четверг, 8 сентября 2011 г.

Դռնփակ հանրահավաք ՀԱԿ Վանաձորի գրասենյակում


Սեպտեմբերի 7-ին ՀԱԿ Վանաձորի գրասենյակում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը նախ ներկայացրեց ՀԱԿ-ի և իշխանության հետ երկխոսության ընթացքը, այնուհետ` մասնակիցների կողմից տրվեցին հարցեր, որոնք ավելի շատ ելույթներ էին հիշեցնում: "Այս իշխանությունները մսխել են պետականության բոլոր ռեսուրսները, ամեն ինչ վատից գնացել է դեպի վատթարագույն բոլոր բնագավառներում",- իշխանությունների գործունեությանը գնահատական տալիս նշեց բանախոսը, անդրադառնալով նաև բանակում առկա բացասական երևույթներին. այն է` բանակում իրավական օրենքներ չեն գործում, այլ` քրեական, սպաներն ավելի վատ են վարվում զինվորների հետ, քան` կվարվեին մեր հակառակորդները (այս միտքն անմիջապես հաստատվեց հանդիպումից հետո, երբ "Ազատություն" ռադիոկայանը գուժեց Ղարաբաղի զորամասերից մեկում հերթական մահվան դեպքի մասին): "Շատ ճիշտ ա ասում",- նկատեց իմ կողքին նստած մասնակիցներից մեկը: Հարցերն այնքան շատ էին ու բուռն, որ տպավորություն ստացվեց, թե դռնփակ հանրահավաք է: Ժողովը վարող ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանը ստիպված էր մի քանի անգամ սաստել մասնակիցներին` հերթ չպահելու, աղմկելու և անհերթ հարցեր ուղղելու փորձերի համար: Նաև սպառնալից ավելացրեց. "Եթե հոգնել եք, ուզու՞մ եք ժողովը վերջացնենք, գնաք տուն": "Եթե դուք գաք իշխանության, թալանողներին կուլակաթափ եք անելու՞, թե՞ պտի թողաք էլի հարստանան, մենք էլ սենց սոված ման գանք",- հարցրեց նախկին գեղամյանական, թոշակառու Ալվարդ Կարապետյանը, որի հարցին Շահնազարյանը պատասխանեց, որ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում: "Մինչև ե՞րբ է տևելու այս անպատժելիությունը",- հարցրեց անհիմն օպտիմալացված մանկավարժ Հասմիկ Հակոբյանը: "Արդյո՞ք իրավունք ունի մեր վարչապետը հանրապետականի տոմսեր բաժանելով ման գա", "Ի՞նչ տարբերություն Հանրապետականի ու Բարգավաճի մեջ": Մեկին էլ հետաքրքրում էր Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական հայցի ճակատագիրը` Հաագայի դատարանում: Նաև հարց եղավ, թե ՀԱԿ-ի իշխանության գալու դեպքում ինչպես կլուծվի կառավարության կողմից 10 տարուց ավելի ժամկետով կնքված պայմանագրերի հարցը: Պատասխան եղավ, որ իրենք բոլշևիկների նման չեն վարվի: Ըստ բանախոսի, իրավիճակի լավացման ելքն իշխանափոխությունն է. "Երբ որ օրենքները սկսեն աշխատել, կարելի է մտածել բարեփոխումների մասին": Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Շահնազարյանը հաստատեց, որ մարզերում շատ ավելի մեծ են ընտրակեղծիքները, քան` մայրաքաղաքում, բայց համոզված էր, որ արտահերթ ընտրությունների դեպքում այդպես չի լինի: "Մինչև գյուղերը ոտքի չկանգնեն, ոչ մի բան չի փոխվի",- իմ հետ զրույցում նկատեց ավագագույն սերդի մի կին: Իմ հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ համակիր է, տիկինն ասաց. "Ես մի կուսակցություն եմ ունեցել` կոմունիստական, ու հետո մի առաջնորդ եմ ճանաչել` երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանին": Իսկ երբ մասնակիցներից մեկը հակաբոլշևիկյան ուղղվածությամբ ելույթ ունեցավ` կապված Ռուսաստանի պարտքերից հրաժարվելու Լենինի որոշման հետ, իմ զրուցակից տիկինն ափսոսանքով ասաց. "Հարց տալուց առաջ մի հատ չեն մտածում. էս ամեն ինչը բոլշևիկների օրոք չի՞ ստեղծվել": Նաև նկատեց, որ Հանրապետականն ու Բարգավաճն իրար հետ մրցում են` կուսակցական տոմսեր բաժանելով: Ի դեպ, հադիպումը բաղկացած էր 2 մասից. 1-ին մասում ԶԼՄ-ներն էին հարցեր ուղղում` առանց ներկայանալու: 2-րդ մասը, որ շարունակվեց 10 րոպե ընդմիջումից հետո, նախատեսված էր առանց ԶԼՄ-ների, թեպետ այդ մասին նախապես բարձրաձայն չհայտարարվեց: Ժողովի կազմակերպիչներից մեկը, 2-րդ մասն սկսվելուն պես ճշտելով, որ ես լրագրող եմ, խնդրեց չհրապարակել 2-րդ մասին վերաբերող հատվածը. "Էն ինչ-որ մեր ներքին խոհանոցին է վերաբերվում, խնդրում ենք չհրապարակել": Ըստ այդմ, ելնելով լրագրողական էթիկայից, Դավիթ Շահնազարյանի որոշ դիտարկումներ, որ միգուցե կարող են "ներքին խոհանոցի" շահերին վնասել, չենք հրապարակում. առավել ևես, որ 2-րդ մասին մինչև վերջ ներկա չգտնվեցինք` հարկ չհամարելով և նախընտրելով "Ազատություն" ՌԿ երեկոյան թողարկման ունկնդրումը: Ընդ որում, ՀԱԿ բաղկացուցիչ մաս կազմող ՍԴՀԿ ներկայացուցիչը, 2-րդ մասն սկսվելուց առաջ ինձնից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ես ՀԱԿ համակիր եմ. այն դեպքում, երբ ՀԱԿ գրասենյակի կողմից հանդիպմանը հրավիրելիս տեղեկացրին, որ հանդիպումը ժողովրդի հետ է: Իսկ "ժողովուրդ" հասկացությունը շատ լայն հասկացություն է, և ներառում է ոչ միայն ՀԱԿ համակիրներին: Հետևաբար, ես կարող էի ներկա գտնվել որպես ժողովրդի մի մաս. այնպես, ինչպես ժողովին մինչև վերջ ներկա գտնվող այն տիկինը, որ որոշել էր ողջ կյանքում հավատարիմ լինել կոմկուսին ու Դեմիրճյանին: Իսկ ընդհանրապես ես համակիր եմ այն ուժերին կամ գործիչներին, որոնք աշխատում են թափանցիկ և լրագրողներից չեն խուսափում: Թեպետ որոշ դեպքերում լրագրողներն իրենք էլ են մեղավոր, որ իրենցից խուսափում են և իշխանավորները, և ընդդիմությունը: Այս համատեքստում հետաքրիր էր այն, որ ԶԼՄ-ներից մեկը չէր ճանաչում Դավիթ Շահնազարյանին և ժողովականներից էր փորձում ճշտել նրա անունն ու պաշտոնը, ինչը, թերևս, կապված էր լրագրողի` շատ երիտասարդ լինելու հետ: Հետևաբար, լավ կլինի, եթե քաղաքական հանդիպման կամ առավել հասուն մեկին ուղարկեն, կամ քաղաքականապես մի փոքր վերապատրաստեն լրագրողին` նախքան հանդիպման ուղարկելը: “Տարիքն ի՞նչ կապ ունի, եթե նա լրագրող, պետք է էդ ուղղությամբ էլ ամեն ինչ իմանա”,- նկատեց Դեմիրճյանի համակիր տիկինն` ինձ հետ զրույցում:

Գայանե Հովսեփյան,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն