среда, 8 августа 2012 г.

Իսկ Արամ Մանուկյանը կրծքով պաշտպանում էր Վանոյին

Մամուլում  օրերս  սուր  բախումներ  էին  ընթանում  այն  հարցի  շուրջ,  թե  1999թ. ՆԳ նախկին  նախարար  Վանո  Սիրադեղյանին  կալանավորելու  առթիվ  ԱԺ-ում  քվեարկության ժամանակ  պատգամավոր,  ՀՀՇ  անդամ  Արամ  Մանուկյանը  կո՞ղմ  է  քվեարկել,  թե՞ ՝ դեմ:  Պատմական  դեպքերից  13  տարի  անց  մեկը  որոշել  է  քաղաքական  դաշտն  "իրար  խառնել"  ու  պնդում  է,  թե  Մանուկյանը  կողմ  է  քվեարկել,  մեկ  ուրիշն  էլ  հակադարձում  է,  թե  դեմ  է  քվեարկել,  Մանուկյանն  էլ,  ըստ  մամուլի  մի  հրապարակման,  շատ  զայրացել  է,  բայց  ոչ  հերքում  է,  ոչ` հաստատում:  Ընդ  որում,  հավաստիացվում  է,  թե  Մանուկյանը  նախապես  զգուշացրել  է  Վանոյին,  որ  կամ  կողմ  է քվեարկելու  (որպեսզի  չկորցնի  մշակույթի  փոխնախարարի  պաշտոնը),  կամ  չի  մասնակցելու  քվեարկությանը (որ  ոչ  շիշը  խորովվի,  ոչ`  շամփուրը-Գ.Հ.):  Ինչ  խոսք,  այդ  զրույցը  կարող  է  հաստատել  կամ  հերքել  միայն  Վանոն  ինքը,  բայց  1999թ.  մամուլի  արխիվից  հայտնաբերեցի  իմ  մի  հոդվածը,  որտեղ  պատմական  հետաքրքիր  վկայություններ  կան  Արամ  Մանուկյանի`  այն  ժամանակվա  քաղաքական  դիրքորոշման  մասին:  Ահավասիկ,  5.02.1999թ.  "Առավոտի" "Արամ  Մանուկյանը  ամենահարազատ  մարդկանց  արևով  չերդվեց"  հոդվածում  լուսաբանվել  է  պատգամավորներ  Արամ  Մանուկյանի  և  Արտաշես  Թումանյանի  հանդիպումը  վանաձորցիների  հետ`  Հովհ. Աբելյանի  անվան  պետական  թատրոնի  դահլիճում. "Մոտ  30  քաղաքացիներ  հանդես  եկան  իրենց  հուզող  հարցերով:  Քաղաքացիներից  մեկը  "պատասխանատվության  կանչեց"  ԱԺ  պատգամավոր  Արամ  Մանուկյանին,  թե  ինչո՞ւ   նա  դեմ  է  քվեարկել  ՀՀ  դատախազի  առաջարկությանը` Վանո  Սիրադեղյանին  կալանավորելու  կապակցությամբ:  Արամ  Մանուկյանը  ի  պատասխան  նշեց.  "Ես,  և  ոչ  միայն  ես,  այլև  ուրիշները  էն  մարդը  չեմ,  որ  զգամ  մեղադրանքը  լուրջ  է  և  պաշտպանեմ":  Նա  հավատացրեց,  որ  "պատրաստ  է  երդվել"  իր  համար  ամենահարազատ  մարդկանց  արևով  (ի  դեպ,  կոնկրետ  չերդվեց):  Նաև  ընդգծեց,  որ  այդ  մեղադրանքը  ՀՀՇ  նախագահի  դեմ  անհիմն  է  այն  պատճառով,  որ  Ջիլավյանը  "Հայաստանի  համար  երբևէ  վտանգ  չի  ներկայացրել",  ինչը,  սակայն,  չէր  համոզում  հիշյալ  քաղաքացուն,  որը  մեղադրեց  նրան,  ասելով.  "Դուք  կողմ  եք  քվեարկել  բռնապետությանը":  Հատկանշական  է,  որ  քաղաքացին  մի կողմից  Մանուկյանին  դատապարտում  էր  Վանոյին  սատարելու  համար,  մյուս  կողմից  փորձում  էր  պարզել,  թե  արդյո՞ք  նա  այն  ժամանակվա  իշխանական  թև  կազմող  "Երկրապահ"  պատգամավորական  խմբակցության  անդամ  չի  դարձել,  ինչպես` շատերը.  "Քաղաքացին նաև  թյուրիմացաբար  կարծում  էր,  թե  նա  "Երկրապահ"  է,  և  Արամ  Մանուկյանը  նրան  և  մյուս  մասնակիցներին  ի  գիտություն  տեղեկացրեց,  որ  ինքն  այն  է,  ինչ  որ  կա,  չի  փոխվել  (և  իրոք,  դրա  նախորդ  օրը  պատգամավոր  Արամ  Մանուկյանը  որպես  ՀՀՇ  օրինավոր  անդամ  մասնակցել  էր  Վանաձորի  քաղաքային  կազմակերպության  ժողովին):  Մեկ  այլ  քաղաքացու  այն  հարցին,  թե  "Վանոն  ի՞նչ  բարի  գործ  ա  արել ",  պատասխանեց,  որ  "ՆԳ  նախարար  եղած  ժամանակ  հանցագործությունները  վերացրեց":
Քանի  որ  օրերս  մամուլից  տեղեկացա,  որ  13  տարի  առաջ  Սիրադեղյանին  կալանավորելու  առթիվ  քվեարկությունը  տեղի  է  ունեցել  փետրվարի  17-ին,  ուստի  զարմանալի  է,  որ  մինչև  բուն  քվեարկության  կայացումն  են  Մանուկյանից  հաշվետվություն  պահանջել  Վանոյին  պաշտպանելու  համար:  Միգուցե  խոսքը  վերաբերվել  է  հարցի  նախնական  լսումներին:  Ամեն  դեպքում,  վերոնշյալ  հոդվածից  "Արամ  Մանուկյանը  ամենահարազատ  մարդկանց  արևով  չերդվեց"  (5.02.1999թ.),  պարզ  է  դառնում,  որ  Արամ  Մանուկյանը,  այդ  բուռն  օրերին,  աչքի  առաջ  ունենալով  պաշտոնը  կորցնելու  վտանգը,  30  քաղաքացիների,  2  լրագրողի  ("Առավոտ"  և  "Իրավունք"  թերթերի),  Վանաձորի  նախկին  քաղաքապետի  (այն  ժամանակ  ՀՀՇ  անդամ  Անդրանիկ  Հարությունյանն  էր,  որ  հետագայում,  մինչև  2008թ.  աշխատեց  ՀՀ  նախագահի  աշխատակազմում)  ներկայությամբ  կրծքով  պաշտպանում  էր  Վանո  Սիրադեղյանին,   և  այդ  ամենը  լուսաբանվել  է  թե  "Առավոտում",  թե  "Իրավունքում":  Որքան  հիշում  եմ`  "Իրավունքը"  Մանուկյանի  ելույթից  այլ  մեջբերումներ  էլ  էր  արել` ի  վնաս  նրա,  և  հենց  դրա  համար  Մանուկյանն  օրեր  անց  ազատվեց  փոխնախարարի  պաշտոնից,  իսկ  թե  ինչ  էր  գրել  "Իրավունքը"  1999թ.  փետրվարին  այդ  հանդիպման  մասին,  թող  փնտրեն  նրանք,  ում  այդ  ամենը  շատ  է  հետաքրքիր:  Հիշյալ  հոդվածից  նաև  պարզ  է  դառնում,  որ  քաղաքացիներն  այն  ժամանակվա  ԱԺ-ից  շատ  ավելի  դժգոհ  են  եղել,  քան`  հիմա  (վերջին  մի  քանի  տարիներին  շատերի  համար  ԱԺ-ն  "հա  եղած,  հա  չեղած"):  Հոդվածում  ասվում  է. "Բորբոքված  քաղաքացիների  դժգոհությունը  մեղմելը  դժվար  էր,  և  երբ  նրանք  պատգամավորներին  հիշեցրին  գալիք  ընտրությունների  մասին` նշելով  իրենց  հիասթափությունը  նախկին  ընտրությունների  արդյունքներից  և  պատգամավորական  խոստումներից  խաբվելը,  Արամ  Մանուկյանը  կոչ  արեց  "բրինձ  բաժանողներին"  ձայն  չտալ,  այլ  քվեարկել  արժանավորներին,  այդ  ժամանակ  մի  քանի  կանայք  խոստովանեցին,  թե  "Մենք  ձեզ  ենք  ձայն  տվել":  Առավել  դժգոհ  մեկը,  որ  իրեն  անվանում  էր  "անկուսակցական  կոմունիստ",  սպառնաց,  թե  "Կգան  Ձերժինսկու  օրենքները,  իսկ  իշխանությունը  կփոխվի":  Փաստորեն,  այն  ժամանակ  դեռ  5000  դրամ-ականների  "շարժումը"  չէր  սկսվել,  և  "բրինձ  բաժանողների" դարաշրջանն  էր:  Ուրեմն  կյանքի  որակը  էապես  "լավացել"  է  վերջին  13  տարիներին,  և  իսկապես  "տնտեսական  աճ"  ու  "կենսամակարդակի  բարձրացում  կա,  ինչպես  հավաստաիացնում  են  իշխանավորները:  Ի  դեպ,  վերոնշյալ  հոդվածում  1  տպագրական  վրիպակ  է  եղել.  "Մեղադրանքը  ՀՀՇ  նախագահի  դեմ  անհիմն  է"  գրվելու  փոխարեն  "ՀՀ  նախագահի  դեմ" էր  գրվել,  ինչն  արդեն  քաղաքական  վրիպակի  ոլորտից  էր,  բայց,  որքան  հիշում  եմ,  թերթի  հաջորդ  համարում  վրիպակի  ուղղում  արվեց:                                          
Գայանե  Հովսեփյան                                                                                               

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն