Դեռևս
2011թ. նոյեմբերի 25-ին նախատեսված էր մարդու իրավունքների պաշտպանի այցերը մարզեր,
որոնց թվում` Լոռի: Սակայն վաղահաս ձմռան անբարենպաստ եղանակն ու նախօրեին տեղացած
առատ ձյունը պատճառ հանդիսացան, որ այդ հանդիպումը Վանաձորում չկայանար (տես` «Azatankakh»-ի
2011թ. նոյեմբերի 30-ի «Իսկ օմբուդսմենի հանդիպումը Վանաձորում չկայացավ» հոդվածը):
Հանդիպումը հետաձգվեց 1-2 ամսով, ինչպես մամուլով հավաստիացրել էին պաշտպանի գրասենյակից:
Դա էլ չկայացավ: Եվ ահա, 6 ամիս անց, 2012թ. հունիսի 6-ին օմբուդսմենը ժամանեց Վանաձոր,
բայց ոչ թե քաղաքացիների հետ հանդիպելու, այլ` մարզային գրասենյակի պաշտոնական բացման
արարողության կապակցությամբ: «Կարևորն այն է, որ մարդիկ իմանան այս գրասենյակի տեղը
և դիմեն»,- նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որի ելույթն ունկնդրեցինք
3 հեռուստաալիքներով (որոնց թվում` 1 վանաձորյան, 2 հանրապետական` Հ1 և Հ2): Զարմանալին
այն է, որ 3 հեռուսաալիքներից ոչ մեկով այդպես էլ չնշվեց, թե որ հասցեում է գործում
գրասենյակը, որն, ըստ հավաստիացումների, գործում է շուրջ 2 ամիս և 28 դիմում է ստացել
այդ ընթացքում: Ի սկզբանե էլ հանրային ռադիոն ավետեց, որ «Վանաձորում այսօր տեղի կունենա
մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բացումը», բայց գրասենյակի հասցեն չմատնանշվեց:
Հետաքրքիր է, ո՞րն է այս դեպքում տեղեկատվության իմաստը, որպեսզի հրապարակայնության
պատրա՞նք ստեղծվի: Կարևորը, գրասենյակի հասցեն, փաստորեն, գիտեն մարզի ու քաղաքի բարձրաստիճան
պաշտոնյաները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնք ներկա էին գրասենյակի պաշտոնական
բացմանը: Թերևս, սա կիսաավտորիտար հասարակության (ինչպես բնորոշել էր Freedom
House-ը Հայաստանը) առանձնահատկություններից մեկն է, երբ քաղաքացիական
որոշ կառույցներ աշխատում են հնարավորինս խուսափել քաղաքացիներից կամ այցելությունները
նվազագույնի հասցնել: Չէ՞ որ իրենք էլ չեն համոզված, թե նրանց բողոքներին ի վիճակի
են ընթացք տալ: Ասվածի ապացույց է այն, որ օմբուդսմենն արդարացման կարգով նշեց, թե
իրենց դիմած քաղաքացիների բողոքների 40%-ին է դրական լուծում տրվել: Հարկ է հիշատակել,
որ դեռևս 2011թ. նոյեմբերի 25-ին Վանաձորում կայանալիք հանդիպման տեղն ու ժամն էլ չէին
մատնանշել: Ի դեպ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Լոռու մարզում բացվել է
միջազգային ֆինանսավորմամբ: Ենթադրվում է, թե մի առանձին պետական ֆինանսավորում էլ
պետք է, որպեսզի գրասենյակի տեղը մատնանշեն:
Գայանե Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն