суббота, 10 сентября 2011 г.

ՀՀ քաղաքացին` ընդդեմ դատաիրավական մարմինների

Վանաձորաբնակ կենսաթոշակառու Ռաֆիկ Սահարյանը սեպտեմբերի 7-ին գրավոր հայտարարություն է ներկայացրել Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանին: Հայտարարության մեջ (որի մասին, ի դեպ, նա բանավոր հայտնեց նաև նույն օրը երեկոյան ՀԱԿ Վանաձորի գրասենյակում Դավիթ Շահնազարյանի հետ հանդիպման ժամանակ), ասվում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող № ԼԴ/0170/01/11 քրեական գործով ես` Ռաֆիկ Սահարյանս, ճանաչվել եմ որպես տուժող: Ամբաստանյալներ` Կարո Սարիբեկյանի, Հրանտ Նավասարդյանի և Արմեն Ամիրխանյանի կողմից ինձանից գողացված գույքի մասին ես հայտարարություն չեմ տվել, ամբաստանյալներին քրեական պատասխանատվության ենթարկելու գույքային պահանջ չեմ ներկայացրել: Լոռու մարզի ոստիկանության Սպիտակի բաժանմունք են ինձ տարել այս գործով ցուցմունքներ կորզելու համար: Ամբաստանյալներին չեմ ճանաչել, այժմ էլ չեմ ճանաչում: Ամբաստանյալ Կարո Սարիբեկայանին, իր ընտանիքին և ընտանեկան պայմաններին ծանոթացել եմ տեղազննություն կատարելու ժամանակ: Ըստ նրա ասելու, ինքը և կինը չեն աշխատում, իրենց և երեխաների ապրուստի միջոցներ ապահովում են պատահական աշխատանքով և երևի թե մանր գողություններով: Ըստ մասնագետների գնահատման ինձնից գողացված գույքի արժեքը 5000 դրամ է, ինչը գտնում եմ, որ ՀՀ քր. օր. 18-րդ հոդվածի 2-րդ մասի` իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն ինձ, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր էլ կարող պատճառել: Ամբաստանյալների այս արարքը համեմատել եմ ՀՀ գործադիր իշխանության և դատաիրավական համակարգի պաշտոնատար անձանց կողմից ինձ ՀՀ քր. օր. 352 և 353 հոդվածներով արգելված արարքներով ավելի մեծ չափերի հասնող պատճառված վնասի հետ (տարեկան մոտ 45.000 դրամ) և ինչպես նշել եմ Լոռու մարզի դատախազին ուղղված դիմումում` սոցծառայության պետ Վ. Խաչիկյանի 4 միլիարդից ավել յուրացումների ու չարաշահումների հետ, որոնք ունեն հասարակական մեծ կարևորություն, հսկայական վնաս են պատճառել ինձ, հասարակությանը (մյուս կենսաթոշակառուներին) և պետությանը ու պատժելի են ՀՀ քր. օր. ավելի ծանր պատժի հոդվածներով: Սկսած 2010թ. հոկտեմբերից մինչ օրս դատական ատյաններում օրինախախտումների, պետական և դատաիրավական ամբողջ համակարգի անգործության պատճառով անհնարին է դարձել պետության կողմից մարդու իրավունքների (նաև իմ) պաշտպանությունը, մարդիկ հարկադրված թողնում-հեռանում են հայրենիքից կամ դիմում ինքնասպանության, սպանության, հանկարծամահ են լինում և այլն... Այս մասին բազմաթիվ հաղորդումներ և հրապարակումներ են եղել նաև մամուլում: Ի նկատի ունենալով վերը նշվածը, ես հետ եմ վերցնում (հետ կանչի իրավունքով) իմ ստորագրությամբ տված ցուցմունքները, բացատրությունները և մյուս փաստաթղթերում տված ստորագրությունները, հրաժարվում եմ այս` № ԼԴ/0170/01/11 քրեական գործով հետագա քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու իմ պարտականություններից մինչև հասարակական խիստ վտանգավոր հանցագործներ Վ. Խաչիկյանին և նրա գործակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը»: Հայտարարությունը, որի տակ Ռ. Սահարյանը ստորագրել է որպես «սույն գործով տուժող ճանաչված իրավազրկության բռնաճնշված ՀՀ քաղաքացի», ներկայացնում ենք առանց դրանում առկա քաղաքական հայտարարությունների, ինչպես նաև առանց մատնանշելու Վանաձորի սոցապծառայության այն պաշտոնյաների անունները, ում ևս Սահարյանը համարում է հանցագործ: Առաջիկայում կներկայացնենք նոր մանրամասներ դատական այս գործընթացից:



Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն