ԱՄՆ պետքարտուղարի` հունիսի 4-ին Հայաստան ժամանելու նախօրեին ԶԼՄ-ներում նշվում էր, որ նա, ի թիվս այլ հանդիպումների, կհանդիպի նաև «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» հետ (նույնը նշվեց նաև Վրաստան ծրագրված այցի պարագայում): Տպավորություն է ստացվում, թե մենք` հայաստանաբնակներս, անկախ պետության 22 տարիների ընթացքում այդպես էլ ամբողջական քաղաքացիական հասարակություն չենք ձևավորել, և հասարակարգը տարանջատված է քաղաքացիականի և ոչ քաղաքացիականի: Այս վարկածը հաստատվեց Freedom House հանրահայտ իրավապաշտպան կազմակերպության զեկույցում օրերս տրված գնահատականով, ըստ որի, Հայաստանը դասվում է կիսատոտալիտար պետությունների շարքը: Եվ, քանի որ հունիսի 5-ին ԶԼՄ-ներում լուսաբանվեց, որ պետքարտուղարը, ՀՀ նախագահից ու արտգործնախարարից բացի հանդիպել է նաև իրավապաշտպան կառույցների, բնապահպանների ու մի քանի ԶԼՄ-ների հետ, ուստի մնում է ենթադրել, որ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ» ասելով նկատի են առնվում հենց այդ կառույցները: Այսինքն, հենց այդ կառույցներն են, որ քաղաքացիական հասարակության շահերն են ներկայացնում (բարեբախտաբար, ընդդիմադիր կուսակցություններից բացի, իշխող կուսակցության ներկայացուցիչներ էլ էին ներկա գտնվել պետքարտուղարի հանդիպմանը, հակառակ պարագայում իշխող կուսակցությունն ինքնաբերաբար կարող էր հայտնվել ոչ քաղաքացիական կառույցների շարքում): Ընդհանրապես, «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ» ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն իրավապաշտպան կառույցներն ու ընդդիմադիր կամ անկախ ԶԼՄ-ներին, այլև` այն քաղաքացիներին, որոնք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն, ընտրակեղծիքներին ոչ միայն չեն մասնակցում, այլև պայքարում են դրա դեմ, ոչ միայն մարդ չեն ծեծում կամ բռնություն գործադրում, այլև փորձում են նման դեպքերում պաշտպան կանգնել, ոչ միայն մտահոգված են հասարակության շահերով, այլև փորձում են իրենց լուման ներդնել այդ շահերի պաշտպանության հարցում: Հասարակության պասիվ ընտրազանգվածը, որ մշտապես առաջնորդվում է «Ով` տեր, մենք` ծառա» սկզբունքով կամ իր վերափոխիչ դերը չի տեսնում հասարակության առաջընթացի հարցում, բնականաբար, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կոչվել չի կարող: Ցավոք, այս պայմաններում, երբ հասարակարգն առայժմ տարանջատված է քաղաքացիականի ու ոչ քաղաքացիականի, իշխանությունը մնում է «ոչ քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչ:
Գայանե Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն