суббота, 8 октября 2011 г.

Աղետի գոտին դարձել է ռիսկային գոտի

Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի վրա հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի առնչությամբ ՀՀ վարչապետը նշեց, թե ճանապարհի այդ հատվածը ռիսկային գոտի չի համարվել, մինչդեռ փաստերն ապացուցում են, որ ոչ թե միայն ճանապարհը, այլ ամբողջ Լոռվա մարզը ռիսկային գոտի է:

Ահավասիկ, դեռևս 15.08.98թ. «Առավոտի» «Արտակարգ և ոչ արտակարգ իրավիճակներ» հոդվածում նշվել է. «Լոռու մարզը համարվում է ոչ միայն աղետի, այլև ռիսկային գոտի», - նշվեց մարզխորհրդի նիստում` նկատի ունենալով ոչ միայն երկրաշարժի հասցրած վնասները, այլև հաճախ տեղի ունեցող ջրհեղեղը, կարկուտն ու փոթորիկը»: Ընդ որում, այդ հայտարարությունը արվել էր այն ժամանակվա Լոռու փոխմարզպետի կողմից: Ինչ վերաբերվում է սողանքներին, ապա սողանքի մի նախադեպ էլ եղել է դեռևս մեկ ու կես տարի առաջ:

Ահավասիկ, 2010թ. ապրիլի 30-ին «Հրապարակի» «Գյուղամիջյան ճանապարհն ու կառամատույցը` քարուքանդ» հոդվածում ասվում է. «Վերջերս Վանաձորի ՄԻԳ հեռուստատեցությամբ ներկայացվեց, որ Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա, Ձորահէկի մոտ ավտոճանապարհահատվածի մի մասը փլվել է` երթևեկությունը դարձնելով վտանգավոր: Ձորագետավանի բնակիչներից մեկի բնորոշմամբ պատճառը ոչ միայն անձրևաջրերն են ու վարարած գետը, այլև հավանաբար` այն, որ այդտեղ մի քանի ամիս ի վեր շինարարական աշխատանքներ էին իրականացվում մալուխային գծերի անցկացման հետ կապված, որ պետք է հասնի մինչև Վրաստան»:

Նշենք, որ մեկուկես տարի առաջ տեղի ունեցած այդ սողանքի մասին «Հետք» էլեկտրոնային պարբերաթերթն էլ էր ահազանգել` համապատասխան լուսանկարներով: Մի՞թե մեկուկես տարվա ընթացքում չէր կարելի այդ ճանապարհների վրա մի փոքր ավելի մեծ ուշադրություն դարձնել, հողապատնեշները ամրացնել կամ նորը կառուցել և կամ արգելել հսկայածավալ, տոննայանոց բեռներ տեղափոխող մեքենաների երթևեկն այդ ճանապարհով, ինչը որոշվեց ընդամենը օրերս` աղետից հետո: Չէ՞ որ այդ ճանապարհը դեռ խորհրդային տարիներին կառուցելիս հավանաբար նկատի չեն ունեցել, թե ինչ ծանրություն է հետագայում դրանցով տեղաշարժվելու. առավել ևս, որ 1988թ. երկրաշարժն էլ «անցավ» այդ ճանապարհների վրայով:

Խորհրդային տարիներին նման բեռները վագոններով են տեղափոխել` երկաթուղով: Այս ամենը հաշվի չառնելու արդյունքում ի՞նչ ստացվեց. մի վերամբարձ կռունկ ընկնում է ձորը, մի քանի բեռնատարով գալիս են նրա ետևից, և մի փլուզում էլ նպաստում է, որ մի քանի տասնյակ մեքենաներ հայտնվեն ձորում, մի քանի մարդիկ անհետ կորչեն, մի քանիսը զոհվեն` փլուզման տակ մնալով:

Իսկ այս տարվա հուլիսի 8-ին էլ «Իրատես դեֆակտոն» է ահազանգել` «Վթարային իրավիճակ» հոդվածում. «Մի վթարային վիճակ էլ Ձորագետավան մտնող թունելին հաջորդող կամրջի վրա է ստեղծված. բազրիքների մի մասն անհիշելի ժամանակներից թափված է, և թունելից դուրս եկող մեքենաները ոչ միայն գետում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած, այլև կամրջով անցնող հետիոտների համար են լուրջ վտանգ ներկայացնում: Դիցուք, մի խեղճ ու կրակ մարդատար փորձում է հսկայածավալ բեռնատարից խույս տալ ու իրենից անկախ հայտվնում է հետիոտնի համար հատկացված մայթին. այս դեպքում ո՞րն է լինելու հետիոտնի «այլընտրանքը». մարդու լեզուն էլ չի պտտում, թե ասի` գազազած Դեբեդը: Կամրջի վթարային իրավիճակի մասին քանիցս ահազանգվել է մամուլում, սակայն «ձայն բարբառո հանապատի»: Ի դեպ, այս ճանապարհահատվածի էլ եզրաքարերն են թափված, և 1 տարի առաջ երթուղային տաքսի էր գլորվել ձորը, սակայն դրանից առ այսօր որևէ հետևություն չի արվել:


Գայանե Հովսեփյան

07.10.2011
Diplomat.am

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն