանաձոր-Ձորագետավան հատվածում, Փամբակի թե Վահագնու կողմերում միայն ավտոտեսուչի մեքենա նշմարվեց՝ինչ-որ ԱԳԼՃԿ-ի թե խորտկարանի կողքին /:Այդ իրավիճակում, երբ ուղեւորները պարբերաբար հեռախոսով տեղեկացնում էին իրենց հարազատներին, թե ,,դեռ պրոպկի մեջ ենք,, ով՝ասես երթեւեկություն էր կանոնավորում.մեքենաներից դուրս եկող ուղեւորներ ու վարորդներ, 2 թունելների աշխատանքներում ընդգրկված աշխատողներ,ինքնագլդորիչի /նույն ինքը՝,,կատոկ,,.ասֆալտ հարթեցնող /վարորդ...Անհայտ զբաղմունքի տեր մի քանիսն էլ դիտորդի կարգավիճակում էին, ու հայտնի չէր, շինարարությունն սկսվա՞ծ էր, թե՞ ,,հլա նոր են ցրցամ տվել, թե որ կարեն,,:Ամեն դեպքում՝,,իրեղեն ապացույց,, շինգործիքներ էին հայտնվել այդ հատվածում՝աշխատողների առկայությամբ:

Այդ ,,գժանոց,, իրավիճակն աշխատում էին հնարավորինս թեթեւ տանել էքստրեմալ տուրիզմի սիրահար ՝արտասահմանյան զբոսաշրջիկները՝հսկայական եվրոբուսից ոգեւորված նկարահանելով ձեռքներն ընկած կադրեր/ներառյալ՝,,ամոթից կուչ եկած,, հայաստանյան հնամաշ ,,Պազիկ,, ավտոբուսը՝Նոյեմբերյան-Վանաձոր հատվածն սպասարկող, ու ներսում գտնվող ուղեվորներին՝լուսամուտից դիտող /. երեւի իրար մեջ էլ ասում էին.,,Էս ի՞նչ աբորիգենային վիճակում են հայաստանցիները...բա էսքան տարում սրանց մի արտասահմանյան ավտոբուս նվիրող չեղա՞վ, որ դեռ ,,սովետի թվերի,, ,,Պազիկի,, հույսին են...բա սրանց մութ ու դժոխային թունելները՜...խցանումները՜...այ-այ, այ-այ, ա՜յ...,,:Թե երբվանից, քանի օր է Ձորագետավանի թունելներում խցանումներ՝դժվար է ասել:Մոտ 15 օր առաջ վարորդներից մեկը հեռուստատեսությամբ դժգոհեց, որ ,,ֆուռերի,, առկայության պայմաններում խցանումներն անպակաս են, ու մի օր հաստատ դանակահարություն կլինի այդ առթիվ, քանի որ ,,հայերս հանգիստ չենք կարողանում հարցեր լուծել, անպայման հարձակվում ենք իրար վրա,,.հետեւաբար՝երեւույթն արդեն իսկ ընթացքի մեջ է, ու թե որքան կտեւի՝դժվար է ասել:Մի՞թե հնարավոր չէ այս ճանապարհահատվածով արգելել ,,ֆուռերի,, երթեւեկությունը՝ելնելով ճանապարհային անվտանգության անհրաժեշտությունից.առավել եւս, որ այս ճանապարհահատվածում անբարեկարգ ու վթարային թունելներից բացի՝ վթարային կամուրջ էլ կա, որի գետինն սկսել է ճաքեր տալ՝դեռ նախորդ տարվանից:Ի դեպ, երբ տարիներ առաջ Լոռի-Տավուշ հատվածում սողանքներ սկսվեցին, ,,ֆուռերի,, երթեւեկությունն արգելվեց այդ տարածքով, իսկ թե հետո ում հրամանով եւ ինչու դրանք կրկին սկսեցին երթեւեկել՝մի առանձին խնդիր է.երեւի գտան, որ սողանքը վերացվել է, ուրեմն վտանգավոր ոչինչ չկա:Ձորագէսում մեզ հաջողվեց պարզել, որ մայրուղու վրա գտնվող բազրիքահան եղած կամուրջը / որի մասին բազմիցս ենք գրել մամուլում եւ համացանցում՝վերջին 6 տարում /, չի նորոգվելու, նրա փոխարեն նորն է կառուցվելու՝զուգահեռաբար /հինը երեւի թե կմնա որպես ներհամայնքային օգտագործման ճանապարհ եւ պատմական հուշարձան/:

Վանաձոր-Բագրատաշեն նախատեսվող շինարարությանն, անշուշտ, կներգրավվեն նաեւ շինարարներ՝Վանաձորից եւ մոտակա բնակավայրերից, ու տեղին կինի, եթե վերագործարկվի Գյումրի-Այրում գնացքը, ինչպես նաեւ նորոգվի Ձորագէսի կառամատույցը:2013թ.Թումանյան կայարանի կառամատույցը նորոգվեց հարավ-կովկասյան երկաթուղու կողմից, մինչդեռ բնակչության թվակազմով ու զբաղվածությամբ Ձորագէսը գերազանցում է Թումանյան կայարանին:Ձորագէսում է ՀԷԿ-ը, Ձորագէսում է միջազգային կարգի հյուրանոց, որտեղ սպասարկման ոլորտում ներգրավված են ավանի եւ հարակից գյուղերի բնակիչներ, Ձորագէսում գործում է 8-ամյա դպրոց, իսկ Թումանյան կայարանում մնացել է մի փոքր ավտոբուսի ժողովուրդ, դպրոցն էլ մանկապարտեզի հետ դեռ սովետական տարիներից է վերացել:Հիշեցնենք, որ 2000թվականների սկզբին, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարման օրոք, ՀՀ կառամատույցների նորոգման ծրագիր էր պտտվում, բայց Ձորագէսի կառամատույցն այդպես էլ չնորոգվեց, եւ անտերության մատնվելով՝թալանվեց.անտեր ապրանքին ով՝ասես տիրություն կանի.ով՝ինչ հասցրեց՝քանդեց ու կերավ.եթե ,,վերեւներում,,ՀԲ-ի փողերը կարող են ,,ուտել,, ներքեւնե՞րն ինչու պիտի ,,ուտելուց,, ձեռնպահ մնան:Թե ով՝ինչքան ,,կերավ,, կառամատույցների նորոգման ՀԲ ծրագրից՝մի առանձին խնդիր է, բայց գոնե հիմա նորոգեն Ձորագէսի կառամատույցը, որ արդեն հիմնահատակ ավերված վիճակում է:Իսկ 90-ականներին ՝մինչեւ 2002-2003թվերը ոչ միայն կառամատույց էր գործում, այլեւ՝տոմս վաճառող կետ կար Ձորագէսում.երկաթուղու օտարերկրյա սեփականատերը՝Ռուսաստանից /այն ժամանակ Շայդուլինն էր / լուծարեց եւ կառամատույցը, եւ Գյումրի-Այրում գնացքը /ավելի ճիշտ՝մեկ գործարկում էին, մեկ՝հանում գործածությունից.ելնելով ,,նպատակահարմարությունից,, թե իբր այն շահագործելը ,,շահեկան չէ,,/, ու ,,ձորերի,, ժողովուրդը մնաց  մաշված ավտոճանապարհներն սպասարկող ,,Գազելների,, ու ,,Պազիկների,, հույսին:

Իսկ առայժմ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Բագրատաշեն,Վանաձոր-Թումանյան քաղաք/Ձաղիձոր/,Վանաձոր-Նոյեմբերյան մեկնողներին խորհուրդ ենք տալիս յուր հետ վերցնել որեւէ  ,,օմուլետ,, ,,թալիսման,, կամ ,,աչքահուլունք,,՝փորձանքից պաշտպանելու նպատակով.ավտոբուսների վարորդները հենց այդպես էլ անում են, մեքենայի դիմապակու հայելուց ,,աչքահուլունք,, կախելով:Խեղճ վարորդներ,ինչեր են քաշել ու դեռ կքաշեն՝ասֆալտահան եղած, եզրաքարերը քայքայված  ճանապարհների ու անբարեկարգ թունելների պատճառով...Մի օր չեղավ, մի ավտոբուսի վարորդի մեդալ տան՝արիության մեդալ...

Իսկ Նոյեմբերյան-Վանաձոր ավտոբուսում գտնվող 80-ն անց ձեռնափայտով մի կնոջ, որին սկզբում թվում էր, թե խցանումները կապված են ինչ-որ հուղարկավորւթյան հետ, ավելի շատ զարմացրել էր այն, որ ավտոմեքենաների ղեկին կանայք էլ կան.խեղճ կինը ո՞ր թվերի մեջ էր մնացել, որ չգիտեր էլ, որ Հայաստանում կանայք վաղու՜ց  հմտացել են վարորդական գործում: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձոր-Ձորագետավան-Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն