среда, 27 июля 2011 г.

Մնացել են ավանդների նամակին սպասող



Ավագ և միջին սերնդի վանաձորցիներին մտահոգում է մինչև 1989թ. ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման հարցը: Յուրաքանչյուր հանրահավաքի ժամանակ, քաղաքական գործիչ կամ պատգամավոր ,,բռնեցնելիս,, , լրագրող տեսնելիս` մարդիկ պարբերաբար դժգոհում են, որ ավանդներ ստանալու հարցում վերապահումներ են սահմանված (սա` ,,լավագույն,, դեպքում, վատագույն դեպքում էլ` կարծիքներ կան, թե ծանոթ ,,մեջ գցելու,, միջոցով էլ են առաջնահերթության կարգով հատկացումներ արվում` սոցծառայությունների կողմից): Իսկ տարեցներից շատերը տարեց տարի կորցնում են հույսը, թե երբևէ հերթն իրենց էլ կհասնի: ,,2006թ. ցուցակագրել են իբր 60000 մարդու, որոնք առաջնահերթության իրավունք ունեին, ու նրանցից 40000-ը, իբր, ստացել է, մյուսները ե՞րբ պիտի ստանան, որ նոր ցուցակագրում լինի, ու հերթը ինձ ու իմ նման շատերին հասնի,, ,- ասում է 76-ամյա նախկին տնտեսագետ Ռաֆիկ Սահարյանը ու հեգնում. ,,Մեռած թոշակառուների անունով գումարներ էին դուրս գրել սոցապ նախարարությունում, բայց ողջ մնացածները, փաստորեն, չեն կարողանում իրենց տարիներով կուտակած ավանդը ստանալ,,: Նա նաև պնդում է, որ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում ավանդների վերադարձման գործընթացն ավարտվել է, բացի` Հայաստանից: Վերջերս էլ 30-ական թվականների ստալինյան բռնաճնշումների զոհերի ժառանգներն էին իրենց բողոքի ձայնը բարձրացրել վանաձորյան հեռուստատեսությամբ, և պահանջում էին, որ բռնադատվածների ժառանգներն էլ առաջնահերթության կարգով ստանան ավանդների փախհատուցում: Կարծում ենք, ամեն պարագայում ավանդը պետք է շուտափույթ փոխհատուցվի: Աշխատանքի վետերանն ինչո՞վ է մեղավոր, որ ինքը պատերազմի վետերան չէ կամ բռնադատվածի ժառանգ: ,,Ես մեղավոր ե՞մ, որ իմ վախտը կռիվ չի եղել, պատերազմ չեմ գնացել, ուրեմն մինչև մեռնելս ինձ էդ փողը չպտի հասնի՞,- մի առիթով տեղական հեռուստատեսությամբ դժգոհում էր 70-ն անց մի վանաձորցի: ,,Մայրս շուտով 80 տարեկան կդառնա, 50 տարի քիմգործարանում աշխատել է, 2 գործազուրկ դուստրերով էդ կնոջ թոշակի հույսին նստած ենք, մեզ էլ ոչ գործազուրկի նպաստ են տալիս, ոչ ընտանեկան նպաստ, ոչ աշխատանք կա` թե աշխատենք, գոնե էդ անտեր ավանդը տային, յոլա գնայինք,,- ասում է Կլարա Կրմզյանի դուստրը` նախկին ինժեներ Անահիտը: Մարդիկ նաև դժգոհում են, որ ավանդ ունեցողի ժառանգին իրավաբանորեն չի հասնում այդ ավանդը, իսկ մահացածի այրին էլ կիսով չափ կարող է ստանալ ավանդը, այն էլ` հայտնի չէ թե երբ հերթն իրեն հասնելու դեպքում: Հատկանշական է, որ Արցախում վերջերս որոշում էր ընդունվել (ըստ հանրապետական լրատվության) մինչև 1976թ. ծնվածների ավանդները փոխհատուցելու մասին, իսկ Հայաստանում, փաստորեն, 76 տարեկանին էլ դեռ հերթ չի հասնում (ավելացրած այն, որ 90 տարեկանին ավանդ չհասնելու դեպքի էլ ենք ականատես եղել` հանրապետական հեռուստատեսությամբ, երբ գյուղաբնակ զառամյալ կնոջը` անկողնուն գամված, ի պատասխան նրա անունով կառավարություն ուղարկված նամակի` խորհուրդ էին տվել նամակի պատասխանը ստանալ կառավարության կայքէջից): Կարծում ենք, սոցապ նախարարությունում հայտնաբերված խոշոր չարաշահումների գումարները բյուջե վերադարձնելու դեպքում հնարավոր կլինի ավելի մեծ թվով ավանդ ունեցողների գումարները փոխհատուցել, այլապես տպավորություն է ստացվում, թե կառավարությունում ,,իմունիտետ,, են ձեռք բերել այս հարցի առնչությամբ և գործնական ոչինչ չեն անում` մարդկանց դժգոհությունը մեղմելու ուղղությամբ:

Գայանե Հովսեփյան, Վանաձոր
 Հ.Գ. Սույն նամակն ամիսներ առաջ ԱԺ կայքէջի էլ.փոստով ուղարկվել է «Ժառանգության» պատգամավոր Զ. Փոստանջյանին, արձագանք չստանալուց հետո` պատգամավոր Լ. Ալավերդյանին (անձնական էլ.փոստին), սեպտեմբերի 24-ին Վանաձորի երկաթուղայինների ակումբում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ հանձնվել է «Ժառանգություն»  կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ՕԵԿ պաշտոնաթերթին, "Ազգ" օրաթերթին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի եղել, եթե, իհարկե, արձագանք չհաշվենք այն, որ վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ Ր. Հովհաննիսյանն իրեն բանավոր դիմող մի տարեց քաղաքացու հարցի առնչությամբ հայտարարեց. “Մինչև իշխանությունը չփոխվի, ավանդները չեք ստանա”: Մի՞թե բյուջեում պատգամավորների ու նախարարների աշխատավարձերի պարբերական բարձրացման համար փող կա, ավանդների փոխհատուցման համար չկա;
 18./12/2011.

Հ.Գ. Ապրիլի 21-ին ՕԵԿ նախագահն իր նախընտրական քարոզչության ժամանակ, ի վերջո, դատապարտեց, որ ժառանգներին ըստ օրենքի չի հասնում ծնողների ավանդը, և հիշատակեց, որ եղել են դեպքեր, երբ 90-ն անց մարդը չի ստացել ավանդը: Ցավոք, այդ ամենն ավելի վաղ պետք է ասվեր ԱԺ ամբիոնից: Չէ՞ որ այդ առթիվ մեկ անգամ չէ, որ դժգոհություններ են հնչել: Հավանաբար, էլի մի 4 տարի է պետք, որ ԱԺ-ն համապատասխան շտկումներ մտցնի օրենքում: Ավանդների վերադարձի վերաբերյալ օրենքի թերի լինելու մասին իր նախընտրական քարոզչության մեջ օրերս խոսեց նաև Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի պատգամավորության նորաթուխ թեկնածուներից մեկը և իրավացիորեն նկատեց, որ ավանդների վերաբերյալ օրենքն այնպես է գրված, որ հնարավորինս քիչ մարդիկ ստանան ավանդները (այսինքն` սահմանափակումներ և վերապահումներ են արված): 22 ապրիլի 2012թ.                                                                           Հ.Գ.  2012թվի  վերջին նստաշրջաններից  մեկի  ժամանակ  ԱԺ պատգամավոր  Էդմոն  Մարուքյանը  ավանդների  հետ  կապված  հարց  ուղղեց  արդարադատության  նախարարին,  թե  ինչու՞  ժառանգներին  չի  հասնում  մահացած  ծնողների  ավանդը: Նախարարի  պատասխանից  այդպես  էլ  չհասկացվեց,  թե  ի  վերջո  այդ  ավանդ  կոչվածը  տալու  են,  չեն  տալու,  եւ, կարծում  եմ,  այդ  պատասխանից  մարդիկ  ընդհանրապես  հույսները  կտրեցին,  քանի  որ  նախարարը  նշեց,  թե  ում  մինչ  օրս  հատկացրել  են,  դա  ավանդի  փոխհատուցում  չի  եղել,  այլ ՝ ,,օգնություն,, ;  Ստացվում  է,   ովքեր  ստացել  են  այդ  ,,օգնությունը,,  որպես  ավանդի  հատուցում , կարող  են  մի  անգամ  էլ  որպես  փոխհատուցում  ստանալ,  եթե  որոշեն  փոխհատուցման  օրենք  ընդունել : Բա  եթե  դեռ  փոխհատուցման  օրենք  չի  եղել, ՕԵԿ-ը  ինչպես՞  է  ասում,  թե  իրենք  ավանդների  փոխհատուցման  հարցը  լուծել  են:                                 15.01.2013                                                                                                                                                 ԳԱՅԱՆԵ   ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                  Հ.Գ. 2013թվի ապրիլի 30-ի դրությամբ ավանդների  վերադարձի որեւէ հեռանկար չի ուրվագծվում: Ի դեպ ,  ՀՀ նախագահի թեկնածուներից  կարծես թե  միայն  Հրանտ Բագրատյանն էր խոսում ավանդների վերադարձի մասին, բայց ՝ նրա առաջարկած մեխանիզմն անհասկանալի  էր. այն է ՝,,ավանդները ձեւակերպել  որպես օբ-լի-գա-ցիա,,:  Արդյո՞ք դա նույնը չէ, ինչ որ ՝ 90-ականներին,  Բագրատյանի  վարչապետության  տարիներին, երբ    ժողովրդին հատկացվեցին  վաուչերներ, որոնց շուկայական արժեքը 3-7000դրամ էր, եւ  միայն  հետագայում, երբ արդեն շատերը  դրանք  վաճառել էին,,ցեխի գնով,,  ՝մի կերպ  ,,ձգեց,, 18-20000դրամի  / միջին սերնդի մարդիկ, հավանաբար, կհիշեն, որ այդ տարիներին տարադրամի  փոխանակման  կետերում դոլարից ու ռուսականից  բացի ՝ վաուչերների կուրսն  էլ  էր նշվում  /: Ավանդների վերադարձի մի մեխանիզմ  էլ  վերջերս  դաշնակներն էին առաջարկում, ըստ որի , դրանց դիմաց չեկեր կտրամադրվեն ՝ որոշակի ապրանքներ գնելու պայմանով: Այդ տարբերակը շատերին ձեռնտու չէ, քանի որ յուրաքանչյուր ոք իրավասու է իր ավանդը տնօրինել ՝ ըստ հայեցողության, եւ ոչ թե  խանութներում չվաճառվող մեծարժեք ապրանքները տուն տանել ՝ իր կամ իր ծնողների տարիների  խնայողությունների հաշվին:  Եթե  բյուջեն  այնքան  հնարավորություն  ունի, որ պարբերաբար  նոր  ՀՀ դեսպանատներ  են  բացվում ՝ տարբեր երկրներում , կամ  պարբերաբար  բարձրացվում  են  բարձրաստիճան  պաշտոնյաների  աշխատավարձերը,  ապա  ցանկության  դեպքում  ավանդներն  էլ  կարելի  է վերադարձնել : Ի  դեպ, Արցախի  հանրապետությունում  վերջերս  որոշում  ընդունեցին ՝ որոշակի  տարիքային  խմբերի  ավանդները  փոխհատուցելու  մասին:                                                                                                                                                                                                                              30.04.2013թ. ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն