понедельник, 26 сентября 2011 г.

“Ձեր փողերը կստանաք, երբ որ իշխանությունը փոխվի”



Սեպտեմբերի 24-ին Վանաձորի Երկաթուղայինների ակումբում ժողովրդի հետ հանդիպեցին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ր. Հովհաննիսյանը նախ դրական գնահատեց անկախության 20-ամյակի առթիվ մայրաքաղաքում կայացած զորահանդեսը, այնուհետ մի քանի նկատառումներ հայտնեց: Այն է` երկրի նախագահին չափից դուրս շատ էին մեծարում: Նա վտանգ էր զգում, որ ժողովրդավարության քողի տակ շարունակվում է նույն “կուսակցապետությունը”, ինչ տեղի էր ունենում խորհրդային հասարակարգում: Նրան դուր չէր եկել նաև այն, որ շքերթին մասնակցում էր հոգևոր հայրերի շարասյունը, մինչդեռ` “Եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից և քաղաքականությունից”: Քննադատեց և հակասահմանադրական համարեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունների վավերացումը: Դատապարտեց այն, որ մինչ օրս “Արցախը նույնիսկ մեր կողմից չի ճանաչվել”: Ելույթի մի մասն էլ առնչվում էր բյուջետային միջոցների մսխմանը` զանազան պաշտոնյաների կողմից, ինչն էլ համարում էր աշխատավարձերի ու թոշակների ցածր լինելու պատճառ: Մի նկատառում էլ հայտնեց քաղաքացիական հասարակության կայացման անհրաժեշտության առնչությամբ, ինչը, թերևս, ուտոպիայի “ժանրից” է` ներկայիս “ժողովրդավարության” պայմաններում: “Դուք պետք է հետևեք, որ ավագանիները հաշվետու լինեն ձեզ”,- գտնում է Րաֆֆի Հովհաննիսյանը (իբր ժողովուրդն աշխատավարձ ստացող պատգամավորներից շատ է կարողանում հաշվետվություն պահանջել, մնաց` հասարակական կարգով աշխատող ավագանիներից պահանջի, մի ժամանակ ավագանիները տեղաբաշխված էին ըստ թաղամասերի, իսկ հիմա ամբողջ քաղաքի մասշտաբով են, և բնակչությունը նրանց տեսնում է միայն հեռուստատեսությամբ` ավագանու ամենամսյա նիստերի ժամանակ, որևէ որոշում բնակչության “վզին փաթաթելիս”, - Գ. Հ.): Այն, որ տոտալիտար պետության մեջ ենք ապրում, վկայեց Հովհաննիսյանի հետևյալ հայտարարությունը. “Այս 20 տարվա մեջ ինձ ոչ մի անգամ չեն առաջարկել համալսարանում ելույթ ունենալ: Մարդ պետք է անպայման գործող նախագահ կամ վարչապե՞տ լինի, որ թույլ տան երիտասարդության հետ հանդիպել: Ժողովրդին հիմարի տե՞ղ են դրել”: Բանախոսը գտնում է, որ երիտասարդության հետ պետք է տարբեր քաղաքական ուժեր հանդիպեն, և երիտասարդներն իրենք քաղաքականապես կողմնորոշվելու հնարավորություն ունենան: Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ ելույթում նկատեց, որ եթե ԱԺ վերահսկիչ պալատի ղեկավարումը իրենց խմբակցությանը հանձնվեր, այլ ոչ թե` “իշխանության դրածոյին”, ապա իրենք շատ ավելի “ձախ եկամուտներ” կհայտնաբերեին. օրինակ` հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ, ըստ նրա, եկամուտների “5%-ն է բյուջե գնում”: Վերջում տրվեցին հարցեր: Նրանցից մեկը վերաբերում էր Խնայբանկի ավանդներին. “80 տարեկան մարդ եմ, դիմել եմ նախագահին, վարչապետին, սոցապ նախարարին, ինձ ասել են` շարունակական ա, էդ շարունականը ե՞րբ ա, իմ փողերը ե՞րբ են տալու”: Նկատի ունենալով այն, որ Ր. Հովհաննիսյանն առաջարկեց հարցերով, նամակներով, առաջարկություններով, նաև` դիտողություններով դիմել իրենց խմբակցությանը, և խոստացավ, որ իրենց պատգամավորները կաջակցեն, նրան հանձնեցի “Մնացել են ավանդների նամակին սպասող” տեքստը, որ նամակի տեսքով ԱԺ կայքէջով 1 ամիս առաջ ուղարկել եմ նաև “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, սակայն արձագանք չի եղել: Պարոն Հովհաննիսյանի ուշադրությունից չվրիպեց այն, որ տեքստը “հոդվածի նման է, կարծես ինտերնետից լինի հանած”. Բնականաբար, քանի որ Փոստանջյանին ուղարկած նամակը ի սկզբանե տեղ է գտել նաև իմ բլոգում (Azatankakh.blogspot.com): Հույս ունենք, որ բազմաթիվ մարդկանց հուզող ավանդների հարցը կբարձրացվի խորհրդարանում, թեպետ Հովհաննիսյանի վերաբերմունքն ավանդների առնչությամբ հարց բարձրացնող քաղաքացուն ի պատասխան հնչեց այսպես. “Ձեր փողերը կստանաք, երբ որ իշխանությունը փոխվի”: Մնում է պարզել իշխանությունների վերաբերմունքը. էլի քանի՞ տարի պետք է սպասեն մարդիկ: Հետաքրքիր է, մի կողմից Հովհաննիսյանը կոչ է անում հարցերով դիմել իրենց խմբակցությանը, մյուս կողմից` հարցով դիմող քաղաքացուն ի պատասխան հայտնում է, որ “Ձեր փողերը կստանաք, երբ որ իշխանությունը փոխվի”: Եվ ստացվում է հետևյալ պատկերը. սկսած 1999թ. տարբեր ընդդիմադիր ուժեր (“Ազգային միաբանություն”, “Արդարություն” դաշինք, “Ժառանգություն”) ժողովրդին կոչ են անում ձայն տալ իրենց, վստահել իրենց, բայց ընտրվելու դեպքում պատճառաբանում են, որ մի նոր ընտրություն է պետք` մինչև իրենց թվաքանակն աճի և իրենց ձայնն անցնի, կամ ընտրվելուն պես բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները և կամ, ինչպես Հովհաննիսյանի պարագայում` դիմում են ծայրահեղ քայլի` հացադուլի: Իսկ ժողովրդին մնում է միայն անվերջ սպասել, թե երբ “գարին կդառնա ցորենի չափ, իսկ մասուրը` ընկույզի”:

Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն