четверг, 23 февраля 2017 г.

Ջրի վա՞րձ, թե՞ ,,միայնակության հարկ,,

Երեկ, ցավոք, հաստատվեց կառավարության թե ՀԾԿՀ-ի կողմից որոշված այն անտրամաբանական ու անմարդկային որոշման թե ,,գաղտնի շրջաբերականի,, փաստը․շրջաբերական, որ ուղարկվել է մարզային ջրմուղ ցանցի տնօրինությանը՝ի գիտություն եւ ի տնօրինություն, ու դրա համարձայն՝ջրաչափ չտեղադրած բաժանորդների համար որպես ամսական կայուն վարձ է սահմանվում․․․5000դրամը․եթե բաժանորդը միայնակ է բնակվում/այսպես են հավաստել երեկ՝Լոռի-ջրմուղի բաժանորդներից մեկին, այս թիվը նաեւ հավաստեցին մեզ՝նախօրեին   ջրմուղի բաժանմունք այցելության ժամանակ․թեպետ միաժամանակ իրենք էլ էին զարմացել, որ այդ որոշումը հակասության մեջ է մեկ այլ որոշման հետ, ըստ որի ամսական սակագին է սահմանվում 1080 դրամը, որն, իբր, պաշտոնապես չի փոխվել/։Սա ,ամենայն իրավամբ, կարելի է ,,միայնակության հարկ,, համարել։Ահա թե ինչ է ստացվում, երբ ազգային ջրի տնտեսությունը հանձնվում է օտարերկրյա ընկերության․տվյալ դեպքում՝ֆրանսիական։

Մեզ զանգահարող քաղաքացին, որ բնակվում է Վանաձորի՝հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ Բանյո փողոցի վթարային շենքում՝70 տարի առաջ կառուցված ու վրայով մի երկրաշարժ անցած, քանիցս տեղեկացրել է ջրմուղի տեսուչին, որ իր բնակարանում ջրաչափ տեղադրելը հղի է վտանգավոր հետեւանքներով, որի արդյունքում շքամուտքի բոլոր բնակիչների ջրի ցուցմունքները կհայտնվեն իր ջրաչափի վրա, ու ,ըստ այդմ, ստիպված է եղել ըստ անձաքանակի մուծել՝ կայուն սակագնով, որն էլ պարբերաբար բարձրացվել է կառավարության կողմից ու հասել 1080 դրամի, եւ պարտքերի բեռ է գոյացրել մշտապես/այնպես, ինչպես շատ բաժանորդների պարագայում, որոնք տուժել են վերջին 10 տարում ջրի սակագնի պարբերական բարձրացումներից/։Պարտքերի ավելացմանը նպաստել է նաեւ այն, որ տարիներ առջ մահացած մոր մահվան փաստը տեսուչը չի արձանագրել բաժանորդային տվյալների մեջ, ու մահացածի անվամբ էլ է վարձ գրվել։Պատկերն ավելի տխուր է դարձել,  երբ պարզվել է, որ տեսուչին առձեռն վճարած գումարները երբեմն չեն մուտքագրվել։Ու հիմա նոր անակնկալ է մատուցվել, երբ փետրվարի 22-ին էլ ջրմուղի տեսուչը պահանջել է կամ ջրաչափ տեղադրել, կամ՝պայմանագիր կնքել ամսական 5000դրամ նոր սակագնով վճարելու պայմանով։ Ձմեռ օրով, սառույցներով, 60-ն անց կինը պետք է հասներ Դիմաց թաղամասի կորած-մոլորածներում, ,,սարի գլխին,, գտնվող ջրմուղի գրասենյակ, որ պարզաբաներ, թե ինչն ինչու եւ ինչից է/թեպետ՝ջրմուղի բաժանմունք կա նաեւ քաղաքի կենտրոնում, բայց որոշ հարցեր պետք է ճշտվեր մայր-գրասենյակի հետ/։

․․․Փաստորեն, ՀՀԿ ընտրարշավը Վանաձորում յուրօրինակ դրսեւորումներով է ընթանում․այստեղ 5000դրամ ոչ թե բաժանում են, այլ՝պահանջում, եթե ջրի բաժանորդը միայնակ է ապրում ու ջրաչափ չունի։Ջրային տնտեսությունը շահագործող ֆրանսիական ընկերությունը ՝ՀԾԿՀ-ի գործուն միջամտությամբ ու մեծ ախորժակով, անմարդկային ձեւաչափով՝սկսել է խոշոր մասշտաբի հարստահարումը՝ՀՀ շարքային անջրաչափ քաղաքացիների նկատմամբ․հաստատ՝ոչ ի շահ հայ-ֆրանսիական բարեկամության։Ուրեմն ,,կեցցե,, մեր կառավարությունն՝ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, որ սեփական երկրի բնակիչների վզին է փաթաթում օտարերկրյա շահագործողի կամայականություններն՝առանց որեւէ հայտարարության/ու դրա համար ահռելի աշխատավարձ է ստանում/։Ու վերոնշյալ նորամուծության մասին՝հունվարից գործողության մեջ դրված, որեւէ հեռուստաալիքով դեռ չենք լսել։Եթե 1 անձի համար որպես սակագին է սահմանվում 5000դրամը, ապա որքա՞ն կկազմի 2  անձերից բաղկացած ընտանիքի պարագայում,եթե նրանց հաշվի համարին գրանցված 2 ամսվա գումարն էլ կազմել է մոտ 5400դրամ։Այս առթիվ ջրմուղում չունեին բացատրություն եւ սպասողական վիճակում էին՝սպասելով կառավարական նոր ցուցումի․թեպետ՝հավասիացնում էին, որ նախկին 1080դրամ սակագինը չի փոխվել, պարզապես՝հաշիվներն են խառնվել՝նոր ընկերության տնօրինության տակ անցնելու արդյունքում։Բայց մի աշխատակցի կցկտուր տեղեկատվությունից հասկացվեց, որ ,,բիրիքով,, էժան են հաշվում ,,վերեւում,,;Ինչպե՞ս հասկանալ այս թնջուկը․միգուցե հայրենի կառավարողներն իրենց թանկագին ժամանակից ու բիզնեսի ու ներդրումների շուրջ անվերջ ծամվող թեմաներից մի փոքր շեղվե՞ն՝ պարզելու, թե ինչ ,,խաշիլ-փլավ,, է ստեղծվել ջրային տնտեսությունում եւ հարցը կարգավորեն՝հօգուտ մի քիչ էլ բնակիչների։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ



среда, 22 февраля 2017 г.

Որքա՞ն կարելի է կեղեքել օրինավոր քաղաքացուն ու մղել անօրինական գործողությունների ու քաղաքացիական անհնազանդության

Վթարային շենքերի բնակարանների մի մասում ջրաչափի տեղադրումը տեխնիկապես անհնար է ու վտանգավոր հետեւանքներով լի, իսկ կառավարողները 1080դրամ արդեն իսկ բարձր սակագնով, անջրաչափ վարձ մուծողների բեռն էլ ավելի են մեծացրել հունվար ամսից՝վարձաչափի նոր բարձրացումով, առանց հայտարարության

Փետրվարի 21-ին տհաճ անակնկալ մատուցվեց․ երբ պարզեցի, որ դեկտեմբեր եւ հունվար ամիսների ջրի վարձի ընդհանուր գումարի մեջ նոր, անկապ հավելյալ գումար է հայտնվել՝1000դրամի չափով։Նախ, որպես օրինավոր բաժանորդ, մուծեցի հասանելիք եւ իրավաբանորեն ճիշտ գումարը՝դեկտեմբերի համար, հետո փորձեցի բացատրություն ստանալ՝այցելելով Լոռի-ջրմուղ կոյուղու տարածքային գրասենյակ,Վանաձորի Հայքի հրապարակում գտնվող, որտեղ վերջին անգամ 3 տարի առաջ էի եղել,քանի որ 3 տարում որևեւէ խնդիր չէր առաջացել։Հարցիս, թե արդյո՞ք փոխվել է անձաքանակով մուծումներ կատարողների համար սահմանված վարձի չափը/նախատեսված ջրաչափ չտեղադրածների համար/, պարզաբանվեց, որ 1080դրամ անձահաշվարկը չի փոխվել/որի համար, ի դեպ, անդորրագրերի վրա գրվում է 12,4 խ/մ/։Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու՞ է հավելագրում կատարվել հաշվեհամարին, այդ առթիվ պատճառաբանեցին, որ կառավարության որոշմամբ Լոռի-ջրմուղը հանձնվել է ֆրանսիական ընկերությանը եւ առկա փոփոխությունները՝կապված վարձերի հետ, իրենք չեն կարող մեկնաբանել եւ խորհուրդ տվեցին գրավոր դիմել ըստ պատկանելույն։Անգամ դույզն ինչ ցանկություն չցուցաբերվեց ուսումնասիրել ներկայացվող անդորրագիրը եւ փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, այլ միայն՝հասցեն հարցրեց տարածքային ներկայացուցիչը,բայց՝առանց մոտը գրանցելու։

,,Ես բացատրություն չունեմ, ջրմուղը տվել են նոր ընկերության, Հանրային ծառայությունները հաստատող հանձնաժողովն էլ նոր որոշում է ուղարկել,,-պարզաբանեց իմ զրուցակիցը, խոստովանելով, որ մի որոշումը հակասում է մեկ այլ որոշման, ու այդ առթիվ արդեն 5 քաղաքացի բողոքով դիմել է իրենց/բա քանիսն էլ կարող է դժգոհ են, բայց հնարավորություն ու նյարդեր չունեն ձմեռ օրով ջրմուղ հասնել ու նյարդեր քայքայել-Գ․Հ․/։Որեւէ արդյունք չտվեց նաեւ իմ այն դիտարկումը, որ կա օրինական պայմանագիր եւ ըստ այդմ էլ տարիներ շարունակ մուծումներ են կատարվել մեր կողմից՝կայուն սակագնով, եւ ի՞նչ հիմքով է այն ,,դե ֆակտո,, փոխվել․պատասխանը նույնն էր․,,Ես բացատրություն չունեմ, դիմեք գրավոր, դուք իրավունք ունեք ձեր իրավունքները պաշտպանելու,,։Ըստ այդ, ստիպված եղանք ձեռնամուխ լինել գրավոր կարգով եւ մեր, եւ մեր նման այլոց իրավունքների պաշտպանությանը։Իսկ այժմ հարց՝կառավարությանը եւ ՀԾԿՀ-ին․ուրեմն քիչ է, որ վթարային շենքերում ապրող բնակիչը տեխնիկապես հնարավորություն չունի ջրաչափ տեղադրել/էլ չենք խոսում գազամատարակարման տեխնիկական անհնարինության մասին/, քանի որ դա իր հետ կբերի մի շարք լրացուցիչ ծախսեր/, քիչ է, որ այդ բնակիչներն ամեն ամիս կանոնավոր մուծում են ավելի շատ, քան՝ջրաչափ տեղադրածները/որոնց մի մասը տարիներ առաջ բաժանվել են որպես ընտրակաշառք/, քիչ է, որ մուծում են արդեն իսկ բարձր սակագնով՝1080դրամ անձաքանակով/այսինքն՝4 անձից բաղկացած ընտանիքը, եթե չի ցանկանում ,,ջրի մարդու,, հետ ստվերային համաձայնության գալ ու ամեն ամիս 1000դրամով ,,պրծնել,, ստիպված է մուծել մոտ 4400դրամ․օրինակի համար/։Տուժում է ո՞վ՝օրինավոր քաղաքացին, իսկ անօրինական մուծումներ անողն էլ հայտնվում է քաղաքական պատանդի կարգավիճակում։Սա ավանակի բեռի հայտնի պատմությունն է․ինչքան բեռն ավելացնում են, այնքան ավելի արագ է վազում, ըստ այդմ, հայրենի կառավարողները որոշել են էլ ավելի ,,,վազեցնել,, ժողովրդին/ում վաղուց ի վեր հայտնի կենդանու տեղ են դրել/, ու ամսական 1000դրամի ,,քցում,, անել․12,4 խ/մ կայուն ծախսաչափը հունվարից դարձնելով․․․30խ/մ, ինչը պարզեցի նախորդ եւ ներկա ամիսների անդորրագրերի ուսումնասիրությունից։Ով դիմացավ՝դիմացավ, գլուխը կախ կմուծի կամ պարտքեր կկուտակի, ով չդիմացավ՝Աստված նրա հետ, կամ ո՞վ պետք է զահլա դնի ձմեռ օրով հասնի կենտրոնական գրասենյակ՝,,սարի գլուխ,, ու փորձի պարզել, թե ինչն ինչոց է, կամ որ դիմեցին՝ի՞նչ են պարզելու․կասեն՝,,կառավարությունն է որոշել, մենք ի՞նչ մեղք ունենք,,։Սա արդեն լուրջ ազգային սպառնալիք է, ջուրը տվել են օտարին, որ մեր սեփական երկրում մեզ հարստահարի՝ՀԾԿՀ—ի ,,հանցավոր անտարբերության,, պայմաններու՞մ։Ի՞նչ է նշանակում երկուսուկես անգամ ավելացնել ջրի վարձը՝անջրաչափ մուծողների համար։Ձմեռ օրով խիղճները լրիվ է՞ ցուրտը տարել։Իբր մարդիկ մյուս թանկ ծառայությունների տակից շատ են կարողանում դուրս գալ, մի հատ էլ ջուրն ե՞ն սարքում ,,պապի գին,,։Ի՞նչ է, չգիտե՞ն, որ սակագնով մուծում են ջրաչափ չունեցողները։Խորհրդարանական ընտրությունների շեմին փոխանակ սոցիալապես նեղված ժողովրդի զայրույթը փորձեն նվազագույնի հասցնել, ավելի են հասցնում գագաթնակետին՝հրահրելով քաղաքացիական անհնազանդության։Չէ՞ որ մարդկային համբերությունն անսահման չէ, ու մի օր էլ անհնազանդության ու վարձ չմուծելու կոչերը կհաճախակիանան, ,,Սասնա ծռերի,, թիվն էլ կմեծանա՝ի հաշիվ սոցիալապես կեղեքվող բնակչության։Եւ եթե ժողովուրդը մի օր որոշի համախմբված վարձ չմուծել, ինչպե՞ս են բյուջե լցնելու, երկիր ու բանակ պահելու։

․․․Ենթադրվում է, թե բանակի ֆոնդի օգտին գանձվող գումարները որոշել են տարածեն նաեւ ջրի բաժանորդների հաշվեհամարին, ու 1000-ական դրամ էլ ջրի բաժանորդներից են փորձում գանձել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


четверг, 2 февраля 2017 г.

Եվ եղան ժամանակներ

Եվ եղան ժամանակներ,երբ իշխանության մայր-գետից պոկվեցին մի քանի առվակներ, որոնց միացան նաեւ մի քանի ցեխաջրեր ու ճահճաջրեր, ու այդ ճահճաջրերում կռկռացող գորտեր ու ջրասամույրներ, իսկ ընդդիմությունն այդ ժամանակ օվկիանոսն էր կտրում-անցնում՝հասնելով սփյուռքահայության մայրաքաղաք։

31․01․2017թ․                                        

                           ԱԼԱԴԻ՜ն․․․

Եվ եղան ժամանակներ, երբ խորհրդարանական ընտրությունների շեմին տարբեր կուսակցություններ սկսում էին համոզել ժողովրդին, որ Ալադինի կախարդական սափորն իրենց ձեռքերումն է,  եւ բավական է միայն շփել այն, ու Ջինը դուրս կգա սափորի միջից ու կկատարի իրենց բոլոր ցանկությունները։Բայց իրականում սափորը գտնվում էր հանրապետականների ձեռքերում եւ վերջիններս անընդհատ աշխատեցնում էին Ջինին՝յուրյանց անձնական բարեկեցության նպատակով ու փոխանցիկ դրոշի նման ամեն անգամ սափորը զմիմեանս էին հանձնում։Եվ թեպետ Ջինն արդեն հոգնել էր նրանց համար տաժանակիր աշխատելուց, ու երբեմն չցանկանալով ենթարկվել նրանց հրահանգին՝ասում էր ,,Նե սլուշայուս ի նե պովինույուս,,  այդուհանդերձ՝Հանրապետականները Ջինի ականջներից բռնելով՝անընդհատ ստիպում էին յուրյանց համար աշխատել ու բարիքներ ստեղծել,անհնազանդության օրերի համար տուգանքներ էին գանձում Ջինից եւ անգամ՝անզավակության ամենամյա հարկ, հինգ տոկոս կուտակային-կենսաթոշակային եւ ամեն ամիս 1000դրամ՝բանակի ֆոնդին։Իսկ միամիտ ժողովուրդը, որին մի ժամանակ Ալադին էին ասում, եւ ով ասես՝խաբում էր՝հարազատ հորեղբայր ձեւանալով,շարունակում էր հավատալ բոլորին, ,,ազատ ու արդար,, ընտրությունների միֆին ու գնում էր ընտրությունների ու նորից էր խաբվում։

16․01․2017թ․

------------------------------------------------

         ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Եվ եղան ժամանակներ, երբ շաքարավազ վաճառող օլիգարխիան սկսեց հարստահարել ժողովրդին՝անասելի չափերով հարստանալով ու դրա շնորհիվ յուր ցեղի անդամների թիվը բազմապատկելով ու նրանց համար բարեկեցիկ ներկա ու լուսապայծառ ապագա ապահովելով։Բայց նրա ձեռքը բռնող չկար, քանզի բռնող ձեռքերն զբաղված էին հույժ կարեւոր գործով․ձեռքը ձեռք էր լվանում, երկու ձեռքը՝մի երես։

24․11․2016թ․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 10 января 2017 г.

Բա դրանց չեն սովորեցրե՞լ, որ ,,պակուպածել վսեգդա պռավ,,

Մի նորմալ սուպերմարկետ էր հայտնվել՝արտասահմանյան չափանիշներով, կուլտուրական սպասարկումով, կամավոր կարգով չեկի տրամադրումով ու իրեն-իրեն բացվող-փակվող դռներով՝էն էլ փակվեց․ինչ տարին սկսվել է՝փակ է։Հիմա թե նրանից է, որ մրցակից դաշտին խանգարում էր, թե հարկային պարտավորությունները չէր կատարում՝ու դրա համար էին ապրանքներն էժան․․․Այս մտմտուքների մեջ ուղեվորվեցի մեկ այլ խանութ՝մեկ էլ տեսնեմ ներսում աղմուկ-աղաղակ է,գնորդ ու վաճառող փոխադարձ ամոթանքներ են տալիս , ու ամենաբարձր լսվում է միջին տարիքի վաճառողուհու ձայնը՝ուղղված մուշտակի մեջ փաթաթված,գլուխը պինդ կապած,միջին տարիքի մի կնոջ․,,Դու հլա սուս, դու մի խոսա, դու հենց նոր մտար, ինչի՞ ես խառնվում,,։Կինն էլ հանգիստ տոնով թե՝,,Շատ էլ լավ եմ անում, ես էլ իրավունք ունեմ խառնվեմ, ուրիշներն էլ, բա էն տարիքով կնոջ հետ չեք ամաչու՞մ, էդ ո՞նց էիք խոսում,մենք բոլորս էլ պետք է նման երեւույթները թույլ չտանք,,։/,,մալադեց,, քաղաքացիական հասարակություն․գյուղ կանգնի՝գերան կկոտրի-Գ․Հ․/։Հետո խանութի տիրուհին եկավ ու միջամտեց, վաճառողին էլ սաստեց,բայց վերջինս շարունակում էր լուտանքներ տեղալ կնոջ հասցեին, որ անօգնական շուրջը նայելով՝ասաց․,,Ափսոս, մի նկարող չկա, որ նկարի, թե ոնց են վարվում հաճախորդի հետ,,։Ո՞նց պիտի վարվեն․այնպես, ինչպես դասատուն՝վատ սովորող աշակերտի հետ/օգտվելով հավանաբար այն հանգամանքից, որ ,,մրցակից,, դաշտում չկան այն ապրանքները կամ այն գները, որ իրենց մոտ են․կամ՝իմացել են, որ մի ,,մրցակից,, անհետացել է ասպարեզից/։Իսկ ,,ռազբորկայի,, վերջում վաճառողն ամենաանտաշ ձեւով նետեց կնոջ հասցեին՝երբ վերջինս ակնարկեց ,,մի նկարող լինելու,, մասին․,,Էս դու ոնց որ շատ երկարացրիր հա՞,,։Չի բացառվում, որ եթե ուշ երեկոյան ժամ լիներ՝դրսում ծեծել տար կնոջը։Այ սա արդեն ,,բարձրակարգ սպասարկում,, է։Բա դրանց չեն սովորեցրե՞լ ,,հին, բարի ժամանակների,, կարգախոսը․,,Պակուպածել վսեգդա պռավ,,․այն է՝գնորդը միշտ իրավացի է։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Ձմեռային Վանաձոր

Երեկ,Վանաձորի Տիգրան Մեծ/Խորենացի խաչմերուկում՝Հայքի հրապարակին կից, մի տարեց տղամարդ՝գլխաբաց, որ մի կնոջ հետ փողոցն էր պատրաստվում հատել, հենց անցումի սկզբում՝մայթեզրին, անսպասելի սայթաքեց ու մեջքի վրա ընկավ,բայց՝բարեբախտաբար ինքնուրույն ոտքի կանգնեց, իսկ նրա տարեց ուղեկցուհին, որ անհանգստացած ասաց՝,,Հո գլխիդ բա՞ն չեղավ,, բջջային հեռախոսով բղավեց․,,Ըհը, ինքն ինձ ասում էր զգույշ քայլի, բայց ինքը վեր ընկավ,,։

Մի փոքր անց՝Խորենացու փողոցի վրա մի ռուս տարեց կին՝հաղթանդամ ու կարմրաթուշ, դիմելով ինձ՝խնդրեց, որ թեւս մտնի, որ հանկարծ չընկնի։Ցավոք, վստահ չէի, թե այդ հաղթանդամ կինը, որ իմ թեւից կախվի՝երկուսով չենք գետնատարած փռվելու սառցաջրերի վրա, ու երկմտանքս պարզ հայտնեցի․բարեբախտաբար՝մի երիտասարդ աղջիկ վստահաբար թեւը տրամադրեց այդ կնոջն ու մի 10 քայլ անցկացրեց վտանգավոր հատվածով,որի առթիվ առատ օրհնանքների ու ամանորյա շնորհավորանքների արժանացավ/արժեր, արժեր/․բայց թե հետո ինչպես էր կինը ճանապարհը շարունակելու՝դժվար է ասել․իսկ օրն իրիկնանում էր ու ձնաջրերն սկսում էին սառույցի վերածվել։

Իսկ մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկը հայտնեց, որ ինչ տարին սկսվել է, արդեն 2 անգամ սայթաքել-ընկել է․մեկ՝թիվ մեկ համաբուժարանի մոտ, մեկ էլ՝ եկեղեցուց վերադառնալիս։,,Չնայած թեւս ընկած մարդ կար, բայց երկուսով վեր ընկանք,,-հայտնեց իմ զրուցակցուհին, որ տարեց թոշակառու է։

-------------------------------------------------

               ,,Ալարըմ են մի բան շաղ տան 

Վանաձորի Շիրվանզադե/Լուսավորիչ խաչմերուկում, բացօթյա առեւտրի վայրի մոտակայքում, մի կին, գնումների հսկայական տոպրակը ձեռքին, չկարողանալով հավասարակշռությունը պահել՝ամբողջ մարմնով գետնատարած փռվեց սառույցի վրա։Վերջինիս երիտասարդ դուստրը վախից ու շփոթմունքից չգիտեր, թե ինչպես օգներ մորը, որ ինքն էլ նրա կողքին չընկներ, ու հուսահատ՝,,մամ ջան, մամ ջան,, էր բղավում։Ի վերջո կնոջը բարձրացրին գետնից, իսկ այդտեղ գտնվող առեւտրականներին այլ ելք չէր մնում, քան՝կրակել տեղական իշխանությունների հասցեին՝,,Ալարըմ են մի բան շաղ տան,,։

28․12․2016թ․

---------------------------------------------

Անճյուղ ,բաբարոսաբար հատված ծառերն աթոռ չունեին՝ձյանն առաջարկելու համար

26 դեկտեմբերի,Վանաձոր,նախորդ օրվանից քաղաքին հյուր եկած ձյունը՝հպարտ ու արժանապատիվ կեցվածքով,սպասված ընդունելության չարժանացավ ծառերի կողմից, քանի որ ձմեռնամուտին, տեղական նորընտիր իշխանությունների հրահանգով ու կոմունալնիկների ,,թեթեւ,, ձեռքով անգթաբար խեղված/,,էտի,, անվան տակ/ծառերն ակամա հայտնվել էին անհյուրընկալ տանտիրոջ կարգավիճակում․աթոռ չունեին, որ առաջարկեին հյուրին, որովհետեւ զրկվել էին աթոռ-ճյուղերից։Այսպիսով, քաղաքը ոչ միայն ժամանակից շուտ զրկվեց աշնան գեղեցկությունից՝դաժան ծառահատումների պատճառով/որի անունն ,,էտ,, էին դրել/,այլեւ՝ձմռան գեղեցկությունից։Հիմա եթե դպրոցներում երեխաներին առաջարկեն ձմեռային ծառ նկարել՝երկարավուն կոճղ է ստացվելու կամ՝2 մատից զրկված ձեռք՝քվեարկելու համար վեր պարզված․եւ կամ՝լատինական V տառ։Դրա հետեւանքով, գետնի վրա ձյան ավելի հաստ շերտեր են գոյանում, քան՝կարող էին լինել։Ցավոք, որեւէ բնապահպան կառույց կամ հ/կ որեւէ դատապարտող խոսք չհնչեցրեց այդ բարբարոսության առթիվ,մինչդեռ մեռյալներն անգամ երազների միջոցով հանդերձյալ աշխարհից զայրացած ուղերձներ են սկսել հղել։

26․2016թ․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 5 января 2017 г.

Ամանորյա շքահանդես-2017

                                    Տոնական ֆելիետոն

Հրապարակ են մտնում մի քանի անգամ դիմափոխված կուսակցությունները՝,,Մեր թշնամին մեր սկզբունքներն են,, եւ ,,Մեր խոսքը գործ չէ,, կարգախոսերով։

,,Բոլոնյա,, տիպի սովետական շրջանի անձրեանոցներով տրիբունայի առջեւով անցնում են բոլոնիական 12-ամյա կրթության կողմնակիցները․նրանք հպարտ են, որ ԱԺ երրորդ ընթերցմամբ ընդունվել է օրենք՝հայեցի կրթությունը ,,հայ էծի կռտություն,, վերանվանելու մասին։

Տրիբունայի առջեւով անցնում եւ Ձմեռ պապին ու Ձյունանուշին ողջունում են Լեզվի տեսչության աշխատողները, որոնց գործուն միջամտությամբ ԱԺ առաջին ընթերցմամբ վավերացվել է Լեզվի տեսչությունը ,,Լեզվի չտեսնություն,, վերանվանելու մասին օրենքը, ուստի իրենց գլխավերեում բարձր պահած տանում են ,,Չենք տեսնում, չենք լսում լեզվական աղավաղումները,, կարգախոսով ցուցապաստառը։

Հրապարակ են մտնում սոցապ նախարարության աշխատողները՝,,Կա ոչ, կա ոչ այ, ոչուփուչ, բյուջեում փող չկա,, ցուցապաստառով, որն ուղղված ՝է ԽՍՀՄ բանկերից ,,քցված,, ավանդատուներին։

Անցնում են ՏՄՊՊՀ զրահապատ ավտոշարասյուները՝ սուրճի, բանանի ու պարարտանյութի խորհրդանշական պարկերով ու ,,Ոշ մեկ չի կարա պլստա մեր աշկից ու գին քցի,, եւ ,,Ձեռքերդ հեռու շաքարավազի մոնոպոլիայից,, կարգախոսերով։

Կուռ, միասնական շարքերով անցնում են Կիսաբաց լուսամուտներ,, աղանդի հետեւորդները՝գլխավերեւում բարձր պահած իրենց հոգեւոր առաջնորդ Հրաչի մեծադիր լուսանկարը․նրանք մտադիր են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Շքերթը եզրափակում են ,,Երիտասարդ շմայսականներ,, եւ ,,փոքրիկ Շմայսիկ,, ջոկատները․նրանք ցնծում են, որ ,,Շմայս,, հրատարակչությունը լույս է ընծայել ,,Արդի հայհոյախոսական հայերենի ձեռնարկ,, որ կբաժանվի բոլոր ուսումնական հաստատություններին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


четверг, 29 декабря 2016 г.

Նախատոնական Վանաձոր-2016

Էն որ ,,Կարգին սերիալի,, Հայկոն ,,ջահել վախտը,,՝20 տարի առաջ ,,Մեր բակը,, սերիալում ,,լավ տղու,, դեր էր տանում ու երգի մեջ ասում՝,,տանում ա՜․․․մասսային տանում ա՜․․․,,․այ էդ կարգի ,,,,մասսային տանում ա,, վիճակ է Վանաձորում՝անգամ ցրտաշունչ ձմռան ու մերկասառույցի պայմաններում․մինչեւ երեկոյան ժամը 5-ը՝կեսօրից սկսած՝խանութներում ու առեւտրի կետերում հերթեր, հրմշտոց, իրար ուսով խփելով ու իրար հրելով անցնում են․․․,,Տորթի բաժին էսօր չեմ կարա մտնեմ,,-հեռախոսով մոր թե սկեսուրի առջեւ արդարանում էր երիտասարդ մի կին․հերթեր են ոչ միայն մթերքի, այլեւ՝հուշանվերների խանութում․․․

․․․Ամեն ինչ վաճառվում է, բացի՝մարդկային խղճից, որ տոնածառի տեղ կախված է երկնքից ու վրան գրված՝,,Չի վաճառվում,,․․․

Խանութներում վաճառքի ենթակա ինչ գտել են ,,շյուստրիները,,՝տարել  դրել են փողոցում վերավաճառում են՝գնից բարձր եւ շատ ավելի բարձր գներով, քան՝նույն ապրանքը վաճառվում է խանութներում․սկսած՝հայրենական արտադրության ֆիրմային մսամթերքից, վերջացրած՝խանութում 1300-1400դրամով վաճառվող ,,արախիսից,, որ հայտնվել է որոշ բացօթյա կետերում 2000-2100դրամով/հույսները դրել են գնորդների շտապողականության վրա/։Արական սեռի բնակչության մի պատկառելի հատված՝երիտասարդ ու միջին տարիքի, որ մի 30 տարի առաջ գործարաններում դազգահների մոտ կանգնած կլիներ, հիմա հարկադրված են մանր առեւտրով զբաղվել՝փողոցում պատերի տակ կանգնած՝լոշ, չուչխել խոզի ու տավարի միս, Սեւանի ձուկ ու կանաչեղեն վաճառելով։Ավելի երիտասարդները տոնական հրավառության պարագաների՝,,բոմբերի,, առեւտուր են անում՝բղավելով․,,Լավ բոմբերը ում ենք տալի՜ս․․․վերջին բոմբերը՜․․․,,։Ու ծխախոտը բերանին միս, լոշ կամ  հրուշակեղեն վաճառողների պակաս չկա․ի՜նչ սննդի անվտանգություն, ի՜նչ կուլտուրա․․․սանիտարահիգիենիկ միակ երաշխավորը ցուրտ ու սառը հոսանքն է, որ կանխարգելում է ճանճերի հնարավոր մոտեցումը/մխիթարվենք դրանով/։

․․Բրազիլական խոզի միսն ամիսներ առաջ ,,քշեցին,, ասպարեզից/թերեւս՝ռուսական խոզի մսի եվրասիական շահերից ելնելով/, ու դրանից հետո ռուսական խոզի մսի գինը 1300-ից հասավ 1700դրամի․համեստորեն տեղ թողնելով տեղական խոզերի համար, որոնք էլ չարաշահելով իրենց դիրքը՝շարունակում են ,,խոզային,, վերաբերմունք դրսեւորել՝2300-3000դրամից չիջնելով։

Ծաղկում է նաեւ խմորեղենի բիզնեսը․եթե մեկ շաբաթ առաջ որոշ խմորեղեններ կիլոգրամով էին վաճառում, ապա հիմա դարձրել են հատավաճառ, որ ավելի թանկ է արժենում գնորդների վրա։Եթե մեկ շաբաթ առաջ 10 հատ լոշը 400-500դրամ էր, ապա այժմ որոշ կետերում 5 լոշն արժե 400 կամ 500 դրամ։

Ի տարբերություն մայրաքաղաքային գների, Վանաձորում ցիտրուսային մրգերն ու բանանը համեմատաբար էժան են, բայց այ՝ անանասը, ինչպես գնորդին հայտնեց մի վաճառող՝,,ընդամենը,, 3000դրամ։Նմանապես ընկույզը՝,,ընդամենը,,5000դրամ։Պատկառելի գին են դրել անգամ սեւացած ընկույզին․3500-4000դրամ․առանց խղճի դույզն ինչ խայթի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎԵՓՅԱՆ