среда, 7 марта 2018 г.

,,Վեոլիայից,, տուժածները դատարանում՝,,պատասխանողի,, դերում

                            ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Այսօր,մարտի 7-ին,Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ ,,Վեոլիա,, ՓԲԸ-ի հայցերով մի շարք դատական գործերի քննություն, որոնցից մեկով մասնակցում էի որպես ,,պատասխանող,,։Քանի որ նիստն ինչ-ինչ հանգամանքների պատճառով ուշանում էր, ուստի ,,Վեոլիայի,, գործով նիստերի դահլիճում գտնվող մարդկանց 5 հոգանոց  խումբը ,,մինի-միտինգ,, արեց՝մտքերի փոխանակմամբ եւ ,,դարդերի կիսմամբ,,։Առաջարկեցի ստեղծել ,,Վեոլիայից,, տուժածների միություն․առաջարկս ընդունվեց միաձայն՝խմբի կողմից։Այլ կերպ՝նիստի մասնակիցներն իրենց զգում էին այնպես, ինչպես դասարանը՝մինչեւ դասղեկի ժամանելը։

Մինչ դատավորի ժամանելը, երբ խրոխտ քայլերով ուղեւորվեցի զբաղեցնելու ,,պատասխանողի,, համար նախատեսված տեղը, ,,Վեոլիայի,, ներկայացուցիչը քաղաքավարությամբ հայտնեց, որ իմ դեմ հայցով գործի քննությունը դեռ չի սկսվել, եւ առայժմ մյուս պատասխանողների հերթն է։Իսկ մյուսներից ներկա էր միայն մեկը/ով ավելի ուշ պարզվեց՝պատասխանող Սուսաննա Ճաղարյանն էր, որ մինչ նիստի սկսվելը ,,Վեոլիայից բողոքելով՝ասաց․,,3 ամիս ա ներվերիս վրա պար են գալիս,,/, իսկ երբ ես պատրաստվեցի ,,պատասխանողի,, տեղն զբաղեցնել՝ասաց․,,Էդ իմ տեղն ա․պատասխանողը ես եմ,,/Մի խոսքով՝ջերմ, կոլորիտային մթնոլորտ էր եւ ,,պատասխանողի,, տեղի համար ,,կռիվ,, էր գնում, որովհետեւ ամեն մեկն շտապում էր իր ճիշտը հասցնել դատարանին/։,,Ամեն ինչ անում են, որ մարդիկ զզվեն-գնան երկրից,,-սա էլ Ճաղարյանի դուստրը նկատեց՝խոր վշտով։ 

Դատավորի ժամանելուց հետո սկսվեց գործերի հաջորդաբար քննությունը՝պատասխանողների բացակայության պայմաններում/ինչը օրենքի թույլատրելիության սահմաններում է/։Արագացված քննություն էր ընթանում եւ բացատրվում, թե ինչու են կարճվում այս կամ այն գործերը․մի մասը՝հայցվորի եւ պատասխանողի միջեւ փոխհամաձայնություն գալու արդյունքում, քանի որ այդ գործերով ,,Վեոլիան,, հայցերը ետ էր վերցրել։Մի քանիսի նկատմամբ արձակվելիք վճիռների կայացման օրը տեղեկացվեց։

Հերթը հասավ Սուսաննա Ճաղարյանին, որ փաստաթղթերով ու ջրի վարձի մուծման անդորրագրերով զինված՝մոտեցավ պատասխանողի սեղանին։Մինչ այդ՝ընդհանուր զրույցում նա հասցրեց մեզ տեղեկացնել, որ իր նկատմամբ հանիրավի բռնագանձման հայց են ներկայացրել․․․250հազար դրամ գումարի պահանջով, մինչդեռ ինքը պարտաճանաչորեն մուծել է գումարները՝ջրաչափի ցուցմունքի համաձայն․,,Ասին ջրաչափի տվյալները խառնած են եղել, մեկի տվյալը մեկի վրա են գրել,,-նրա այս բացատրությունը՝մինչ դատական նիստի սկսվելը, ուղղակի ապշեցուցիչ էր։Իսկ դատարանին նա հայտնեց, որ այդ աղաղակող ապօրինության մասին ինքը ստիպված է եղել դիմել Լոռու մարզի դատախազություն, որտեղից էլ ուղղորդել են ոստիկանություն՝հարցը քննարկման ուղարկելով։,,Բա հետո ոստիկանությունում ի՞նչ ասեցին,,-հարցրեց դատավորը։,,Ի՞նչ պիտի ասեին, ասին հաշվապահը շփոթվել ա,,-պատասխանեց ճաղարյան-պատասխանողը, որ, փաստորեն, տուժող էր, բայց՝,,պատասխանողի,, դերում։,,Վեոլիայի,, ներկայացուցիչ իրավաբանը հավաստեց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, եւ պարտքի վերահաշվարկի արդյունքում Ճաղարյանի ,,պարտքը,, կազմում է 4100դրամ։,,Ի՞նչ պարտք,ես ոչ մի դրամ, ոչ մի լումա պարտք չեմ, 3600դրամ էլ ավել եմ մուծել,,-զայրացած սկսեց փաստաթղթերը թափահարել Ճաղարյանը։Հայտարարվեց ընդմիջում՝մինչեւ ապրիլի 3-ը, որպեսզի կողմերը կարողանան փոխհամաձայնության գալ։Իսկ մինչեւ դատական նիստի սկսվելը Ճաղարյանը վրդովված հռետորական հարցադրում արեց․,,Հիմի որ ես ,,Վեոլիայից,, բարոյական վնասի փոխհատուցում պահանջեմ, սխալ կանե՞մ,ասեմ 150հազար դրամ վնասի հատուցում եմ պահանջում, դե բեր տուր ինձ,,։Իր միտինգային ելույթում /մինչ նիստի սկսվելը/, նա նաեւ մեկ այլ հռետորական հարցադրում արեց, թե արդյո՞ք ջրմուղի ղեկավարությունը տեղը-տեղին մուծումներ է կատարում՝ըստ ջրաչափի ցուցմունքի, եւ արդյո՞ք այս ոլորտում ստուգումներ լինում են։

Ճաղարյանի դեմ հայցի քննությունից հետո հերթը հասավ ինձ՝որպես ,,պատասխանող,,։Հիշեցնեմ, որ ,,Վեոլիան,, իմ դեմ արհեստական ուռճացված ,,պարտք,, է ,,սարքել,,՝հաշվարկելով 2017թ․հունվարից ՀԾԿՀ-ի հետ ,,դավադիր,, համաձայնությամբ եւ առանց հանրային լսումների հաստատած նոր սակագնով՝5400դրամ/անջրաչափ բաժանորդների համար նախատեսված/, 8 ամսվա կտրվածքով 32200դրամ գումար գոյացրել ու որպես ,,բռնագանձման ենթակա,, գումար՝1500դրամ պետտուրքն էլ հետը,մտցրել դատարան, իսկ ընթացքում էլ շարունակում է այդ առասպելական ու չհիմնավորված/թե ինչու է նախկին 12խ/մ խողովակի ծախսը դարձել 30խ/մ/ սակագնով նոր գումարներ  ավելացնել մեր ընտանեկան ջրի վարձի հաշվեհամարին։Եվ, քանի որ ,,Վեոլիայի,, դեմ ինքս էլ հակընդդեմ հայց եմ ներկայացրել, ուստի դատավորը տեղեկացրեց, որ իմ հակընդդեմ հայցը դատարանը ետ է վերադարձնում ինձ/արդեն ուղարկել է փոստով/, որպեսզի հնարավորություն տրվի ետ ստանալու դեպքում 3-օրյա ժամկետում համապատասխանեցնել օրենքով նախատեսված չափանիշներին։Այնուհետ հետաքրքրվեց, թե արդյո՞ք որեւէ ասելիք չունեմ․ պատասխանեցի, որ օրերս էլեկտրոնային փոստով դիմել եմ Հասարակական պաշտպանների միությանը՝ջրի վարձի նոր,5400դրամ սակագինը բողոքարկելու /եւ ,,Վեոլիայի,, հետ կապված այլ դժգոհությունների առնչվող/հարցով եւ պատասխան եմ ստացել, որ խնդիրը ներկայացվել է այդ որոշումը հաստատած ՀԾԿՀ-ին․բայց քանի որ էլեկտրոնային փոստի գրագրությունը չեմ կարող դատարանին որպես պաշտոնական պատասխան ներկայացնել, ուստի այդ առթիվ գրավոր վկայություններ չունեմ։

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 3-ը։

․․․Ցավալի է, որ մարտի 8-ի՝կանանց միջազգային օրվա  նախօրեին  պատկառելի տարիքի, աշխատանքային վաստակ ունեցող կանայք փոխանակ նախապատրաստվեին գարնանային տոնին, հասել էին դատարան՝որպես ,,պատասխանող,,․այն դեպքում, երբ հանիրավի են ,,պատասխանատվության,, կանչվել։

Համընդհանուր զրույցի ընթացքում ,մինչ նիստի սկսվելը նաեւ դժգոհություն հնչեց Վանաձորում ջրամատակարարման վիճակի առթիվ․արդեն քանի օր է՝հերթական ջրանջատումն է Վանաձորում․որպես կանոն, ամսվա ընթացքում մի քանի օրով ջրանջատում է լինում՝,,վթարավերականգնողական աշխատանքների,, պատճառաբանությամբ։Իսկ սա նշանակում է, որ պարապուրդային օրերի համար էլ են ստիպված վճարել անջրաչափ բաժանորդները՝5400դրամ սակագնով։Մինչդեռ ջրմուղի նախկին ղեկավարության ժամանակ/օրինակ՝Էդուարդ Վահանյանի/պարապուրդային օրերի գումարը հանվում էր ընդհանուր սակագնից․դրանում անձամբ եմ համոզվել․նաեւ՝հաշվի էր առնվում ամսվա օրերի քանակը․30օրվա համար ավելի քիչ  էին վճարում, քան՝31 օրվա համար/կամ՝28 օրանոց փետրվարի համար՝էլ ավելի քիչ․այս կարգն էլ պահպանվում էր մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնությունը՝Անտոնյանի ղեկավարության օրոք/․իսկ հիմա կայուն 5400դրամ է անջրաչափ բաժանորդների ,,վիզը կապել,, ,,Վեոլիան,,․եթե անգամ այդ ամիս 10 օր ջրանջատում լինի, պետք է 5400դրամ մուծես։

Նիստին ներկա գտնվող Հենրիետա Մխիթարյանն էլ բողոքեց ջրի որակից․,,Դիտավորյալ կեղտոտ ջուր են տալիս, որ գնան ,,մաքուր ջուր,,առնեն․շան հոտ ա գալիս էդ ջրից,,։Իսկ Ռաֆիկ Սահարյանն ինձ հետ զրույցում ներկայացրեց 2017թ․հունվար ամսին մուծած գումարի անդորրագրեր, որ ,,Վեոլիան,, չի ,,ճանաչում,, այնպես, ինչպես հազարավոր այլ քաղաքացիների մուծած գումարները եւ գրավոր պատճառաբանում է, թե դա ,,նախորդ ջրամատակարար ընկերությանը,, գնացած գումար է, եւ եթե ցանկանում են, որ այն փոխանցվի ,,Վեոլիայի,, հաշվեհամարին, պետք է դիմեն Հայջրմուղկոյուղու գրասենյակ,,․այսինքն այն, ինչ այսօր մտահոգում է համանման իրավիճակում գտնվող բազմաթիվ քաղաքացիների, նաեւ որի առթիվ եմ դիմել Հասարակական պաշտապանների միությանը։Սպասենք արձագանքի՝ԿԾԿՀ-ին դիմած ՀՊՄ-ից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, ,,Վեոլիայից,, տուժած քաղաքացի


 

понедельник, 5 марта 2018 г.

Եվ կրկին ասֆալտապատում՝խոնավ եղանակին․աստ հանգչեն նախկին թփածածկույթները

Երեկ ջրմուղի մեքենայի օգնությամբ Վանաձորի Կ․Դեմիրճյան 28 շենքին կից՝դեպի 26 շենք, ջրատար խողովակների հետ կապված փորման աշխատանքներ էին տարվում։Միաժամանակ՝խոնավ եղանակին բուռն ասֆալտապատում էին հարակից տարածքը՝շենքին կից, որտեղ մի ժամանակ, հեյ գիտի հա՜, թփածածկույթ էր։Բարձրակարգ որակով ասֆալտապատում արեցին, բայց, ցավոք, աղոթքներս՝առ երկինք ուղղված,որ անձրեւ չգա այնքան ժամանակ, մինչեւ թարմ ասֆալտը չչորանա, չօգնեցին, եւ ողջ գիշեր միալար անձրեւ էր տեղում։Իսկ առավոտյան եւ ցերեկով անցնողները, չմտածելով, որ ասֆալտը չի չորացել ու չի կարելի դեռ վրայով անցնել, անփութորեն քայլում էին/պատկերացնում եմ, թե ինչքան հողաշերտ են տարել իրենց տներ՝կոշիկների հետ/։,,Իրեղեն ապացույց,, թարմ ոտնահետքերը մնում են ասֆալտի վրա։Մինչդեռ կարելի էր ասֆալտապատած հատվածն  առնվազն արգելափակել՝ցուցանակ փակցնելով, մինչեւ այն չորանա։Նման բան՝երեւի մենակ Հայաստանում կարող է լինել․խոնավ եղանակին ասֆալտապատում անել ու հատկապես լավ եռանդով ասֆալտապատել նախկին թփածածկույթները։Մի տարածք էլ գողացվեց մարդկանց թթվածնից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 3 марта 2018 г.

Հակընդդեմ հայց՝ընդդեմ իմ դեմ դատական հայց ներկայացրած ,,Վեոլիայի,,․սույն դիմումը հանձնվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին

Լոռու   մարզի ընդհանուր իրավասության դատարանի                                    դատավոր Տիգրան  Գրիգորյանին պատասխանող Գայանե Հովսեփյանի 

                Հակընդդեմ հայց՝ընդդեմ իմ դեմ հայց ներկայացրած,,Վեոլիա,, ՓԲընկերության

Նկատի ունենալով, որ Ձեր վարույթում գտնվող ԼԴ/2571/0217/ քաղգործի առթիվ փետրվարի 22-ին ներկայացրել եմ ,,Վեոլիային,, ուղարկած դիմումի պատճեն, որով ընկերությունից պահանջել եմ պարզաբանել, թե ինչու  2017թ․հունվարին իմ կողմից մուծած 2000դրամ գումարը չի երեում 2017թ․փետրվարի անդորրագրում, հարկ եմ համարում տեղեկացնել, որ սույն թվի փետրվարի 21-ին, ի պատասխան դիմումիս՝ ,,Վեոլիան,, ուղարկել է գրավոր պատասխան՝ընկերության գործադիր տնօրենի կողմից/որ ստացա փետրվարի 2-ին/, որտեղ նշվում է, որ ,,Վեոլիան,, չի հանդիսանում նախորդ ջրամատակարար կազմակերպությունների իրավահաջորդը, եւ իմ կողմից կատարած վճարումը ,,արտացոլված չէ ,,Վեոլիա,, ընկերության տվյալների բազայում, իսկ ստուգման արդյունքում նախորդ ջրամատակարար կազմակերպությունում առկա գերավճարը ,,Վեոլիա,, ընկերության բաժանորդային քարտին տեղափոխելու համար անհրաժեշտ է դիմել ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ։

Փաստորեն, Վեոլիան,, փաստում է, որ ես կատարել եմ ,,գերավճար,,/թեպետ՝չի մատնանշում, որ այն վերաբերվում է 2000դրամ մուծած գումարին/։Եթե այդ գումարը գնացել է նախորդ մատակարար կազմակերպությանը,որից այն ,,Վեոլիայի,, օգտին փոխանցելու համար պետք է դիմեմ Հայջրմուղկոյուղու գրասենյակ, ապա ուրեմն ,,Վեոլիան,, էլ պարտավոր է 2017թ․հունվարին իմ հաշվեհամարին գրանցած նոր սակագինը՝5399դրամ, ետ վերցնել, չներառելով որպես ,,պարտք,,/եթե հունվարին դեռ դեկտեմբերի մեջ ենք, ի՞նչ հիմքով է հունվարի հաշվի քաղվածքում ամրագրել նոր սակագինը, որը, սակայն, չի երեում 2017թ․հունվարի անդորրագրում․այն կցված է գործին/։Եվ հետո, եթե ես նոր սակագին մասին պաշտոնապես ստեղեկացվում եմ այս տարվա փետրվարի 13-ից/թեպետ՝ինձ չի հաջողվել նոր սակագնի մասին լիարժեք տեղեկություն ստանալ ՀԾԿՀ կայքից/, ինչու՞ պետք է պատրաստակամություն հայտնեմ այդ սակագնով հաշվարկած գումարը ժամանակացույցով մարել։Պահանջում եմ պարտադրել ,,Վեոլիային,, գումարի վերահաշվարկ եւ ճշտում կատարել՝նախքան նոր պայմանագիր կնքելը։Միաժամանակ պահանջել հայցին կցել այն որոշումը, որով ջրի սակագինը բարձացվել է։Այդ որոշումն ինձ չի հաջողվել հայտնաբերել ՀԾԿՀ կայքում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, թե այդ առթիվ հնարավոր է, անգամ կոնկրետ որոշում չկա։

Ներկայացնում եմ 

1․Հակընդդեմ հայցի եւս մեկ օրինակ

2․Վեոլիայի,, կողմից 2018թ․փետրվարի 21-ին ինձ ուղարկված պարզաբանման պատճեն՝2օրինակից։

Դիմող՝                     Գայանե Հովսեփյան


Հասարակական պաշտպանների միությանը

                                 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում սպառողների իրավունքների աննախադեպ ոտնահարման մասին՝,,Վեոլիա,, ընկերության կողմից

Հարգելի Հասարակական պաշտպանների միություն,Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի խնդրի վրա, որ բազմաթիվ սպառողների համար այսօր գերխնդիր է դարձել։Հայջրմուղկոյուղուց ,,Վեոլիա,, ընկերությանն/որ սեփականաշնորհել է ամբողջ ջրային ցանցը՝2017թ․հունվարից/, անցումային փուլը հարմար առիթ է հանդիսացել, որ ,,Վեոլիա,,  ընկերությունը հրաժարվի ,,ճանաչել,, 2017թ․հունվարին արված բանկային մուծումները՝բաժանորդների հաշվեհամարներին եւ 2017թ․փետրվարի անդորրագրերում, որոնցում պետք է արտացոլվեն նախորդ ամսվա մուծումները, գրի ,,օ,, վճարում/այլ կերպ՝յուրացում հօգուտ ում՝Աստծուն է հայտնի/։Այդ առթիվ բազմաթիվ քաղաքացիների դիմումներին ի պատասխան՝,,Վեոլիան,, դիմումներն ընդունելուց հետո գրավոր կոչ է անում նամակներն ուղղել Հայջրմուղկոյուղու գրասենյակ,որպեսզի մարդիկ իրենց մուծած գումարները ջրմուղկոյուղու գրասենյակից պահանջեն փոխանցել ,,Վեոլիայի,, հաշվեհամարներին

/պատճառաբանում է, թե ինքը չի հանդիսանում նախորդ ջրամատակարար կազմակերպության իրավահաջորդը/։

Պատկերն ավելի տխուր է դառնում անջրաչափ բաժանոդների պարագայում, երբ Հայջրմուղին 2017թ․հունվարին մուծած գումարը ,,Վեոլիայի,կողմից ,,չճանաչելը,, պատճառ է հանդիսանում, որ ,,բռնագանձման ենթակա,, հայցով դատարան մտած  ,,Վեոլիան,, ,,պարտք,, համարվող 8 ամսվա ժամանակահատվածի էպիկրիզի/հաշվի քաղվածք/հունվար ամսվա սյունալում գրի ,,օ,, վճարում, բայց նույն հունվարին ամրագրի իր կողմից ներդրված նոր սակագինը՝5400դրամ։Ու դիմումատուին պատասխանում է, թե ,,2017թ․հունվարին մուծել եք 2016թ․դեկտեմբերի համար,,։Հարց․եթե հունվարին դեռ դեկտեմբերի մեջ ենք,ի՞նչ հիմքով  է դատարան ներկայացրած ,,հաշվի քաղվածքի,, մեջ 2017թ․հունվարին գրում  5400դրամ նոր սակագին ու այն համարում ,,պարտք,,/առկա են համապատասխան անդորրագրերը՝2017թ․հունվար-փետրվար ամիսների, եւ դրանց հետ չհամապատասխանող էպիկրիզ․որն, ի դեպ, այնքան մանրատառ է, որ  զարմանում ես, թե դատարանն ինչպես է նման մանրատառ փաստաթուղթն ընդունել որպես վարույթ․համոզված ենք, եթե նման անպատշաճ ձեւով քաղաքացին հայց ներկայացներ ,,Վեոլիայի,, դեմ՝այն չէին ընդունի։Կոնկրետ իմ պարագայում, որի նկատմամբ ,,Վեոլիան,, արհեստական ուռճացված պարտք է սարքել նոր սակագնով՝5400դրամ, առանց այդ մասին ինձ՝որպես բաժանորդ-սպառող, պատշաճ տեղեկացնելու եւ 2017թ․սեպտեմբերին հայց ներկայացրել  դատարան՝33700դրամ բռնագանձման պահանջով։Ահա հենց այստեղից էլ սկսվում է 2-րդ գերխնդիրը՝անջրաչափ բաժանորդների համար/ որոնց  թվին եմ պատկանում նաեւ ես/, որոնց համար գործող նախկին՝1100դրամ անձաքանակ սակագինը ,,Վեոլիան,, դարձրել է կայուն 5400դրամ՝անկախ ընտանիքի անդամների թվից, եւ ստացվում է, միայնակ ապրողն էլ, 2 կամ 5 անձով բաղկացած ընտանիքն էլ նույն հաշվարկով են մուծվելու։

Անցած տարվա՝2017թ․փետրվարից սկսած՝ահազանգել եմ եւ ջրային ռեսուրսների պետական կոմիտեին/Բաց նամակով, քանի որ այդ կառույցն էլ մի նախարարությունից մյուսին էր անցել ու անհետացել՝կոնտակտային տվյալներով հանդերձ․ապացույցներն առկա են/, եւ ,,Վեոլիային,,՝կրկին Բաց նամակով/քանի որ վերջինս էլ չուներ անգամ պաշտոնական էջ, ինչը հավաստվել է նաեւ ,,Սուր անկյուն,, հաղորդման ժամանակ/,եւ Հանրային խորհրդին, եւ վարչապետին, եւ Օմբուդսմենին առ այն, որ այսօր Հայաստանում կան վթարային շենքեր կամ՝ վթարային բնակարաններ, որոնցում ջրաչափ տեղադրելը ռիսկային է ու ծախսեր պահանջող, քանի որ դրա համար պետք է նախ  սանհանգույցում կառուցվածքայի փոփոխություններ կատարվեն, որ շարքային քաղաքացու ուժերից վեր է, եթե անբավարար եկամուտներ ունի,հետո նոր ջրաչափ տեղադրվեի, ուստի չարիքից փոքրագույնը մնում է նախկին՝անձաքանակ 1100դրամ սակագնով մուծելը/որն արդեն իսկ պատկառելի թիվ է/։Բայց ջրաչափ չտեղադրելու դեպքում էլ ,,Վեոլիան,,հաշվարկում է իր կողմից ՀԾԿՀ-ի միջոցով հաստատած, բայց հանրային լսումներով չանցած ու չհիմնավորված 5400դրամ սակագնով/որ հաշվարկում է որպես 30խ/մ խողովակի ծախս՝նախկին 12 խ/մ-ի փոխարեն․այն դեպքում, երբ նույն շենքերն են, նույն բնակարանները՝երկրաշաժրից հետո չամրացված։Ահազանգերս մնացել են այդպես էլ անարձագանք, բացառությամբ՝որ օմբուդսմենի գրասենյակից մի անմխիթար պատասխան են ուղարկել, խորհուրդ տալով․․․ջրաչափ տեղադրել․այն դեպքում, երբ ես բացատրում եմ, թե ինչու հնարավոր չէ ջրաչափի տեղադրումը։Պատկերն էլ ավելի ողբերգական է դարձել, քանի որ ,,Վեոլիան,, որ արդեն իսկ առանց նոր սակագնի հետ կապված պայմանագիր ունենալու անջրաչափ բաժանորդների վզին է դրել այդ սակագնով հաշվարկը, միաժամանակ պահանջում է, որ պայմանագիրն ստորագրելիս պարտավորություն վերցնեն այդ արհեստածին ,,պարտքը,, մարելու ժամանակացույց կազմեն/հընթացս էլ՝կոնկրետ իմ պարագայում շարունակվում է նոր պարտքերի կուտակումը՝այդ չարաբաստիկ սակագնով/։Եթե մարդը նոր է տեղեկացվում պայմանների մասին՝,,բանակցությունների փուլում,,․այն է՝այս տարվա փետրվարի 13-ին,դատական նիստի նախօրեին/թեպետ՝այդ սակագինն էլ վիճահարույց է եւ այն բողոքարկելու հնարավորություններն ուսումնասիրելու  հույսով դիմել եմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/, ինչպե՞ս պարտավորություն վերցնի մինչ բանակցության փուլն իր հաշվեհամարին ամրագրած ,,պարտքը,, մարելու նկատմամբ։Այլ կերպ՝ուզում է ջրաչափ տեղադրելու դիմում ներկայացնեն ու նոր պայմանագիր կնքեն բաժանորդները, ուզում է՝հրաժարվեն տեղադրելուց ու նոր սակագնով մուծումներ կատարելու պատրաստակամություն հայտնեն՝,,պարտավոր,, են մարել այդ պարտքը․նման պայմաններով պայմանագրի կնքումը ՀՀ շարքային քաղաքացու համար հավասարազոր է մահվան դատավճռի ստորագրության եւ սոցիալական ոչնչացման։Իմ նկատմամբ ,,Վեոլիայի,, ներկայացրած հայցով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 14-ին սկսված գործի քննությունը հետաձգվել է մինչեւ մարտի 7-ը։

․․․Այս ամենը  ՀՀ շարքային քաղաքացու իրավունքների ոտնահարում է ու ճորտացման սկիզբ․այդ պայմաններում մարդը հայտնվում է ,,Վեոլիայից,, ճորտային կախման մեջ, իսկ այլընտրանքային մատակարար էլ չկա, քանի որ ,,Վեոլիան,, այս ոլորտի միակ մոնոպոլ մատակարարան է,որի հանձնված է ջրային տնտեսության կառավարումը՝15 տարով, ու կարող է իրեն իրավունք վերապահել նաեւ ջրազրկել տվյալ բնակարանը՝եթե բաժանորդը հրաժարվի այդ ճորտային պայմանագիրն ստորագրելուց,իսկ դատարանից պահանջել է, որ իր կողմից ,,սարքած,,/փաստորեն՝այդպես է ստացվում/ արհեստածին գումարները բռնագանձվեն, իսկ դա էլ կարող է հանգեցնել բնակարանի կամ գույքի վրա արգելանք դնելուն․․․Այս ամենը հաշվի առնելով՝անգամ  ստիպված եմ եղել դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, քանի որ վտանգված է իմ ֆիզիկական գոյությունը՝,,Վելոիայի,, կամայականության պատճառով, որ ցանկացած պահի կարող է ինձ վերջնականապես սոցիալական ոչնչացման դատապարտել։Այս տարի, դատական նիստի առաջին օրը,փետրվարի 14-ին, նիստից հետո,  դիմել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, փորձելով պարզել, թե ինչ ճանապարհով կարելի է բողոքարկել ջրի վարձը 5400դրամ դարձնելու սակագինը, որի մասին փաստացի ապացույց այդ պահին ունեի միայն այդ մասին վկայող օմբուդսմենի գրությունը՝ինձ ուղարկված։Հարցն այժմ ուսումնասիրության փուլում է ՝ գրասենյակի իրավաբանի մոտ։Ակնկալում եմ նաեւ Ձեր կազմակերպության աջակցությունը/որպես սպառողների իրավունքներով եւ խնդիրներով զբաղվող կազմակերպության/՝խնդրի ուսումնասիրման հարցով,որպեսզի կանխվի քաղաքացիների կեղեքումը՝ ջրային ոլորտի մենաշնորհային սեփականատիրոջ կողմից եւ դատական հայցերին ընթացք չտրվի, մինչեւ այս սակագի հետ կապված հանրային լսումները կամ բողոքարկումը։Չի կարելի թույլ տալ ամենախոցելի խավերի՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչների/նորմալ կենցաղային պայմաններ չունեցող/ ջրի վարձը հաշվարկվի ոչ թե ՀՀ քաղաքացու նվազագույն սպառողական զամբյուղին, այլ՝միջազգային չափանիշներին համարժեք, ինչը ՀՀ սահմանադրության ոտնահարում է։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

четверг, 1 марта 2018 г.

Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակին,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին

                                                                                                          Հայտարարություն

Երեկ, փետրվարի 28-ին, այն բանից հետո, երբ քաղաքի 6 բանկերից փորձեցի սպառողական վարկ վերցնել եւ անհաջողության մատնվեցի/քանի որ հայտերս մերժվեցին՝,,վարկային պատմություն,, չունենալու,, եւ ,,անբավարար եկամուտներ,, ունենալու պատճառաբանությամբ/, իմ անձնական  բլոգում զետեղեցի եւ համացանցում տարածեցի Բաց նամակ՝ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ահազանգելով, որ 55 տարին լրացած կանայք, որոնք  հանգամանքների բերումով չեն աշխատում, սոցիալական ծանր իրավիճակի մեջ են, թոշակ չեն ստանում,/որովհետեւ կենսաթոշակային ,,բարեփոխումների,, արդյունքում թոշակային տարիքի շեմը 55-ից հասցվել է 63-ի/, վարկ էլ չեն կարող ստանալ, եթե ,,վարկային պատմություն,, չունեն, իսկ նրանց ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման նվազագույն տարիքային շեմն էլ 86 տարեկանն է։Եվ ուրեմն ու՞ր գնան այդ կանայք, որոնց վզին պարբերաբար կոմունալ վարձերի բեռ է փաթաթվում՝էլ ավելի ծանրացնելով վերջիններիս սոցիալական վիճակը․այս հարցադրումն էի ուղղել ՀՀ նախագահին , որին ուղղված մի Բաց նամակով էլ հանդես եմ եկել 2017թ․դեկտեմբերին՝կապված ,,Վեոլիա-ջուր,, ընկերության եւ ՀԾԿՀ-ի համատեղ ապօրինությունների հետ։

Եվ ահա,թերեւս որպես ,,արձագանք", երեկ, ուշ երեկոյան, ժամը 21-22-ի սահմաններում մեր բնակարանի դուռն են թակում տեղամասային էլցանցի տեսուչները, միանգամից սպառնալով․,,Ինչի՞ չեք վարձը մուծել, հենց հիմի անջատում ենք,,։Եթե նրանց այցը լիներ ցերեկով, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, չէ՞ որ կարող էին քաղաքակիրթ բանակցությունների մեջ մտնել։Բայց ,,տարօրինակ պատահականությամբ,, այն տեղի ունեցավ նախագահին համացանցում Բաց նամակ ուղարկելուց 2-3 ժամ անց՝ուշ երեկոյան/պատճառաբանեցին, թե իբր ցերեկով էլ են եկել, բայց ցերեկը նման այց կամ հեռախոսազանգ չի եղել/։

Ցավալի պատմությունը կրկնվում է։10-13 տարի առաջ հայրս՝հանգուցյալ Գեորգի Հովսեփյանն  էր փոստով նամակ ուղարկում ներկայիս նախագահին/որ այն ժամանակ վարչապետ էր եւ միաժամանակ շախմատի ֆեդերացիայի նախագահ/, խնդրելով, որ իրեն ԲՇՏ-ի պետի պաշտոնից ,,բռնությամբ,, թոշակի ուղարկելուց հետո գոնե շախմատի դասաժամեր հատկացնեն, որպես փորձառու եւ կարգային շախմատիստի/կամ՝ահազանգում էր տեղական իշխանությունների ապօրինությունների մասին,իր աշխատանքային եւ կենսաթոշակային իրավունքների խախտումների մասին՝որեւէ համապատասխան  բարձրաստիճան պաշտոնյայի/, ու նամակից օրեր անց՝մեր ընտանիքի նկատմամբ որեւէ սադրանք կամ կենցաղային բնույթի ահաբեկչություն էր կիրառվում։Հիմա՝,,իրավահաջորդության,, իրավունքով հալածանքները շարունակվում են Հովսեփյան ընտանիքի վերջին մոհիկանների նկատմամբ ու մեր դեմ պայքարը թեժանում է հատկապես այն ժամանակ, երբ համացանցում հանդես եմ գալիս իշխանության համար ոչ հաճո հրապարակումով՝կապված սոցիալական ու իրավական անարդարության, մարդու իրավունքների ոտնահարման հետ։

Այսօր ես՝22 տարվա լրագրողս, որ մշտապես հանդես եմ եկել լրատվական դաշտում՝անկախ այդ գործունեության համար վարձատրվել-չվարձատրվելու հանգամանքից/ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իմ անձնական խնայողությունների եւ նվիրաստվությունների միջոցով կարողացել եմ 6 տարում ստեղծել 3 բլոգ/տեղեկատվական-վերլուծական, պատմաքաղաքական եւ նոթագրական բնույթի/, ֆեյսբուքյան մի քանի խմբեր/որոնցից  2-ը՝իրավական ուղղվածության/,ստիպված եմ պայքարել 2 ճակատով․մի կողմից իմ դեմ դատական հայց է ներկայացրել ,,Վեոլիա-ջուրը,,/ապօրինաբար արհեստական ուռճացված ,,պարտք,, սարքելով/անհայտ ու կասկածելի, վիճահարույց որոշմամբ՝ջրի վարձը անջրաչափ բաանորդների համար 5400դրամ դարձնելու վերաբերյալ, որի մասին ոչ մի հիշատակություն չկա անգամ այդ որոշումն իբր հաստատած ՀԾԿՀ կայքում/ որի մասին երեկ էլ․փոստով հարցում եմ ուղղել Հասարակական պաշտպանների միությանը/,ստիպված եմ ժամանակի մի պատկառելի մասը հատկացնել դատարանական գործողությունների հետ կապված թղթաբանությանը՝միաժամանակ շարունակելով ,,Վեոլիայի,, ապօրինությունների մասին մերկացումները՝համացանցում՝այդ նպատակով ֆինանասական ռեսուրսներ ծախսելով առանց այդ էլ ծայրահեղ սուղ միջոցներից․մյուս կողմից՝ֆիզիկական գոյություն պահպանելու եւ որպես մարդ, քաղաքացի եւ ստեղծագործող մտավորական մնալու համար ֆինանսական աղբյուրեն որոնել։Այս կերպ այս երկրում գոյություն քարշ տալն այժմ ծայրաստիճան նվաստացուցիչ է՝զգալով մշտական ճորտային կախվածություն՝վարձերից ու սոցիալական պատանդի դերում լինել, ինքնազգացողություն ունենալով, թե ապրում ես միայն վարձեր մուծելու եւ դրանց ֆինանսավորման աղբյուրներ որոնելու նպատակով։Վերջին 2 տարում ստիպված եմ եղել շուկայականից անհամեմատ էժան գներով վաճառքի հանել անձնական եւ ընտանեկան գույքի, անգամ՝ընտանելան սրբություն համարվող իրերի զգալի մասը՝գոյություն պահպանելու եւ պարբերաբար բարձրացվող վարձերի բեռից դուրս գալու նպատակով։Իսկ հիմա հայտնվել եմ կոմունալ ծառայություններից/հոսանքից, ջրից/զրկվելու եւ բնակարանը արգելանքի տակ հայտնվելու վտանգի առաջ, որի դեպքում անհնար կլինի այդ բնակարանի հետ որեւէ  առուվաճառքի կամ գրավադրման գործողություն կատարելը։Այն չեմ կարող անգամ գրավադրել՝վարկ վերցնելու նպատակով, քանի որ դրա համար նախ պետք է գնահատման հետ կապված ահռելի ծախսեր կատարես/ինչը հավաստեց բանկային իրավաբանը/, որից հետո հայտնի էլ չէ, թե արդյո՞ք  28 տարի չվերանորոգված, վրան կոմունալ պարտքերի հիմնավորված ու չհիմնավորված բեռ հավաքած, ջրատար համակարգը կառուցվածքային բարեփոխումների չենթարկված ու գազամատակարարմամբ չապահովված բնակարանի գինը ,,կձգի՞,, այն գումարը, որ տրամադրում է բանկը։Մյուս կողմից՝ հայտնի չէ, թե արդյո՞ վարկ վերցնելու դեպքում կարող ես մարել այն, եթե այդ ընթացքում կայուն եկամուտ չունենաս, եւ արդյո՝՞ չես հայտնվի փողոցում։Հետեւաբար, խնդիրն ավելի գլոբալ է, քան՝,,մեկ առանձին վերցրած,, տեղամասի տեսուչ-էլեկտրիկների գիշերային այցը, քանի որ այս իշխանության համակարգում անգամ աշխատանք գտնելն է ռիսկային ու վտանգավոր, իսկ իշխանության հետ համագործակցությունը՝իմ քաղաքացիական սկզբունքների հետ անհամատեղելի։Հետեւաբար, ստիպված եմ քաղաքական ապաստան փնտրել որեւէ քաղաքակիրթ երկրում, որտեղ կերաշխավորվի իմ ապահով գործունեությունը/արդեն իսկ համացանցում հանդես եմ եկել հայտարարությամբ՝սփյուռքահայ համայնքում աշխատանք փնտրելու վերաբերյալ/։Ակնկալում եմ ձեր միջամտությունը՝բողոքս միջազգային իրավապաշտպան կառույցներին, Կարմիր Խաչի միջազգային գրասենյակին թարգմանաբար հասցնելու հարցում, այն համարելով որպես սկզբունքային մտավորականի սոցիալական ոչնչացմանն ուղղված դրսեւորում՝ՀՀ իշխանության կողմից։Հիշեցման կարգով նշեմ, որ իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ շուրջ 15 տարվա հալածանքների/իշխանությունների կողմից/ եւ իմ լրագրողական գործունեությունը խոչընդոտելու մասին պարբերաբար ահազանգել եմ  մամուլում եւ համացանցում, ահազանգել միջազգային կառույցների ներկայացուցիչների, առանձին դեպքերի մասին էլ գրավոր տեղեկացրել նաեւ Ձեզ․առկա են համապատասխան փաստաթղթեր։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր    

1․03․2018թ․

среда, 28 февраля 2018 г.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

                               ԲԱՑ ՆԱՄԱԿ-2

Պարոն նախագահ, ինչպե՞ս գոյատեւեն 55 տարին լրացած կանայք, որոնք թոշակ չեն ստանում, քանի որ ՀՀ կենսաթոշակային ,,բարեփոխումների,, հետեւանքով թոշակի շեմը բարձրացվել է 63-ի, հանգամանքների բերումով էլ չեն աշխատում, իրենց նախկին տարիների՝ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման համար էլ տարիքային շեմը չի հասնում,քանի որ կառավարությունն արդեն քանի տարի է, այդ շեմը կանգնեցրել է 86 տարեկանների վրա, մինչդեռ ներկայիս սոցիալական ծանր պայմաններում մարդն անգամ 50-ի չի կարող հասնել, ուր մնաց՝63-ի կամ 86-ի հասնի։Եվ քանի որ նման կանայք/ինչու չէ նաեւ՝տղամարդիկ/ կարող են նաեւ հանգամանքների բերումով չաշխատողներ լինել, ուստի վարկ էլ չեն կարող ստանալ՝որպես կանոն/դրա համար կամ պետք է ոսկի գրավադրեն՝որ կարող է չունենան, կամ բնակարանը գրավադրեն՝որի համար էլ պարտադիր պայման է համարվում բնակարանի գնահատումն ու դրա համար ծախսվող առնվազն 100հազար դրամ գումարը/։Սպառողական վարկերն էլ տրվում են կամ եկամուտ ունեցողներին, կամ՝,,վարկային պատմություն,, ունեցողներին։Եվ ուրեմն ու՞ր գնան այս խավին պատկանող մարդիկ, որոնց վզին պարբերաբար կոմունալ վարձեր են փաթաթվում ու բռնագանձման դատական հայցեր ներկայացվում։Ըստ այդմ, բարի եղեք հանձնարարել կառավարողներին, որ առնվազն աշխատանք ու եկամուտ չունեցող մարդկանց/որոնք կարող են նաեւ ընդգրկված չլինել նպաստառուների ցանկում՝բավարար միավորներ չունենալու պատճառով/, հատկացնել իրենց եւ իրենց հանգուցյալ ծնողների ԽՍՀՄ ավանդները՝արժանապատիվ հաշվարկով եւ 28 տարվա տոկոսադրույքներով, որպեսզի կարողանան առնվազն այս երկրի հետ կապված պարտք ու պահանջները մարել, վարձերի բեռից դուրս գալ ու միգուցե գլուխներն առնել ու հեռանալ երկրից այնտեղ, որտեղ մարդը կարող է գնահատվել ըստ արժանիքների, ոչ թե՝ըստ կուսակցական պատկանելության կամ տարբեր մակարդակի ընտրություններում ցուցաբերած ակտիվության՝իշխող կուսակցության կամ տեղական մակարդակի ,,բդեշխների,,օգտին։Ասվածի առթիվ տառապանքս մոտ 20 տարվա փորձ ունի․մարդու սկզբունքային ու արդարամիտ տեսակը չի կարող այսօր հաշտվել այն իրականության հետ, որի մեջ գտնվում է երկիրը։Ուստի այդ մարդիկ 2 ճանապարհ ունեն․կամ արտագաղթ, կամ՝ինքնաոչնչացում, որից փրկվելու միակ ելքը կարող է լինել ավանդների վերադարձը կամ՝անհատույց ու անտոկոս վարկերի տրամադրումը՝անկախ ,,վարկային պատմություն,, ունենալու հանգամանքից։Մի նպաստեք երկրում ինքնասպանությունների աճին կամ մարդկանց ֆիզիկական ոչնչացմանը՝սոցիալական ծանր պայմանների արդյունքում։Նեղն ընկածին չօգնելը հավասարազոր է հանցագործության։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր