Ուրեմն պարզվում է, պատգամավորները տեղյակ էլ չեն, թե ժողովուրդն ինչ հիմնախնդիրներ ունի, ու առաջարկություն հնչեց ամբիոնից, որ 4-ական հոգով ավտոներ նստեն, գնան ժողովրդի դուռը, որ իրենց հուշեն, թե ինչ օրենք կարելի է ստեղծել։Եթե ժողովրդի խնդիրներից անտեղյակ են, ինչի՞ են առաջադրվել ու ընտրվել, թող նրանք հայտնվեին խորհրդարանում, ովքեր լավ տեղեկացված են։Չնայած՝ժողովրդի դուռը պարբերաբար գնալն ու ,,ֆուխարայի հալով,, հետաքրքրվելն իրենց ուղիղ պարտականությունն է։Իսկ եթե ցանկանում են օրենքներ ընդունել, բայց չգիտեն, թե ի՞նչ ընդունեն, ապա սիրով կհուշենք․չնայած՝մի հարյուր անգամ գրել ենք այդ մասին բլոգում էլ, ֆեյսբուքում էլ։
1․Մի օրենք է պետք մշակել, որ եթե մարդը կենսաթոշակային տարիքին մոտ է, եւ ունի աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ, գրքույկ,նրան թոշակավորելու համար չպահանջեն էս ու էն լուծարված կամ թեկուզ՝չլուծարված հիմնարկների դռներն ընկնել, որ իրենց տեղեկանք տան, թե ինչքան մուծումներ են կատարվել իրենց համար՝կենսաթոշակային ֆոնդին։
2․Վերանայել ՀՀ-ում մարդկանց թոշակային տարիքի նվազագույն շեմը, որ նախկին 55-ից 1990-ականներին դարձրին 63-ը․անկախության ծանր ու դժվար տարիների ընթացքում մարդիկ հազարումի տառապանքներ են կրել, առողջություն քայքայել, աշխատունակությունից մասամբ ընկել, այդ մարդիկ ինչպե՞ս գոյատեւեն՝մինչեւ 63-ի ,,ձգելը․․առավել եւս՝հիմնարկների լուծարման ու աշխատատեղերի կրճատման պայմաններում։Հետեվաբար, անհրաժեշտ է թոշակի շեմն առնվազն 60-ի հասցնել կամ՝նախկին 55-ին բերել, որ ավագ սերունդն ստիպված չլինի երկրից հեռանալ ռուսաստան, որ գոնե կարողանա մինչեւ 60 տարին լրանալը թոշակավորվի։
3․Մի օրենք էլ պետք է, որ տնակային պայմաններում աշխատած անձանց ստաժը հավասարեցվի վտանգավոր պայմաններում աշխատածների կարգավիճակին․չէ՞ որ մինչեւ 2000թվերի սկիզբը, հատկապես աղետի գոտու հիմնարկներում՝ մարդիկ փայտի ու ածուխի ծուխումուր են կուլ տվել, առողջություն քայքայել, հիվանդություններ ձեռք բերել․․․
4․Մի օրենք էլ պետք է՝ԽՍՀՄ ավանդների վերադարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու, փոխհատուցման ինդեքսավորումը բարձրացնելու եւ բաշխման հստակ ժամկետներ տալու երաշխիքների մասին․եւ նկատի ունենալ, որ այդ ավանդները 30 տարի առաջ են դրվել, ու պետք է փոխհատուցվեն 30 տարվա տոկոսադրույքներով։
5․Մի օրենք էլ պետք է՝պետական հիմնակրների ղեկավարներին պարտադրել, որ իրենց հիմնարկներում առկա թափուր աշխատատեղերի մասին պարտադիր իրազեկեն հանրությանը՝մամուլի եւ հեռուստատեսության միջոցներով, ու դրա հսկողությունը հանձնարարվի սոցապ մարմիններին։
6․Օրենք այն մասին, որ եթե տվյալ համայնքի ղեկավարը, որ ընտրովի մարմին է, ու թերանում է պարտականություններում, կառավարությունն իրավունք ունենա ազատել պաշտոնից, ոչ թե՝մարդիկ հույսները դնեն, թե ավագանին պետք է այդ համայնքապետի հրաժարականը պահանջի․եթե տվյալ համայնքապետին իր ,,դրած,, ավագանին է բերել, նա այդ համայնքապետին անվստահություն կհայտնի՞։,,Պառավն իր թանին թթու կասի՞,,։
7․Մի օրենք՝լրատվական դաշտի մասին, որ լրագրողի թղակցությունն էլ համարվի աշխատանքային ստաժ․չէ՞ որ նրանց անունից հոնորարներ են դուրս գրվել, չի խանգարի, եթե այդ թվում՝համացանցային անկախ գործունեությունն էլ դիտարկվի որպես հասարակական աշխատանք, քաղաքացիական գործունեություն, եւ այդ տարիներն էլ ներառվեն աշխատանքային ստաժի մեջ․բա թե չէ էլ ինչի՞ համար ենք քաղաքացիական հասարակություն կոչվում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն