среда, 26 декабря 2018 г.

Մարդ եղեք

Ստորեւ ներկայացվում է Վանաձորի քիմիագործների թաղամասի տնակային ավանի 30 տարվա բնակիչ Քնարիկ Պապիկյանի նախատոնական նամակը՝ոչ նախատոնական տրամադրվածությամբ.այն ավելի շուտ սոցիալական բնույթի  հոգու պոռթկում է...

---------------------------------------------------------------------------------------------------------------------

                                   Մարդ եղեք

Իրոք զարմանում եմ, որ հայաստանյան հեռուստատեսությամբ  պարբերաբար հայտարարում են, որ համատարած բարեգործություններ են անում բոլոր կարիքավորներին՝չքավոր ընտանիքներին, միայնակ ծերերին եւ այլն:Բայց ես ապշած եւ զարմացած եմ, որ եթե այդքան օգնություններ են հատկացվում վերոհիշյալ մարդկանց, ինչու՞ գոնե մի անգամ չգտնվեց մի բարերար,որ այցելեր Վանաձորի քիմկոմբինատի տնակային ավանում ապրող բնակիչներին եւ տեսներ նրանց ապրելակերպը, ցավն ու դարդը:Չնայած մեկ-երկու ամիս առաջ եկավ մի երիտասարդ՝Գեւորգ անունով,բնակիչները շրջապատեցին այդ ,,բարերարին,,եւ պատմեցին իրենց պայմանների մասին, սակայն այդ տղան գնաց եւ առ այսօր հետքն անգամ չկա;

Ես, Քնարիկ Երվանդի Պապիկյանս, 30 տարի է,բնակվում եմ նույն տնակային ավանում, 9 մետրանոց երկաթե կլոր տնակում, ,,ցիստեռն,, տիպի:Չորս բոլորը սեփական կառույցներ են, 12 տարի առաջ կառուցված, տերերից մի քանիսն այդպես թողել-գնացել են արտերկիր, ոմանք մահացել են, մի քանի կառույցների վրա գրված է ,,վաճառվում է,,:ես մնացել եմ կղզիացած:Չունեմ ոչ կոյուղու, ոչ ջրային համակարգ/մի քանի տարի առաջ դրանցից զրկվեցի, երբ ներքեւի մի տարածք վաճառվեց/:7 տարի է, ջուրը բերում եմ 100մետր հեռավորությունից:Երկրաշարժից առաջ բնակվում էի Բանյո փողոցում:Ունեի լավ բնակարան, բայց աղետը քանդեց իմ շենքը/մեր շենքից 8 զոհ եղավ/:Ցավը նրանում է, որ առ այսօր ես ոչ մի օգնություն չստացա, նույնիսկ քանդված բնակարանիս ավանդը սառեցրին եւ չտվեցին:Ավարտել եմ Վոլգոգրադի տեխնիկումը եւ Մոսկվայի ինստիտուտը. աշխատել եմ քիմմանրաթելերի գործարանում՝ինժեներ:Երկրաշարժից հետո գործարանը փակվեց:Մնացի միայն  թոշակի հույսին:Անցած տարվա դեկտեմբերին իմ եւ մի քանի բնակիչների անունից օգնություն խնդրեցի Սեպուհ Չուլջյանից, որ գոնե վառելափայտ ունենանք կամ՝մարդասիրական օգնության որեւէ տեսակից օգտվենք, որ գոնե Նոր տարին սեղանը դատարկ չլինի, բայց արձագանք չեղավ:Հետո էլ ասում են՝,,Օգնիր, ձեռք մեկնիր  եղբորդ,,.բայց մեզ ոչ մի օգնություն չեղավ, չնայած՝շատ տեղեր գրվեց մեր անունից՝կոմպյուտերով եւ նամակով:Այսքանից հետո եկա այն եզրակացության, որ այդ բոլոր բարերարներն օգնում են միայն այն մարդկանց, ում ուզում են, ում հարմար են գտնում;

ՁԵԶ ԲԱՐԻ ՆՈՐ ՏԱՐԻ

/Պապիկյանի ստորագրությունն է նամակում/

-------------------------------------------------------------------------------------------------------------
Հ.Գ.,,բարերար,, Գեւորգը, ում մասին Պապիկյանը նշում է, Վանաձորի քաղաքապետարանի փաստահավաք խմբի աշխատանքները համակարգող երիտասարդ ակտիվիստ Գեւորգ Քոթանջյանն է, որ ամիսներ առաջ այցելել է թաղամաս, գրանցել բնակիչների խնդիրներն ու գնացել:Բայց՝մոտ 5 ընտանիք/Պապիկյանի հավաստմամբ/, այդպես էլ չեն ստացել Վանաձորի քաղաքապետարանի կողմից տնակների բնակիչներին տրվելիք վառելափայտը, եւ երեկվա դրությամբ՝Պապիկյանը ծանոթներից մեկի նվիրաբերած մի քանի հին ,,դեսպեների,, հույսին էր/ընդ որում՝ինքն էր հասել մի քանի կանգառ ներքեւ ու սայլաքարշակով բերել՝մեջքի ցավ ստանալով/, որ ջարդելու մտահոգություն ուներ եւ նաեւ մտահոգված էր, թե որքան կձգեն այդ ,,դեսպեները,,/:Եվ սա այն դեպքում, երբ տարեց թոշակառուի խնդիրը ոչ միայն քանիցս բարձրաձայնել ենք համացանցում, այլեւ՝անձամբ ենք գնացել քաղաքապետարան, եւ հավաստիացում ստացել Աշոտ Կարապետյանից, որ առաջիկայում անպայման կհատկացվի վառելափայտը:Բայց՝հետո տնակային ավանի բնակիչների ցուցակները Կարապետյանից վերցրել եւ հանձնել են մեկ այլ պաշտոնյայի, որին էլ 2 անգամ մեկ ուրիշ անձի կողմից է խնդրանք-հիշեցում արվել/մինչ այդ էլ՝անգամ՝Պապիկյանն ինքն է հասել քաղաքապետարան եւ պարզել, որ ցուցակն արդեմն Կարապետյանի մոտ չէ, եւ իրավասությունն էլ նրա ձեռքին չէ/:Այսքանից հետո ինչպե՞ս չասենք, որ բռնադատվածներն այսօր էլ են բռնադատված:Թերեւս, քաղաքապետարանին թվում է, թե մեկ տարի առաջ տված վառելափայտը դեռ ,,պարտավոր,, էր դիմանալ այնպես, ինչպես տնակային ավանների բնակիչներն են դիմանում այդ անմարդկային պայմաններում՝30 տարի:Միգուցե  Վանաձորի ՀՀԿ-ական իշխանությունները,,պատժու՞մ,, են Պապիկյանին, որ տարիներ առաջ եղել է երբեմնի ընդդիմադիր ,,ժառանգության,, ակտիվիստ-անդամ, 2008-ին էլ՝ՀԱԿ-ին է ձայն տվել, ինչի մասին վկայում են մամուլի արխիվները.իսկ այս խորհրդարանական ընտրություններին նախընտրեց ձայն տալ ,,Լուսավոր Հայաստանին,, եւ անգամ՝նախապես անթաքույց հայտարարեց այդ մասին:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն