вторник, 21 мая 2013 г.

Բուժհիմնարկներն օպտիմալացրին, որ նո՞րը կառուցեն

 Տարիներ  առաջ  Վանաձորում  համաբուժարանների  ու  հիվանդանոցների  օպտիմալացում  եղավ ՝ այցելուների  քչության  ու  հիվանդանոցային  մահճակալների  թերբեռվածության  պատճառով / ,,իրեղեն  ապացույց,, վկայությունները  ,,Առավոտի,,  2001թ.15 նոյեմբերի ,,Ո՞մ  չի  սպառնում  օպտիմալացման  վտանգը,,  հոդվածում /: Այդ  գործընթացի  արդյունքում  շենքերի  ու  տարածքների  վաճառք  տեղի  ունեցավ:  Մի  օպտիմալացում   էլ  դրանից  հետո  տեղի  ունեցավ ՝ տարիներ  անց :Եվ  ահա,  այսօր  ,,Հայլուրն,,  ավետեց,  որ  Վանաձորում  բժշկական  նոր  համալիր  է  կառուվելու ՝ Համաշխարհային  բանկի  ֆինանսավորմամբ, 12 միլիոն  դոլար  արժողությամբ, եւ  մրցույթ  է  հայտարարվելու  շինարարության  համար / Ի  դեպ, շինարարության  նախատեսվելիք  վայրի  հասցեն  չնշվեց /: Պարզապես  զարմանալ  կարելի  է. ո՞րն  է  նոր  համալիր  կառուցելու  ,,իմմմմաստը,, ՝ թեկուզ  ժամանակակից  սարքավորումներով / որ  կարելի  է  հին շենքերում  էլ  տեղադրել /, եթե  բնակչության  թիվը  սրընթաց  պակասում  է,  հիվանդանոցներն  էլ  առանձնապես  չեն  ,,նեղվում,, այցելուների  շատությունից: Ըստ  տեղեկությունների, միակ  գերբեռնված  բուժհաստատությունը  նյարդահոգեբանական  դիսպանսերն  է, որն  էլ  դեղորայքի  պակասից  է  նեղվում,  ինչի  ապացույցը  բնակչության  շրջանում  դժգոհությունն  է  հատկապես  ,,ավանդական,, ,,կայուն,, գժերի ՝ փողոցում  մշտական  առկայությունից. ,,Իբր  թե  տանում  են  բուժում,  դուրս  են  գրվում ՝ էլի  նույնն  է, գոռգոռալով, հայհոյելով  ման  են  գալիս ,,/ Դե ներկայիս  սոցիալ-տնտեսական  ,,ահավորագույն,,  պայմաններում  անհնար  է,  որ  մարդկանց  մի  զգալի  մասը  հոգեկան  խնդիրներ  չունենա/ :    Վանաձորում  շուրջ  80 վթարային  շենքեր  կան,  որ  տարեցտարի  ավելի  են  քայքայվում: Պաշտոնապես  վթարային  չհամարվողներն  էլ  ,,մանրից,, վթարային  են  դառնում, իսկ  կառավարությունը  պարբերաբար  հայտարարում  է,  թե  շենքերի  ամրացման  համար  գումարներ  չկան: Ընդհանրապես, հանրապետությունով  մեկ, ներառյալ՝  մայրաքաղաքը, բնակելի  շենքերի  քայքայում  է տեղի  ունենում, քանի  որ  դրանց  մի  մասը 30-40 տարի  առաջ  են կառուցվել, ու  կապիտալ  նորոգման  չեն  ենթարկվել, մարդիկ  բնակվում  են  խոնավ  ու  փտած  կացարաններում / ասվածի  ապացույցները  մշտապես  կարելի  է տեսնել  հեռուստատեսային  ռեպորտաժների  ժամանակ /, տանիք  նորոգելու  համար  անգամ  բնակիչներից  գումարներ  են  ,,կորզվում,,....բայց ՝ ,,վերեւներում,,  որոշել  են  նոր  հիվանդանոցային  համալիր  կառուցել.  բա  սա  ծաղր  չէ,  բա  ի՞նչ  է: Աշակերտ  չկա ՝ շարունակում  են  դպրոց  կառուցել / կառուցած  շենք-շինություններն  էլ  մեկ  էլ  հանկարծ  դարձնում  են  խանութ  կամ  հանդիսությունների  սրահ /,  հիվանդանոցներն  օպտիմալացնում  են, շենքերը  ծախծխում ՝ հետո  նորը  կառուցում: Հետաքրքիր  է, ինչու՞  նման  որոշումններ  կայացնելիս  բնակչության  շրջանում  հանրաքվե  չի  անցկացվում, թե՞  մարդկանց  ձայնը  ,,կարեւորվում,,  է  միայն  ընտրությունների  ժամանակ:                                                                                         ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 20 мая 2013 г.

,,Ազգիս վիճակը ծանրացավ սրտիս,,

 Մամուլից  զարմանքով  տեղեկացա,  որ  ՏՄՊՊՀ  նախագահը  720հազար  դրամ  աշխատավարձ  է  ստանում. նույնիսկ ՝ պատգամավորներից  2  անգամ  ավելի:  Հարց  է  ծագում. բայց  ինչու՞  այդքան  շատ ՝ ծանր  ֆիզիկական  կամ  վտանգավոր  պայմաններում  չկատարվող  աշխատանքի  պարագայում: Միգուցե ՝ նրա համար, որ  հանձնաժողովի  անդամները  մի  քանի  ամիս  շարունակ  ուսումնասիրեն, թե  ով՝ ինչու  է  ապրանքի  գին  բարձրացրել  կամ ՝ ցածրացրել...: 720 հազար  դրամ  աշխատավարձ ՝պետական  սեկտորում  այն  դեպքում, երբ  երկրում  սոցիալ-տնտեսական  ծանր  վիճակ  է, ձեռնարկություններ  են  սնանկանում,գործազրկությունն  աճում  է,  աղքատությունն ՝ ավելանում, արտագաղթը  չի  դադարում,  անժամանակ  մահացությունների  պատճառով  բնակչությունը  պակասում  է: Այս  ֆոնի  վրա  մտաբերեցի  հանրապետության  գյուղերից  մեկում  ապրող,  գոմում  ծվարած  մի  փախստական  ընտանիքի  մասին / որ  եզակիներից  չէ /, որի  վերաբերյալ  ռեպորտաժը, ցավոք,  ամբողջությամբ  դիտել  չհաջողվեց  մայիսի 19-ի  ,,Արմենիայի,,  ,,Սուր  անկյուն,, հաղորդման  ժամանակ, քանի  որ  էներգետիկների  ,,բարի  կամքի,,  դրսեւորման  պատճառով  հաղորդման  հենց  սկզբից, ժամը  22-ն  անց  15-ից  Վանաձորն  ընդգրկվեց  խավարի  մեջ ՝ անսպասելի  հոսանքազրկվելով  ու  մի  15  տարի  ետ  գնալով  դեպի  ,,մութուցրտի,, տարիներ, ինչը  մոմի  լույսի  տակ  նստած  մարդկանց  տարատեսակ  ենթադրությունների  պատճառ  դարձավ: Բայց՝ հաղորդման  պարբերական  անոնսներն  էլ ՝ ողջ  շաբաթվա  ընթացքում  տրվող,  բավական  էին,  որ  պատկերացում  կազմվի  ծղոտե  ,,ներքնակի,, վրա  քնող  ընտանիքի  մասին, որի  անչափահաս  կերակրողը  ոչ  միայն  գոմում  է  քնում,  այլեւ ՝  որիշների  գոմեր  մաքրում ՝ ամսական ...5հազար  դրամով, եւ  հարկադրված  թողել  է  ուսումը ՝ Թումանյանի  ժամանակների  Նեսոյի  նման: Ինչ  վերաբերվում  է  ՏՄՊՊՀ-ին,ապա  այս  հանձնաժողովում  արդեն  քանի  շաբաթ  էր,  խոսում  էին  ,,Մարիաննա,, կաթնամթերքի  թանկացումից,  բայց, քանի  որ  առայժմ  կոնկրետ  ոչինչ  չէին  ձեռնարկում ՝ գնաճը  զսպելու  ուղղությամբ,  ուստի  ոչ  միայն  այդ  ընկերության, այլեւ ՝ այլ  ընկերությունների  կաթնամթերքն  էլ  թանկացավ ՝  գազի  գնի  սպասվելիք  թանկացման  լուրն  առնելուն  պես:  Այսինքն, մեկ ՝ մինչեւ   գազի   գնի  բարձրացումն  են  թանկացնում,  մեկ էլ ՝ թանկացումից  հետո: Եւ  այս  պայմաններում  կառավարությունը  խոսում  է  աշխատավարձերի,  թոշակների  հետագա  բարձրացումից,  սուբսիդավորումից...Իսկ  1-2 շաբաթ  առաջ  ,,Հայլուր,, ,,Ինդեքսը,,  հավաստիացնում  էր,  թե  կաթնամթերքի  գները  շուտով  կսկսեն  իջնել..Եւ  մինչ  ՏՄՊՊՀ-ն   մե՜եեկ... երկուուո՜...կուսումնասիրի,  կտուգանի  կամ  չի  տուգանի  ,,անբարեխիղճ  տնտեսվարողներին,,՝  գները  մեկ-երկու, մեկ- երկու  կշարունակեն  ժողովրդի  դրամապանակը  ,,քամել,,՝ հավելյալ  գումարների  շորթման  հաշվին: Բայց  սա  միակ  մտահոգիչ  խնդիրը  չէ: Ամենացավալին  այն  է,  որ  ժողովուրդն  ամեն  օր  մի  վատ  լուր  է  իմանում. սկսած ՝  խաղաղ  պայմաններում  բանակում  մահվան  ելքով  դժբախտ  պատահարներից, վերջացրած ՝ զանգվածային  ավտովթարներով: Օր  չկա,  որ  հեռուստատեսությամբ  չլսենք  ու  չդիտենք ՝ ,,Օպելը,,  բախվել  է  ,,Մերսեդեսին,,/ կամ ՝ ընդհակառակը /, մեքենան  գլորվել- ընկել  է  գետը /կամ ՝ ձորը /:  Հետեւություն. ճանապարհները   ճանապարհի  նման  չեն,  վարորդները՝  վարորդի,  բենզինը՝  բենզինի, ավտոդողերն  էլ  պիտանի  չեն:  ,,Էդ  իմպորտնի  ավտոների  պեդալները  լավ  չեն  պահում,  ոտքը  դնում  են  թե  չէ՝ թռնում  է, չեն  կարողանում  կառավարեն,,- նկատում  է  վանաձորցիներից  մեկը:  Իմ  կարծիքով,  ավելի  հաճախ  վթարի  պատճառ  է  լինում  այն, որ  ղեկին  նստում  են  երիտասարդ  կամ  պատանի  անվարժ  վարորդներ,  որոնք,  թերեւս, վարորդական  դասընթացները  լիարժեք  անցնելու  ,,նեղություն,, չեն  էլ  կրել,  պարզապես ՝  գնել  են  վկայականը: Ու  սրանք  կատարյալ  փորձանք  են  դարձել  հասարակության  համար ՝ իրենց  ցոփ  ու  շվայտ  կյանքով: Հաղորդումներից  մեկից  էլ  տեղեկացանք, որ  հոգեկան  հիվանդությամբ  տառապող  տղան  տնից  ,,թռցրել,,  էր  պապին  պատկանող  մեքենայի  բանալիներն  ու  վթարի  ենթարկվել: Եւ  այսպես, մի  կողմից  արտագաղթն  է  դատարկում  երկիրը / որ  սոցիալական  ու  ներքաղաքական  ,,գաղջ,, մթնոլորտի  արդյունք  է /, մյուս  կողմից ՝ ավտովթարներն  ու  դժբախտ  պատահարները,  անժամանակ  մահացությունները: Օր  չկա, որ  կառավարության  շենքի  առջեւ  բողոքի  ցույց  կամ  սոցիալական  ընդվզումներ  չլինեն.  որդեկորույս  մայրեր,  որոնց ՝ չարչարանքով  պահած-մեծացրած  զավակները  զոհվել  են  բանակում ՝ խաղաղ  պայմաններում, ոչ  թշնամու  գնդակից,  բնակարաններից  զրկված  ,,պետական  կարիքների  զոհեր,,  կամ ՝ շինարարական  ավանտյուրաներից  տուժածներ,  ամիսներով  աշխատավարձ  չստացող  քիմիագործներ,  կարկուտից  տուժած,  բայց  փոխհատուցում  չստացող  գյուղացիներ... Մինչեւ  ե՞րբ  է  այս  ամենը  շարունակվելու:                 ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                                 

вторник, 14 мая 2013 г.

Ի՞նչ ենք դիտում, ի՞նչ ենք լսում

Ժամը  13-ի  դրությամբ  համացանցն  արդեն  ,,տժժում,,  է  թարմ  լուրերից, բայց  նույն  ժամին  մարդիկ  մի  նորմալ  տեղեկատվություն  չեն  ստանում  երկրիս  անցուդարձից ./,,մեռնող-ապրողից, թանկ  ու  էժանից,  կամ  նոր  դուրս  էկած  գազեթից-բանից,, /,  եւ  ճարահատյալ  սպասում  են  նախ ՝,,Կենտրոնին,, հետո ՝,,Շանթին,,  ու  ,,Ազատությանը,,:  Մայիսի  14-ի  ցերեկային    ,,Հայլուրն,,  օրինակ  , 5  րոպեում  ,,ափալ-թափալ,,  ավարտվեց  համացանցից  վերցված  մի  ,,օրիգինալ,,  խորհրդով.  այն  է՝ երկիր-մոլորակին  սով  է  սպառնում,  եւ  որոշ  երկրներում  մարդիկ  սկսել  են  ուտել  բզեզներ,  միջատներ,  սողուններ... Ընդ  որում,  նույն ,,ուսանելի,, նյութը  ,,Արմենիան,, էլ  տվեց,  բայց ՝ ,,բզեզի,,  փոխարեն ասելով  ,,ժուկ,,:  Իսկ  միգուցե  սկսեն  ,,ժուկի  թո՞ւյն,,  խմել:   Առավել  վատ  է,  երբ  սեփական  երկրի  ,,դարդուցավերը,,  թողած ՝ հայրենի  հեռուստաալիքներն  իրենց  լուրերն  սկսում  են  միջազգային  ,,բամբասանքով,, կամ,  որ  առավել  դատապարտելի  է ,  համացանցից  վերցված  տեղեկատվական  աղբով,  որ  համարժեք  է  մինչեւ  16  տարեկաններին  արգելվող  ֆիլմերը  ցերեկային  ժամերին  ցուցադրելուն . լեսբուհիների  շքերթ, համասեռամոլների  ամուսնություն,  այլանդակության,  այլասերվածության  ու  մոլագարության  զանազան  դրեւորումներ,  բռնություն...                                                                                                                                                ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 6 мая 2013 г.

Մտորումներ ,,վիպոյանական,, ընտրությունների, ԱԼՄ ,,իրավահաջորդների,, եւ այլնի մասին

  Չնայած  համացանցից  5  օր բացակայում  էի ՝ հարգելի  պատճառով,  սակայն  քաղաքականությանը  շատ  ուշադիր  հետեւում  էի ՝ ռադիոհեռուստաեթերից: Այս  ընթացքում  պարզապես  հիացած  էի  ԱԺ պատգամավորներ  Նաիրա  Զոհրաբյանի, Լեւոն  Զուրաբյանի, Արամ  Մանուկյանի  ելույթներով, ՀԱԿ-ի ՝ Երեանի  ավագանու  ընտրությունների  նախընտրական  հոլովակներով / թեպետ ,դրանցից  վերջինը  կառուցված  էր  մրցակցի  դեմ  հակաքարոզչության  հիմքի  վրա, բայց  այդ  հակաքարոզչությունը  հիմնավոր  էր, փաստերով  լեցուն /,  եւ, միգուցե  տարօրինակ  թվա ՝ ԲՀԿ  հիմնով:  1 -ին  անգամ  նկատեցի,  որ  ԲՀԿ  հիմնը  շատ  ավելի  հաջողված  է, որպես  օրհներգ,  քան ՝  ՀՀ օրհներգը ՝ ,,թշվառ-անտեր,,  ,,մեեե՜ր,  հայրենին,,,  որ ,,հա  քաշեցին,  քաշքշեցին,,՝  ու  էդպես  էլ  չփոխեցին: Իսկ  Զոհրաբյանի  ելույթներով  վանաձորցիներից  մեկն  էլ  էր  հիացած  / դե,  ինչքան  չլինի՝ լրագրողական  ,,շկոլա,,  է  անցել  ընդդիմադիր  թերթում /: Այ  նման  մարդիկ  պետք  է  լինեն  խորհրդարանում, եւ  ոչ  թե՝  իրենց  ,,փայով,, կուսակցական  ցուցակներ  սողոսկած, ,,հոգնած,,  կոճակ  սեղմողներ,  որոնց,  եթե  որեւէ  լրագրող  հարց  ուղղելու  ,,խենթություն,,  է  ունենում, կամ ՝ ,,խառնվում,,  են  իրար  ու  ճողոպրում,  կամ, մեղմ  ասած,  գրողի  ծոցն  են  ուղարկում  լրագրողին: Մեղքս  ինչ  թաքցնեմ,  նույնիսկ  մտածեցի,  թե  ավելի  լավ  չէ՞ր  լինի  ԲՀԿ-ից  Զոկրաբյանը  քաղաքապետ  առաջադրվեր,  ոչ  թե...մնացյալը:  Զոհրաբյանը ՝ ԲՀԿ-ից,  Արամ  Մանուկյանը ՝ ՀԱԿ-ից  փոխնիփոխ  ահազանգում  են  ներկա  ու  գալիք  արտագաղթի  մասին,  մտահոգիչ  թվեր  ու  փաստեր  են  ներկայացնում,  բայց  դե  ,,վերեւներում,,  լսո՞ղն  ով  է. արտագաղթի  դեմ  պայքարն  սկսել  են  միայն ՝ ինքնաթիռի  տոմսերը  թանկացնելով: ,,Ինչքան  քիչ  մարդ  մնա,  էնքան  իրենց  համար  քիչ  հոգս  կլինի,,- նկատում  է  վանաձորցիներից  մեկը: Ընդդիմության  ելույթների  հանդեպ  ,,իմունիտետն,, այնքան  է  մեծացել, որ  անգամ  ,,Վիտամին,,  ակումբի  նյութ  են  դարձել  իշխանությունն  էլ,  ընդդիմությունն  էլ, ինչի  ապացույցը ,,Կիսաբաց  դեբատներն,,  էին ՝,,Վիտամինի,,  մայիսի  4-ի  եթերում, որն, ի  դեպ,  բավականին   հաջողված  էր:  Հնգօրյա  ակտիվ  հանգստի  ընթացքում  մի  եզրակացության  էլ  եկա. ,,Կենտրոն,,  հեռուստատեսությունը  դարձել  է  ԱԼՄ-ի  արժանի  ,,իրավահաջորդը,,. այնպես,  ինչպես  ,,Երկիրը,,  եւ  տեղը  տեղին  լուրերով  լուսաբանում  է  եւ  ընդդիմության  հանրահավաքները,  եւ  սոցիալական  խնդիրներ / հատկապես ՝ գյուղերին  վերաբերվող /, նաեւ՝   վերհանում  պետական  կառավարման  համակարգում  տարիներով  բուն  դրած  կոռուպցիոն  երեւույթները /  օրինակ ՝ գյուղացիներին  չծլող  ցորենի  սերմ  բաժանելու  կամ ՝ մի  քանի  հազար  դոլարանոց  սեմինար  կազմակերպելու  ու  գյուղացիներին  իբր  շատ  կարեւոր  խորհուրդներ  տալու  պատմությունը,  որի  առթիվ  վարչապետին  ուղղված  պատգամավորական  հարցերն  անպատասխան  մնացին /: Վերջերս  նաեւ  ,,հայտնաբերեցի,, որ  անգամ  ,,Եթեր,,  շաբաթաթերթն  է  խիստ  քաղաքականացվել,  ու  անգամ  ,,Ազատություն,,  ռադիոկայանի ՝ Րաֆֆի  Հովհաննիսյանի  միտինգներին  ու  ոստիկանության  հետ  բախումներին  անդրադարձող  նյութն  է  արտատպում,  իսկ  Երեւանի  քաղաքապետին  էլ  ,,տեղը-տեղին,,  քննադատում է...Այսինքն , եթե  մի  ժամանակ  ,,Եթերը,,  հատուկ  սյունակում  միայն  սոցիալական  հարցեր  էր  բարձրացնում,  ապա  արդեն  անցել  է  քաղաքականին.  այ   սա  առաջընթաց  է...: ...Իսկ  մայիսի  5-ին  Երեւանի  ավագանու  ընտրության  օրն  ինձ  զարմացրեց  այն,  որ  այդ  օրը  լրագրողները  թեկնածուներին  ,,սադրիչ,, հարցեր  էին  ուղղում, ինչի  պատասխանը  կարող  էր  քարոզչություն  կամ  հակաքարոզչություն  լինել,  չպատասխանելը ՝ ,,անշնորհքություն,,: ,,Չեք  վախենու՞մ,  որ  բավարար  ձայներ  չեք  հավաքի,,- հարցնում  է  թղթակիցը  գործող  քաղաքապետին:  Կամ ՝ ՀԱԿ թեկնածուից  ,,հետաքրքրվում,, է,  թե  նա  ինչ  արդյունքներ  է  ակնկալում....Իսկ  ,,Կենտրոն,, հեռուստատեսության  ռեպորտաժներից,  նաեւ ՝համացանցի  լուրերից  եկանք  այն  եզրակացության,  որ  ընտրական  տեղամասերում  ընդգրկված  մարդիկ  նյարդահոգեբանական  սուր  ընդգծված  շեղումներ  են  ունեցել:  Նշենք,  որ  ,,Կենտրոնի,,  թղթակիցն  անգամ  խոստովանեց,  թե,,Որ  տեղամասում  գոռգոռացող  նախագահ  չէինք  տեսնում,  զարմանում  էինք,,: Հետաքրքիր  է,  հիմա  է՞լ  են  ասելու,  թե  ,,Ընտրություններն  անցել  են  խաղաղ,  հանգիստ  մթնոլորտում,,    երբ  տեղամասերում  համընդհանուր  գոռգոռոց  ու  ընդհարումներ  են եղել  / որոնցից  ամենատպավորիչը,  թերեւս,  դիտորդի  կողմից  վստահված  անձի  դեմքին  մատյանով  խփելն  է  եղել :  Դե  իսկ  լրագրողներին,  ինչպես  միշտ ,,անզգույշ  քաշքշել  են,,  ու  կոպտել,  աշխատանքը  խոչընդոտել  ու,  սերիալային  լեզվով  ասած ՝ ,, դավայ  ըստուց,,  արել: Թերեւս,  այս  ընտրություններն  իրենց  ,,խոխմաներով,, գերազանցել  են  մինչ  այս   եղածները:  Ամենազարմանալին  այն  էր,  որ  բնակարաններից  մեկում  գրանցված  են  եղել...22մարդ: Իսկ  մի  քաղաքացու  զգուշացումից  հետո  անգամ  նրա  հասցեում  անհիմն  հայտնված  անունը  շարունակել  է  պահպանվել,  եւ  նա  որոշել  է  իր  ,,դատաստանն,,  իր  ձեռքով  անել  ու  մատյանից  ջնջել  է,  ինչի  իրավունքը  բնականաբար,  չուներ:  Դե  փաստորեն  մարդուն  մղել  են  ապօրինության:  Մի  խոսքով,  իսկական  ,,վիպոյանական,, ընտրություններ.  հումորով-բանով, կանխորոշված  ելքով,  ամեն  ինչ  տեղը-տեղին:.. ՀՅԴ  հանդիպումը  ,,Շանթի,,  եթերով  դիտելիս,  երբ  դաշնակցության  գործիչները  քաղաքական  բանակցությունների  մեջ  էին  մտել...լվացք  փռող  կանանց  հետ,  ու  ներքեւից  բղավում  էին,  թե  ,,Էդ  ո՞ւմ  լվացքն  է  ըտենց  գունավոր,,  ակամա  մտաբերեցի  ,,Մեր  բակը,, ֆիլմը,  որտեղ  Հրանտն /Թոխատյան /  ու  Ազատը / Գասպարյան / ,,ասուլիս,,  էին  հրավիրել  բակում, ու  լուսամուտից  մեկը  ,,հետաքրքրվում,,  էր,  թե  ,,Ինչո՞ւ  է  աղմկում  գետը,, ՝ ինչին  ի պատասխան  ,,բացատրում,,  էին. ,,Որովհետեւ  մանկուց  լավ  չեք  դաստիարակել ,,:                                                                          ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ             

пятница, 19 апреля 2013 г.

Դոլարադրամային խաղերը շարունակվում են, գները ՝ բարձրանում

        Ընտրությունները  ,,հորով-մորով,, անելուց   հետո  ՝հիմա  էլ  դոլարադրամային ,,խաղեր,,են սկսել. ապրանքի գինը մեկ ՝ բարձրացնում են ՝ ինչ-որ   անհեթեթ պատճառաբանություններով / այնպես, ինչպես ՏՄՊՊՀ-ն օրերս ձվի գնի բարձրացումն ուշացումով պատճառաբանում էր համաշխարհային շուկայում հավի կերի գնի բարձրացման հանգամանքով /, հետո մի հատ էլ բարձրացնում  են՝ դոլարի կուրսի բարձրացման պատճառաբանությամբ:  Իսկ որ ամենավատն է ՝դոլարի կուրսը կրկին գցում են / այդ ընթացքում մի քանի պատվիրված ,,հետազոտություններ  ու ,,մտահոգություններ,,, են հնչում  եթերից  ու թերթերից՝ դրամի արժեզրկման առնչությամբ / ՝ իշխանությունների շահերից  բխող, բայց  գները  թողնում են նույնը: Մի խոսքով ՝ ամեն ինչ ՝ ի վնաս  ժողովրդի:  Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ հավի մսի գինը դարձրել են խոզի մսի գնին հավասար. ապրիլի կեսից սկսած ՝  Վանաձորի  առեւտրի  կետերում  հավի միսը  թռիչքաձեւ  սկսել է բաձրանալ  մինչեւ անհասանելիություն: Կտրուկ  բարձրացել  է նաեւ  սուրճի, թթվասերի, բուսական  յուղի, բանանի  ու  նարնջի  գինը: Եւ  այս ամենը ՝  նախագահական  ընտրություններից  հետո:                                                                                                                                                         ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                                                                                   

среда, 10 апреля 2013 г.

Մանկական այգում ծառեր հատվեցին. վերջում էլ աղբը վառեցին

Մինչ  ապրիլի 9-ին մայրաքաղաքւմ զույգ երդմնակալություններ էին տեղի ունենում ՝ դրանից  բխող հետեւանքներով, Վանաձորի Երկաթուղայինների այգում երկու հսկայական ծառեր հատվեցին. հետո էլ սղոցեցին, դարսեցին, որից  հետո  աղբի մնացորդները հենց խոտերի մեջ վառեցին: Եթե քաղաքի կենտրոնում է այսպիսի  հրդեհավտանգ իրավիճակ ստեղծվում / էլ ,,չենք  խոսում,, կանաչ տարածքներին հասցված վնասի մասի / , ապա ի՞նչ կլինի անտառներում . պատահական չէ, որ պարբերաբար տեղեկանում ենք, որ Լոռվա անտառներում հերթական հրդեհն է բռնկվել:                                                                                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ              

четверг, 4 апреля 2013 г.

Զատիկն անցավ, գները մնացին

Սուրբ  Զատկի  օրերն  անցել  են,  բայց  վանաձորյան  շուկան  շարունակում  է  ոչ  միայն  զատկական,  այլեւ  Նոր  տարվանից  մնացած  գների  ,,թմբիրում,, մնալ: Դեկտեմբերի  վերջից  սկսած  մինչեւ  ապրիլի  4-ը՝ խանութներում  հավկիթի  գներն  սկսվում  են  60դրամից եւ  հասնում  մինչեւ  անգամ  70-75-ի: Հիշեցնենք,  որ  1կգ  կարտոֆիլը  50-70դրամ  է.  եւ  ստացվում  է,  որ  1կգ  կարտոֆիլը  համարժեք  է  1  հատ  ձվի: Համեմատության  համար  նշենք,որ  այս  տարի  ս.Զատկի  խորհրդանիշ  ձկնեղենը  համեմատաբար  մատչելի  էր,  ինչը  չէինք  ասի  հավկիթների  պարագայում,  քանի  որ  անգամ  հավկիթի  դեֆիցիտ  էր  ստեղծվել,  եւ  մի  քանի  սուպերմարկետներում  անգամ  Զատկի  նախօրեին  եւ  3օր  անց  խանութներում գնորդներին  ,,դիմավորում,,  էին  ձվի  դատարկ  տուփերը ՝ ,,անհիմն,,  գնապիտակներով: Իսկ  ահա,  բանանի  ու  նարնջի  գները  միանգամից  բարձրացան  Զատկից  1  շաբաթ  առաջ  ու  ապրիլի 4-ի  դրությամբ  ,,կայունացման,,  գործընթացում  էին:  Գների  բարձր  մակարդակի  պահպանմանը  նպաստեց  նաեւ  այն,  որ  Զատկին  հաջորդեց  աշխատավարձերի, թոշակների  բաշխումը, իսկ  այդ  օրերին,  որպես  կանոն, վանաձորյան  առեւտրի  կետերում / որոնց  թվում ՝ խանութներ, սուպերմարկետներ / թանկացումներ  են  սկսվում: Մարդիկ  անգամ  նկատում  են,  որ  եթե  որեւէ  մթերք  չհիմնավորված  թանկացել  է, ուրեմն ՝,,թոշակ  կամ  նպաստ  են  բաժանում,,: Այսինքն ՝շուկայական  ,,մաֆիան,,  այդ  օրերին  ժողովրդից  ,,թեյավճար,,  է  գանձում. այնպես, ինչպես  ռեստորաններում  առատաձեռն  հաճախորդները  մատուցողներին  ,,թեյավճար,,  են  թողնում:...Ի  դեպ,  արդեն  քանի  տարի  է  առեւտրի  կետերում  վաճառվում  է  անհայտ  ծագման,,,տնական,,փաթեթավորումով  ձվի  գույն ՝զատկական  ձվեր  ներկելու  համար,  բայց,  որպես  կանոն,  այն  անորակ  է: Հայտնաբերեցինք  նաեւ  «Արգոն,, անվամբ, գործարանային  փաթեթավորումով   ,,ձվի  գույն,, / թեպետ  այդ  մասին  փաթեթի  վրա  որեւէ  պաշտոնական  հավաստագիր  չկար /, սակայն  դա  էլ  իր  անորակությամբ  չէր  զիջում  ,,տնական,,փաթեթավորումով  ձվի  ներկին: Ահա  թե  ինչու  տնային  տնտեսուհիներն  արդեն  ավելի  շատ  նախընտրում  են  ձուն  ներկել  սոխով  կամ  բանջարաբոստանային  այլ  կուլտուրաներով: Իսկ  մինչ  այդ,  Զատկից  Զատիկ  ծաղկում  է  խոտան  ներկի  բիզնեսը:                ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ