понедельник, 25 июля 2011 г.

«Հանրապետականին» համոզել կլինի՞



«Ազատություն» ռ/կայանի շաբաթօրյա հատուկ հաղորդումների ժամանակ պարբերաբար հյուրընկալվում են իշխանամետ ու ընդդիմադիր ուժեր, հակառակ բևեռների գաղափարախոսներ:

Ոչ վաղուց ՀՀԿ անդամի հետ հյուրընկալվել էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ապրիլի 30-ի հյուրն էլ ՀԱԿ (Հայ Ազգային Կոնգրես) անդամ Հովհաննես Հովհաննիսյանն էր` ընդդեմ ՀՀԿ անդամի: Զարմանում ենք նրանց 2-ի «տոկունության» վրա, թե ինչպե՞ս կարող են 1998թ. ի վեր ԱԺ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականի հետ բանավիճել ու նրանց փորձել համոզել, որ երկրի ներքաղաքական ու սոցիալական վիճակը նրանց «տիրապետության» օրոք ոչ միայն ծանր է, այլև` օրհասական:

Չէ, ՀՀԿ-ականները համառորեն պնդում են, որ երկրում ամեն ինչ լավ է, որևէ հիմք չկա արտահերթ ընտրությունների: Գոնե ասեին, որ արտահերթ ընտրություններն էլ կարող են նույն սցենարով անցնել, ինչ որ` նախորդները, ուստի «հարկ չկա» արտահերթ ընտրությունների, և ոչ թե` ժխտեն, թե երկրում ամեն ինչ լավ է, և, իբր, քաղաքական ընդդիմադիր ուժերն են ամեն ինչ չափազանցնում: Ընդ որում, Հանրապետականներն ամենաշատը սարսափում են «արտահերթ ընտրություններ» արտահայտությունից, քանի որ վախենում են հայտնվեն լուսանցքում, հակառակ` իշխանամետ սոցիոլոգների պատվիրված հարցումների:

Լավ կլիներ, եթե «Ազատությունում» պարբերաբար հյուրընկալվող հանրապետականները գոնե մեկ-մեկ էլ նույն «Ազատության» «Ունկնդրի ձայնը» լսեին ու ականջալուր լինեին բազմաթիվ քաղաքացիների մեծամասշտաբ դժգոհություններին, ավելի հաճախ մամուլ ընթերցեին, հեռուստացույց նայեին, և տեսնեին, որ անգամ «Հայլուրն» է սկսել ժողովրդի ծանր վիճակից խոսել: Միգուցե այդ դեպքում չասեին, թե երկրում ամեն ինչ լավ է, և ընդդիմադիր ուժերն են, որ ամեն ինչ «մգացված» գույներով են ներկայացնում:

Թերևս, «իշխանություն-ՀԱԿ երկխոսություն» ասելով ՀՀԿ-ականները հասկանում են, որ ՀԱԿ-ը պետք է ասի, որ ամեն ինչ վատ է, իրենք էլ ցուլի համառությամբ պետք է հակառակն ապացուցել փորձեն: Ի վերջո, նման հայտարարությունները պարզապես արհամարհանք են սոցիալ-տնտեսական ծանր վիճակի բեռն իր մաշկի վրա զգացող ժողովրդի հանդեպ: Հավանաբար, ՀՀԿ-ակաների համար հիմք է հանդիսանում կենսաթոշակային հիմնադրամի պաշտոնաթող նախագահ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի այն տեսակետը, թե երկրում դեռևս ոչ մի թոշակառուի սովամահության դեպք չի արձանագրվել:

Գայանե Հովսեփյան, Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն