вторник, 25 октября 2011 г.

ՀԱԿ-ը անցնցում դեմոկրատիա է ուզում


Հոկտեմբերի 24-ին ՀԱԿ Վանաձորի գրասենյակում ակտիվի հետ հանդիպեցին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, “Ազատություն” կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ինչպես պարզվեց նրանց ելույթներից, այցելության նպատակը մինչհանրահավաքային քարոզչական աշխատանք տանելն էր: Լ. Զուրաբյանը տեղեկացրեց, որ սպառված են իշխանության հետ երկխոսության բոլոր հնարավորությունները, նախագահը “դարձել է օլիգարխիայի պատանդը”, ուստի ելքը նախագահի հրաժարականի պահանջն է: “Պահանջը պետք է ամրապնդվի հանրահավաքային ակտիվ մասնակցությամբ”, - հավելեց Լ. Սարգսյանը, որ քննադատեց, երբ շատերը, չնայած իշխանություններից դժգոհությանը, չեն մասնակցում հանրահավաքներին` նախընտրելով դրանք դիտել ինտերնետով: Ինչպես միշտ, Հրանտ Բագրատյանի  “թիրախը” վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, գումարած` իր նախորդ վարչապետն ու Երևանի նախկին ու ներկա քաղաքապետերը: Նա 90-ականների էներգետիկ ճգնաժամի մեղքը բարդեց իր նախորդի վրա և հպարտությամբ հայտարարեց, որ իր պաշտոնավարումից սկսած` երկիրն անցավ  24 ժամյա էներգամատակարարման (այսինքն` 1996թ.): Նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին քննադատեց, որ “Ազատության” հրապարակում ելույթի ժամանակ Տիգրան Սարգսյանին հաճելի մտքեր է ասել` երկրի բյուջեի իբր թե ավելացման վերաբերյալ: “Ցավում եմ, որ նման բան է ասել: Նա ասել է այն, ինչ ցանկանում է լսել Տիգրան Սարգսյանը: Ոչ մի ավելացում էլ չկա”, - ասեց Բագրատյանը և այդ առթիվ համառոտ տնտեսական վերլուծություն ներկայացրեց: Քաղաքապետ Կարեն Կարապետյանին քննադատեց, որ Հայռուսգազարդի տնօրեն եղած ժամանակ նպաստել է, որ բարձր սակագնով պայմանագիր կնքվի Ռուսաստանի հետ. “ Ռուսաստանից գազը գնում են 150 դոլարով, մեր վրա վաճառում 450-ով, բա էն 300 դոլարը ու՞ր է գնում”: Նաև համեմատության համար վկայակոչեց, որ նման մի պայմանագրի համար Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին դատապարտեցին ազատազրկման: Երբ Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք “անցնցում դեմոկրատիա” են ցանկանում, մեկը թերահավատորեն նկատեց. “Հայաստանում նման բան հնարավոր չէ”: Իսկ երբ երկրի նախագահի վերաբերյալ քննադատություն հնչեց, կողքիս նստած մի կին ասաց. “Բա որ հետո Քոչարյանն եկավ, էս հլա փառք ա, հրեն ասում են Քոչարյանն ա ուզում նորից հետ գա”: Միջոցառումն սկսվեց 1 ժամ ուշացումով` երեկոյան 19:30-ին, հյուրերի ուշանալու պատճառով, ուստի հնարավորություն չեղավ մասնակիցների համար` շատ հարցեր բարձրացնելու: Ոմանք ակնհայտորեն “նեղվում” էին ուշացումից և դրսում հավաքվածներից հետաքրքրվում. “ Հլա չեկա՞ն, հիմի որտե՞ղ են, Ապարանում ե՞ն, թե՞` Սպիտակ են հասել”: Ոմանք չկարողացան մինչև վերջ ներկա գտնվել և ժամը 21-ին մոտ գնացին: Ոմանք եկել էին ուղիղ աշխատանքի վայրից և հոգնած էին ու շտապում էին: Կարծում ենք, տեղին կլինի, եթե նման հանդիպումները կազմակերպեն շաբաթ-կիրակի օրերին, ոչ ուշ ժամի: “Ճիշտ կլինի, եթե մեծ դահլիճ վարձեն, թե չէ ամեն անգամ գալիս են նույն մարդկանց, նեղ խմբի հետ հանդիպում` գնում”, - նկատեց մասնակիցներից մեկն` ինձ հետ զրույցում: Երբ առաջարկ եղավ Վանաձորում էլ հանրահավաք կազմակերպել, Լ. Զուրաբյանը հետաքրքրվեց. “ Իսկ նորմալ քանակ կհավաքվի՞”: Կարծում եմ, դա կախված է նրանից, թե ինչպես կկազմակերպվի այն: “Հանրահավաքի համար պետք է նախապես հայտարարություններ փակցվեն, հեռուստատեսությամբ հայտարարեն, ներկայացնեն, թե ինչ հարցեր են շոշափելու, որ մարդիկ շահագրգիռ լինեն”,- իմ հետ զրույցում նկատում է անկուսակցական, նախկին տնտեսագետ Ռաֆիկ Սահարյանը, որ մշտապես մասնակցում է մայրաքաղաքի հանրահավաքներին: Մինչ միջոցառումը սկսվելը հասցրինք արձանագրել մարդկանց դժգոհությունները. դրանցից մի քանիսն առնչվում էին մարդահամարին: “ Հարցնում են` քանի՞ ոչխար, կով ունես, չհասկացանք, հիմի մարդկանց են հաշվու՞մ, թե՞` անասուններին”,- դժգոհեց մի տարեց կին, ում ի պատասխան մեկ ուրիշը բողոքեց. “ Մեզ էլ հարցնում էին` ձեր տունը քանի՞ քառակուսի մետր ա: Ինչի՞դ ա պետք, ուզում ես էդ էլ ձեռիցս խլե՞ս”: Հանդիպմանը ներկա էին “օպտիմալացված” մանկավարժներ, թոշակառուներ, երիտասարդներ, 2 այլընտրանքային ԶԼՄ, ինչպես նաև ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանը և իր կինը` Անահիտ Կիրակոսյանը, որ նաև ամուսնու մարտական ընկերուհին է ու ՀԱԿ հանրահավաքների մշտական մասնակիցը:
 Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն