Երբ 2004թ. սկսած դոլարը սկսեց աստիճանաբար արժեզրկվել` իջնելով 580 դրամի, նախկին ընդդիմադիր պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Արտաշես Գեղամյանն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ԱԺ ամբիոնից: 440 դրամի սահմանի ժամանակ Դալլաքյանն անգամ սուր "բախումների" մեջ մտավ այն ժամանակվա Կենտրոնական Բանկի նախագահ, ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, և նրանց ամբիոնային "բախումներն" ու լեզվամարտը երկար ժամանակ քննարկման առարկա էին: Այդ թեժ օրերին դոլարը կրկին "ափալ-թափալ" սկսեց մագլցել, սակայն երբ Վ. Դալլաքյանն ու Տ.Սարգսյանը հաշտվեցին, դոլարը կրկին սկսեց "սղղալով" իջնել ու մինչև 2008թ. հասավ 300 դրամի: Ստացվում է, որ դոլարի կուրսը կախված է ոչ այնքան տնտեսական գործոններից, համաշխարհային շուկայից, որքան` "ախպերական" հարաբերություններից, ահա թե ինչու էր ԿԲ նախագահը հայտարարում, թե պարզ չէ, թե առաջիկայում ինչ կկատարվի դոլարի կուրսի հետ (չ՞է որ դեռ պարզ չէր, թե որքան կշարունակվի "ռազբորկան"): Փաստորեն, դա արհեստական իջեցում էր, թեպետ պատճառաբանում էին, թե համաշխարհային շուկայում էլ է դոլարը արժեզրկվում: Հիմա, 2012թ. հունիս-հոիլիսի դրությամբ, երբ դոլարը փորձում է իր նախկին դիրքերում հայտնվել, ոմանք մխիթարում են, թե գիտեք, դոլարը բարձրանում է, բայց գները չեն բարձրանում: Այս հավաստիացումը պարբերաբար արվում է իշխանական շրջանակներին մոտ կանգնած որևէ տնտեսագետի կողմից: Նախ, ո՞վ ասաց, թե գները չեն բարձրանում, երկրորդ` ինչքա՞ն կամ մինչև ե՞րբ բարձրանան, կամ ու՞ր են հասնելու: Երբ դոլարի կուրսը 580 դրամ էր (2000-2002թթ., մսամթերքի, շաքարավազի ու բուսական յուղի գինը կիսով չափ էժան էր ներկայիս գներից, երբ դոլարի կուրսը ներկայումս 410դրամի սահմաններում է:) Երբ դոլարի կուրսը 580 դրամ էր, շաքարավազի 1կգ-ն 200-220 դրամ էր: Երբ 2008թ. դոլարի իջեցված կուրսը 300 դրամից միանգամից բարձրացրին 360 դրամի, շաքարավազի 1կգ-ն 260 դրամ էր: Դրանից հետո, որպեսզի արդարացնեն հետագա թանկացումները, դոլարը հասցրին 400 դրամի, շաքարավազի գինն էլ հասցրին 430-450 դրամի: Այդ ընթացքում ժողովրդին մի փոքր նախապատրաստեցին հետագա թանկացումներին, մխիթարելով, թե Վրաստանում 1կգ շաքարավազի գինը համարժեք է 500 դրամին: Հետաքրքիր է, ՏՄՊՊՀ-ն ինչո՞ւ այս ոլորտում ուսումնասիրություն չի անում: Վերջին 2 ամսում ամերիկյան թռչնամսի գինը 800 դրամից հասել է 950-1000 դրամի, մինչդեռ դոլարի կուրսի 580 դրամի պայմաններում 550-600 դրամ էր: Այս բարձրացումը կարծես թե արվում է տեղական թռչնամսի շահերից ելնելով, քանի որ այն մշտապես ավելի թանկ է, քան` արտասահմանյան թռչնամիսը: Ենթադրվում է, թե պատճառը բարձր հարկերն են, և տեղական արտադրողները ստիպված են բարձր գնով վաճառել: Արդեն օրինաչափ է դարձել. դոլարի կուրսը բարձրացնում են, գները` հետը: Հետո դոլարը իջեցնում են, գները թողնում նույնը: 1-2 շաբաթ առաջ դոլարի կուրսը 420 դրամն անցել էր, ինչին հաջորդեցին հերթական թանկացումները: Հուլիսի 23-ի դրությամբ դոլարի կուրսը դարձել է 409 դրամ, գները մնացել են նույնը: Ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն չի անում, թե ինչո՞ւ է խանութներում թանկացել կաթնամթերքը` մածունը, թթվասերը, կաթնաշոռը: "Արմենիայով" վերջերս հեռարձակվեց տնտեսական թեմայով մի ռեպորտաժ, որում նշվում էր, որ կաթի գինը իջել է, և եթե դա այդպես է (ինչը հավաստվում է նաև պանրի գնի իջեցմամբ), մածունն ու թթվասերն ինչո՞ւ են թանկացել: Գարնանից սկսած կտրուկ իջել էր պանրի գինը` գրեթե կիսով չափ, բայց հունիսի վերջից այն կրկին բարձրանալու միտում է դրսևորում: Չի բացառվում, որ այս կարգի թանկացումները կապված են տուրիստական շրջանի հետ, այն տրամաբանությամբ, որ Հայաստան են գալիս սփյուռքից, դե ուրեմն "կարելի" է թանկացնել մթերքները, զուգահեռ էլ դոլարը կրկին իջեցնել: Հետո՞ ինչ, թե դրանից "դրսից" օգնություն ստացող ՀՀ շարքային քաղաքացին է տուժում: Ինչ վերաբերվում է մսամթերքին, ապա դրանց գներն առհասարակ այնքան են բարձր, որ խանութներում (օրինակ` Վանաձորի) մշտապես առկա է ժամկետայնության պատճառով որակազրկնած մսեղեն: Հերթական անգամ գալիս ենք եզրակացության, որ տեղական արտադրության մսամթերքի բարձր գների պատճառը հարկերն են: Հակառակ պարագայում հազիվ թե իրենք իրենց թշնամի լինեն ու տեսնեն, որ ապրանքը ետ է ուղարկվում, բայց շարունակեն գինը բարձր պահել: Անգամ` երբեմն կիրառվող "ակցիաները" չեն նպաստում մսամթերքի սպառմանը, իսկ "ակցիաներ" էլ կիրառում են, որովհետև սառնարանային պայմաններոմ երկար պահելը լրացուցիչ ծախսեր է պահանջում: Այս համատեքստում հիշեցի երգիծական մի դրվագ Հ2-ի "Կադրերի բաժին" հաղորդումից: Ակնհայտ նյարդային շարժուձևով մի մարդ, գլուխը ցնցելով ու աչքի մեկը նյարդայնորեն խաղացնելով, մտնում է գրադարան ու "սուր զգացողություն" առաջացնող գիրք է ուզում. այնպիսի գիրք, որ կարդալուց հետո "մազերը բիզ-բիզ կանգնեն", "երազում վեր թռչի", " վրեն սառը քրտինք պատի", աշխատակցուհին էլ ասում է. "Ես հասկացա, թե ձեզ ինչ գիրք է պետք, հիմա կբերեմ, խնդրեմ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգիրք": Միանգամայն տեղին հումոր` պետական ալիքով: Դե ինչ, շնորհավորում ենք Հ2 պետական ալիքին` "պետական մտածողության" ավանդական կարծրատիպից ազատվելու համար: Միայն թե լավ կլիներ, երե հումորը վերնագրվեր` "Հատուկ վարչապետի համար": Բա ո՞ւր մնացին քաղաքական գործիչների հավաստիացումները "մանր ու միջին բիզնեսի արտադրողների շահերը պաշտպանելու, հարկային բեռր թեթևացնելու" մասին: 2003թ. սկսած` այդ մասին սկզբում ՀԺԱՄ-ն էր խոսում (հետաքրքիր է, կա՞ այդ կուսակցությունը հիմա), 2007թ. սկսած էլ` ՕԵԿ-ը: Եվ եթե ՀԺԱՄ-ը "ալիբի" ունի, քանի որ այդպես էլ խորհրդարան չմտավ, ապա 13 տարվա խորհրդարանական կուսակցության ստաժ ունեցող ՕԵԿ-ին ի՞նչն է խանգարում հարկային բեռը թեթևացնելու, իրենց խոստումները իրականացնելու հարցում: Հետո էլ համոզում են, թե իրենք ժողովրդի հետ են, կողքին են կամ մեջքին կանգնած են: Մինչդեռ իրականությունն այն է, որ ամբողջ հարկային բեռն էլ, տնտեսությունն էլ, բյուջեն էլ` իր ուռճացված ապարատով` ժողովրդի "վզին նստած" են ու հարմար տեղավորված. "xорошо сидим".
Գայանե Հովսեփյան