понедельник, 24 октября 2011 г.

Հեռախոսավարձը չի իջնելու, անվճար րոպեներն էլ կպակասեցվեն



“Բիլայն” ծառայության ղեկավարի հետ վերջերս հարցազրույց էր տպագրվել մամուլում, որտեղ հավաստիացվում էր, թե 2012թ. հունվարի 1-ից ֆիքսված հեռախոսակապի սակագինն իջնելու է: Քանի որ հարցազրույցում միայն նշված էր, որ միջքաղաքային կոդն է 20 դրամից դառնալու 10 դրամ, դեպի բջջային ցանց րոպեավճարն էլ իջնելու է 36 դրամի, իսկ բուն հեռախոսավարձի վերաբերյալ որևէ տեղեկություն չկար, ըստ այդմ, այցելեցինք “Բիլայն” ինտերնետային կայք, որտեղ ֆիքսված հեռախոսակապի վերաբերյալ “ Նորություններ”բաժնում ներառված էին հունվարից նախատեսվող փոփոխությունները: Պարզվում է, որ 1100 դրամ հեռախոսավարձը ոչ միայն շարունակելու է պահպանվել, այլև մեկ այլ փաթեթում կազմում է 4000 դրամ: Իսկ անվճար րոպեների քանակը, որ մինչև հիմա 360 րոպե է (ամսվա կտրվածքով), դեռ մի բան էլ կրճատվելու է` պակասեցվելով 260 րոպեի: Եթե ամսվա կտրվածքով բաժանենք 30 օրվա, կստացվի, որ 1 օրվա անվճար րոպեների քանակը կազմում է մոտ 8 դրամ, և եթե տվյալ 8 րոպեն էլ բաժանենք այդ հեռախոսահամարից օգտվող միևնույն ընտանիքի անդամների թվի վրա, պատկերն ավելի ողբերգական կլինի: Մեր իսկ երկրում օտարը սահամանափակում է խոսելու մեր չափաբաժինը: Ի՞նչ պակաս խոսքի ազատության սահմանափակում է, այն էլ` օտարերկրյա ներդրողի կողմից: Այս պայմաններում հազիվ թե կարելի է “մխիթարական” համարել այն, որ միջքաղաքային րոպեավճարը 20-ից իջնելու է 10 դրամի: Փաստորեն, միջքաղաքային խոսակցությունների րոպեավճարն իջնելու է տեղական խոսակցությունների անվճար րոպեների պակասեցման հաշվին: Եվ սա  կոչվում է “սակագների իջեցում”, ու դեռ “Բիլայնը” պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` նախատեսվող գները հաստատելու խնդրանքով: Հիշեցնենք, որ 2000 թ.-ից հետո հեռախոսավարձը 100 դրամից փուլերով հասավ 1100 դրամի, և արդեն 3-4 տարի է` կանգնած է նույն գնի վրա: Սակագնի բարձրացումը պատճառաբանվում էր դոլարի կուրսի աճի հանգամանքով: Արդեն 4 տարուց ավելի է` դոլարը սրընթաց անկում է ապրում` հասնելով 300-380 դրամի, ինչը ենթադրում էր, որ հեռախոսավարձն էլ պետք է իջնի, մինչդեռ ոչ մի փոփոխություն չի նախատեսվում: Հետաքրքիր է, արդյո՞ք “Արմենտելի" վաճառքի պայմանագրում ի սկզբանե չեն նախատեսվել դոլարի կուրսի փոփոխման հետ կապված գնային փոփոխությունները:
                                                                                              Գայանե Հովսեփյան



  Հ.Գ. 2012թ. հունվարի 13-ին զանգահարեցինք «Բիլայն» 1-09 ծառայություն, փորձելով տեղեկանալ, թե արդյո՞ք ուժի մեջ են «Բիլայնի» վերոնշյալ փոփոխությունները:  Հեռախոսառոբոտը սկզբում հայտնում է «մարզերի կոդերի և սակագների» վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության մասին, սակայն այնուհետ տեղեկություն տրամադրում է միայն կոդերի մասին: Ընդ որում, այդ տեղեկատվության մեջ չեն ներառված մարզկենտրոննները, այլ միայն` ՀՀ մարզերի քաղաքները: Այցելեցինք «Բիլայն» ինտերնետային կայք, որտեղ նույն վիճակն էր` գրավոր տեսքով, իսկ նախատեսվող փոփոխությունները ներկայացված էին միայն որպես «Բիլայնի» մտադրություն` հունվարի 1-ից նախատեսված. և սա` հունվարի 13-ի դրությամբ: Անգամ հայտնի չէ, այդ փոփոխությունների համար «Բիլայնը» դիմե՞լ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, թե՞` ոչ:

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն