воскресенье, 24 июля 2011 г.

Ի՞նչ են քարոզում հայկական հեռուստասերիալները

Ի՞նչ են քարոզում հայկական հեռուստասերիալները


Հայկական հեռուստասերիալներում արդեն  երկու հանցագործ պատգամավորի կերպար է մարմնավորվել:
ՙԱրմենիայով՚ ցուցադրվող ՙՎրիժառուի՚ մեջ` Միսակը, որ նաև երթուղայինների գծերի ստվերային տեր է ու այդ հողի վրա սպանություն է պատվիրում (և այն արդարացնելով ասում` ՙՀա դե ընդհանուր գործի համար պետք ա եղել, խփել ենք՚): Միսակի որդին էլ հոր հետքերով է գնում. այս անչափահաս հանցագործն օրվա մեծ մասը թմրամոլ ընկերների հետ է անցկացնում ու օրը ցերեկով սադիստաբար մարդ սպանում, վերջում ինքն էլ վրեժի զոհ դառնում: Հանցագործ պատգամավորի մյուս կերպարը Հ1-ով ցուցադրվող ՙԱննա՚ սերիալում Վլադիմիր Պարոնյանն է, որ քրեական ճանապարհով բիզնես է ձեռք բերել ու այդ բիզնեսին խոչընդոտող բոլորին վերացնում է, վերջում էլª երկրից փախչում:
Սերիալներում պարբերաբար պախարակվում է իրավապահ համակարգը` ոստիկանությունը և դատախազությունը: ՙԿյանքի գինը՚ սերիալում այնքան մեծ էր սցենարիստի ատելությունը դատախազների նկատմամբ, որ մեծ կաշառքով հանցագործություն կոծկած դատախազին որոշել էր բարձրահարկի վերին հարկից ցած գցել: Հետաքրքիր է, Հայաստանում եղե±լ է նման դեպք: Երբ ԶԼՄ-ները գրում են, թե կրիմինալը թափանցել է Ազգային ժողով, պետական կառույցներ, նրանց մեղադրում են, բայց, փաստորեն, հայրենի հեռուստասերիալներն են նման կերպարներ ներկայացնում (այն էլ` պետական հեռուստաալիքով):
Բռնությունները, գազանությունները դարձել են սերիալների մշտական ուղեկիցը: ՙՎրիժառուի՚ 1-ին եթերաշրջանի ՙավանդույթները՚ հաջողությամբ շարունակվում են վերջերս սկսված 2-րդ եթերաշրջանում, որում էլ նոր, ավելի դաժան կերպարներ են հայտնվել Լոս Անջելեսի հայերից: Պարզվում է` հայերն այնքան են լկտիացել (ըստ ֆիլմի սցենարի), որ անիմաստ ու դաժան հաշվեհարդար են սկսել սևամորթների դեմ, ու ՙոր մին զարկի` ջարդի հազար՚ սկզբունքով,  ինքնաձիգներն առած, միանգամից ՙհնձում՚ են մի քանի սևամորթի և ուրախ-ուրախ, իրար ՙջան-ջան՚ ասելով`  հեռանում:
Այս աղտեղության ամենաանմեղ կատակը սա է. ՙԱրա, դու չխոսաս, թե չէ դու որ խոսում ես, մարդ ա մեռնում՚: Դա դեռ բավական չէ, ֆիլմում լավագույնս ՙքարոզվում՚ է թմրամոլությունը, որում հաջողությամբ ներգրավվել են նաև նարգիլե քաշող կանայք: Իբր քիչ էր, որ ՙՎրիժառուի՚ 1-ին եթերաշրջանում մանկահասակ երեխայի աչքի առաջ հորը դաժանորեն սպանում են, 2-րդ եթերաշրջանում էլ քեֆի սեղանի շուրջը հարբած կրիմինալի գլխավոր անդամը ՙգյուլլում՚ է իր մրցակցին` դրանից առաջ ՙփառավոր՚ ու դաժան ծեծի ենթարկելով (ընդ որում` կերուխումին մասնակից կանանց աչքի առաջ):
Ըստ հայկական դետեկտիվ սերիալների, երկրում իշխում է կրիմինալը, որն ամենուր է` նախարարություններում, Ազգային ժողովում, իրավապահ համակարգում: Ստվերային արտադրության կեղծ դեղորայքի ՙտանիքը՚ ՙՎրիժառու՚ ֆիլմում առողջապահության նախարարն է: Պետական ապարատ թափանցած կրիմինալին ֆիլմում ավելացել է ՙինքնակառավարվող՚ կրիմինալը, որ ցուցումներ է ստանում Մոսկվայից:
Ինչ խոսք, այս ֆիլմերը մեծ հեռուստալսարան ունեն, բայց մի±թե պարտադիր է, որ դետեկտիվ ֆիլմերում այդքան մանրամասն ներկայացվի դաժանությունն ու բռնությունը, որոնց բացասական ազդեցությունը տարբեր մարդկանց ներաշխարհի վրա մի առանձին ուսումնասիրության թեմա է: ՙՎրիժառու՚ ֆիլմի 2-րդ եթերաշրջանում էլ շարունակվում են զազրախոսությունները, հայհոյախոսությունները, որոնք քրեորեն պատժելի արարքներ են: Ստացվում է, որ փողոցում, հասարակական վայրերում հայհոյելու, զազրախոսելու համար կարելի է տուգանք սահմանել, մինչդեռ հեռուստաէկրանից կարելի է անխնա զազրախոսել` տհաճություններ պատճառելով հեռուստադիտողին:
Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ
Print Friendly

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն