понедельник, 18 декабря 2017 г.

ՀՀ հանրային խորհրդին

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Հելսինկյան կոմիտեին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակին

Հետաքննող լրագրողների ընկերակցության ,,Հետք,, ինտերնետային պարբերականին

Հակակոռւպցիոն հանձնաժողովին

ԱԺ պետաիրավական հանձնաժողովին

Հայտարարություն՝ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառվող ակնհայտ թալանի մասին՝ընթացիկ տարվա հունվարից ,,Վեոլիա,, ընկերության կողմից իրականացվող

Այս տարվա փետրվարից համացանցում բաց նամակի տեսքով ահազանգել ու տարածել եմ/ֆեյսբուքով եւ էլեկտրոնային փոստով՝համապատասխան մարմիններին․այդ թվում՝վարչապետին եւ օմբուդսմենին/, որ ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը անհասկանալիորեն բարձրացրել է անջրաչափ բաժանորդների համար նախատեսված 1100դրամ սակագինը՝այն հասցնելով 5400դրամի.ընդ որում՝յուրօրինակ հաշվարկով, որպես ծախս համարելով 30 խ/մ-ը, մինչդեռ տարիներ շարունակ,մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնությունը՝ որպես ամսական կայուն ծախս, անջրաչափ բաժանորդների համար հաշվարկվել է 12 խ/մ-ը։Ի՞նչ է, ՀՀ տարածքում, առավել եւս՝50 տարվա վթարային շենքերում ջրատար խողովակների ծավալները մեծացե՞լ են, որ օգտագործած ջուր է հաշվարկվում երկուսուկես անգամ մեծ թիվ, քան՝մինչ այդ եղել է։Մնում է, ջրի արագության հաշվարկ էլ կատարվի ու ջրաչափից բացի՝մի հատ էլ արագաչափ պարտադրեն ջուր սպառողներին։Եվ այս2 տարբեր թվերն էլ ամրագրված են բաժանորդների մուծած անդորագրերում/մինչեւ ,,Վեոլիան,, 12 խ/մ, ,,Վեոլիայից,, հետո՝30խ/մ /։

Ավելի քիչ գումար մուծելու այլընտրանքը ջրաչափ տեղադրելն է, բայց քանիցս բացատրել եմ, որ որոշ վթարային շենքերում ու բնակարաններում տեխնիկապես անհնար է ջրաչափի տեղադրումը եւ կապված է լրացուցիչ կառուցվածքային փոփոխությունների հետ ու մեծ ֆինանսներ է պահանջում, որին ի վիճակի չեն ՀՀ շարքային բնակիչները, ուստի չարիքից փոքրագույնը առնվազն հին՝գործող 1100դրամ սակագինը նույնը թողնելն էր։Եվ մինչ ես շարունակում էի այդ հարցը բարձրացնել ու այս ու այն կառույցներին ահազանգել, ,,Վեոլիան,, իր կայացրած որոշման առթիվ բաժանորդի/տվյալ դեպքում՝իմ հետ/ պայմանագիր չունենալով եւ ՀԾԿՀ-ի նոր որոշմանը՝կապված ջրի սակագնի բարձրացման հետ, բնակիչներին գրավոր չիրազեկելով, գրավոր զգուշացումներ չուղարկելով, բաժանորդների հաշվեհամարներին ոչ միայն ամրագրել է ամսական 5400դրամը, այլեւ՝դրա հիման վրա, 8ամսվա կտրվածքով/հունվար-օգոստոս/, իմ հաշվեհամարին 32200դրամ պարտք գոյացրել ու այն որպես բռնագանձման ենթակա/1500դրամ պետտուրքն էլ պոչին/ հայց ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։Սա ոչ միայն հակաօրինական է, այլեւ՝անտրամաբանական։Ինչպե՞ս կարող են մեկ քաղաքացին էլ, 5 կամ ավելի քաղաքացիներն էլ նույնաչափ ջուր օգտագործել՝թեկուզ մոտավոր հաշվարկով։Ինչպե՞ս կարելի է վթարային շենքերում բնակվող մարդկանց/որոնց թվում՝անեկամուտ ընտանիքներ, միայնակներ/, առանց այդ էլ անմխիթար վիճակն ու սոցիալական բեռն ավելի ծանրացնել՝Նոր տարվա շեմին․կասկածի տակ դնելով վերջիններիս գոյությունը եւ բնակարանից զրկվելու վտանգի տակ առաջ կանգնեցնել։Սա առնվազն թալան է՝ՀՀ շարքային քաղաքացու նկատմամբ։ Հետաքրքիր է, արդյո՞ք Հանրային ծառայություններ իրականացնող մարմինը այդ հակաժողովրդական որոշումը հաստատելիս խորացել է էության մեջ։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ինձ ուղարկված  հայցադիմումի մեջ նշվում է․,,Հայցվորի եւ պատասխանողի պարտավորությունները կարգավորվում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30․11․2016թ․ թիվ 378 -Ն որոշմամբ հաստատված կանոններով,,։Իսկ այդ որոշման մասին բաժանորդը պետք է նախ տեղեկացվեր ,,Վեոլիայի,, կողմից գրավոր․ այնպես, ինչպես իրազեկում էին յուրաքանչյուր սակագնային փոփոխության ժամանակ՝մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնվելը։Ես՝որպես բաժանորդ, սակագնի բարձրացման մասին ,,Վեոլիայի,, կողմից չեմ տեղեկացվել գրավոր, հետեւաբար նա իրավունք չուներ առանց տեղեկացնելու՝միանգամից դատական հայց ներկայացնել/այդ որոշումն էլ, թեպետ, իր հերթին վիճահարույց է՝ինչպես վերը նշեցինք/։

Անջրաչափ բաժանորդների անունից ակնկալում եմ համապատասխան իրավական կառույցների միջամտությունը՝սահմանադրական դատարանում վիճարկել ,,Վեոլիայի,, որոշումը՝ջրի սակագինը 30խ/մետրով հաշվարկելու եւ որպես ամրագրված սակագին 5400դրամ սահմանելու վերաբերյալ եւ այն չեղարկել։Հարկ եմ համարում հիշատակել, որ սկսած 2010թվից  եւ միգուցե նաեւ՝ավելի վաղուցվանից, ջրային ոլորտի պայմանագրերում չեն արտացոլվել անջրաչափ բաժանորդների համար նախատեսված սակագները։Դրանք երեւում են միայն վարձերի մուծման անդորրագրերում՝որպես ծախս։Ասյսինքն՝անջրաչափ մուծողին էլ, ջրաչափով մուծողին էլ նույն պայմանագիրն է ներկայացվում, բայց՝հաշվարկն է տարբեր չափանիշներով։Եվ անգամ այդ պայմաններում՝մինչեւ ,,Վեոլիայի,, կողմից հայտնվելը, պայմանագրի 7-րդ կետում ասվում է․,,Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։Բանակցությունների արդյունքում փոխադարձ համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով,,։Մինչդեռ ,,Վեոլիան,, բաժանորդներին գրավոր զգուշացում չի արել ոչ նոր սակագնի, ոչ էլ այդ սակագնով ապօրինաբար հաշվարկված պարտքի մասին, եւ բաժանորդին դատի է տվել՝ հին պայմանագրի իրեն ձեռնտու կետն ու քաղաքացիական օրենսգիրքը վկայակոչելվ, բաց՝նոր սակագնով։ Անգամ հեռուստատեսությամբ հայտարարություն չի արվել անջրաչափ բաժանոդների համար ջրի վարձը 5400դրամ դարձնելու մասին։Իսկ սրանից կոռուպցիայի հոտ է փչում։Եթե հաշվի առնենք, որ ,,Վեոլիայի,, նկատմամբ առկա են նաեւ բազմաթիվ այլ կարգի բողոքներ՝վերջինիս կողմից իրականացվող չարաշահումների եւ անորակ ծառայություններ մատուցելու կամ առհասարակ չմատուցելու մասին, ապա կարելի է գալ եզրակացության, որ ընկերությունն ինքը պետք է ճանաչվի որպես անբարեխիղճ մատակարար եւ զրկվի ջրային տնտեսությունը կառավարելու իրավունքից, ոչ թե ձմեռ օրով խոցելի խմբերին ,,անբարեխիղճ սպառող,, ճանաչի ու դատարան քարշ տա՝կեղեքման եւ ունեզրկման նպատակով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն