понедельник, 23 июля 2012 г.

Ո ՞ ՎՔԵՐ ԵՆ ՏՆՕՐԻՆՈՒՄ ԳՆԵՐԸ


Երբ  2004թ.  սկսած  դոլարը  սկսեց  աստիճանաբար  արժեզրկվել`  իջնելով  580  դրամի,  նախկին  ընդդիմադիր  պատգամավորներ  Վիկտոր  Դալլաքյանն  ու  Արտաշես  Գեղամյանն  իրենց  բողոքի  ձայնն  էին  բարձրացնում  ԱԺ  ամբիոնից:  440  դրամի  սահմանի  ժամանակ  Դալլաքյանն  անգամ  սուր  "բախումների"  մեջ  մտավ  այն  ժամանակվա  Կենտրոնական  Բանկի  նախագահ,  ներկայիս  վարչապետ  Տիգրան  Սարգսյանի  հետ,  և  նրանց  ամբիոնային  "բախումներն"  ու  լեզվամարտը  երկար  ժամանակ  քննարկման  առարկա  էին:  Այդ  թեժ  օրերին  դոլարը  կրկին  "ափալ-թափալ"  սկսեց  մագլցել,  սակայն  երբ  Վ.  Դալլաքյանն  ու  Տ.Սարգսյանը  հաշտվեցին,  դոլարը  կրկին  սկսեց  "սղղալով"  իջնել  ու  մինչև  2008թ.  հասավ  300  դրամի:  Ստացվում  է,  որ  դոլարի  կուրսը  կախված  է  ոչ  այնքան  տնտեսական  գործոններից,  համաշխարհային  շուկայից,  որքան` "ախպերական"  հարաբերություններից,  ահա  թե  ինչու  էր  ԿԲ  նախագահը  հայտարարում,  թե  պարզ  չէ,  թե  առաջիկայում  ինչ  կկատարվի  դոլարի  կուրսի  հետ  (չ՞է  որ  դեռ  պարզ  չէր,  թե  որքան  կշարունակվի  "ռազբորկան"):  Փաստորեն,  դա  արհեստական  իջեցում  էր,  թեպետ  պատճառաբանում  էին,  թե  համաշխարհային  շուկայում  էլ  է  դոլարը  արժեզրկվում:  Հիմա,  2012թ.  հունիս-հոիլիսի  դրությամբ,  երբ  դոլարը  փորձում  է  իր  նախկին  դիրքերում  հայտնվել,  ոմանք  մխիթարում  են,  թե  գիտեք,  դոլարը  բարձրանում  է,  բայց  գները  չեն  բարձրանում:  Այս  հավաստիացումը  պարբերաբար  արվում  է  իշխանական  շրջանակներին  մոտ  կանգնած  որևէ  տնտեսագետի  կողմից:  Նախ,  ո՞վ  ասաց,  թե  գները  չեն  բարձրանում,  երկրորդ`  ինչքա՞ն  կամ  մինչև  ե՞րբ  բարձրանան, կամ  ու՞ր  են  հասնելու:  Երբ  դոլարի  կուրսը  580  դրամ  էր  (2000-2002թթ.,  մսամթերքի,  շաքարավազի  ու  բուսական  յուղի  գինը  կիսով  չափ  էժան  էր  ներկայիս  գներից,  երբ  դոլարի  կուրսը  ներկայումս  410դրամի  սահմաններում  է:) Երբ  դոլարի  կուրսը  580  դրամ  էր,  շաքարավազի  1կգ-ն  200-220  դրամ  էր:  Երբ  2008թ.  դոլարի  իջեցված  կուրսը  300  դրամից  միանգամից  բարձրացրին  360  դրամի,  շաքարավազի  1կգ-ն  260  դրամ  էր:  Դրանից  հետո,  որպեսզի  արդարացնեն  հետագա  թանկացումները,  դոլարը  հասցրին  400  դրամի,  շաքարավազի  գինն  էլ  հասցրին  430-450  դրամի:  Այդ  ընթացքում  ժողովրդին  մի  փոքր  նախապատրաստեցին  հետագա  թանկացումներին,  մխիթարելով,  թե  Վրաստանում  1կգ  շաքարավազի  գինը  համարժեք  է  500  դրամին:  Հետաքրքիր  է,  ՏՄՊՊՀ-ն  ինչո՞ւ  այս  ոլորտում  ուսումնասիրություն  չի  անում:  Վերջին  2  ամսում  ամերիկյան  թռչնամսի  գինը  800  դրամից  հասել  է  950-1000  դրամի,  մինչդեռ  դոլարի  կուրսի  580  դրամի  պայմաններում  550-600  դրամ  էր:  Այս  բարձրացումը  կարծես  թե  արվում  է  տեղական  թռչնամսի  շահերից  ելնելով,  քանի  որ  այն  մշտապես  ավելի  թանկ  է,  քան`  արտասահմանյան  թռչնամիսը:  Ենթադրվում  է,  թե  պատճառը  բարձր  հարկերն  են,  և  տեղական  արտադրողները  ստիպված  են  բարձր  գնով  վաճառել:  Արդեն  օրինաչափ  է  դարձել.  դոլարի  կուրսը  բարձրացնում  են,  գները`  հետը:  Հետո  դոլարը  իջեցնում  են,  գները  թողնում  նույնը:  1-2  շաբաթ  առաջ  դոլարի  կուրսը  420  դրամն  անցել  էր,  ինչին  հաջորդեցին  հերթական  թանկացումները:  Հուլիսի  23-ի  դրությամբ  դոլարի  կուրսը  դարձել  է  409  դրամ,  գները  մնացել  են  նույնը:  Ինչո՞ւ  ՏՄՊՊՀ-ն  ուսումնասիրություն  չի  անում,  թե  ինչո՞ւ  է  խանութներում  թանկացել  կաթնամթերքը`  մածունը,  թթվասերը,  կաթնաշոռը:  "Արմենիայով"  վերջերս  հեռարձակվեց  տնտեսական  թեմայով  մի  ռեպորտաժ,  որում  նշվում  էր,  որ  կաթի  գինը  իջել  է,  և  եթե  դա  այդպես  է  (ինչը  հավաստվում  է  նաև  պանրի  գնի  իջեցմամբ),  մածունն  ու  թթվասերն  ինչո՞ւ  են  թանկացել:  Գարնանից  սկսած  կտրուկ  իջել  էր  պանրի  գինը`  գրեթե  կիսով  չափ,  բայց  հունիսի  վերջից  այն  կրկին  բարձրանալու  միտում  է  դրսևորում:  Չի  բացառվում,  որ  այս  կարգի  թանկացումները  կապված  են  տուրիստական  շրջանի հետ,  այն  տրամաբանությամբ,  որ  Հայաստան  են  գալիս  սփյուռքից,  դե   ուրեմն  "կարելի"  է  թանկացնել  մթերքները,  զուգահեռ  էլ  դոլարը  կրկին  իջեցնել:  Հետո՞   ինչ,  թե  դրանից  "դրսից"  օգնություն  ստացող  ՀՀ  շարքային  քաղաքացին  է  տուժում:  Ինչ  վերաբերվում  է  մսամթերքին, ապա  դրանց  գներն  առհասարակ  այնքան  են  բարձր,  որ  խանութներում  (օրինակ`  Վանաձորի)  մշտապես  առկա  է  ժամկետայնության  պատճառով  որակազրկնած  մսեղեն:  Հերթական  անգամ  գալիս  ենք  եզրակացության,  որ  տեղական  արտադրության  մսամթերքի  բարձր  գների  պատճառը  հարկերն  են: Հակառակ  պարագայում  հազիվ  թե  իրենք  իրենց  թշնամի  լինեն  ու  տեսնեն,  որ  ապրանքը  ետ  է  ուղարկվում,  բայց  շարունակեն  գինը բարձր  պահել:  Անգամ`  երբեմն  կիրառվող  "ակցիաները"  չեն  նպաստում  մսամթերքի  սպառմանը,  իսկ  "ակցիաներ"  էլ  կիրառում  են,  որովհետև  սառնարանային  պայմաններոմ  երկար  պահելը  լրացուցիչ  ծախսեր  է  պահանջում:  Այս  համատեքստում  հիշեցի  երգիծական  մի  դրվագ  Հ2-ի  "Կադրերի  բաժին"  հաղորդումից:  Ակնհայտ  նյարդային  շարժուձևով  մի  մարդ,  գլուխը  ցնցելով  ու  աչքի  մեկը  նյարդայնորեն  խաղացնելով,   մտնում  է  գրադարան  ու  "սուր  զգացողություն"  առաջացնող  գիրք  է  ուզում.  այնպիսի  գիրք,  որ  կարդալուց  հետո  "մազերը  բիզ-բիզ  կանգնեն",  "երազում  վեր  թռչի",  "  վրեն  սառը  քրտինք  պատի",  աշխատակցուհին  էլ  ասում  է.  "Ես  հասկացա,  թե  ձեզ  ինչ  գիրք  է  պետք,  հիմա  կբերեմ,  խնդրեմ,  Հայաստանի  Հանրապետության  Հարկային  օրենսգիրք":  Միանգամայն  տեղին  հումոր`  պետական  ալիքով:  Դե  ինչ,  շնորհավորում  ենք  Հ2  պետական  ալիքին`  "պետական  մտածողության"  ավանդական  կարծրատիպից  ազատվելու  համար:  Միայն  թե  լավ  կլիներ,  երե  հումորը  վերնագրվեր`  "Հատուկ վարչապետի  համար":  Բա  ո՞ւր  մնացին  քաղաքական  գործիչների  հավաստիացումները  "մանր  ու  միջին  բիզնեսի  արտադրողների  շահերը  պաշտպանելու,  հարկային  բեռր  թեթևացնելու"  մասին:  2003թ.  սկսած`  այդ  մասին  սկզբում  ՀԺԱՄ-ն  էր  խոսում  (հետաքրքիր  է,  կա՞  այդ  կուսակցությունը  հիմա),  2007թ.  սկսած  էլ`  ՕԵԿ-ը:  Եվ  եթե  ՀԺԱՄ-ը  "ալիբի"  ունի,  քանի  որ  այդպես  էլ  խորհրդարան  չմտավ,  ապա  13  տարվա  խորհրդարանական  կուսակցության  ստաժ  ունեցող  ՕԵԿ-ին  ի՞նչն  է  խանգարում  հարկային  բեռը  թեթևացնելու,  իրենց  խոստումները  իրականացնելու  հարցում:  Հետո  էլ  համոզում  են,  թե  իրենք  ժողովրդի  հետ  են,  կողքին  են  կամ  մեջքին  կանգնած  են:  Մինչդեռ  իրականությունն  այն  է,  որ  ամբողջ հարկային  բեռն  էլ,  տնտեսությունն  էլ,  բյուջեն  էլ`  իր  ուռճացված  ապարատով`  ժողովրդի  "վզին  նստած"  են  ու  հարմար  տեղավորված.  "xорошо  сидим". 
Գայանե  Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն